Շվեյցարիայում մեկնարկել է ՈՒկրաինայի խաղաղության գագաթնաժողովը՝ շուրջ 100 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ «Ես հավատում եմ, որ մենք կտեսնենք այստեղ՝ գագաթնաժողովում, թե ինչպես է կերտվում պատմությունը։ Շնորհակալ եմ ձեր աջակցության համար, և թող որքան հնարավոր է շուտ արդար խաղաղություն հաստատվի»,- ասել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։                
 

Եվ երկնքից հրեղեն լեզուներ իջան Սուրբ Հոգով՝ նրանցից ամեն մեկի վրա, եւ կրակի բոցը հայտնապես նրանց վրա երեւում էր

Եվ երկնքից հրեղեն լեզուներ իջան Սուրբ Հոգով՝ նրանցից ամեն մեկի վրա, եւ կրակի բոցը հայտնապես նրանց վրա երեւում էր
19.05.2024 | 18:05

ՀԱՄԲԱՐՁՈՒՄ
Հույների իշխանության երեքհայրուր երեսունիներորդ տարին էր, հռոմեացիների կայսեր՝ Տիբերիոսի թագավորության ժամանակը, հունիս ամսի չորսը՝ մեկշաբթի, որը եւ Պենտեկոստեի կատարման հիսուներորդ օրն էր: Այս նույն օրը աշակերտները եկան Գալիլիայի Նազարեթ քաղաքը, որտեղ Գաբրիել հրեշտակը Տիրոջով հղիանալու ավետիսը տվեց Կույս Մարիամին: Նույն այդ օրը, վաղ առավոտյան, աշակերտները Ձիթենյաց լեռը բարձրացան, որտեղ Տեր Հիսուս Քրիստոսը, սովորական աչքի համար աներեւույթ տեսիլքով, եղավ նրանց մեջ եւ զորացրեց նրանց: Այս մեծ կիրակիի առավոտյան կողմ՝ Փրկիչը բարձրացնելով իր տերունական ձեռքը, դրեց տասնմեկ աշակերտների գլխներին եւ նրանց շնորհեց քահանայության աստիճան, որպեսզի նրանք էլ իրենց հերթին ձեռնադրությամբ նույն քահանայությունը շնորհեն իրենց աշակերտներին:
Եվ երբ աշակերտները երեցության պարգեւն ընդունեցին եւ պատվեր ստացան, որ իրենք եւս քահանայության պարգեւով օծեն իրենց հնազանդ աշակերտներին, որպեսզի նրանք էլ Ավետարանի քարոզողներ եւ ընդհանրական սուրբ եկեղեցու սեղանի սպասավորներ լինեն, մկրտեն բոլոր հեթանոսներին՝ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով, այդ ժամանակ հանկարծահաս մի լուսավոր ամպ եկավ, վերցրեց Կենարարին ու բարձրացրեց երկինք:
Եվ առաքյալները, որ միաբան արժանի եղան լուսավոր այդ տեսիլքը տեսնելուն եւ ԱստվածՈրդու համբարձմանն ու Հոր աջ կողմը նստելուն՝ ցնծալից ուրախությամբ փառաբանում եւ գոհանում էին Աստծուց, եւ այնպիսի ուրախություն էր, որի մասին Տերը նախօրոք էր նրանց ասել, թե՝ «Առավել ուրախություն պիտի լինի այն ժամանակ, երբ Մխիթարիչ Սուրբ Հոգին ուղարկեմ»: Նրանք ուրախանում եւ ցնծում էին, որովհետեւ քահանայության աջն ընդունել էին ճիշտ այնպես, ինչպես Մովսեսն ու Ահարոնը:
Եվ Ձիթենյաց լեռից իջնելով, նրանք եկան Վերնատուն, որտեղ իրենք էին առաջին եկեղեցին: Այստեղ էր, որ Տիրոջ հետ միասին զատիկը կերան, այստեղ էր, որ աշակերտները հարցրեցին Նրան, թե ո՛վ է նա, որ Նրան պիտի մատնի հրեաների ձեռքը: Այստեղ էր, որ եղան վեճեր եւ հարցմունքներ:
Եվ այստեղ էր, որ աշակերտները միմյանց մասին հոգ էին տանում, եւ մտածում, թե՝ ինչպե՞ս մեր Տիրոջ արքայության Ավետարանը ամբողջ երկրի վրա քարոզեն:
Եվ այստեղ էր, որ Տերն իր սուրբ Մարմնի եւ Արյան Խորհուրդը աշակերտներին հայտնեց, որով նրանք առաջինը մտան հավիտենական լույսի թագավորության մեջ:
Եվ այստեղ, այդ նույն օրը, միաբան ամենքով կատարեցին Սուրբ Հաղորդության խորհուրդը, եւ այստեղ դրեցին Արքայության Ավետարանի քարոզչության սկիզբը՝ ողջ տիեզերքի համար:
Եվ մինչեւ Տիրոջ աշակերտները այն մտատանջությունների մեջ էին, թե Արքայության Ավետարանը ինչպես քարոզեն հեռավոր եւ օտար աշխարհներում, երբ այդ աշխարհների լեզուները չգիտեն եւ ասում էին. «Սքանչելի զորությունները, նշաններն ու բժշկություններ գործելը,, որ ստացանք մեր Տիրոջից եւ Նրա սուրբ անվան վրա հաստատ հույս ունենք, որ Նա մեզ կպահի օտար ազգերի առաջ, բայց երբ նրանց լեզուները չգիտենք, մեզ ինչպես պիտի լսել կարողանան, երբ իրենց հերթին իրենք եւս չգիտեն մեր լեզուները:
Եվ երբ Կենդանարարի անվամբ նշաններ գործենք եւ բժշկություններ կատարենք, նրանց ինչպես ասենք, որ այդ մեծամեծ նշաններն ու զորավոր գործերը գործում ենք Քրիստոսի անունով, Նրա, որ Խաչվեց»:

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ
Եվ մինչդեռ առաքյալները այս խորհրդի մեջ էին, Սիմոն Պետրոսը, որ հավատի վեմն ու եկեղեցու հիմքն է՝ առաքյալների անդրանիկը, վեր կացավ եւ նրանց ասաց.
«Եղբայրնե՛ր, մենք այժմ դեռ չգիտենք, թե Քրիստոսի Ավետարանը ինչպես պիտի քարոզենք այս աշխարհում, սակայն հավատանք եւ հույս ունենանք այն հոգեբարձությանը, որ այժմ Տերը պատրաստում է մեզ համար, որովհետեւ Նա մեզ խոստացավ եւ ասաց, թե՝ երբ իմ Հոր մոտ գնամ, ձեզ մոտ կուղարկեմ Մխիթարության Հոգին, որը կուսուցանի ձեզ եւ կհիշեցնի այն ամենը, ինչ արժան է իմանալ, գործել կամ ուսուցանել»: Եվ մինչ Սիմոն Պետրոսը այս բաներն էր խոսում եւ մեր Տիրոջ խոստումները հիշեցնում առաքյալներին, հանկարծահաս նրանց լսելի եղան բարբառվող հնչյունների ձայներ եւ նույն պահին բուրեց մի բույր անուշության, որն այս աշխարհի կողմից երբեւէ ընդունված չէր:
Եվ երկնքից հրեղեն լեզուներ իջան Սուրբ Հոգով՝ նրանցից ամեն մեկի վրա, եւ կրակի բոցը հայտնապես նրանց վրա երեւում էր:
Եվ, ըստ այն լեզուների, որ նրանցից ամեն մեկն ընդունեց, այդպես էլ պատրաստեցին իրենց անձերը, որպեսզի այն աշխարհները գնան, որոնց լեզվով որ սկսեցին խոսել:
Եվ մինչ առաքյալների գունդը միաբան ու միասիրտ էր, Սուրբ Հոգու պատվերով նույն օրն իսկ դրեցին եւ հաստատեցին սուրբ ընդհանրական եկեղեցու կանոնները եւ օրենքները, որպեսզի այս կանոնները եւ օրենքները նույնպես միաբան լինեն Ավետյաց Ավետարանի քարոզչությանը եւ լինեն հենարան իրենց ուսուցանած արդար, ճշմարիտ եւ հավատարիմ վարդապետությանը:

Գրաբարից փոխադրությունը`
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆԻ

Դիտվել է՝ 631

Մեկնաբանություններ