Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թրամփը հետաձգեց G7-ը՝ ընդարձակելու մտադրությամբ

Թրամփը հետաձգեց G7-ը՝ ընդարձակելու մտադրությամբ
01.06.2020 | 08:49

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ հետաձգում է G7-ի սամիթը, որ ցանկանում էր անցկացնել հունիսի վերջին, և առաջարկում է ընդլայնել կազմը՝ ներառելով Ռուսաստանին, Ավստրալիային, Հարավային Կորեային ու Հնդկաստանին: Նա ցանկանում է, որ սամիթն ազդարարի կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի կայունացումը: Զրուցելով լրագրողների հետ իր ինքնաթիռում՝ Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից Վաշինգտոն վերադարձի ճանապարհին, որտեղ ներկա էր տիեզերագնացներ Դագ Հերլիին ու Ռոբերտ Բենկենին տիեզերք տանող «Դրագոն» տիեզերանավի թռիչքին, Թրամփն ասաց, որ G7-ի ներկա կազմը համարում է հնացած: «Ես հետաձգում եմ սամիթը, որովհետև չեմ զգում, որ G7-ն անհրաժեշտ կերպով ներկայացնում է աշխարհում կատարվողը»՝ ասաց ԱՄՆ նախագահը:

Ռեյտերը այդ հայտարարությունը համարում է Թրամփի համար շրջադարձային պահ, որ ձգտում էր աշխարհի արդյունաբերապես զարգացած երկրների ղեկավարներին ընդունել Վաշինգտոնում՝ ցույց տալու, որ ԱՄՆ-ը վերադարձել է բնականոն կյանքի կորոնավիրուսի համաճարակից հետո, որից արդեն 103000 ամերիկացի է մահացել: Մայիսի 20-ին Թրամփն առաջին անգամ հայտարարեց, որ հունիսին ցանկանում է անցկացնել G7-ի սամիթ՝ մատնանշելով, որ սամիթը կազդարարի կորոնավիրուսի իրավիճակի կայունացումը: Բացի ԱՄՆ-ից G7-ի կազմում են Կանադան, Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Ճապոնիան: Հիմա Թրամփը հայտարարում է, որ մտադիր է սամիթը հետաձգել նվազագույնը մինչև սեպտեմբեր և պետք է հրավիրել Ռուսաստանին, Հարավային Կորեային, Ավստրալիային ու Հնդկաստանին: Անցյալ շաբաթ Թրամփն ասում էր, որ սամիթը կարելի է անցկացնել Սպիտակ տանը կամ Քեմպ Դևիդում՝ չնայած կորոնավիրուսի վտանգին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մերժեց հրավերը: Նրա ներկայացուցիչը շնորհակալություն հայտնեց Թրամփին հրավերի համար և ասաց, որ Մերկելը չի կարող համաձայնել «անձամբ մասնակցելուն ու Վաշինգտոն մեկնելուն»: Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոն հայտարարեց, որ առայժմ չի կարող պարտավորվել ներկա լինել հանդիպմանը՝ կորոնավիրուսի վտանգի և կարանտինի կանադական կանոնների պատճառով:


Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ուրբաթ օրը համաձայնեց տետատետ G7-ի հանդիպման կարևորությանը «մերձավոր ապագայում»՝ ըստ Սպիտակ տան հայտարարությանը: Հունիսին G7-ի ղեկավարները տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու Covid-19-ի դեմ պայքարը, մայիսի 8-ին հայտնի դարձավ, որ Բորիս Ջոնսոնը հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վիրտուալ սամիթին մասնակցելու: Ռուսաստանին G8-ի սամիթներին չէին հրավիրել Ղրիմի անեքսիայից հետո: 2019-ի օգոստոսին Թրամփը G7-ի սամիթին անսպասելի հայտարարեց լրագրողներին, որ G7-ի ղեկավարները քննարկել են Ռուսաստանի վերադարձի հարցը: «Կան մարդիկ, որ ցանկանում են Ռուսաստանը վերադառնա: Ես կարծում եմ՝ օգտակար կլինի ու դրական է: Կան մարդիկ, որ ինձ հետ համաձայն են, ու մենք քննարկում ենք դա: Չգիտեմ՝ ինչ որոշում կընդունենք, բայց անցյալ երեկո մենք քննարկել ենք՝ ուզու՞մ ենք, որ Ռուսաստանը վերադառնա, թե՞ ոչ»՝ այն ժամանակ ասել էր ԱՄՆ նախագահը: Թրամփը հնարավոր էր համարում 2020-ին Ռուսաստանին հրավիրել ԱՄՆ՝ G7-ի սամիթին մասնակցելու, բայց չստացավ մյուսների աջակցությունը:
BBC


Հ.Գ. Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցության տնօրեն Ալիսա Ֆարան հայտարարել է, որ ԱՄՆ նախագահը ի թիվս այլ հարցերի՝ սամիթում ցանկանում է քննարկել Չինաստանի ապագան: Աշխարհաքաղաքական դիմակայությանը բնորոշ պատկեր է, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է G7-ը դարձնել G-11, բայց ոչ G-12՝ հրավիրելով նաև Չինաստանին, որ առավել քան համապատասխանում է G7-ի չափորոշիչներին: Եվ՝ պատրաստվում է G11-ի շրջանակներում քննարկել Չինաստանի հարցը, իմա՝ Չինաստանին կորոնավիրուսի տարածման մեջ մեղադրելու, առևտրական սահմանափակումներ մտցնելու, միջուկային նոր համաձայնագրում ընդգրկելու, Հոնկոնգի հետ Պեկինի հարաբերությունների հարցը: Համենայն դեպս՝ հրապարակային հարթության մեջ Վաշինգտոն-Պեկին տարաձայնությունները այս շրջագծում են: Վերջին երեք օրում ԱՄՆ նախագահը երկու անգամ հեռախոսել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ քննարկելով G7 գագաթաժողովի անցկացման, Հոնկոնգին և Լիբիային առնչվող հարցեր՝ հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադ Դիրը: «Նախագահ Թրամփը նախագահ Մակրոնի հետ քննարկել է G7-ի գումարման առաջընթացը: Նրանք քննարկել են նաև համատեղ մտահոգության հարցեր, այդ թվում՝ Հոնկոնգը, Լիբիան և հեռահաղորդակցման անվտանգությունը»,- ասել է Դիրը:


Իսկ մինչ այդ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է վճռել հունիսի 24-ին Մոսկվայում անցկացնել հայրենական պատերազմում հաղթանակի 75-ամյակի հետաձգված շքերթը՝ վերահրավիրելով ոչ միայն աշխարհամարտին մասնակից երկրների ղեկավարներին, այլև այլ երկրների, այդ թվում՝ Չինաստանի: Հետաձգված շքերթին համաձայնել էին մասնակցել Մակրոնն ու Ձինպինը, հիմա նրանք ևս կարող են մերժել՝ ինչպես մերժել էին Մերկելն ու Թրամփը: Չէր կողմնորոշվել Բորիս Ջոնսոնը՝ Դաունինգ սթրիթը հայտարարել էր, որ հարցը քննարկվում է, իսկ հետո սկսվեց կորոնավիրուսի պանդեմիան, վարակվեց նաև Մեծ Բրիտանիայի վարչապետը ու հարցը առժամանակ օրակարգից դուրս մնաց, առավելևս, որ Պուտինը հարկադրված էր մայիսի 9-ի շքերթը հետաձգել: Հունիսի 24-ին Մոսկվայի հյուրերի շրջանակը ցույց կտա, թե ինչ ձևաչափ կստանա G7-ը ԱՄՆ-ում, եթե, իհարկե, Թրամփը հարկադրված չլինի նորից հետաձգել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ