Հունիսի 24-ը հակասական օր էր։ Մեր անմտության և հպարտության խտացման օր։ Մոսկվայի Կարմիր հրապարակում հայ զինվորներն էին խրոխտ քայլում։ Անկախ Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը՝ բանակը, այսօր միակ կառույցն է, որը, անկախ քաղաքական վայրիվերումներից, շարունակում է հպարտ պահել այն երկրի պատիվը, որը քաղաքական տարբեր ուժեր ամեն օր գետնին են հավասարեցնում։ Այդ օրը նաև ծնկի իջավ մեր իրավական պետությունը, երևաց քաղաքական ուժերի ու անհատների ողջ թշվառությունը։ Քաղաքական թաղման օր էր, մահախոսականների պակաս էլ չկար։ Սակայն խոսքն ու խրատն անօգուտ են, անցել է նաև ախտորոշման ժամանակը, իրական քայլեր են պետք, որպեսզի գահավիժման տանող այս ընթացքը կանգնեցվի։ Մենք վատ սովորություն ունենք. այսօրվա սխալներից վաղը դասեր չենք քաղում, երեկվա ծախու և կաշառված մեկին այսօր փրկիչ ենք դարձնում ու տեղավորում պետական օղակներում։ Իսկ վերջինս էլ խոսում է հոգևոր արժեքներից, զբաղվում աղանդավորության տարածմամբ, ազնվությունը, հայրենիքը, ընտանիքը կարևորում, բայց դրանք հետևողականորեն ոչնչացնում։
Այս կարճ ժամանակաշրջանում Հայաստանի քաղաքական դաշտում ինչքա՜ն դիմակներ պատռվեցին։ Բոլորին ու ամեն ինչ քննադատող ընդդիմությունը եկավ իշխանության ու պարզվեց, որ Հայաստանն այսքան ապաշնորհ, պետականության զգացողություն չունեցող իշխանություն չի ունեցել։ Դժվար է պատկերացնել երկրորդ նման կառավարություն, որ վարակի դեմ պայքարում խոշոր հաշվով պարտություն է կրել, բայց վարչապետի ու առողջապահության նախարարի գլխավորությամբ փողոցներն ընկած մարդկանց դիմակ են բաժանում։ Է՜, եթե դիմակներ բաժանելով պիտի խնդիրը լուծվեր, «Այո»-ի քարոզարշավի համար հավաքած միլիոնները տրամադրեիք, մարդիկ վարձեիք, բոլորին դիմակ բաժանեիք ու խնդիրը լուծեիք։ Լավ, դուք բանուգործ չունե՞ք։ Ոչ մի ոլորտ չի աշխատում, ձեր թվերով 71 հազար մարդ այս ընթացքում աշխատանքից զրկվել է, իսկ դուք, որ ոչ մի աշխատատեղ այդպես էլ չստեղծեցիք, ինչո՞վ եք զբաղված։ Իհարկե, դիմակ բաժանելով ու սահմանադրական հեղաշրջում անելով։ Աբսուրդն էլ այն է, որ անգամ թեկնածու չեք կարողանում գտնել, որ ՍԴ անդամ դարձնեք, բայց ուզում եք ազատվել պրոֆեսիոնալ դատավորներից, որոնք անգամ այս օրերին իրենց թույլ չտվեցին մեկ անպարկեշտ հայտարարություն, որի իրավունքը լիարժեքորեն ունեին։ ՈՒ՞ր եք այդքան արագ սլանում, որբի գլուխ չէ այս պետությունը, որ ինչպես ուզեք, այնպես վարվեք հետը։ Օրենքն ու օրինականությունն այս կառավարիչների համար առ ոչինչ են, չկան տաբուներ, չկան կարմիր գծեր։
Նույն օրը նաև բոլորին պարզ դարձավ, որ կան ուժեր, որոնք «գառան մորթի հագած գայլեր են», որոնք, թերևս, ավելի վատն են, քան օրվա իշխանությունը, որովհետև հենց նման ուժերի պատճառով է իշխանությունը դառնում անկառավարելի ու անվերահսկելի, մտքին եկածն անում, որովհետև գործ ունի «գրպանում» ծվարած իբր ընդդիմադիրների հետ։ Ցավոք, այս երևույթը խոր արմատներ ունի, Հայաստանում միշտ էլ ընդդիմությունը ճառել է ժողովրդի անունից, բայց ամսվա վերջում այդ դերը փայլուն կատարելու համար «աշխատավարձ» ստացել իշխանությունից։ ՈՒ դեռ դա քիչ է, հիմա էլ այդ տեսակը իշխանություն է դարձել, բայց հոգով էլի մնում է վճարվող ընդդիմություն, որն ամեն ամիս սպասում է, որ ինչ-որ մեկն իրեն մուծվի։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ