Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ. Ամենայն հայոց բանաստեղծը
22.02.2019 | 04:29

(Նախորդ մասը)

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ ՊԱՏԵՐԱԶՄԸ


Պատերազմը ցնցեց խաղաղասեր Հովհ. Թումանյանին, որն ատում էր պատերազմը, արյունահեղությունը:
Համաշխարհային պատերազմից հինգ տարի առաջ՝ 1909-ին, Հովհ. Թումանյանը գրել էր մի առակ «Մի կաթիլ մեղր» վերնագրով: Եթե մի կաթիլ մեղրից ծագեց պատերազմ երկու երկրների միջև, ապա 1914-ին արքիդուքս Ֆերդինանդի սպանությունը պատճառ դարձավ, որ իրար բախվեն տասնհինգ երկրներ, որոնց մեջ էին աշխարհի հզորագույն պետությունները: Եթե հաշվի առնենք բախված ուժերի քանակը՝ երկու պետությունների փոխարեն տասնհինգը, այդ դեպքում արքիդուքս Ֆերդինանդի արյունը ավելի մեծ պատճառ չէ, քան մի կաթիլ մեղրը, որից ծագել է Հովհ. Թումանյանի նկարագրած պատերազմը:


Մեծ պատերազմից հինգ տարի առաջ «Մի կաթիլ մեղրը» գրող Հովհ. Թումանյանը 1914-ին գիտեր, որ պատերազմը աղետ է բերելու կռվող երկրներին, բայց մանավանդ գիտեր, որ զարհուրելի վտանգի կարող է ենթարկվել մեր երկիրը:
Պատերազմը ատելի էր Հովհ. Թումանյանի համար, բայց քանի որ հայ ժողովրդի կամքից անկախ պատերազմը եկել էր, ուրեմն պետք էր ընդունել կռիվը և աշխատել հայ ժողովրդին արհավիրքներից պաշտպանել:
Եվ Հովհ. Թումանյանը հրապարակ նետվեց իր ամբողջ եռանդով, իր ամբողջ էությամբ՝ խոսքով, գրչով և գործով, իր անձի օրինակով:
Նախորդ տարիների հետ համեմատած, Հովհ. Թումանյանը ավելի շատ գրեց պատերազմի տարիներին և մանավանդ ավելի շատ գրեց հայրենիքի մասին:


Պատերազմի առաջին օրերին Հովհ. Թումանյանը ռազմաճակատ գնաց:
1914-ի նոյեմբերին Կովկասի ռուսական բանակը գրավեց Ալաշկերտի հովիտը՝ Բայազեդից մինչև Ղարաքիլիսե և Դութաղ: Թուրքերի նահանջը այնքան հապճեպ եղավ, որ ժամանակ չունեցան զանգվածային կոտորած կազմակերպել: Այնուամենայնիվ Ալաշկերտի բնակչությունը այնքան էր տուժել պատերազմից, որ անհրաժեշտ էր օր առաջ օգնություն կազմակերպել:
Թիֆլիսում գործող Հայոց ազգային բյուրոն, որ այդ օրերին հայկական անպաշտոն կառավարության դեր էր կատարում, մի հանձնախումբ ուղարկեց Ալաշկերտ՝ ուսումնասիրելու կացությունը: Այդ հանձնախմբի մեջ մտավ ամենից առաջ Հովհ. Թումանյանը, ապա Մեսրոպ եպիսկոպոսը և Շիրվանզադեն:


Գնացին, վերադարձան, տեղեկագիր ներկայացրին Ազգային բյուրոյին, և սկսվեց պատերազմից վնասված վայրերի ազգաբնակչության խնամատարության գործի կազմակերպումը:
1915-ի գարնանը և ամռանն էր, որ Կովկասի ռուսական բանակը ծավալուն զինվորական գործողություններ սկսեց՝ գրավելով Բասենը, ամբողջ Ալաշկերտը և Վասպուրականը: Ընդհանուր կոտորածից ազատված թուրքահայ բեկորներն սկսեցին Կովկասում ապաստանել:
Այդ օրերին էր, որ ավելի թափ ու ծավալ ստացավ նաև հայ կամավորական շարժումը:
Հովհ. Թումանյանը գրիչն ու եռանդն ի սպաս դրեց իր տառապող հայրենիքին՝ մի կողմից գաղթականության վերքերն ամոքելու, մյուս կողմից` հայության դիմադրական կորովը հրահրելու:
Հայոց բանաստեղծը սրտի անհուն կսկիծով սգաց թուրքական վայրագ բարբարոսության զոհ գնացած հազար-հազարների մահը:
Արհավիրքի ամենամռայլ օրերում իսկ Հովհ. Թումանյանը երբեք չկորցրեց իր «վառ հույսը և հավատը դեպի հայոց ապագան»:
Անխախտ էր Հովհ. Թումանյանի մեջ հավատը դեպի ռուսը, որ Թումանյանի կարծիքով, միշտ կանգնած է հայի թիկունքին:


Հովհ. Թումանյանը տեսավ, թե ինչպես 1917-18-ին այդ ռուսը իր թիկունքը դարձրեց Կովկասին ու վերադարձավ դեպի իր հայրենի ստեպները, այն ժամանակ, երբ հայը կյանքի ու մահվան ահեղ կռիվ էր մղում: Մի կռիվ, որ ռուսը հազիվ էր կարողանում տանել, մի կռիվ, որ ռուսն էր սկսել իր դաշնակիցների հետ միասին, և որ հիմա նետվում էր հայության տկար ուսերին:
Այս ամենը տեսավ Հովհ. Թումանյանը, և այնուամենայնիվ իր գեղջուկ հավատը դեպի ռուսը չխախտվեց: Հովհ. Թումանյանի համար ռուսների կողմից Արարատյան դաշտը գրավելուց ի վեր՝ 1827-ից ի վեր, ոչինչ չէր փոխվել հայոց աշխարհում…

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
1915-ի հուլիսին Կովկասյան ռուս բանակի որքան հանկարծակի, նույնքան անարդարանալի նահանջը Մուշից, Վասպուրականից և Ալաշկերտից դեպի Կովկասի սահմանները եղավ պատճառ, որ թուրքա-Հայաստանի այդ գրավված շրջանների հարյուր հիսուն հազար հայությունը տեղահան լինի և Կովկասում ապաստանի:
Ռուսական նահանջը այնքան անակնկալ և արագ կատարվեց, որ Վասպուրականի հանկարծակիի եկած հայությունը ամեն ինչ թողեց և նահանջող բանակի հետևից իր շունչն առավ Արարատյան դաշտում:


Կովկասում էլ ոչ ոք չէր սպասում այդպիսի դժբախտության, և ոչ մեկ պատրաստություն տեսնված չէր պատսպարելու և կերակրելու բազմահազար գաղթականությանը:
Մարդկային հսկա հեղեղը եկավ և ամռան կիզիչ արևի տակ փռվեց Արարատյան դաշտում: Բնավեր ժողովրդի մեծագույն մասը գնաց տեղավորվեց Էջմիածնի և Վաղարշապատի միջև ու շուրջը: Ամեն մի ծառի կամ թփի ստվեր դարձել էր տուն գաղթական ընտանիքների համար: Եվ դեռ տասնյակ հազարներ մնում էին Արարատյան դաշտի խանձող արևի տակ, ուղղակի չոր գետնին:
Զարհուրելի, աննկարագրելի պատկեր էր ներկայացնում Էջմիածինը այդ օրերին: Քաղցն ու համաճարակը անխնա կոտորում էին գաղթականությանը: Առավոտից երեկո մեռելատար սայլերը դիակ է որ ժողովում էին գետնին փռված բազմության միջից:
Հապճեպ կազմված խնամատար մարմինները, առողջապահական խմբերը, բժիշկները, հիվանդապահները փութացին օգնության: Ով կարող էր որևէ բանով օգտակար լինել, շտապեց Էջմիածին:


Էջմիածին հասնողների մեջ առաջիններից մեկը եղավ Հովհ. Թումանյանը:
Մահը խտրություն չէր դնում ոչ խնամքի կարոտ գաղթականության, ոչ էլ գաղթականությանը խնամողների միջև: Եվ սակայն ոչ ոքի մտքով չանցավ, թե Հովհ. Թումանյանը կարող էր զոհ գնալ համաճարակին, թե նրա կորուստը ծանր, անդարմանելի հարված կլիներ հայ ժողովրդին և գրականությանը, և թե վերջապես Հովհ. Թումանյանի կատարած գործը կարող էր կատարել որևէ հիվանդապահ և թերևս ավելի լավ կերպով՝ շնորհիվ մասնագիտական պատրաստության: Այնքան բնական էր, որ այդ օրերին ամեն մարդ օգնություն հասցնի տառապող գաղթականությանը, փույթ չէ, թե ով էր այդ մարդը:
Եվ շաբաթներ, ամիսներ շարունակ, գիշեր ու ցերեկ Հովհ. Թումանյանը աշխատեց գաղթականության մեջ:


Առավոտյան, արևը հազիվ ծագած՝ Հովհ. Թումանյանը ոտքի վրա էր արդեն և ամբողջ օրը առանց դադարի, առանց հանգստի տառապող բազմության հետ էր, բազմության մեջ: Առավոտից մինչև ուշ երեկո նիհար, բարձրահասակ և ժամանակից առաջ ալևորած գլխով Հովհ. Թումանյանը գաղթականների մի խմբից մյուսին, մի ընտանիքից մյուսին էր անցնում, այստեղ մի մեռնող երեխայի վրա կռանում, այնտեղ տիֆով բռնված մի երիտասարդի խնամում, երրորդ տեղում հոգեվարքի մեջ գալարվող մի ծերունու կողքին կանգնում:
Այդ օրերին Հովհ. Թումանյանի անբաժան ընկերն էր մեր բանաստեղծի զավակներից մեկը՝ իր հոր պես նիհարակազմ և փխրուն մարմնով օրիորդ Նվարդը, որ ոչ միայն գաղթականությանն էր խնամում, այլև հոգ տանում իր հոր թանկագին կյանքի մասին:
Հովհ. Թումանյանը մնաց Էջմիածնում, մինչև որ ռուսական բանակը վերադարձրեց Վասպուրականը, և գաղթականության մի մասը վերադարձավ հայրենիք, իսկ մյուս մասը լավ-վատ տեղավորվեց ու պատսպարվեց Էջմիածնում, Երևանում և Արարատյան դաշտի գյուղերում:


Արարատյան դաշտում ամռանը անձրևը հազվագյուտ է: Այդ տարի, գաղթականության չար բախտից, օգոստոսի մի տաք օրից հետո երեկոյան դեմ երկինքը մեկեն ծածկվեց մռայլ ամպերով: Ամեն վայրկյան կարելի էր սպասել հորդառատ անձրևի:
Հովհ. Թումանյանը օրվա տաժանելի աշխատանքից նոր էր ազատվել և պատրաստվում էր վանքի բակում իրեն հատկացված սենյակը քաշվել, երբ նկատեց մռայլվող երկինքը: Իսկույն մոտ կանչեց իր հետ աշխատող երիտասարդներից մեկին և պատվիրեց.
-Վազի՛ր վեհարան և ասա կաթողիկոսին, որ ես խնդրում եմ անմիջապես բանալ տալ եկեղեցիների, վանքերի և ազատ շենքերի դռները ու գաղթականությանը այս գիշեր պատսպարել անձրևից:


Երիտասարդը շտապեց կատարելու Հովհ. Թումանյանի կարգադրությունը:
Ինքը՝ Թումանյանը, այլևս սենյակ չմտավ, այլ մնաց վանքի բակում՝ սպասելով կաթողիկոսի պատասխանին և անդադար դեպի վեր, դեպի մռայլվող երկինքը նայելով:
Կաթողիկոսի մոտ գնացած երիտասարդը վերադարձավ և հայտնեց, որ կաթողիկոսը հրահանգել է բաց անել Գայանեի, Շողակաթի և Հռիփսիմեի վանքերը, բայց վեհարանի նոր շենքին պատվիրել է ձեռք չտալ և փակ պահել:
Այդ տարի գրեթե ավարտած էր կառուցումը նոր վեհարանի ընդարձակ շենքի, որ սակայն դեռևս բնակելի վիճակի մեջ չէր դրված: Կաթողիկոսը՝ Գևորգ Ե, շարունակում էր բնակվել հին վեհարանում:
-Ի՜նչ,- ցասումից դողացող ձայնով բացականչեց Հովհ. Թումանյանը,- անմիջապես վերադարձիր վեհարան և ասա Ամենայն հայոց կաթողիկոսին, որ Ամենայն հայոց բանաստեղծը պահանջում է բաց անել նաև նոր վեհարանի դռները և պատսպարել գաղթականությանը:
Երբե՛ք՝ ոչ դրանից առաջ, ոչ դրանից հետո, Հովհ. Թումանյանին այդպես զայրացած չեմ տեսել:
Մի քանի րոպե հետո լուր եկավ, որ նոր վեհարանի շենքը ևս տրամադրված է գաղթականությանը:
Անձրևն արդեն սկսել էր կաթկթել:

ՎԵՐՆԱՏՈՒՆԸ
Հովհ. Թումանյանի կյանքը լեցուն էր գրականությամբ: Նա գրականություն էր անում ոչ միայն գրչով, այլև իր առօրյա կյանքում: Իրեն ժամանակակից հայ գրողների մեջ Հովհ. Թումանյանն է ամենից շատ հետաքրքրություն ստեղծել դեպի գրականությունը և նպաստել հայ գրականության ու հայ գրողի ժողովրդականացմանը:
Առավելապես գրականության շուրջ էին դառնում Հովհ. Թումանյանի զրույցները իր տուն այցելողների հետ: Մեկական գրական-գեղարվեստական հավաքույթներ էին Թումանյանի վարած խնջույքները: Գրական-գեղարվեստական հարցերով էր զբաղվում Թումանյանի տանը հավաքվող գրողների այն մտերիմ խմբակը, որ Վերնատուն անունով էր մկրտել իր հավաքույթների սենյակը: Գրականությանն էր նվիրված Հայ գրողների կովկասյան ընկերությունը, որի հիմնադիրն ու նախագահը եղավ ինքը՝ Թումանյանը:


Վերնատունը Հովհ. Թումանյանի Թիֆլիսի Բեհբության փողոցի չորրորդ հարկի բնակարանի ապակեպատ սենյակն էր, որտեղ 1905-06-ին հավաքվում էին ինքը՝ Թումանյանը, Ղ. Աղայանը, Լ. Շանթը, Ն. Աղբալյանը, Ավ. Իսահակյանը և Դ. Դեմիրճյանը:
Գրողների այդ խմբակի անդամները կապված էին մեկմեկու հետ մտերիմ ընկերական կապերով, որոնք ավելի ևս զորանում էին նրանց միատեսակ գրական ըմբռնումներով: Կատարյալ գրական մի ընտանիք էր դա:
Վերնատան անդամներից մեկը՝ Դ. Դեմիրճյանը, վեց հատ արձակ և չափածո բանաստեղծություններ է նվիրել Վերնատան անդամներին: 1917-ին դրանք հրատարակվեցին Թիֆլիսի «Գեղարուեստ» պարբերականում:


Գրողների այս խմբակի անդամները, բացառությամբ որոշ հարցերում Լ. Շանթի, շատ մոտ էին միմյանց իրենց գրական ըմբռնումներով: Բացի Լ. Շանթից, որ արիստոկրատ, ազնվասեր գեղարվեստագետ էր այդ խմբակում, մյուսները և՛ նյութի, և՛ լեզվի ու ոճի տեսակետից ավելի ռամկասեր գրագետներ էին: Նրանց կարծիքով, երբեմն մինչև իսկ որոշ աստիճան ռամկացման գնով պետք է գրականությունը մոտեցնել ժողովրդին: Եվ հայտնի է, որ այդ ուղղությամբ մեր գրականության մեջ խոշոր դեր է կատարել, մասնավորապես, Վերնատան մեջ հավաքվող գրողների այս խումբը:
Այդ մտերիմ խմբակի գրական հավաքույթներին մասնակցում էին միայն Վերնատան անդամները: Ոչ միայն լայն հասարակությունը, այլև հայ գրողների ավելի լայն շրջանակ տեղյակ չէր, թե ինչ է անցնում-դառնում Վերնատան մեջ:
Վերնատանը, անտարակույս, ծեծվում էին մեր գրականությանն առնչվող շատ շահեկան հարցեր, որոնց միայն արձագանքն էր երբեմն-երբեմն հասնում դրսի աշխարհին:
(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5300

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ