«Տնտեսական այսօրվա վիճակի մեղավորը Փաշինյանն ու իր իշխանությունն են»
11.10.2019 | 01:04
Հայաստանում ինչպես մեկուկես տարի առաջ, այնպես էլ հիմա սոցիալ-տնտեսական բազում կուտակված խնդիրներ կան, որոնք օր առաջ լուծման կարիք ունեն։ Իշխանափոխությունն այդ առումով ոչ մի բան չի փոխել, այդ խնդիրները շարունակում են մնալ մեր օրակարգում։ Այս և արտաքին քաղաքական թեմաների շուրջ է զրույցը քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։
-Հայաստանում առկա խնդիրներն արտացոլվա՞ծ են ներքին քաղաքական օրակարգում, պարոն Բադալյան։
-Ապրիլ-մայիսին իշխանության եկած մարդիկ Հայաստանի զարգացման վեկտորը չուղենշեցին, թե ինչպիսի պետություն պետք է ունենանք։ Խորհրդարանական կառավարման երկրների՞ պես, ինչպիսին Չեխիան, Սլովակիան, Բելգիան, Լատվիան են, թե՞ Ղրղզստանի կամ աֆրիկյան երկրների նման։ Երբ զարգացման վեկտորը բացակայում է, բնականաբար, չկան նաև այս կամ այն ոլորտի վերաբերյալ հայեցակարգեր, որոնցից էլ բխում են օրենքները, որոնք էլ պետք է դառնային ներքաղաքական օրակարգի քննարկման հիմնական թեմաները։ Հիմա այս ամենը չկա, դրա համար ներքին կյանքում սկսում են գերիշխել կարճաժամկետ օրակարգ ունեցող հարցեր։ Մի հարց 2 օր կքննարկվի, կանցնի, մեկ ուրիշ հարց էլ կարող է կես ժամ քննարկվի, անցնի, գնա։ Ընթացիկ հարցեր են, որոնք չես էլ կարող ասել, թե օրակարգային են։
-Փոխարենը Արցախում իր հայտնի ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչպիսին կլինի Հայաստանը 2050-ին։
-2050-ի ցուցանիշների մասին կխոսեմ 2049-ին։ Այն ժամանակ կզանգեք, կասեմ, որքան իրական էին Փաշինյանի հայտարարությունները։ 2019-ին 30 տարի հետո կատարվող իրավիճակային հարցեր քննարկելը լուրջ չէ։
-Օրերս կրկին տնտեսական հեղափոխության մասին կառավարության ղեկավարը խոսեց և վերստին հանրությանը մեղադրեց, թե երկրում բանվորի աշխատանք չեն անում՝ այն պատվաբեր չհամարելով, բայց նույն աշխատանքը կատարում են այլ երկրներում։ Իրականում ո՞վ կամ ի՞նչն է մեղավոր, որ մեր տնտեսությունը շարունակում է ծանր շնչել։
-Տնտեսական այսօրվա վիճակի մեղավորը վարչապետն է և իր իշխանությունը։ Չմոռանանք, որ իշխանափոխման օրերին հայտարարում էր, որ բյուջեն մեկ տարի հետո 800-900 մլն դոլարով ավելացվելու է։ Հիմա ավելացե՞լ է, թե՞ ոչ։ Չի ավելացել։ ՈՒրեմն վարչապետը ստել է։ Պիտի կանգնի ու հայտարարի, թե ճիշտ չէր հաշվարկել, դրանք նախընտրական խոստումներ էին, որոնց պետք չէ լուրջ վերաբերվել։ Կամ պիտի ներողություն խնդրի, կամ լրատվամիջոցները պիտի գրեն, որ ստել է։ Տնտեսությունը հենց այնպես չի զարգանում։ ԱՄՆ-ում հանրահավաքի ընթացքում կոչ արեց ներդրումներ անել հայրենիքում, հարստացնել և հարստանալ։ Հատկապես սփյուռքում սա շատ է ասում, իրեն թվում է, թե հենց ասաց, այնտեղից վազելու են, գան, ներդրում անեն։ Ներդրում չի լինում, քանի որ հստակ քաղաքականություն չկա։ Ի դեպ, անցյալ տարի Փաշինյանը հայտարարում էր, թե քանի ՀՀԿ-ն խորհրդարանում է, ներդրումներ չեն լինելու, իսկ եթե նրանք չլինեն, ներդրողները հերթ կկանգնեն։ Արդեն 9-10 ամիս է ՀՀԿ-ն խորհրդարանում չէ, ներդրումներն այդպես էլ չեն գալիս։ Նշանակում է` խնդիրը ոչ թե ՀՀԿ-ի, այլ ներկայիս կառավարության մեջ է։ Ներդրում անում են այնտեղ, որտեղ հստակ խաղի կանոներ են գործում, երկար ժամկետով հարկային հասկանալի քաղաքականություն կա, ենթակառուցվածքները զարգացած են։ Մյուս կողմից էլ տեսնում են, որ վարչապետը բոլորին ուզում է փռել, ծեփել, ինչը ներդրողների համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծում։ Փաշինյանի իշխանության օրոք ընդամենը երկու ձեռնարկություն է բացվել՝ «Սպայկայում» պանրի արտադրամասը, որի նախապատրաստական աշխատանքներն էլ նախորդ իշխանությունների ժամանակ են տեղի ունեցել, և Արթիկի բամբակի մշակման ձեռնարկությունը։ Չկան ներդրումային նպաստավոր պայմաններ, բարոյահոգեբանական մթնոլորտ, ոլորտային հստակ հայեցակարգեր։
-Փաշինյանը հայտարարում է, թե կոռուպցիա, մենաշնորհ չկա, սրանք գայթակղիչ չե՞ն ներդրողների համար։
-Ոչ։
-Ինչու՞։
-Եթե ներդրողները շահույթ են ստանում, անգամ կոռուպցիոն երկրներում են ներդրումներ անում։ 90-ականներին, երբ արևմտյան կապիտալը գնում էր Չինաստան, այնտեղ բավական մեծ կոռուպցիա կար, բայց դա նրանց չխանգարեց բիզնես անել այնտեղ։ Խնդիրը կոռուպցիայի մեջ չէ։ Եթե խաղի կանոները հստակ են, անգամ կոռուպցիոն մեխանիզմների առկայության պայմաններում ներդրումներ կլինեն։ Կոռուպցիան չի խանգարում տնտեսության զարգացմանը։ Ինչ վերաբերում է մենաշնորհներին, այո, ներկրման մենաշնորհ չկա, բայց ներսում գերիշխող դիրք ունեցող սուբյեկտներ կան, որոնց առնչությամբ քայլեր չեն ձեռնարկվում։ Իսկ սա մենաշնորհի 90 տոկոսն է կազմում։
-Ինչու՞ չի հաջողվում տնտեսական ճիշտ քաղաքականություն վարել, գաղափարնե՞ր, մասնագետնե՞ր չունեն։
-Նախ անհրաժեշտ է, որ լսեն այդ ոլորտների մասնագետներին։ Եթե նման ցանկություն չկա, բնականաբար արդյունքն այսպիսին պիտի լինի։ Եթե դու միայն լսում ես այն մարդկանց, ովքեր քեզ հետ փողոց են փակել, ակնհայտ է, որ տնտեսությունը չի զարգանա։
-Այսօր իշխանության ներքաղաքական օրակարգի կարևոր հարցերից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցումն է։ Ի՞նչ ճակատագիր կունենա ՍԴ ուղարկված նախագիծը։
-Անցյալ տարվա հայտնի իրադարձություններից հետո վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական համակարգից դուրս մղեց քրեաօլիգարխիային և այն ամբողջովին սկսեց ծառայեցնել իր շահերի սպասարկմանը։ Հիմա արդեն լիարժեքորեն կարող ենք ասել, որ իշխանությունը սպասարկում է մեկ մարդու։ Անձնիշխան համակարգի մեջ են մտնում կառավարությունը, ԱԺ-ն, օրենքով ստեղծված անկախ, բայց իրականում ենթակա մարմինները, ԲԴԽ-ն և դատաիրավական ողջ համակարգը, բացառությամբ ՍԴ-ի։ Այս համակարգից դուրս են մնում 4 ինստիտուտներ՝ ԶԼՄ-ները, ՍԴ-ն, եկեղեցին, Արցախի իշխանությունները։ Այս պահին իշխանություններն առավել տեսանելի քայլեր են ձեռնարկում 2 ուղղությամբ՝ ՍԴ-ի և Արցախի իշխանությունների։ Սա կոչվում է ավտորիտար համակարգի ձևավորում, որը դեռևս թույլ է։ Սա չպետք է շփոթել բռնապետության հետ, կառավարման համակարգն անձնիշխան է, մեկ մարդու սպասարկող կառավարման համակարգ։ Հիմա ՍԴ-ն չի ցանկանում ենթարկվել և սպասարկել մեկ մարդու շահերը, դրա համար այդ կառույցի դեմ հզոր գրոհ է սկսվել։
-Որքա՞ն կարող է դիմանալ ՍԴ-ն։
-Շատ երկար, որովհետև ունի հզոր աջակից ի դեմս ԵՄ-ի։ Նման աջակից ունենալով, ՍԴ-ն կարող է երկար դիմադրություն ցույց տալ։ Հայաստանի իշխանությունները ՍԴ նախագահի դեմ գրոհ են ձեռնարկել, բայց միաժամանակ Վենետիկի հանձնաժողովի անդամները գալիս են Հայաստան և հանդիպում են ՍԴ նախագահի հետ։ Գերմանիայի դեսպանը ևս հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի հետ՝ Թովմասյանին հրավիրելով Գերմանիա։ Սա Հայաստանի իշխանություններին ուղերձ է, որ Եվրոպան բնավ չի պատրաստվում ՍԴ-ն զիջելու այսօրվա իշխանություններին։ Իհարկե, այս ամենում էական հանգամանք խաղաց Ռոբերտ Քոչարյանի գործը, որի առնչությամբ կարծիք ստանալու համար ՍԴ-ն Վենետիկի հանձնաժողովին և ՄԻԵԴ-ին դիմում էր ուղարկել։ Երկու կառույցներն էլ դիմումն ընդունել են քննարկման։ Հայաստանի իշխանությունները շտապում են օր առաջ ազատվել ՍԴ-ի այս կազմից, որպեսզի Քոչարյանի գործով անցանկալի որոշումներ չկայացվեն։ Բայց այս պահի դրությամբ դեռ հաջողություն չունեն։
-Դուք խոսեցիք նաև Արցախի իշխանությունները թիրախ դարձնելու մասին։ Առաջիկայում այնտեղ ընտրություններ են, ի՞նչ տեսք կարող է ստանալ հայաստանյան իշխանությունների այդ մտադրությունը։
-Բնականաբար Հայաստանի իշխանությունները չեն կարող անտարբեր լինել այդ ընտրությունների հանդեպ։ Եթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ այնտեղ էին գործուղվել երկու կազմակերպություններ, այս անգամ ավելի ազդեցիկ ներկայություն կունենա Հայաստանի իշխանությունը։ Նպատակն այն է, որ այնտեղ ունենան Հայաստանի վարչապետին ամբողջովին ենթակա նախագահ։
-Ինչու՞ են ուզում իրենց ենթարկեցնել Արցախի նախագահին։
-Նույն այն պատճառով, որով ցանկանում են ՍԴ-ն իրենց ենթարկելի դարձնել։ Ողջ պետական համակարգը պետք է ենթարկվի մեկ մարդու։ Իսկ Հայաստան ասելով` նկատի ունենք նաև Արցախը։ Բայց այս ամենից հետո ինչ պիտի անեն, խիստ անկանխատեսելի է արտաքին գործընկերների համար։ Այդ պատճառով էլ նրանք շատ հաճախ կամ հարաբերությունները սառեցնում են, կամ բացասական դիրքորոշումներ են արտահայտում Հայաստանի իշխանությունների մասին։ Ի վերջո, այս համակարգը ինքնանպատակ չէ։ Երբ նման բան է իրականացվում, պետք է նաև նպատակ լինի։ Այս պահին դա չի երևում ու հենց դրա համար էլ անկանխատեսելի են այս իշխանությունները, ինչն առավել վտանգավոր է։ Հասկանալի չէ, թե ինչու են, օրինակ, Արցախը բերում իրենց անձնիշխան համակարգի մեջ։ Չէ՞ որ դրանից հետո պատասխանատվություն են ստանձնելու ԼՂՀ-ի համար, ինչու՞։
-Տեսակետ կա, թե ցանկանում են Արցախում վերահսկելի իշխանություն ունենալ, որպեսզի հակամարտության լուծման ցանկացած տարբերակ դիմադրության չարժանանա։
-Երբ չգիտենք, թե ինչու է այս համակարգը ստեղծվում, իշխանություններն էլ դրա համար ոչ մի պատճառաբանություն չունեն, ցանկացած տարբերակ կյանքի իրավունք ունի։
-Ներքաղաքական կյանքում օրակարգ չկա, իսկ արտաքին քաղաքականությունում ի՞նչ է կատարվում։
-Եթե չունես արտաքին քաղաքականության հայեցակարգ, պետությունը նմանվում է մի նավի, որ բաց ծովում առաջ է գնում, բայց չգիտի դեպի ուր։ Ալիքը որ կողմից գա, այդ կողմն էլ կշարժվի։ Աշխարհում բուռն զարգացումներ են տեղի ունենում, արագ փոփոխվող աշխարհում Հայաստանը չունի իր պատկերացնումները, թե աշխարհին ինչ ունի տալու և վերցնելու։ Եթե հայեցակարգ չկա, իրավիճակային քաղաքականություն է իրականացվում այս կամ այն երկրի հետ։ Այս մեկ ամսվա ընթացքում երեք խոշոր պարտություն կրեց Հայաստանը արտաքին քաղաքականությունում՝ երեք ուղղություններով՝ ԱՄՆ, ՌԴ, ԵՄ։ Առաջին ձախողումը եղավ ԵՄ-ի հետ հարաբերություններում։ Երբ այս տարվա մայիսին Փաշինյանը գնացել էր ԵՄ, երկրների ղեկավարների լուսանկարում ՈՒկրաինայի հեռացող ղեկավար Պորոշենկոյի նկարով ծածկվեց այսօրվա վարչապետը, նկարում նա չէր երևում։ Սա ԵՄ-ի ուղերձն էր Փաշինյանին։ Բողոքեցին այստեղից, նկարը հանեցին։ Իրենց թվում էր, որ նկարը հանեցին, խնդիրը լուծվեց։ Եղավ երկրորդ ուղերձը. մայիսի 28-ին միայն Մակրոնը շնորհավորեց Հայաստանին, երկու օր հետո Փաշինյանի ծնունդն էր, էլի ԵՄ ոչ մի երկրի ղեկավար չշնորհավորեց։ Հուլիսի 5-ին Սահմանադրության օրը կրկին ոչ մի ուղերձ, Հայաստանի անկախության օրը ԵՄ-ի ոչ մի երկիր, ոչ էլ այդ կառույցի ղեկավարները մի ուղերձ չհղեցին։ Եթե այս հարցում ԵՄ բոլոր երկրները նույն կերպ են վարվում, նշանակում է՝ կա չշնորհավորելու հրահանգ։ Սրանով փորձում են ցույց տալ Փաշինյանին, որ նա, որպես խաղացող, ԵՄ-ին հետաքրքիր չէ։
Երկրորդ պարտությունը գրանցվեց ԱՄՆ-ում, որտեղ տեխնիկապես շատ վատ հանրահավաք էին կազմակերպել։ ՈՒմ մտքով էր անցել, որ հանրահավաք պիտի անել այնպիսի թաղամասում, որտեղ հայ գրեթե չի ապրում, ավտոբուսներով Գլենդելից էին մարդկանց բերել։ 5-6-հազարանոց հանրահավաքն իրենից ոչինչ չի ներկայացնում, իսկ ամենաբարձր պաշտոնյան, որին Փաշինյանը հանդիպեց, Կալիֆոռնիայի նահանգապետն էր։ ԱՄՆ արտաքին հարաբերությունները կարգավորող ոչ մի ծանրակշիռ պաշտոնյայի հետ հանդիպում տեղի չունեցավ։ Սա էլ ապացուցում է, որ Թրամփի համար այս իշխանությունը արժեք չունի։ Ի դեպ, Հայաստանի անկախության օրվա շնորհավորանքի տեքստում Թրամփը նշել էր՝ «անցյալ տարվա խաղաղ գործընթացներ», այսինքն «ոչ բռնի, թավշյա հեղափոխություն» տերմինը չէր օգտագործել։ Սա նշանակում է. «Փաշինյանը թող չփորձի իր հեղափոխությունը ԱՄՆ-ի վրա վաճառել, մենք դա գնող չենք, դրա համար քեզ փող չենք տալու»։ Պաշտոնյաների հետ հանդիպումներ չեղան նաև այն պատճառով, որ օրակարգ էլ չկար։
Հաջորդ ձախողումը. նախ ԵԱՏՄ նիստի մասին իշխանամերձ ուժերն անընդհատ նշում էին, թե վարչապետն այնքան վարկանիշ ունի, որ այդքան ղեկավար է եկել։ Մնչդեռ այդ նախագահներն այստեղ էին, որովհետև նիստի կարգավիճակն է դա թելադրում։ Եթե Մինսկում կամ Նորսուլթանում այս նիստը լիներ, այնտեղ էին գնալու։ Ընթացիկ նիստ էր, եղավ, անցավ։ Ընդամենը երկու երկրի ղեկավար էին եկել՝ Սինգապուրի և Իրանի։ Իրանի նախագահը եկել էր, որ Պուտինին հանդիպի, առանձնազրույց ունենա, իսկ Սինգապուրի վարչապետի ներկայությունն էլ պետք չէ այդքան գերագնահատել։ Տնտեսապես զարգացած է Սինգապուրը, բայց քաղաքական կշիռ աշխարհում չունի։ Իսկ ԵԱՏՄ-ի և Սինգապուրի միջև բանակցային գործընթացները սկսվել են դեռևս այն ժամանակ, երբ Փաշինյանը ընդդիմադիր գործիչ էր։ Հիմա ավարտվեցին այդ բանակցությունները, եթե 6 ամիս հետո ավարտվեր, կգնար Սանկտ Պետերբուրգ։ Այնպես չէ էլի, որ Հայաստանի բարձր վարկանիշի պատճառով եկավ այստեղ։ Բայց կար այս նիստի չերևացող կողմը ևս։ Նախ Փաշինյանը օդանավակայանում չդիմավորեց Պուտինին։ Ռուսական կողմը տեսավ, թե ովքեր էին սորոսականներին թողել Բաղրամյան 26-ի մոտ ցույց անելու, իսկ հակասորոսական շարժմանը շրջապատել էին Մատենադարանի մոտ, ով էր կազմակերպել վրացական «Ռուսթավի-2» հեռուստաընկերության լրագրողի հարցը, ինչպես ՀՀ վարչապետն անգամ շենքից դուրս չեկավ Պուտինին դիմավորելու համար։ Դիվանագիտական բացթողումները կան, որոնք չպետք է անուշադրության մատնել։ Երբ ՌԴ ղեկավարը գալիս է քո երկիր և Իրանի նախագահի հետ առանձնազրույց է ունենում, իսկ քեզ հետ՝ ոչ, դրանով ամեն ինչ ասված է։ Սրան էլ գումարենք այն, որ ՌԴ դեսպանատանն էլ հանդիպում է եղել Քոչարյանի տիկնոջ հետ։ Սա նշանակում է, որ ՌԴ-ն բացահայտ աջակցում է երկրորդ նախագահին։ Իսկ երբ դու շտապում ես դրանից հետո օդանավակայանում հանդիպել Պուտինին, դա արդեն դիվանագիտական տեսանկյունից լուրջ չէ, եթե ասելիք կար, այնտեղ չպետք է ասվեր։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ