Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ.Ամենայն հայոց բանաստեղծը

Վարդգես ԱՀԱՐՈՆՅԱՆ.Ամենայն հայոց բանաստեղծը
26.02.2019 | 01:05

(Նախորդ մասը)

Այս և այն ցուցական դերանունների փոխարեն Հովհ. Թումանյանը համառորեն գործածում էր էս և էն: Դեռ հասկանալի է, երբ Հովհ. Թումանյանը էս և էն-ը, էստեղ-ն ու էնտեղ-ը գործ էր ածում գեղարվեստական գրվածքների մեջ: Բայց երբ խնդիրը գալիս էր հոդվածներին, որոնց մեջ, այսպես ասած, բարձր նյութեր էին շոշափվում, Թումանյանի էս ու էն-ը դառնում էր աչք ծակող և ընթերցողի դեմքին ժպիտ էր առաջ բերում: «Էս միստիկ փիլիսոփայությունը» կամ «էդ հոգեբանական երևույթի վերլուծությունը» գրում էր Հովհ. Թումանյանը: Ընթերցողին թվում էր, որ իր առջև կանգնած է ոտքից գլուխ եվրոպական տարազով հագնված մեկը, որի ոտքերին, սակայն, կոշիկների փոխարեն հայկական տրեխներ կան՝ «միստիկ փիլիսոփայություն» և «էս»:


Ճիշտ է, որ մեր գեղարվեստական գրականության մեջ թե՛ Հովհ. Թումանյանը և թե՛ ուրիշներ «էս» ու «էն»-ը գործ էին ածում Վերնատնից շատ առաջ: Վերնատունը չէր, որ մտցրեց «էս» ու «էն»-ը: Բայց հատկանշական է, որ Վերնատան վեց անդամներից չորսը «էս» ու «էն»-ականներ էին՝ Ղ. Աղայանը, Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը և Դ. Դեմիրճյանը:
Վերնատունը կապված էր Հովհ. Թումանյանի Բեհբության փողոցի բնակարանի հետ և այնտեղ էլ վերջ գտավ: Երբ 1907-ին թե 1908-ին Հովհ. Թումանյանը փոխադրվեց Վոզնեսենսկայա փողոցի իր բնակարանը, Վերնատունն այլևս չկար: Նրա անդամներից մի քանիսը ցրվել էին. Լ. Շանթը Եվրոպա էր անցել, Ավ. Իսահակյանը իր հայրենի քաղաք՝ Ալեքսանդրապոլ էր փոխադրվել, իսկ 1908-ին Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը մեր մյուս գրողների հետ բանտ դրվեցին ռուս կառավարության կողմից:

ՀՈՎՀ. ԹՈՒՄԱՆՅԱՆԸ ԵՎ Հ. Յ. ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԱՏԸ
1908-ի և 1909-ի ընթացքում ռուս կառավարությունը ձերբակալեց ու դատի հանձնեց 100-ից ավելի հայ մտավորականների ու ժողովրդական ռազմիկների:
1908-ի ձերբակալվածների մեջ էին մեր գրողներից Հովհ. Թումանյանը, Ավ. Իսահակյանը և ավելի ուշ՝ 1909-ին նաև Ա. Ահարոնյանը:
Բոլոր ձերբակալվածներն ամբաստանված էին Հ. Յ. Դաշնակցությանը պատկանելու և Ռուսաստանի դեմ հակապետական գործունեության մեղադրանքով:
Մի քանի ամիս Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո Հովհ. Թումանյանը ազատ արձակվեց մինչև դատավարություն:


Այդ տարիներին էր, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջումը և սահմանադրության հռչակումը մամուլի ու ժողովների ազատություն էին ստեղծել արևմտահայ մտավորականության համար: Եվ ահա Պոլսում սկսեցին կազմակերպվել բողոքի ցույցեր ընդդեմ ռուս կառավարության, որ հալածում էր Կովկասի հայ մտավորականությանը:
Պոլսում տեղի ունեցած բողոքների և հակառուսական ցույցերի դեմ ծառացավ Հովհ. Թումանյանը, որ ցասումնալից մի հոդված գրեց Թիֆլիսի «Հորիզոն» թերթում: Հոդվածի իմաստն այն էր, որ հայերը գոհ են ռուս կառավարությունից, և որ բռնության ու հալածանքների մասին խոսելու, բողոքելու իրավունք չունեն Թուրքիայում ապրողները, քանի որ Թուրքիան միշտ եղել է բռնության երկիր:


Ակներև էր, որ Հովհ. Թումանյանի դեմ բերված ամբաստանությունները շինծու և անհիմն էին, և մեր բանաստեղծը դժվարություն պիտի չունենար հերքելու այդ ամբաստանությունները: Հովհ. Թումանյանը երբեք կապ չէր ունեցել հայ քաղաքական և հեղափոխական կազմակերպությունների հետ: Նրա կապը եղել էր հայ քաղաքական կուսակցությունների անդամների հետ միայն և այն էլ գրական ու հասարակական գործունեության ասպարեզներում, ինչը չէր կարող հիմք ծառայել նրան հակապետական գործունեության մեջ մեղադրելու:
Իր դեմ բերված ամբաստանություններից մեկը, ինչպես տեսանք, այն էր, որ իբր ինքը աշխատել է կազմակերպել Լոռվա հայերին թաթարների վրա հարձակվելու համար: Մինչդեռ իրականությունը միանգամայն տարբեր էր: Հովհ. Թումանյանը, Թիֆլիսի նահանգապետի հանձնարարությամբ, գնացել էր Լոռի` խաղաղեցնելու երկու կողմերին: Եվ այս հանգամանքը առանց դժվարության կարելի էր ապացուցել դատարանի առջև, ինչ որ եղավ հետագայում:
1913-ին Պետերբուրգում, Սենատի ատյանի առջև տեղի ունեցավ հարյուրավոր ամբաստանյալների դատավարությունը: Հայ գրողներից միայն Հովհ. Թումանյանն էր ամբաստանյալների աթոռի վրա: Բանտից երաշխավորությամբ արձակված էին Ա. Ահարոնյանը, Ավ. Իսահակյանը, Գ. Խաժակը, իսկ ուրիշներ անցել էին արտասահման, առանց սպասելու դատավարության:


Շատերի հետ Հովհ. Թումանյանն էլ անպարտ արձակվեց ու վերադարձավ Կովկաս:
Հովհ. Թումանյանը մինչ այդ ոտքը դուրս չէր դրել Կովկասից:
Երբ Պետերբուրգից վերադարձին Թումանյանը պատմում էր իր տպավորությունները Պետերբուրգից և Մոսկվայից, իր բարեկամներից մեկն այդ առթիվ ասաց.
-Հովհաննես, պետք է շնորհակալ լինենք ռուս կառավարությունից, որ իր ծախքով քեզ Պետերբուրգ տարավ, թե չէ դու հարյուր տարի էլ ապրեիր, ոչ Պետերբուրգ կտեսնեիր, ոչ Մոսկվա:

ՊԱՐԱՊ ՄԱՐԴԸ
1909-ի վերջերին Հովհ. Թումանյանը և Ավ. Իսահակյանը երաշխավորությամբ արձակվեցին բանտից: Ավելի ուշ, 1911-ի սկզբներին երաշխավորությամբ բանտից ազատվեց նաև Ա. Ահարոնյանը: Դարձյալ 1909-ի աշնանը արտասահմանից վերադարձավ Շիրվանզադեն:
Հովհ. Թումանյանի տունը կրկին դարձավ հայ գրողների հավաքատեղի: Ղ. Աղայանը, Շիրվանզադեն, Ա. Ահարոնյանը, Ավ. Իսահակյանը, Ն. Աղբալյանը, Վրթանես Փափազյանը, Դ. Դեմիրճյանը և ուրիշներ իրար մոտ եկան Թումանյանի հյուրընկալ հարկի տակ:
Գրողների ընտանիքի մեջ մտավ նաև Լեոն, որ սովորաբար առանձնացած կյանք էր վարում, և որի հարաբերությունները մինչ այդ լավ չէին Հովհ. Թումանյանի և Շիրվանզադեի հետ: Լեոն, որ կրքոտ և աչառու քննադատ էր, տարիներ առաջ իր անարդար վերաբերմունքով վշտացրել էր այս երկուսին: Այդ հին դառնությունը մոռացության տրվեց, և Թիֆլիսում գտնվող հայ գրողները համախմբվեցին Հովհ. Թումանյանի տանը, իրենց թևերի տակ առնելով սկսնակ գրողների խմբակը՝ Գ. Քյալաշյանին, Վ. Վալադյանին, Ստ. Զորյանին, Ռենին, Արմենուհի Տիգրանյանին, Լեյլիին, Վարսենիկ Աղասյանին և ուրիշների:


Այդ շրջանում էր, որ Հովհ. Թումանյանի ջանքերով կազմվեց Հայ գրողների կովկասյան ընկերությունը, որի նախագահը դարձավ ինքը՝ Թումանյանը:
Հովհ. Թումանյանի տան գրական հավաքույթների մի մասը փոխադրվեց Հայ գրողների ընկերություն: Ավելի մեծ թվով գրողներ ու գրասեր հասարակություն սկսեցին մասնակից լինել գրական շարժմանը:
Սկսվեց մի աննախընթաց եռուզեռ: Գրեթե ամեն հինգշաբթի Հայ գրողների ընկերությունը կազմակերպում էր գրական դասախոսություններ, բանավեճեր, գրական-գեղարվեստական երեկույթներ, որոնց ներկա էր լինում գրասեր հասարակության և մանավանդ խանդավառ երիտասարդության խուռն բազմություն: Եվ այդ ամբողջ եռուզեռի, ոգևորության շունչն ու հոգին անխոնջ ու եռանդով լի Թումանյանն էր:


Հովհ. Թումանյանը մեր ժողովրդական բանահյուսության և ժողովրդական երգիչների՝ աշուղների ստեղծագործության սիրահարն էր: Այդ թվականներին Թումանյանը պաշտամունքի հասնող խանդավառ հափշտակություն ուներ նշանավոր աշուղ Սայաթ-Նովայի հանդեպ: Իր տուն այցելողներին կարդում էր Սայաթ-Նովայի կտորներից, հոդվածներ էր գրում Սայաթ-Նովայի ստեղծագործության կամ նրա բանաստեղծությունների ինչ-ինչ մութ կետերի շուրջ: Այսպես, Թումանյանը մի քանի հոդվածներ գրեց Սայաթ-Նովայի գործածած «խաբ» բառի մասին և նույնիսկ բանավեճի բռնվեց այդ առթիվ:


Հայ գրողների ընկերության միջոցով Հովհ. Թումանյանը կազմակերպեց բազմաթիվ գրական երեկույթներ նվիրված Սայաթ-Նովային: Այդ երեկույթներին Սայաթ-Նովայի երգերը նվագելու համար Հովհ. Թումանյանը հրավիրում էր Թիֆլիսում գտնվող նշանավոր հայ աշուղներին, ինչպես աշուղ Հազրին, Բալայի որդի Գրիգորը, նշանավոր քյամանչահար Ռուբենը և ուրիշներ:
Փորձեր եղան նույնիսկ վերակենդանացնելու հին աշուղական մրցումները:
1914-ին, դարձյալ Հովհ. Թումանյանի ջանքերի շնորհիվ, Հայ գրողների ընկերությունը կազմակերպեց Սայաթ-Նովայի ծննդյան երկուհարյուրամյակի տոնակատարությունը:
Ժողովրդական մի հսկա թափոր, առաջնորդությամբ Հովհ. Թումանյանի և մեր մյուս գրողների, դիմեց դեպի Թիֆլիսի Սուրբ Գևորգ վանքը, որի գավթում սպանված ու թաղված է Սայաթ-Նովան: Սուրբ Գևորգի գավթի պատի մեջ զետեղվեց մարմարյա մի տախտակ, որի վրա փորագրված էր մեր նշանավոր աշուղի հայտնի բանաստեղծությունը.
Ամեն մարթ չի՛ կանա խըմի՝ իմ ջուրը
ուրիշ ջըրեն է՛,
Ամեն մարթ չի՛ կանա կարթա՝ իմ գիրը
ուրիշ գըրեն է.
Բունիաթս ավազ չիմանաս՝ քարափ է,
քարուկըրեն է,
Սելավի պես՝ առանց ցամքիլ, դուն
շուտով խարաբ մի՛ անի:


Այն ժողովրդականությանը, որ այդ օրերին և դրանից հետո ստեղծվեց Սայաթ-Նովայի անվան շուրջ, մեծ մասով, չասելու համար ամբողջապես, պարտական ենք Հովհ. Թումանյանին:

Եթե մինչև 1910 թվականը Հովհ. Թումանյանի տունը ժամադրավայրն էր միայն հայ գրողների, ապա 1900-ական թվականների երկրորդ տասնամյակին Թումանյանի տունը դարձավ մի տեսակ միջազգային գրական ակումբ, ուր հավաքվում էին հայ, վրացի, ռուս և, երբեմն, թաթար գրողներ:
Կովկասի մեր գրողների մեջ Հովհ. Թումանյանը գրեթե միակն էր, որ աշխատում էր կապ հաստատել մեր դրացի ժողովուրդների գրողների և առհասարակ մտավորականության հետ:
Վրացիների հետ Հովհ. Թումանյանի բարեկամությունը ավելի զորացավ Սայաթ-Նովայի տոնակատարության առթիվ: Հայտնի է, որ Կովկասի մյուս ժողովուրդները՝ վրացիներն ու թաթարները, հայ աշուղ Սայաթ-Նովային համարում են նույնքան իրենց երգիչը, որքան մենք, որովհետև Սայաթ-Նովան գրել ու երգել է նաև վրացերեն ու թաթարերեն: Վրացիներն իրենց մասնակցությունը բերին Սայաթ-Նովայի տոնակատարությանը:
Հ. Յ. Դաշնակցության դատավարության առթիվ իր ճամփորդության ընթացքում դեպի Պետերբուրգ և Մոսկվա Թումանյանը ծանոթություն հաստատեց ռուս մտավորականներից և գրողներից ոմանց հետ: Սենատի ատյանի առջև Հովհ. Թումանյանի պաշտպանն էր Ա. Ֆ. Կերենսկին, որ հետագայում դարձավ Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության վարչապետը: Դատավարության առթիվ պաշտպանի ու պաշտպանյալի միջև ստեղծված կապերը չխզվեցին դատից հետո էլ, և պատերազմի ընթացքում Կովկաս եկած Ա. Ֆ. Կերենսկին Թիֆլիսում հաճախ այցելեց Հովհ. Թումանյանին:

Մի անգամ Հովհ. Թումանյանին ծանոթացրել էին մեծահարուստ Ա. Մանթաշյանի հետ:
-Ի՞նչ գործով ես զբաղվում,- հարցրել էր Մանթաշյանը:
-Գրում եմ,- պատասխանել էր Թումանյանը:
-Գրու՞մ ես, ուրեմն գրագի՞ր ես, ու՞մ կանտորումն ես ծառայում,-նորից հարցրել էր Մանթաշյանը:
-Կանտորում չեմ ծառայում,- պատասխանել էր Թումանյանը:
-Կանտորում չե՞ս ծառայում, բա որտե՞ղ ես գրում, ի՞նչ ես գրում:
-Հեչ, հենց էնպես, ինձ համար բանաստեղծություններ եմ գրում, գիրք եմ շինում:
-Հա՜, հասկացա՜, ուրեմն պարապ ես եղել, դե էդպես ասա, տո հեր օրհնած,- եզրակացրել էր Մանթաշյանը:
Հովհ. Թումանյանը իր «Պոետն ու Մուսան» պոեմում անմահացրել է այդ միջադեպը.
… մի մեծ պարոնի,
Մեր մեջ շատ խելոք ու շատ անվանի։
Մի օր ինձանից արավ հարցուփորձ.
-ՈՒնի՞ս, հարցրեց, մի պաշտոն կամ գործ։
-Բանաստեղծ եմ ես, հայտնեցի հըպարտ։
-Դըժվար է, ասավ, երբ անգործ է մարդ։
-Բանաստեղծ եմ ես, կըրկնեցի մեկ էլ։
-Հասկացա՜նք, ասավ, պարապ ես եղել...


Այս էր հայ բուրժուազիայի ըմբռնումը հայ գրողի մասին:
Իսկ հայ մտավորականության ապազգայնացած մասը՝ բժիշկներ, իրավաբաններ, ճարտարապետներ և այլք ուղղակի արհամարհանք ունեին դեպի հայ գիրքը: Սրանց համար հայ լեզուն, հայ գրականությունը, հայ բեմը, հայ մշակույթը առհասարակ անարժեք բաներ էին: Մի փոքրիկ ժողովրդի գեղջկական լեզու, խղճուկ գրականություն և անարժեք մշակույթ: Այլ է ռուս լեզուն, ռուս մշակույթը: Ռուս գրականությունը համաշխարհային գրականություն է, ռուս լեզուն՝ Տոլստոյների և Դոստոևսկիների լեզուն է, ռուս մշակույթը ռուս մեծ ժողովրդի կերտած մշակույթն է:

(շարունակելի)

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 5486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ