«Իրատեսի» հյուրը» ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ է։ Նա յուրաքանչյուր պատեհ առիթով մշտապես ընդգծել է` Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների տարածքային նկրտումներին առնչվող հայտարարությունները պետք է լուրջ ընդունել և դիվանագիտական խողովակով անմիջապես հակադարձել։ Այլապես Ադրբեջանի ստերը դրսում երբեմն ճշմարտության տեղ են ընդունվում, քանի որ հայկական կողմն իրականությունը, ցավոք, չի ներկայացնում։
-Թուրքալեզու երկրների ղեկավարների խորհրդի նիստում Ալիևը հայտարարեց. «Պատմական ադրբեջանական Զանգեզուրը, որը փոխանցվել է Հայաստանին, հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։ Ոմանք սա համարեցին պատերազմի վերսկսման սպառնալիք։ Դուք ինչպե՞ս կգնահատեիք այս հայտարարությունը։
-Մենք 30 տարվա ընթացքում ամեն ինչ արեցինք, որ այսպիսի վիճակի հասնենք։ Երբ ողջ հայ ժողովուրդը միահամուռ պաշտպանում էր Արցախի անկախությունը (իհարկե, առաջին հերթին արցախցիները, եկեք այդ փաստը չմոռանանք. մինչև մարդն իր տունը չի պաշտպանում, ոչ մեկն օգնության չի հասնում), նախ Արցախում ձևավորեց ողջ գաղափարախոսությունը, նրանց ղեկավարների շնորհիվ Արցախն օրինական ճանապարհով դուրս եկավ Ադրբեջանի կազմից։ Այսօր այս մանրամասները շատ կարևոր են, որովհետև շատերը, չգիտես ինչու, դա չեն հիշում։ Այո, Երևանում բոլորը կանգնած էին հրապարակում, բայց պայքարն Արցախում էր ընթանում։ Երբ սկսվեցին պատերազմական գործողությունները, բոլորը գնացին ու պաշտպանեցին Արցախը։ Մանրուքներին չանդրադառնալով, որոնք շատ կարևոր են, նշենք, որ 1994-ին Ադրբեջանը խնդրեց հրադադար, քանի որ շատ թույլ վիճակում էր։ Մի քիչ ռազմավարական մտածողություն էր պետք բանեցնել ու հասկանալ, որ դեռ այդ ժամանակ պետք է Բաքվին պարտադրեին այն, ինչ մեզ էր անհրաժեշտ։ Իմա՝ Ադրբեջանը պետք է ճանաչեր Արցախի անկախությունը՝ իր կազմից դուրս։ Սա էր մեր գլխավոր նպատակը, որն այդ պահին չարվեց։ Ընդամենը հրադադար հայտարարեցինք ու մեզ գցեցինք ծուղակը։ Դրանից հետո Ադրբեջանն օր օրի հզորացավ, մեզանից շատ առաջ անցավ, դրա համար հիմա նրա ձայնն ավելի «տաք» տեղից է հնչում։ Նրանք օգտվեցին նաև մեր սխալներից, որոնցից գլխավորն այն է, որ նրանց ցանկացած հայտարարություն անտարբերության էինք ու ենք մատնում։ Հիմա ադրբեջանցիների սուտը դարձել է կոնցեպտ և աշխարհին ներկայացվում է որպես ճշմարտություն։ Նրանք ասում են, թե հայերն ագրեսոր են, չեն կատարել ՄԱԿ-ի 4 բանաձևի պահանջները։ Իսկ մենք ոչ մի բան չենք անում։ Աշխարհն այդպես էլ չի հասկանում, թե հայերն ինչի համար, ինչ հիմքերով են պայքարում։ Ի դեպ, ՄԱԿ-ի այդ բանաձևերի առնչությամբ Վլադիմիր Կազիմիրովը հոգնեց հոդվածներ տպելուց, որ դրանցում չկա գրված, թե հենց հայկական զորքերը պետք է հետ քաշվեն, այլ ընդհանրապես զորքերը։ Իսկ սա նշանակում է, որ ադրբեջանցիներն էլ պիտի հեռացնեին իրենց զորքերը։ Մեր «տաղանդավոր» դիվանագետներն այս մասին ևս չեն խոսում։ Եթե մենք չենք ճանաչել Արցախի Հանրապետության օրինական ճանապարհով ձևավորումը, պարզ է, որ Ադրբեջանը պետք է օգտվի այս իրողությունից։
Ինչ վերաբերում է բուն հայտարարությանը, թուրքերի մտքում միշտ կա թրքալեզու պետությունների միավորումը։ Նոր քաղաքական իրողություններով ձևավորվող քարտեզում նրանք ունենալու են այս առավելությունը։ ԵՄ-ն Թուրքիային չընդունեց իր կազմ, քանի որ այդ կառույցում 80-միլիոնանոց պետության ներկայությունը նշանակում է ուղիղ հարված հասցնել Եվրոպայի ժողովրդագրությանը, տնտեսությանը։ Թուրքիան էլ հասկացավ, որ այնտեղ իրեն չեն ուզում տեսնել ու սկսեց իր «տեղի» մասին մտածել, որպեսզի իր դերն ու նշանակությունն աշխարհում ընդգծի։ Դրա համար ծնվեց Դավութօղլուի, այսպես ասած, նեոօսմանիզմի վերաբերյալ տեսությունը, որը պետք է միավորի թուրքալեզու ժողովուրդներին, իսկ նրանք շատ շատ են։ Ոմանք միամտորեն կարծում են, թե թուրքերն այս 4 հանրապետություններում են՝ Թուրքիա, Ադրբեջան, Ղրղզստան, Ղազախստան։ Թուրքալեզու ժողովուրդներն այսօր 300-400 միլիոն են, որոնց մեջ են մտնում ույղուրները, Ռուսաստանում, Ալթայում, մուսուլմանական շատ երկրներում ապրող թուրքերը։ Հնարավոր է` նոր խալիֆաթ կամ սուլթանատ ստեղծեն։
-Այս միավորմանն ամենաշատը խանգարում է Հայաստանը՝ իր աշխարհագրական դիրքով։ Մենք մեր ռեսուրսներով ինչպե՞ս կարող ենք այդ հզոր ալիքին դիմանալ։
-Ես հավատում եմ մեր ուժերին, բայց պետք է իրատես լինել։ Եթե մենք համախոհ գործընկերներ չունենանք, դժվար թե այդ ալիքին դիմանանք։ Պիտի լինեինք առնվազն ինքնաբավ պետություն, բայց այդպիսին չենք։ Եթե միայնակ մնանք կամ հույսը դնենք այնպիսի պետությունների վրա, որոնց համար շատ քիչ նշանակություն ունենք, երկար չենք կարող դիմադրել այդ սպառնալիքին։ Քաղաքականությունում ամենագլխավորն այն է, թե ազգային անվտանգության տեսանկյունից ում հետ են մեր շահերը քիչ, թե շատ համընկնում։ Այսօր մեր շահերն ավելի շատ համընկնում են ՌԴ-ի հետ։ Պատահական չէ, որ մենք ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի անդամ ենք, այստեղ գլխավորապես ռուսական զենք է մատակարարվում, ռուսական ռազմաբազան մեզ մոտ է։ Եթե Հայաստան-Թուրքիա պատերազմ լիներ, վերջինս ցանկացած առիթ կարող էր ստեղծել և հեշտությամբ հրահրել ռազմական գործողություն։ Այո, պիտի լինել անկախ պետություն, բայց այդ գաղափարի մեջ ոչ թե միայն խոսքն ու հռետորաբանությունը պիտի լինի, այլ նաև էական հիմքերը՝ տնտեսություն, բանակ, ժողովրդի կրթական մակարդակ, ժողովրդագրական ճիշտ քաղաքականություն, իշխանության հետ համախմբված ժողովուրդ։ Միայն այս գործոնների առկայության պայմաններում դու կարող ես պատերազմել ու հաղթել։ Բաքվում այդ խորհրդի նիստում բացահայտ հայտարարվել է, որ նրանք իրենց համագործակցությունը խորացնելու են ընդհուպ ռազմական ոլորտ։ Եթե չեմ սխալվում, սա առաջին անգամ է հայտարարվում։ Եթե արդեն այսպիսի խնդիր է դրված, ուրեմն նրանք ձևավորում եմ ՀԱՊԿ-ի նման մի կառույց։ Եթե դա լինի, Ղազախստանն ու Ղրղզստանը դուրս կգան ՀԱՊԿ-ից ու կմտնեն այդ կառույցի մեջ։ Այս միավորումը լուրջ վտանգ է ներկայացնում ոչ միայն հայերի, այլև ողջ աշխարհի համար, քանի որ նրանց նկրտումները շատ ավելին են։ Սա վերաբերելու է և Ռուսաստանին, և Չինաստանին։ Այսպիսի հզոր կառույցի ձևավորումը ուշագրավ փոփոխություններ կբերի աշխարհի քարտեզի վրա։
Ալիևը մինչ այդ ասում էր, թե Երևանն էլ է իրենցը, քանի որ այն Ադրբեջանի պատմական հողն է։ Հիմա մեկը պե՞տք է հայկական կողմից կանգնի ու աշխարհին հոդաբաշխ ձևով բացատրի, թե ինչ է ասում այդ հիմարը (միայն հիմարը կարող է նման բան ասել)։ Այսօր աշխարհը հաշվի է նստում ուժի ու շահի հետ։ Մեզնից շահ չունեն։ Տեսեք, թե ինչ բառ է Ալիևն օգտագործում. «Զանգեզուրը պառակտում է թուրքական աշխարհը»։ Այսօրվա իշխանությունները պիտի հասկանան, թե ինչ է ասվել, սա պատահական բան չէ։ Չի խոսում միայն Մեղրիի մասին, այլ ողջ Զանգեզուրի, այսինքն Հայաստանից կրկին տարածքային պահանջներ ունի։ Սա շատ կարևոր փոփոխություն է, որը պետք է արտգործնախարարությունում ճիշտ ընկալեն և ոչ թե Աննա Նաղդալյանի մակարդակով ինչ-որ բաներ ասեն, որը ոչ մեկին հետաքրքիր չէ։ Հարկավոր է համապատասխան նոտաներ ուղարկել։ Սա ագրեսիայի բացահայտ նախանշան է։ Որպեսզի աշխարհն իրավիճակը ճիշտ հասկանա, պետք է ասել նաև, որ Արցախի նկատմամբ ևս ագրեսիա է եղել։ Սրանով չեն զբաղվում։ Արդեն տարիուկես է դա այս իշխանություններին էլ ենք ասում, վարչապետին առաջարկել ենք մեզ՝ որպես փորձագետների հետ հանդիպում ունենալ։ Ապարդյուն։ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում բանակցային նրբություններին, եթե հայտարարում է, որ Արցախը նույն ձևով է դուրս եկել ԽՍՀՄ-ից, ինչպես Ադրբեջանը։ Այդպիսի բան չի եղել։ Ադրբեջանը մարտին քվեարկել է կողմ Խորհրդային Միության կազմում մնալուն, օգոստոսին, երբ տխրահռչակ ԳԿՉՊ-ն պարտություն է կրել, ընդամենը հայտարարել է, որ ժողովրդավարական Ադրբեջանի իրավահաջորդն է։ Ոչ մի այլ բան իրենց հռչակագրի մեջ չկա։ Իսկ ի՞նչ է արել Արցախը, դուրս է եկել այն հանրապետության կազմից, որը դուրս էր գալիս ԽՍՀՄ-ի կազմից, իսկ դա թույլ էր տալիս 1990-ի ապրիլի 3-ին ընդունված օրենքը։ Եվ ամենագլխավորը՝ դեկտեմբերի 10-ին հանրաքվեով է Արցախի ժողովուրդն ինքնորոշվել ու դուրս եկել ԽՍՀՄ-ի կազմից՝ ձևավորելով ԼՂՀ-ն։ Այս պատմական իրողությունների առնչությամբ վրիպումներն անթույլատրելի են։ Շարքային քաղաքացին կարող է չիմանալ այս ամենը, բայց երկրի ղեկավարը պարտավոր է։ Փաշինյանը հաստատեց, որ Ադրբեջանն իբր օրինական ձևով է անկախացել, այնինչ հակառակն է տեղի ունեցել։ Եվ հետո իրենք դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդն են իրենց համարում, որի կազմում Արցախն ընդհանրապես չի եղել։
-Հայկական դիվանագիտական կորպուսի այս առումով վատ աշխատանքն ինչի՞ նշան է։ Ինչի՞ մասին են վկայում այդ վրիպումները։
-Դիվանագետները համապատասխան կրթություն են ստանում, բայց նրանց պետք է կրթել նաև այսօր քո պետության օրակարգում եղած հարցերի առնչությամբ։ Պետք է ամբողջովին տիրապետեն հարցի էությանը և կարողանան հակադարձել փաստերով, հիմնավորումներով։
-Գուցե պատճառը նաև այն է, որ, ինչպես շատերն են պնդում, այս իշխանությունը չունի արտաքին քաղաքականության, այդ թվում արցախյան հակամարտության վերաբերյալ հայեցակարգեր, օրակարգեր։
-Միանշանակ։ Եթե իշխանությունը չի տվել համապատասխան հայեցակարգային մոտեցումը, դիվանագետները չեն կարող աշխատել։ Անցյալ տարի Փաշինյանն ասում էր, թե ինքն իրավասու չէ Արցախի անունից որոշումներ կայացնելու, որովհետև իրեն արցախցին չի ընտրել։ Այսինքն, դու ընդունեցիր, որ Արցախն անկախ միավոր է։ Բայց ի՞նչ պատահեց, որ ընդամենը մի քանի ամիս հետո հայտարարեցիր, թե Արցախը Հայաստան է և վերջ։ Բոլորիս ցանկությունն է միացումը, բայց դրան հիմնավորված ու օրինական քայլերով պետք է հասնել, որպեսզի աշխարհի համար ընկալելի լինի։ Հռետորաբանությամբ հարցերը չեն լուծվում։
-Մեկ այլ միտք էլ է ասել, թե պետք է հակամարտության այնպիսի լուծում լինի, որ երեք կողմերի համար էլ ընդունելի լինի։ Կա՞ լուծում, որ Զանգեզուրի վերաբերյալ էլ մեծ ախորժակ ունեցող Ալիևին և հայկական երկու հանրապետություններին գոհացնի։
-Դա փոխզիջումն է։ Քննարկման 6 տարբերակ կա, որոնցից երկուսն է օգտագործվել՝ քաղաքական բանակցություններ և պատերազմ։ Ստատուս-քվոն էլ ոչ այն է, ոչ էլ այն։ Եթե ուզում ենք միանգամից հարցը լուծել, դա պատերազմն է, դու կամ հակառակորդը կապիտուլյացիա եք հայտարարում։ Եթե բանակցում եք, ինքնին հասկանալի է` ինչ-որ բան պիտի զիջեք։ Ի՞նչ եք զիջելու, լրիվ այլ հարց է։ Սա էլ ժողովրդի փոխհամաձայնությամբ պետք է լինի։ Բայց տարածք զիջելու հնարավորություն չունենք։ Եթե զիջում ենք, պետք է փոխարենը ուրիշ տարածք ստանանք։ Արցախի Սահմանադրությունում ներառված են այսօրվա բոլոր տարածքները։ Եթե այս տարածքներից մեկը զիջենք, խախտելու ենք պաշտպանական գիծը, որը վերականգնելու համար ահռելի միջոցներ են պետք։ Եթե նրանք ասում են մեր 7 տարածքները վերադարձրեք, հիմա էլ, թե` Արցախն օկուպացրել եք, էլ ինչի՞ մասին ենք մենք բանակցում։ Այսօրվա դրությամբ Փաշինյանի հայտարարած այդ տարբերակն անհնար է։ Եթե պիտի խոսք լինի 7 տարածքները վերադարձնելու մասին, ապա նման բանը չի կարող քննարկման առարկա լինել։ Եթե որևէ տարածքի հետ կապված փոխհամաձայնություն պետք է ձեռք բերվի, շատ լավ, մենք էլ ասում ենք՝ Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանը, Մարտակերտի և Մարտունու մի հատվածը, ի վերջո, Նախիջևանը հետ վերադարձրեք։ Այս պահանջը դնում ենք քննարկման որպես տարածքների խնդիր։ Ամեն ինչ ունի իր համապատասխան հակադարձումը, որովհետև մենք ենք ճիշտը, և մեր պահանջն է արդարացի։ Եթե ամեն անգամ լռում ենք, Ադրբեջանի ձայնն ավելի է բարձրանում։
-Ադրբեջանի ձայնը շատ ավելի բարձր է, քանի որ ունի Թուրքիայի պես հզոր դաշնակից։ Իսկ մենք, չունենալով ուժեղ դիմադրողականություն, ոչ էլ «փայլուն» հարաբերություններ մեր դաշնակցի, ռազմավարական գործընկեր ՌԴ-ի հետ, ինչպե՞ս ենք այս հարվածը «պահելու»։
-Էրդողանն այս անգամ էլ ասաց, որ պետք է հասնեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմանը։ Սա պատերազմի սանձազերծման ևս մի սպառնալիք էր։ Այս պարագայում հանգիստ նստենք ու ասենք՝ հա, լավ, դե թող խոսե՞ն։ Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, ոչ թե մենք պիտի ասենք, որ այդ հարաբերությունները «փայլուն» են, այլ ռուսական կողմը կամ էլ հաստատի, որ այդպես է։ Եթե ուզում ես դաշնակից լինել, ուրեմն պետք է վստահելի հարաբերություններ կառուցես, ինչն այսօր չկա։ Այսօրվա իշխանության կադրային քաղաքականությունը դրան չի նպաստում։ Այնպիսի ոլորտներում, որտեղ ուղիղ երևում է դաշնակցի հետ հարաբերությունների մակարդակը, նստած են մարդիկ, որոնք ոչ մի վստահություն չեն ներշնչում։ Ավելին, հայտնի են ռուսաֆոբիայով։ Ասում են՝ իրավիճակ է փոխվել, մարդիկ էլ են փոխվել։ Դա կարող եք մանկապարտեզում ասել։ ՈՒզում եք պետության լուրջ ղեկավարներն ընդունե՞ն, որ դուք երեկ մեկ բան էիք ասում, այսօր՝ մեկ ա՞յլ բան։ Առավել ևս, որ մեր իշխանությունների քայլերը չեն համապատասխանում խոսքերին։ Դաշնակիցը չի պահանջում, որ միայն իր հետ լավ հարաբերություններ կառուցես։ Պարզապես մյուսների հետ հարաբերություններն այնպես պետք է լինեն, որ չխանգարեն, չվնասեն դաշնակից պետության հետ հարաբերություններին։ Սա սկզբունք է։
-Այս իշխանությունն այդ սկզբունքը պահպանու՞մ է։
-Երբեք։ Բացի Ռուսաստանից մենք բարեկամական հարաբերություններ ունենք նաև Չինաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ։ Պետք է հստակ սահմանվի, թե մենք ինչպես պիտի աշխատենք այս երկրների հետ։ Եթե ԵՄ-ի հետ հարաբերությունները հասկանում ենք, որ ստամբուլյան կոնվենցիան ընդունենք, այսքան փող կտան, յուվենալ արդարադատության ընդունման համար ևս գումար կտան, փոքրամասնությունները ոչ թե իրավունքներ, այլ արտոնություններ պիտի ունենան, ուրեմն մեզ այդպիսի զինակից պետք չէ։ Չինաստանի որոշ շահեր համընկնում են մեզ հետ, խոսքը ույղուրների մասին է։ Մետաքսի ճանապարհը ևս Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունների համար լավ հնարավորություն է տալիս։ Իսկ ԱՄՆ-ում մենք ունենք հզոր սփյուռք, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ որոշումների վրա, եթե համակարգված գործի, ինչը ևս բացակայում է։ Կարող ենք ցանցային մի համակարգ ստեղծել՝ հաշվի առնելով մեր սփյուռքի բազմազանությունը։
-Ի դեպ, Թուրքիան ավելի շատ վախենում է հենց հայկական սփյուռքից, ինչու՞ օրակարգ չենք ներկայացնում սփյուռքին։
-Երբ այդ ցանցային համակարգը կարողանանք ձևավորել, կստանանք շատ հզոր զենք հակառակորդի դեմ։ Սփյուռքի տարբեր համայնքներ կարողանալու են ներազդել այն երկրների իշխանությունների որոշումների վրա, որտեղ ապրում են։ Իսկ Թուրքիան չի կարող ողջ աշխարհի դեմ դուրս գալ։ Մենք այս հզոր զենքը չենք օգտագործում։ ՈՒ՞ր է մեր ներուժը, չէ՞ որ 100-ից ավելի երկրներում հայ համայնքներ ունենք, ինչու՞ չենք օգտագործում։ Ցեղասպանության հարցում, այո, քայլեր արվում են, բայց նոր օրակարգ է պետք։
Վերադառնալով հայ-ռուսական հարաբերություններին` ասենք. նրանք, ովքեր հակառուսական արհեստական տրամադրություններ են ստեղծում, ծախու մարդիկ են, հայրենիքի մասին չեն մտածում, փող են ստացել և դրա դիմաց աշխատում են։ Եթե դա լիներ համոզմունք, այլ բան է։ ԵՄ-ից վերցրեք լավագույն բաները, բայց ի՞նչ վատ մշակույթ ունի Ռուսաստանը, այն համաշխարհային մշակույթի բաղկացուցիչ է, դրանից օգտվեք։ Ժամանակին օգտվել ու կրթվել եք այդ մշակույթով։
-Ձեր դիտարկմամբ, հակառուսական տրամադրությունները մի կենտրոնի՞ց են ֆինանսավորվում և ուղղորդվում։
-Ի՞նչ է նշանակում Սորոս։ Դա շիրմա է, ցուցադրության դրված մի անձնավորություն, այս ամենը համակարգված գործողություն է, հո նա չի՞ անում։ Օրինակ, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների բացահայտ քարոզը, դրանց տրվող արտոնությունները։ Կուբայից մի 2-ն այստեղ արդեն կային, եկել տեսել են, որ իրենց համար հիանալի պայմաններ են, հիմա էլ 14 հոգու նորից կանչել են։ Ի՞նչ ենք անում, էս ու՞ր ենք գնում, դրանք վարակիչ հիվանդներ են, այս ամենը մարդու իրավունքների հետ ի՞նչ կապ ունի։
-ԼԳԲՏ-ի քարոզը, հայկական արժեքների աղավաղումը, բուհերում «Հայ գրականություն», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» առարկաների ոչ պարտադիր դասավանդումը... ՈՒ՞ր ենք գնում, ի՞նչ միտում եք տեսնում։
-Սա անմտությունից չէ, միտումնավոր է, ծրագիր է դրված, որի համար փող է տրվում։ Օրինակ, ստամբուլյան կոնվենցիայի ընդունման համար ահռելի գումարներ են տրվում։ Այս անուղեղներին, շահամոլներին ուզում եմ նորից հիշեցնել, եթե մենք մեր ազգային արժեքները դրեցինք մի կողմ, եվրոպական սուտ արժեքների կրող դարձանք, մեր ժողովրդի թվաքանակը գնալով կնվազի, հայ տեսակը կկորչի, սրա համատեքստում թուրքալեզու պետությունները պահպանվելու են, իրենց ինքնությունն ավելի են ամրապնդելու, մուսուլմանական աշխարհը հզորանում է, Եվրոպան գրավում է, ուրեմն ու՞մ համար ենք այդ ճանապարհով գնում, ու՞մ համար ենք ճանապարհ բացում։ Ոչ մեկը չի պատրաստվում իր արժեքային համակարգն ուրիշինով փոխարինելու, նրանք պահպանվելու են, զարգանալու են, կորչելու են եվրոպական հին ազգերը։ Մենք է՞լ ենք ուզում այդ բախտին արժանանալ։ Հայ ազգի, ոչ թե ժողովրդի լինելության խնդիր է դրված։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ