Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գիտության պետական կոմիտեում առաջ են շարժվում տեղում դոփելով

Գիտության պետական կոմիտեում առաջ են շարժվում տեղում դոփելով
09.02.2018 | 04:28

Գիտությունը, հատկապես կիրառականը, միշտ էլ եղել է տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Նախորդ հասարակարգում տնտեսության առջև ծառայած խնդիրները առաջադրվում էին գիտությանը, վերջինս լուծում էր դրանք, տալիս տնտեսությանը, և փոխադարձ այս կապով թե՛ գիտությունը, թե՛ տնտեսությունը շարժվում էին առաջ:
Հիմնական խոչընդոտն այն էր, որ այնքան էլ համոզեցուցիչ չէին տնտեսության, գիտության զարգացմամբ պայմանավորված անհատի անձնական շահագրգռվածության չափորոշիչները, զարգացման հիմքը սոցիալիստական մրցակցությունն էր, որը կրում էր ձևական բնույթ:
Եվ մենք նաև այս պատճառներով տապալվեցինք՝ տապալելով նաև հասարակարգը:


Թվում է՝ շուկայական հարաբերություններում կիրառական գիտության գնահատման չափորոշիչները պետք է ձևավորվեն հենց այդ հարաբերությունների հիմքով. եթե շուկայում մրցունակ է քո գիտական արտադրանքը` նոր տեխնոլոգիան, նոր սարքավորումը, մեքենան, ուրեմն դու առաջատար ես, հաղթող ու կարող ես ակնկալել նաև պետության աջակցությունը:
Բայց արդեն քառորդ դարից ավելի է, ինչ մենք գիտությունը չափում ենք զուտ սուբյեկտիվ, տնտեսության, շուկայի հետ օբյեկտիվ ոչ մի կապ չունեցող չափորոշիչներով:
Օրեր առաջ «Արմենպրեսի» սրահում տեղի ունեցած մամուլի ասուլիսում գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը թվարկեց չափորոշիչները. վերջին 5 տարում ռեյտինգային ամսագրերում տպագրված հոդվածների քանակը, այդ հոդվածներին արված հղումների քանակը, քանի գիտնական է մասնակցել միջազգային գիտաժողովներին ու հանդես եկել զեկուցումներով, քանի թեկնածուական է պաշտպանվել, քանի գիտնական է ստացել պետական պարգև և այլն:


Այսինքն` սուբյեկտիվ գնահատականների հաշվապահություն, որն այդպես էլ չստեղծեց նոր որակ: Համենայն դեպս իրողությունն այդպիսին է երկրի կենսապահովության հիմնարար ոլորտներից մեկում՝ գյուղատնտեսությունում: Այլ կերպ չի կարելի բացատրել վարչապետի և գյուղնախարարի բազմիցս արված եզրահանգումները ոլորտի շահութաբեր, մրցունակ, ինդուստրիալ չլինելու մասին, ինչն էլ ստեղծեց համատարած աղքատություն և դարձավ արտագաղթի պատճառ, այդ թվում՝ գիտնականների շրջանում:
Մինչդեռ նույն վարչապետը և գյուղնախարարը շեշտում են ոլորտի զարգացման բնական և մարդկային ռեսուրսների չօգտագործված հնարավորությունները:
Թվում է՝ հենց գիտությունը պետք է օգնի կառավարությանը, գյուղնախարարին` բացահայտելու այդ հնարավորությունները, գյուղացուն ցույց տալու գիտնականների ստեղծած նոր տեխնոլոգիաներով, մեքենասարքավորումներով շահութաբեր, մրցունակ տնտեսություն ունենալու, բարեկեցիկ ապրելու ուղիները:


Բայց, գիտպետկոմի հաշվեկշռում ունենալով 87 գիտահետազոտական կազմակերպություն, որոնց մոտավորապես 1/3-ը՝ գյուղատնտեսության ոլորտի, մենք այս 25 տարվա ընթացքում չկարողացանք ստեղծել շահութաբեր, մրցունակ գյուղացիական գոնե մի տնտեսություն, որտեղ, վարչապետի դիտարկմամբ, «գյուղացին կսովորի, թե ինչն ինչպես պետք է անել բավարար շահույթ ստանալու, բարեկեցիկ ապրելու համարև առաջ կշարժվի»:
Այս խնդիրների լուծումներին աջակցություն ակնկալելով՝ բազմիցս դիմել եմ գիտպետկոմին՝ խնդրելով նաև ստեղծել համատեղ հիմնադրամ` իրենց իսկ ֆինանսավորմամբ մեր հեղինակած արոտի բազմաֆունկցիոնալ մեքենան շահառուներին ցուցադրելով ճշտել դրա պահանջարկը, կազմակերպել արտադրությունը ու դրանով լուծել էժան, որակյալ խոտի բերքի բազմապատիկ աճի, երաշտի, տարածքային հրդեհների, ջրհեղեղների, հողատարման երևույթների կասեցման հիմնախնդիրը, հիմնադրամին տարեկան ավելացնելով մեկ միլիոն դոլար:


Խնդրանքս մերժվեց, պատճառը` գիտպետկոմի կանոնադրությունում այդպիսի կետ չկա: Այսինքն, գիտպետկոմը նպատակ էլ չունի իր ֆինանսավորած գիտական արդյունքներից շահույթ ստանալու, խրախուսելու աշխատավարձի բարձրացումը, նոր հետազոտությունները: Բյուջեն իրենց կպահի, ինչու՞ իզուր գլուխ ցավեցնել:
Առկա խնդիրների լուծման մի փոքր ավելի ընդգրկուն դիմումիս պատասխանը և գիտպետկոմի հետագա քայլերը առավել բնորոշ են այդ կազմակերպությանը. նախ պատասխանեցին, որ ինձ դատի կտան իրենց քննադատելու համար, հետո դիմեցին ավելի վճռական քայլերի, համագործակցելով գյուղնախարարության հետ, քրեական որակավորման ձգտող գործողություններով դադարեցրին ինստիտուտի ֆինանսավորումը, ինչը հանգեցրեց ավելի քան 60 տարվա կենսագրություն, մինչ անկախացումը «Լեռնային երկրագործության մեքենայացման համամիութենական գիտաարտադրական միավորում» կարգավիճակն ունեցող կազմակերպության լուծարմանը: Դրանով խախտեցին նաև շուկայական հարաբերությունների անկյունաքարերից մեկը` մրցակցությունը: Ոլորտում այժմ մրցակից չկա: Իսկ թե ուր գնացին այդ լուծարումից «խնայված» գումարները, դա դեռ պետք է ճշտել:
ՈՒ հիմա, չեմ զարմանում, երբ ծայրահեղ ծանր վիճակում հայտնված գյուղատնտեսությունը, հատկապես գնաճի հարաճուն մեծացումներով կաթի ու մսի արտադրության ոլորտը, շարունակում է հրաժարվել նաև մեր մյուս մշակումներից` փոշիացված տավարաբուծությունից (մոտավորապես 160000 գյուղացիական տնտեսություն, որոնց 80 տոկոսն ունի ընդամենը 3 գլուխ տավար և 1,4 հա հողակտոր) շահութաբեր, մրցունակ, կամավորության սկզբունքով խոշորացված ֆերմաներ ստեղծելու կոնկրետ ծրագրերից, թռչնաղբը, գոմաղբը մեր տեխնոլոգիայով և մեքենասարքավորումներով մշակելով հանրապետության օրգանական պարարտանյութի պահանջարկը բավարարելուց, շուկայական լավ գին ունեցող սպիտակուցային խտանյութ արտադրելուց և այլն, և այլն:
Չեմ զարմանում, որովհետև «համոզել» են, որ կառավարման համակարգում առաջնայինը ամբիցիան և այլ դրսևորումներն են:
Ահա այսպիսի գիտություն և տնտեսություն:
Իսկ դուք ասում եք…


Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Տեխ. գիտ. թեկնածու

Հ. Գ. Առավել հիմնականը այս ասուլիսում ասվածի տողատակն է. գիտությունը պետք է օպտիմալացնել` «կրճատվեք» և ազատեք շենքերը, դրանք պետք է վաճառենք, բյուջեում փող չկա:

Դիտվել է՝ 3353

Մեկնաբանություններ