Մեսին, Ռոնալդուն և վան Դեյկը
06.12.2019 | 01:53
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացել է հեղինակավոր France Football-ի հիմնադրած «Ոսկե գնդակի» հերթական խաղարկությունը, հայտնի է պատվավոր տիտղոսի նոր տիրակալը: Այդ երջանիկը Լիոնել Մեսին է, ֆուտբոլիստ, ում անունը տալիս հանգիստ կարելի է չհիշատակել ոչ ներկայացրած թիմն ու հավաքականը, ոչ ազգությունը, ոչ էլ հանգուցային մեկ այլ չափորոշիչ, եթե այդպիսին կա: Սակայն որքան էլ փաստն արձանագրված է, բոլոր դեպքերում, կարծում ենք, ավելորդ չի լինի դիմել մանրամասներին, քանզի դրանք հետաքրքիր տեղեկություն են պարունակում ի մասնավորի և ընդհանրապես:
Սկսենք նրանից, որ այս անգամ հաղթողը որոշվել է բացառապես լրագրողների շրջանում անցկացված քվեարկությամբ, ինչը կազմակերպիչներին հնարավորություն է տվել խուսափելու անհարկի քննադատությունից, քանզի նախորդները, ի հաշիվ քվեարկողների ավելի լայն կազմի, բազմաթիվ սողանցքեր էին պարունակում ու անձնավորված էին:
Մեսին պատվավոր տիտղոսին արժանացել է վեցերորդ անգամ՝ պատմության մեջ նախադեպը չունեցող իրողություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ նա տիտղոսակիր է եղել 2009, 2010, 2011, 2012 (չորս անգամ անընդմեջն էլ պատմության մեջ նմանը չունեցող փաստ է) և 2015 թվերին: Այս տարիներին նրա հետ ի զորու է եղել մրցակցելու մեկ այլ ֆուտբոլային գերաստղ՝ Քրիշտիանու Ռոնալդուն, որն այս տիտղոսի հնգակի կրող է: Վերջին տարիների միակ վերապահումը եղել է 2018-ին, երբ այն շնորհվեց Լուկա Մոդրիչին, ինչն ավելի շուտ ու շատ Մեսի-Ռոնալդու անվերջ մրցակցությունից հոգնածության արտահայտություն էր, քան օբյեկտիվ ռեալության:
Ֆուտբոլի կախարդին այս անգամ լուրջ մրցակցություն է ցույց տվել «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը, որը 686 քվե ստացած արգենտինացուց հետ է մնացել ընդամենը յոթ ձայնով, փոխարենը 203 նիշով ավելի է եղել երրորդ տեղում հայտնված Քրիշտիանու Ռոնալդուից:
Կարելի՞ է սույնը դիտարկել որպես ուժեղների դասակարգում փոփոխությունների վկայում:
Գուցե թե: Սակայն հարկավ մի փոքր անհաջող կատակ է եղել լրագրողին վան Դեյկի այն հակադարձումը, թե հաստա՞տ են Ռոնալդուին իրեն մրցակից հաշվում: Սա վերջինիս քրոջ արդար զայրույթն է հարուցել, իսկ Կատյա Ավեյրային մենք ծանոթ ենք մի երկու տարի առաջ եղբորն ուղարկված խիստ հուզական, բայց և համոզիչ շեշտադրումներով նամակից: Չհիշեցնենք՝ գիտեք:
Սակայն չհիշենք ու չհիշեցնենք տարիներ առաջվանն ու վկայաբերենք Կատյայի այս մի ասածը. «Թանկագին Վիրջիլ, այնտեղ, ուր դու հայտնվել ես առաջին անգամ, Քրիշտիանուն արդեն հազար անգամ է եղել: Դու տարիներ շարունակ խաղում ես Անգլիայում ու մինչև այժմ չես կարողացել ձեռքդ մտցնել մեղրով բանկայի մեջ այն դեպքում, երբ Ռոնալդուն երեք անգամ եղել է այդ երկրի չեմպիոն, եղել է լավագույն խաղացող ու հարձակվող, թեպետ այն ժամանակ քեզանից երիտասարդ է եղել:
Դրանից հետո նա մեկնեց Իսպանիա, որտեղ դարձավ մի ակումբի պատմության լավագույն խաղացող:
Մադրիդի «Ռեալի» անունը քեզ ինչ-որ բան ասո՞ւմ է:
Չեմպիոնների լիգայում այդ ակումբով Քրիշտիանուն հաղթեց քեզ ու քո «Լիվերպուլին»: Ի դեպ՝ նրա կարիերայում Չեմպիոնների լիգայի արդեն հինգ գավաթ է: Բացի դրանից Ազգերի լիգայի եզրափակչում նա Պորտուգալիայի հավաքականով ճզմեց քո «նարինջը» (այդպես են անվանում Նիդերլանդների հավաքականը):
Հը՞, դժվար եղա՞վ, Վիրջիլ:
Ցավակցում ենք:
Նույնիսկ իր կարիերայի առավել պակաս հաջող մրցաշրջանում Քրիշտիանուն ավելի շատ տիտղոս է նվաճել, քան դու:
Տպավորի՞չ է»:
Ի պաշտպանություն Ռոնալդուի հանդես է եկել և նրա ներկայիս ակումբը՝ իտալական «Յուվենտուսը», սակայն այս կարգի հիշեցումներով շատ կմանրանանք ու նյութը բուն հունից կշեղենք առուներ՝ այստեղից էլ գնալով Սերժ Սարգսյան-Հովիկ Աբրահամյան տանդեմի չստացված բանավեճ գետերի ու առուների մասին, ինչն արդեն բացարձակապես կապ չունի ոչ միայն ֆուտբոլի, այլև քաղաքականության հետ, պայմանով, որ քաղաքականությունը քարկտիկ չէ:
Վան Դեյկի հակադարձումը համարում ենք անհաջող կատակ, որովհետև բարձրաձայնածից մի քանի րոպե առաջ կամ հետո ասել էր, որ իր համար մեծագույն պատիվ է Մեսիի ու Ռոնալդուի նման հսկաների կողքին տիտղոսը վիճարկելը. «Հափսոսանք բոլոր մնացածների, ներկայումս ֆուտբոլում գերիրական օժտված երկու ֆուտբոլիստ կա՝ Լիոնել Մեսին ու Քրիշտիանու Ռոնալդուն: Ես շնորհակալ եմ, որ հեղինակավոր տիտղոսի համար նրանց հետ պայքարելու հնարավորություն եմ ունեցել»:
Վերն ասվածը, ինչ խոսք, կարող էինք մասնավորեցնել ու ասել, թե սա՝ Ռոնալդուի մասով, սակայն, ինչպես տեսնում եք, արանքում Մեսիի անունն էլ կա, ով անմասն չէր մնացել վան Դեյկի պայմանական մեծամտությունից, որը մոտավորապես այսպես էր ձևակերպվել՝ արգենտինացին իրենից պարզապես մի փոքր է լավ:
Հարկավ ասվածը չի կարելի բառացի ընկալել ու մարդու հումոր անելու կարողությունը չգնահատել:
Հարկ համարենք ասել, որ տիտղոսի հանձնման արարողությանը չի մասնակցել Քրիշտիանու Ռոնալդուն՝ նախապատվությունը տալով այդ նույն օրը Միլանում կայացած համանուն GalՈ del Calcio-2019-ին, որտեղ անցած մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Իտալիայի լավագույն ֆուտբոլիստ: «Հպարտանում եմ նրանով, որ ինձ համարում են Իտալիայի լավագույն հարձակվող: Ես շնորհակալ եմ թիմի իմ ընկերներին, խաղացողներին, որ քվեարկել են իմ օգտին: Իտալիայում երկու տարի լինելուց հետո ես կարող եմ ասել, որ սա շատ բարդ լիգա է: Հուսով եմ, որ հաջորդ տարին նույնպիսին կլինի»,- ասել է նա:
Ռոնալդու ասածի մեջ լիքը տարընթերցումներ կարելի է նկատել, բայց եկեք քթիմազություն չանենք, իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերիի վստահեցումն էլ չմոռանանք, համաձայն որի` պորտուգալացին ողջ միջոցառման ընթացքում նստած է եղել իր մեքենայում ու դահլիճ է մտել լոկ այն ժամանակ, երբ եկել է պարգևատրման ժամանակը:
Առանց վերապահումի կարող էինք ասել, որ սա վերաբերմունք է միջոցառմանը:
Քթի մազ լինելու առումով մասա՞մբ հետևողական եղանք:
Չեմ վիճարկում, բայց դե լրագրությունն էլ մի ուրիշ կարգի, այսպես ասենք, անհամություն է, որի կանոններին չես կարող չհետևել, եթե ուզում ես ինտրիգ պահպանած լինել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ