Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Երևան գալուց հետո նոր միայն իմանում է, որ Անրի Վեռնոյը միջանցքում մոտ կես ժամ սպասել է իրեն»

«Երևան գալուց հետո նոր միայն իմանում է, որ Անրի Վեռնոյը միջանցքում մոտ կես ժամ սպասել է իրեն»
21.06.2019 | 02:22

Դերասանուհի ԱՆՈՒՇ ՂԱՐԻԲՅԱՆԸ «Իրատեսին» ուշագրավ դրվագներ է ներկայացնում իր հոր՝ ժողովրդական արտիստ Իշխան Ղարիբյանի կյանքից, սիրով ու անթաքույց տխրությամբ պատմում է քրոջ՝ վաղամեռիկ դերասանուհի Հասմիկ Ղարիբյանի մասին: Զրուցել ենք նաև մշակութային քաղաքականության մասին: Դերասանուհին վստահ է՝ քաղաքացիական հասարակություն ունենալու համար երեխային պետք է կրթել մանկապարտեզից ու դպրոցից:

-Ինչու՞ ընտրեցիք դերասանի մասնագիտությունը, Ձեր հայրը միջամտե՞լ, ուղղորդե՞լ է, թե՞ ոչ:
-Բոլորովին: Ես ավարտել եմ թիվ 172 անգլիական թեքումով դպրոցը: Մի պահ մտածում էի անգլերենը շարունակելու մասին: Միաժամանակ գաղտնի երազանք ունեի թատերական ընդունվելու, գաղտնի, որովհետև գիտեի՝ հայրս այդ մասին լսել չի ուզում: Հետո, վերջին պահին, փաստի առաջ կանգնեցրի, ասացի որոշմանս մասին: Հայրս ոչ մի օր ինձ հետ չի պարապել, անգամ ընդունելության քննություններին չի եկել: Ընդունվեցի, սովորում էի, ինստիտուտ ոտք չէր դնում, շատերը ազգանունիցս ենթադրում, հարցնում էին, նոր միայն իմանում էին՝ ով եմ: Ինքս էլ մտածում էի, որ այն ամենին, ինչին հայրս հասել է, իր ուժերով է հասել, դրանք իր դափնիներն են, իմ ճանապարհը ես պետք է հարթեմ: Առանց այն էլ ծանր բեռ է, մեծ պատասխանատվություն հայտնի մարդու զավակ լինելը:
-Ի՞նչ գործունեություն եք ծավալել ավարտելուց հետո:
-Աշխատում էի դրամատիկական թատրոնում: Էլի կաշկանդվում ես, էլի քեզ հետ ես պահում շատ բաներից՝ բամբասանքից խուսափելու համար… Խաղում էի դրսի ռեժիսորների առաջարկած ներկայացումներում: Ինձ համար ամենահիշարժանը «Արքան է մահանում» ներկայացումն էր (ըստ՝ Էժեն Իոնեսկոյի, բեմադրիչ՝ Արթուր Սահակյան): Դերասանուհին պետք է ֆիզարձակուրդ գնար, և ես Ջուլիետի դերին պատրաստվեցի մեկ շաբաթում: Մեծ դեր էր, և՛ տեքստը պետք էր անգիր անել, և՛ մուտքերը, ամբողջը վազք էր: Մի շաբաթում իմը դարձավ դերը, որովհետև ես ինքս ստեղծագործեցի: Ընդհանրապես, դերասանը հանդիսատեսին զգում է: Ես հաճույք էի ստանում իմ կերպարից, կոպիտ է հնչում, բայց ինձ համար մեկ էր. ո՛չ տեսնում, ո՛չ նկատում էի հանդիսատեսին: Պրոֆեսիոնալ հանդիսատեսի արձագանքից հետո հասկացա, որ դա ամենաճիշտ վիճակն է:
Խաղացել եմ նաև մեծ թվով հեռուստաներկայացումներում: Հիշողությանս մեջ մնացել է հատկապես Ստելլայի կերպարը «Ցանկություն տրամվայը» հեռուստաներկայացումից:
-Դերասանը երկար ժամանակ բեմում է կամ էկրանին, բայց չենք նկատում, սակայն մեկ դերով կարող է հանրաճանաչ դառնալ: Այստեղ ռեժիսորի ընտրությա՞ն խնդիրն է:
-Ես եկել եմ այն եզրակացության, որ չկա լավ ու վատ դերասան, կա ճիշտ դերաբաշխում: Թեև վարպետություն էլ պետք է լինի:
-Բայց դերասանը թատրոնում խաղում է, նայում, հիանում ենք, նույն դերասանը սերիալում ականջ է սղոցում:
-Գիտեք, բեմն ուրիշ է, սերիալն՝ ուրիշ, կինոն՝ ուրիշ: Եթե դերասանին ուզում եք ճանաչել, նրան պետք է տեսնեք թատրոնում: Բեմի վրա ինքն է: Սերիալում ռեժիսորը կարող է նրան սխալ վիճակներում դնել: Բացի այդ, բեմում մենք խաղում ենք վերջին շարքի հանդիսատեսի համար, իսկ ֆիլմում կամ հեռուստաներկայացումներում՝ առաջին շարքի: Միգուցե այդ անցումը չի հաջողվում դերասանին: Բայց, որպես կանոն, երբ արտասահմանյան ֆիլմերում տեսնում եմ լուրջ, խոր դերասանի, հետաքրքրվում եմ, պարզվում է՝ թատրոնի դերասան է:
Ինչ վերաբերում է սերիալներին: Գիտե՞ք՝ ոնց են նկարահանում: Մի անգամ կանչել էին ինչ-որ էպիզոդ խաղալու: Տեքստը տվել են, պետք է արտասանեմ: Ասում եմ՝ գուցե պատմե՞ք ինչի մասին է ֆիլմը… Այսինքն, ռեժիսորը խնդիր չի դնում, դերասանը մեղավոր չէ: Եթե նա բեմում լավ դերասան է, սերիալում լավ չի խաղում, միանշանակ պրոֆեսիոնալիզմի պակաս ունի ռեժիսորը: Կինոյում ռեժիսորի արվեստն է, թատրոնում՝ դերասանի: Կինոյում կարող ես դադար տալ, կրկնել էպիզոդը, բեմ որ դուրս եկար, շտկել չես կարող: Ինչ ասացիր՝ ասացիր: Ստեղծագործական հաճույքը դերասանը բեմում է ստանում՝ ծափը, հանդիսատեսի շունչը, հավանել-չահավանելը, այդ ամենից դերասանը կարո՞ղ է զրկվել: Հայրս ասում էր՝ խենթ ենք մենք, մարդիկ միլիոններ են ուզում, մենք ծափերից ենք ուրախանում:
-Դուք խաղացել եք նաև Երվանդ Մանարյանի «Ագուլիս» տիկնիկային թատրոնում: Ի՞նչ կասեք այդ աշխարհի մասին:
-Դա էլ մի ուրիշ աշխարհ է: Դու պետք է շունչ հաղորդես տիկնիկին, շփվես երեխաների հետ: Իսկ դա հաճելի է և բարդ: Եթե անգամ հասուն մարդուն խաբես, երեխային չես կարող խաբել ֆալշով: Երեխան շատ անկեղծ է: Պատահել է, մոտեցել են բեմին, փորձել բռնել տիկնիկին: Չեն պատկերացնում, որ այնտեղ մարդու ձեռք է:
-Ձեր երեխաները չե՞ն շարունակում դերասանական գիծը:
-Ոչ, ես ինձնից կախված ամեն ինչ արեցի, որ չշարունակեն: Մեծ աղջիկս մի պահ մտածում էր կինոռեժիսոր դառնալու մասին: Բայց նա ավելի շատ իրավաբանին բնորոշ հատկանիշներ և վերլուծական միտք ունի: Ես ասացի, որ այստեղ կինո չկա, բացի այդ՝ կինոռեժիսոր երբեք ուշ չէ դառնալը, ընդհակառակը, ինչ-որ մի էտապ պետք է մարդն ապրի, կայանա, կյանքի փորձ ձեռք բերի, նոր ռեժիսոր դառնա: Եվ նա ընտրեց ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Փոքր աղջիկս դիզայներ է:
-Իսկ Ձեր քրոջ՝ Հասմիկ Ղարիբյանի մասին ի՞նչ կասեք:
-Հասմիկը փոքրուց հետաքրքիր էր, պրպտող, սիրում էր պարել, պարոդիաներ անել: Մի կարճ ընթացք պարի գնաց, պարուսույցն ասաց՝ այս երեխան չտեսնված տաղանդ ունի, խորհուրդ տվեց խորեոգրաֆիկի ժողպարերի բաժինն ընդունվել (դասականի համար մեծ էր տարիքը): Դպրոցին զուգահեռ ավարտեց այդ բաժինը: Նաև ավարտեց Էստրադային-ջազային երգիչների քոլեջը, պետք է ասեմ, որ ավարտական քննությանը նրանով հիացած էր Ռուբեն Մաթևոսյանը: Քչերը գիտեն այն մասին, որ դպրոցն ավարտելիս շարադրություն էր գրել, փայլուն վերլուծություն էր արել, և «Գլաձոր» համալսարանից խնդրել էին, որ իրավաբանական բաժին ընդունվի: Գնաց, հետո ասաց՝ իմը բեմն է: Ես հիմա եմ հասկանում, որ նա ափսոսում էր իր կյանքի ամեն րոպեն, ամեն պահը: Գտավ, որ իրենը չէ, ուրեմն ժամանակ չպետք է կորցնի: Թատերական ինստիտուտ որպես ազատ ունկնդիր Գուժ Մանուկյանի կուրսում նստեց, էլի թողեց-դուրս եկավ: Սկսեց «Կարգին հաղորդում» նախագծում ընկերական նկարահանվել: Շատերը խոստովանում էին, որ այդ հաղորդումն առանց իրեն չեն պատկերացնում: Կային ուրիշ դերասանուհիներ այդ նախագծում, հավանում եմ իրենց, բայց «կարգին» բառը Հասմիկի անվանը կպավ:
-Մի առիթով նշել եք, որ Հասմիկը միտք է ունեցել հագուստի խանութ բացելու՝ իր անունով, և թատրոն՝ Իշխան Ղարիբյանի անունով:
-Քաղաքի կենտրոնում ուզում էր մի փոքրիկ բուտիկ բացել իր անունով, բայց ասում էր՝ ապրանքը չպետք է թանկ լինի, որ հայ աղջիկները մատչելի գնով լավ հագուստ գնեն: Իր վերջնանպատակն էր՝ այդ խանութից ստացած շահույթը հավաքել ու թատրոն բացել հայրիկի անունով:
-Հայրիկը Հասմիկի տաղանդը նկատու՞մ էր:
-Փոքր ժամանակ մամաս ասում էր՝ նայի, ինչ լավ է նկարում, ասում էր՝ բոլոր երեխաներն էլ տաղանդավոր են, հետո կերևա: Հայրս մեր հանդեպ աշխատում էր լիներ ծայրաստիճան օբյեկտիվ, վախենում էր ծնողական ավելորդ հիացմունքով վնասելուց, սխալ ուղու վրա դնելուց: Բայց Հասմիկը ծնվել էր բեմի համար:
-Հետաքրքիր է՝ Իշխան Ղարիբյանի ո՞ր դերերն եք շատ սիրում: Առհասարակ, կա՞ն դրվագներ, որոնց մասին կուզեիք խոսել:
-Ես կարծում եմ՝ վատ դեր չի եղել: Արատակարգ էր «Դահիճը» ներկայացման մեջ, «Սեր և ծիծաղ» ներկայացումն իրենից հետո ուղղակի փակվեց: Ես ինչ աչքս բացել եմ, «Սեր և ծիծաղ» կար, հասուն մարդ էի, դեռ խաղում էին, ու միշտ լեփ-լեցուն դահլիճում: Ոչ մի դերասան իրենից հետո չխաղաց այդ դերը: Ես համաձայն չեմ, որ չկան անփոխարինելի դերասաններ: Նույն «Արքան է մահանում»-ը փակվեց, որովհետև Կարեն Ջանգիրովը գնաց ուրիշ թատրոն, ռեժիսորն էլ չուզեց ուրիշը խաղա: Ես ուզում եմ նշել, որ հեռուստաներկայացումներում ամենից շատ նկարահանված դերասանն է: ՈՒ երբ հայկական հեռուստատեսությունը բացվել է, ոչ թե Նարա Շլեպչյանն է առաջին անգամ եթեր դուրս եկել, այլ Իշխան Ղարիբյանը և բացատրել է` ինչպես օգտագործել հեռուստատեսությունը: Որից հետո Նարա Շլեպչյանը դուրս է եկել եթեր՝ որպես հաղորդավար:
-Ի՞նչ կասեք մշակութային կյանքում առկա խնդիրների մասին, ի՞նչ բացեր ունենք:
-Ես կարծում եմ, որ քաղաքացիական հասարակության չձևավորվելուն մեծապես նպաստել են հեռուստասերիալները: Տեսեք ինչ են պրոպագանդում՝ քրեական աշխարհը, հանցագործը սերիալում հերոս է: ՈՒ տարիներ շարունակ ժողովուրդը դեգրադացվում էր, մենք այսօր պետք է տեսնեինք դրա հետևանքը:
Ասում են՝ փող չկա մշակույթի համար: Զարգացած երկրներն իրենց բյուջեից մեծ կտոր են հատկացնում մշակույթին: Ես հասկանում, որ մեր երկիրը փոքր է, բյուջեն՝ փոքր, բայց կարելի է գոնե փոքրուց որոշակի վերաբերմունք ձևավորել, կրթել երեխային: Ֆրանսիայի մշակութային քաղաքականությունն այնքան հետաքրքիր է: Մշակութային քաղաքականության առաջին կետը ֆրանկոֆոնիան է, այսինքն, լեզվի միջոցով, կարելի է ասել, իրենց քաղաքականությունը պարտադրում են աշխարհին: Ոչ թե մշակույթի նախարարությունը փակում են, այլ արտգործնախարարությունում լուրջ բաժին ունեն մշակույթի, այսինքն, արտաքին քաղաքականության վրա է ազդում մշակույթը: Ֆինանսապես աջակցում են նույնիսկ մասնավոր թատրոններին, խրախուսում են, ոչ թե փակում թատրոնը: Երկրորդ կետում երեխաների մշակութային դաստիարակությունն է, կետ առ կետ գրված է, թե որ տարիքում ինչ մշակութային օջախ կամ միջոցառման պետք է այցելի երեխան: Աբոնեմենտային համակարգին ես երկու ձեռքով կողմ եմ, ուղղակի մեզ մոտ էլի թարսուշիտակ են անում, աբոնեմենտն ուզում են վերականգնել ու թողնել ծնողի ընտրությանը: Կան ծնողներ, որ ռաբիս են լսում, նրանք չեն գնա ու իրենց երեխային չեն ուղղորդի բալետ, ֆիլհարմոնիա:
-Ի՞նչ կասեք թատրոնի մասին: Քննադատվում է հատկապես խաղացանկը: Չե՞ք կարծում, որ նոր լավ ներկայացումներ են պետք թատրոնը ապրեցնելու համար:
-Ես գլուխ եմ խոնարհում թատրոնի յուրաքանչյուրի` ռեժիսորից սկսած մինչև տեխնիկական աշխատողի առաջ: Ցածր աշխատավարձով մարդիկ պահում են թատրոնը, հին ու նոր խաղացանկը կապ չունի, որովհետև այս երկրում, եթե կա մի փոքր մշակույթ, էլի թատրոնի շնորհիվ է: Գիտե՞ք՝ թատրոնը ոնց են պահում: Ես գիտեմ, ես տեսել եմ: Շատ հաճախ տնից են տանում, իրենց գրանից են ներդնում, որովհետև այդ մարդիկ թատրոնը սիրում են, նրանք նվիրյալներ են: Պատերազմի, մութ ու ցուրտ տարիներին ոտքով են գնացել աշխատանքի, աշխատավարձը կամ չկար, կամ ուշացնում էին, բայց սահմանին պատերազմ էր, այստեղ պետք է աջակցեին, ամեն ինչ անեին, որ ժողովուրդը պատերազմի ծանրությունը շատ չզգար: Դրամատիկ թատրոնում մարդիկ մոմերի տակ ներկայացում են խաղացել, բայց հետո չգիտես ինչու անտեսվեցին այդ մարդիկ…
Հայրս հիմնել է Հրազդանի թատրոնը: Ասում էր՝ մարզերին թատրոն է պետք: Իր մեքենան մաշեց Երևան-Հրազդան ճանապարհին ու վերջը հասավ նրան, որ ժողովրդական թատրոն հիմնեց, որը հետո դարձավ պետական թատրոն: Հրազդանցիները դա գիտեն, չեն մոռացել: Շնորհակալ եմ Հրազդանի թատրոնի բոլոր աշխատակիցներին այդ թատրոնը պահելու համար:
Հայրս կյանքը մինչև վերջ նվիրեց թատրոնին, հիշողությունը կորցրել էր, մեզ անգամ չէր ճանաչում, բայց ամբողջ օրն ասում էր՝ գնում եմ թատրոն: Նա Իրանից թողել-եկել էր թատրոնի համար: Այնտեղ թատերական խումբ ուներ: Մորեղբայրը հայտնի առևտրական էր, ասել է, որ եթե ուզում ես դերասան դառնաս, քեզ կուղարկեմ Ֆրանսիա, Իտալիա, մի գնա մի երկիր, որտեղից վերադարձ չկա: Հրաժարվել է, ասել ՝ չէ, պիտի գնամ հայրենիքի թատրոնը: Ես ձեզ վստահեցնում եմ, եթե գնար Իտալիա, Ֆրանսիա, Իշխան Ղարիբյան անունը Ժան Գաբենի կողքին կլիներ: Մեր զրույցի վերջում մի էպիզոդ կհիշատակեմ:
Խորհրդային տարիներին դրամատիկական թատրոնը հյուրախաղերի էր Ֆրանսիայում: Ֆրանսիական մամուլում հրաշալի թատերական գրախոսություններ են գրվում հայրիկիս մասին: Նա շատ արագ էր հագնվում: Այդպես արագ հագնվում, պատրաստվում ու դուրս է գալիս հյուրանոցից: Երևան գալուց հետո նոր միայն իմանում է, որ Անրի Վեռնոյը միջանցքում մոտ կես ժամ սպասել է իրեն, ու իրեն հատուկ չեն ասել այդ մասին: Գուցե վախեցել են, չգիտեմ, բայց «Մայրիկ» ֆիլմը նկարահանելուց առաջ է եղել դա: Ենթադրում եմ, որ Վեռնոյը զրույցի համար չէր գա, այդքան սպասեր, որպես դերասան է հավանել ու ինչ-որ բան էր առաջարկելու: Դրանից հետո նրա կյանքն ինչպես կփոխվեր, չգիտեմ, բայց այն, որ ինչպես մեր շատ ու շատ դերասանները, հայրս էլ իր տաղանդին համապատասխան չգնահատվեց, դա հաստատ է: Գնում, կորչում են, այնինչ կզարդարեին ամենալավ բեմերն ու կինոաշխարհը:


Զրուցեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2526

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ