«Դուխով» Նիկոլ Փաշինյանը շատ պրիմիտիվ որդեգրումների ասպետ է: Երբ անհրաժեշտ է հաղորդակցվել «հպարտ ժողովրդի» հետ, որպես յուրովի պատասխան ընթացող զարգացումների, նա չկա:
Նա չկար Տավուշում տեղի ունեցող ռազմական գործողությունների գրեթե ողջ ընթացքում, մի պահ անգամ մոռացել էինք նրա գոյության մասին, զբաղված էինք շփման գոտու, մեր բանակի շարժն ու գործողությոնները «դիտելով», թաքուն ուրախանալով, որ լավ է` չկա, թե չէ հաստատ իր գլոբալիստական միջուկից հանած անառողջ ավելցուկներով փսորելու էր մեր հաղթական օրը, ենթագիտակցական մակարդակում վնասելու էր բանակին: Ի դեպ, նա լուռ էր նաև ծխախոտի, ադամանդի, զենքի, մետաղի ջարդոնի ու մնացյալի հետ կապված պատմությունների ժամանակ:
Դա լավ մշակված տեխնոլոգիա՞ է, գյուղացու խորամանկությու՞ն, թե՞ փայլուն ինքնապաշտպանություն: Բոլորը` միասին:
Այնուհանդերձ, փորձենք հասկանալ` ինչու Տավուշի դեպքերի ժամանակ «չէին խայտար յուր այլակք»:
ա. Սույն անձը, որը հմտացած է ինտրիգների, շանտաժի, պոպուլիզմի, էժան սադրանքի տեխնոլոգիաներում և այդպես է գոյացնում իր քաղաքական կապիտալը, նախ ֆիզիկապես կորցրեց առիթը (կիրակի օր էր, և կարելի է կարծել, թե ինչ վիճակում էր նա, մանավանդ, որ առիթ էլ ուներ` որդին վերադարձել էր բանակից, չնայած դա լուրջ արգումենտ լինել չի կարող), բացի այդ, եթե այդպես էլ չլիներ, նա, միևնույն է, պահին հարիր ասելիք չէր ունենալու:
բ. Քանզի չի տիրապետում ոչ միայն արցախյան բանակցային գործընթացին, նրբություններին, իսկ չի տիրապետում, որովհետև իր գլոբալիստ հայրիկները նրան վստահեցրել են` դա քեզ պետք չէ, մենք մոդերացնում ենք ողջը, հարկավոր քայլերը արա, բավարար են` նպատակակետին հասնելու համար: Գիտենք` իրենց դեպքում նպատակակետը Արցախյան խնդրի փուլային լուծումն է, ընդ որում, փախստականների վերադարձով (տես` ԱՄՆ-ի Կոնգրեսի վերջին որոշումը, որի ներքո հենց այս սքողված փիլիսոփայությունն է դրված), տարածաշրջանից Ռուսաստանի դուրսմղմամբ իր 102-րդ ռազմաբազայով հանդերձ:
Փաշինյանը կենտրոնացած է այս «տեքստերի» վրա ու եթե անգամ ֆիզիկապես ի վիճակի լիներ, չէր կարողանալու անհրաժեշտ մեսիջները հղել Տավուշի նյարդի վրա հայտնված հայ հանրությանը, նաև` աշխարհին, էլ չենք ասում` ՀԱՊԿ-Ռուսաստանին, ուստի «լռությունը ոսկի էր»:
գ. Սույն շատախոս, լայվիստ պերսոնը շարունակում է լռել, սակայն այլ խնդիրներով լրջագույն «քուջուջ» անել: Նրա արագահաս, «ոսկետառ» հրովարտակումը Արարատ Միրզոյանը ստորագրեց, ինչը գալիս է ասելու, որ Փաշինյանին ոչ միայն չի հետաքրքրում, թե ինչ է սպասում Հայաստանին, Արցախին` եռացող տարածաշրջանում, աշխարհաքաղաքական ծիրում, այլև որ նա ունի մի սևեռում` ՍԴ, և երջանկությունից վերջնականապես հալվում է, որովհետև մոտենում է իր երազանքի իրականացմանը:
դ. Սակայն աշխարհաքաղաքականությունը ևս ունի իր կանոնը. եթե դու իրենով չես զբաղվում, ինքն զբաղվում է քեզնով:
Տավուշյան դեպքերը լյուստրացիայի ենթարկեցին ոչ միայն Փաշինյան Նիկոլի իրական հնարավորությունները, այլև հայ-ռուսական հարաբերությունները: Համենայն դեպս, հասկացվեց, թե ինչ են մտածում իրականում այնտեղ և ոչ այլևս` Տարասով-փորձագետներ մակարդակներում: Նույնիսկ` ոչ Մարգարիտա Սիմոնյանի «մակարդակում», այլ նույն ՀԱՊԿ-ի, որ նույնն է թե` Ռուսաստանի:
Ավելի աբսուրդային բան, քան ՀԱՊԿ-ի թվիթերյան էջում Մարգարիտա Սիմոնյանի նամակի տեղադրումը, երևակայել հնարավոր չէր: Էլ ավելի անհեթեթ էր, որ ՀԱՊԿ-ը նամակը հանեց էջից, տեխնիկական վրիպակ ձևակերպմամբ, ոչ թե ինքնակամ, այլ հայկական կողմի պահանջ-զանգով:
Չենք անդրադառնալու ՀԱՊԿ-Փաշինյան հարաբերություններին, նաև այն ամենին, ինչ արեց Փաշինյանը յուր գլոբալիստների հորդորով այդ առանձնապես չկայացած կառույցի գլխին: Բայց մնաց հարցը. հայկական կողմը դիմե՞լ է ՀԱՊԿ-ին: Կասեք` ոչ, որովհետև Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ այս պահին մենք հարցերը կարողանում ենք կարգավորել մեր բանակային ուժերով, և դիմելու անհրաժեշտություն չկա:
Այնուհանդերձ, ինչ-որ բաց այս հարցում ևս կա. այդ դեպքում ի՞նչ է նշանակում Ռուսաստանի կողմից նման հակազդեցությունը. Նիկոլ Փաշինյանն իր արածներից հետո բարոյական իրավունք չուներ դիմելու ՀԱՊԿ-ին: Նշանակում է` ինչ-որ քայլ այնուհանդերձ արվել է: Հնարավոր է` նկատառվում է այն հանգամանքը, որ Զոհրապ Մնացականյանը շատ արագ տեղեկացրել էր կազմակերպությանը, հեռախոսազրույց ունեցել. դա՞ է նկատառվում:
Իրականում, ՀԱՊԿ-ն ու Ռուսաստանը Փաշինյանին «ապագայի» մասով են զգուշացնում: Բանն այն է, որ դիտակետը, որը հայկական կողմը գրավել է, չափազանց ռազմավարական ու հանգուցային է տարածաշրջանի էներգետիկ ենթակառուցվածքների առումով. վաղ թե ուշ այնտեղ ռազմական լոկալ գործողությունները կրկնվելու են: Առանձին թեմա է` ինչ պայմանավորվածությունների կամ չպայմանավորվածություների, ինչ «գնի» թելադրանքով:
Ի ամփոփումն այս ամենի` ՀԱՊԿ քանդող, 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանող Փաշինյանին ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից ասվեց` գլխիդ ճարը տես, խաղեր մի տուր. մեզ հետ չեն կատակում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ