Մարդն ինչպիսի երևակայություն պիտի ունենա, որ հայտարարի, թե վիրուսն ինչ-որ մարդկանց համար «երկնքից թափվող մանանա» է, քանի որ նրանք իշխանությանը քննադատելու հնարավորություն են ստանում։ Այսինքն, ըստ Նիկոլ Փաշինյանի, մարդու կյանքին, ընտանիքի առողջությանը սպառնացող վտանգը կարող է ավելի ստորադաս լինել, քան վարչապետին քննադատելը։ ՈՒ սա ասում է երկրի վարչապետը, որին պիտի պատասխանել իր իսկ խոսքով, ամեն մարդ իր փչացածությամբ է մյուսին դատում։ Երեկ խորհրդարանում կրկին երկրի վարչապետն աջ ու ձախ սպառնում էր, քաղաքական ուժերին վիրավորում, այլ խոսքով, փաշինյանական հերթական ցերեկույթն էր։ Նրա ելույթում հնչած մտքերի, ՍԴ-ի վերջին զարգացումների շուրջ զրուցել ենք քաղաքագետ ԱՐՄԵՆ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։
-ՍԴ-ի հետ կապված` իշխանությունը հասա՞վ իր նպատակին, թե՞ քաղաքական այլ զարգացումների կարող ենք ականատես լինել։
-Նախ պետք է հասկանալ, թե ինչու են ՍԴ-ի շուրջ նման գործընթացներ ընթանում։ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձություններից հետո Հայաստանում մեծ թափով կառուցվում է անձնիշխան համակարգ։ Համեմատության համար բերենք Բելառուսի օրինակը, որտեղ ամեն ինչ նախագահն է որոշում, չկան ընդդիմություն, անկախ լրատվամիջոցներ, դատական համակարգը, հանրային մարմինները նախագահի անուղղակի հսկողության տակ են։ Այս ամենը փորձ է արվում իրականացնել նաև Հայաստանում, բայց ոչ թե նախագահի, այլ վարչապետի մակարդակով։ Պետական կառավարման ողջ համակարգը պետք է լինի մեկ անձի ձեռքում, ինչպես նաև օրենքով ստեղծված հանրային ծառայություններ իրականացնող մարմինները, հանձնաժողովները, իրավական համակարգը։ Անձնիշխան համակարգը չի հանդուրժում այլընտրանք, իրեն չենթարկվող ինչ-որ կառույց, ու կարևոր չէ` այն իրենից ինչ է ներկայացնում՝ լինի ՍԴ-ն կամ ֆուտբոլի ֆեդերացիան։ Այս երկու տարվա ընթացքում տեսնում ենք, որ տարբեր ոլորտներում նշանակվում են այնպիսի մարդիկ, որոնք անմիջապես ենթարկվում են վարչապետին։ Ասել է՝ Հայաստանում հիմա անձնիշխան համակարգի ամրապնդման գործընթացն է իրականացվում։ Այս փուլում ՍԴ-ում են փորձում ունենալ դատավորներ, որոնք անմիջականորեն կենթարկվեն վարչապետին։ Սա ինքնանպատակ չէ, որ քնել-արթնացել ու որոշել են, որ Հրայր Թովմասյանը չպետք է լինի ՍԴ նախագահ, այլ Պողոս Պողոսյանը։ Կա հստակ խնդիր, որը պետք է ՍԴ-ն լուծի ու որը պիտի իշխանության շահերից բխի։ Իսկ թե որ խնդիրն է, այս պահին կարող ենք ենթադրել, օրինակ, ղարաբաղյան հարցով հանրաքվե անցկացնելու հարցը, ստամբուլյան կոնվենցիան ՀՀ Սահմանադրությանը համապատասխան ճանաչելը և այլն։ Այս բոլոր դեպքերում պետք է, որ իրենց ենթակա ՍԴ ունենան, իսկ այսօրվա ՍԴ-ի կազմը իր վարվելակերպով ցույց է տալիս, որ ենթակա չէ վարչապետին։ Փաշինյանը վստահ չէ, որ ենթադրենք, ստամբուլյան կոնվենցիան ուղարկի ՍԴ, այնտեղ իրեն հաճելի որոշում կկայացվի։
-Սահմանադրական այս փոփոխություններն իրավաբանները սահմանադրական հեղաշրջում որակեցին, որը քրեական պատասխանատվություն է ենթադրում։ Ի՞նչ եք կարծում, այս իշխանությունը երբևէ այս հարցով կրելու՞ է պատասխանատվություն։
-Սա կախված է այն հանգամանքից, թե հաջորդ իշխանությունն ով կլինի։ Եթե հաջորդ իշխանությունը լինի այսօրվա ընդդիմադիրներից, վստահաբար՝ այո։ Պատասխանատվություն են կրելու ողջ խմբակցությունը, վարչապետը, արդարադատության նախարարը, բոլորը՝ ըստ պաշտոնի։ Կարող է քաղաքական առևտրի հետևանքով պատասխանատվություն չկրեն, բայց միանշանակ է, որ նրանք օրենք են խախտել, որի համար պիտի պատասխան տան։ Իրավաբան պետք չէ լինել հասկանալու համար, որ եղել է հստակ օրինախախտում։ Ի դեպ, հենց նույն բանի համար այսօր դատում են երկրորդ նախագահին, որն իբրև իր լիազորությունները գերազանցելով, սահմանադրական կարգ է տապալել։ Ենթադրում եմ, որ այս նույն հոդվածով ապագայում այսօրվա իշխանությունն է դատվելու։ Իսկ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի այն հայտարարությունը, թե ամեն պատգամավոր քվեարկում է՝ ըստ իր խղճի և քվեարկության համար պատասխանատվություն չի կրում, այդպես չէ. Ռոբերտ Քոչարյանին հենց դրա համար են պատասխանատվության կանչել։
-Արդեն պարզ է, որ այս իշխանությունն իր նպատակին հասնելու համար կանգ չի առնում ոչ մի բանի առջև, ոչ օրենք է հարգում, ոչ պետական ինստիտուտ։ Ո՞վ է տվել նրանց այդպես վարվելու լայն լիազորություն և մինչև ու՞ր կհասնի այս իշխանությունն այսպիսի քայլերով։
-Դրանք անձնիշխան համակարգի կանոններն են, որոնցից մեկն էլ այն է, որ սահմաններ չի ճանաչում իր համակարգն ամրապնդելու համար։ Ժողովրդի անունից տարբեր գործողություններ են իրականացնում՝ անկախ հանգամանքից, թե ժողովրդի վստահությունը վայելում են, թե ոչ։ Սա համակարգի էությունն է։
-Իսկ գուցե վստահության պատճառն էլ այն է, որ ինչպես երեկ Փաշինյանը հայտարարեց, ապագա իշխանությունը լինելու է այս խորհրդարանից, հեղափոխական ուժերի՞ց։
-Թե ով կլինի հաջորդ իշխանությունն ու ընդդիմությունը, որոշելու է ժողովուրդը, ոչ թե Հայաստանի վարչապետը։ Նրա իրավունքն է հայտարարել, թե ում է որպես հաջորդ իշխանություն տեսնում, սակայն դա միմիայն որոշելու է ընտրողը` լինի հերթական, թե արտահերթ ընտրությունների ժամանակ՝ ելնելով այն հանգամանքից, թե այդ ուժերից որն իրեն ինչպես կդրսևորի։ Հասարակության որոշումը կախված է քաղաքական ուժերի գործողություններից, որոնք այս պահին տեսանելի չեն։ Տեսնում ենք վարչապետի գործողությունները և ԲՀԿ-ի քիչումիչ, պուճուր ընդդիմադիր քայլեր, բայց իշխող ուժին ընդդիմադիր ուժերի գործողություններ որպես այդպիսիք չենք տեսնում։ Ու սա կախված չէ արտակարգ իրավիճակից, դա պայմանավորված է ընդդիմադիր ուժերի ոչ որակյալ քայլերից, չիմացությունից, թե այսպիսի իրավիճակներում ինչպես պիտի գործել։
-Եթե ԲՀԿ-ն փոքր քայլեր է անում, խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժն այս օրերին բավական մեծ քննադատության ալիք է վաստակել իր որոշումների պատճառով։ ԼՀԿ-ն համարում են «գրպանային» ընդդիմություն։ Այս ուժն իրեն սպառե՞լ է։
-Դա մի քիչ բարդ է ասել։ Անձնիշխան համակարգը չի հանդուրժում իրական ընդդիմություն, նրան պետք է «գրպանային» ընդդիմություն։ Դրանով է նաև պայմանավորված ԲՀԿ-ի դեմ գրոհը, քանի որ դա այն ուժերից մեկն է, որն ունի ընտրազանգված, որոշակի ռեսուրս, որով կարող է մրցակից դառնալ իշխանությանը։ Ինչ վերաբերում է ԼՀԿ-ին, Հայաստանի քաղաքական դաշտում հին «օրենքները» կրկնվում են։ Շատերին թվում է, որ նախորդները, որ նույն ճանապարհով գնացել ու սխալվել են, իրենց դա չի սպառնում։ Ճիշտ է, ՕԵԿ-ը, որպես քաղաքական ուժ, մահացել է, բայց օեկիզմը, որպես երևույթ, դեռևս կենսունակ է։
-Դուք նշեցիք, որ այսօր ընդդիմադիր դաշտում որակյալ քայլերի պակաս կա, չկան հստակ գործողություններ։ Այս օրերին որոշ ուժեր համատեղ քննարկումների մասին են հայտարարություններ տարածում։ Այդ ուժերի համախմբման հարցում ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը։
-ՀՅԴ-ն, «Հայրենիքը», ԲՀԿ-ն, «Մեկ Հայաստանը», «Ազգային օրակարգը» հայտարարություն են տարածել, բայց համատեղ գործողությունները կարծես կյանքի չեն կոչվում։ Այս պահին դեռևս ոչ մի կոնկրետ գործողություն որևէ ընդդիմադիր ուժի կողմից կամ դրա մասին հայտարարություն անգամ չկա։ Մամուլում ընդամենը տեղեկություններ կան, որ քաղաքական երեք ուժեր՝ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունները, քննարկումներ են անում։ Թե այդ քննարկումներն ինչ արդյունք կունենան, դժվար է ասել։
-Ընդդիմությունը կոնկրետ գործողությունների չի դիմում, իսկ իշխանությունն էլ ինչ ուզում, անում է, ավելին, Փաշինյանը երեկ ընդդիմադիր ուժերին սպառնաց, թե կտեսնեք, թե իշխանությունն ինչ հանրահավաքներ կանի։ Վստա՞հ է իշխանությունը, որ ընդդիմությունը չի կարող իրեն հակակշիռ լինել։
-Ընդդիմության գործողությունների մեջ իշխանությունը մեղավոր չէ։ Բազմիցս ասել եմ, որ սկսած 1991-ից իշխանությունը մեղավոր չէ, որ ընդդիմությունը չի կարող ոչինչ անել։ Ընդդիմությունն է պարտավոր ապացուցել, որ մրցունակ է իշխող քաղաքական ուժի հետ։ Իշխանությանը չպետք է մեղադրել, որ վարչական ռեսուրսներն է օգտագործում ու հանրահավաքներ անում՝ դրանով ի ցույց դնելով իր ուժը։ Բազմիցս տեսել եմ այդպիսի իշխանական հանրահավաքներ։ 1996-ին առաջին նախագահը հանրահավաք արեց ու պարզվեց, որ շատերը վարչական ռեսուրսով էին բերված, նույնը 2003-ին, 2008-ին։ Բայց խնդիրն այս դեպքում իշխանությունը չէ, որն անում է այն, ինչ հասարակությունն իրեն թույլ է տվել։ Ձեր այն հարցին, թե այսպես իշխանությունը մինչև ուր կգնա, կգնա մինչև այն սահմանը, որը հասարակությունը թույլ կտա։ Եթե հասարակությունը թույլ տա հասնել մինչև 100 կետին, իշխանությունը կգնա մինչև այնտեղ։ Եթե հասարակությունը 10 կետից ավելին թույլ չտվեց, իշխանությունը չի կարող գնալ։ Իշխանությունն այսօր ուժեղ չէ, ընդամենը պետք է ընդդիմությունը գրագետ գործընթաց իրականացնի, ինչը չի հաջողվում, այդ թվում Հայաստանի 30 տարվա բոլոր ընդդիմադիրներին։
-Ասում եք, թե հասարակությունը պիտի իշխանության գործողությունները կանխի, ինչպե՞ս է հնարավոր դա։
-Հասարակությունն ինքնակազմակերպվելու ուժ պետք է իր մեջ գտնի, պետք է ծնվեն ուժեր, որոնք թույլ չեն տա անձնիշխան համակարգի ամրապնդումը։ Եթե ՍԴ-ի հարցը իշխանությունը հաջողությամբ պսակի, հաջորդը լինելու են հայ առաքելական եկեղեցին կամ լրատվամիջոցները։ Այսինքն, օրենք են ընդունելու, որ որոշ լրատվամիջոցներ («5-րդ ալիքը», «Արմնյուզը») կարող են փակվել։ Իշխանությունը գնալու է այս ճանապարհով, որովհետև այս համակարգն այլընտրանք չի հանդուրժում ոչ մի դաշտում՝ քաղաքական, լրատվական։ Հասարակությունն իր մեջ պետք է ուժ գտնի այս ամենը կանխելու, կամ քաղաքական ուժերը պիտի կարողանան գրագետ աշխատել։ Այլապես իշխանությունն ամեն ինչ վերցնելու է տոտալ վերահսկողության տակ, իսկ այս պարագայում չպետք է սպասել, որ հաջորդ ընտրությունները կլինեն ազատ, արդար։ Փող չեն բաժանի, բայց այնպես են անելու, որ ընդդիմությունն ընդհանրապես չկարողանա մասնակցել ընտրությունների, որովհետև քաղաքականապես ոչնչացնելու են ընդդիմադիր ուժերին։ Սա է Հայաստանի ապագան։ Եթե հասարակությունը կողմ է սրան, այդպես էլ կընթանանք, դեմ է, ուրեմն պիտի պայքարի։ Սա նաև ընդդիմության խնդիրն է, որովհետև վաղ թե ուշ նրանք քաղաքականապես ոչնչացվելու են։
-Հաշվի առնելով ընդդիմադիրների անկազմակերպվածությունը, միակ ելքը հասարակության ձեռքու՞մ է։
-Ի վերջո, հասարակությունն էլ պիտի որոշի, թե ինչ ապագա է ցանկանում։ ՈՒզում է Հայաստանը վերածվի Ղազախստանի, Բելառուսի, ՈՒզբեկստանի՞, թե՞ եվրոպական զարգացած երկրի՝ Չեխիա, Բելգիա, Դանիա։ Եթե ուզում է անձնիշխան համակարգ ուրեմն կլինի այդպես, եթե ժողովրդավարական երկիր, ուրեմն ժողովրդավարական։ Հայաստանի ապագան որոշելու են Հայաստանի հասարակությունը և այն ուժերը, որոնք ներկայացնում են հասարակության որոշակի խմբեր։
-Վերջին շրջանում ամենաշատ հնչող հարցը՝ նախկինների վերադարձ լինելու՞ է։
-Եթե 2 տարի առաջ այդ հարցը տայիք, միանշանակ ասելու էի՝ բացառված է։ Հիմա դժվար է ասել, թե ինչ զարգացումներ կլինեն։ Ոչ ժողովրդավարական այսպիսի զարգացումների դեպքում ամեն ինչ հնարավոր է։ Եթե այս երկու տարվա ընթացքում երկիրը զարգանար, ժողովրդավորության մակարդակն անկում չգրանցեր, նախկինները չէին կարող վերադառնալ։ Նախկինները ոչ ժողովրդավարական Հայաստանի խորհրդանիշ էին համարվում, բայց այսօր տեսնում ենք, որ այս իշխանությունն այդ առումով ոչ մի բանով չի զիջում նախկիններին։ Միանշանակ է նաև, որ ՀՀԿ-ն առանց ռեբրենդինգի, այս կազմով չի կարող գալ իշխանության։ Իսկ ընդհանրապես քաղաքականության մեջ գուշակություն անել չեմ կարող։
Զրույցը՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ