Մեր եկեղեցու թերացումներից է, որ չենք պահել ջրով (ապաշխարության) մկրտության կանոնը: Ժամանակին Մայր Աթոռի մկրտարանում հոսող ջուր է եղել, որի մեջ մեծահասակներն են մկրտվել:
Փա՜ռք Աստծո, որ մանկանց մկրտության ավազանը պահպանվել է. եկեղեցիներում ունենք մանկանց մկրտության ջրով ավազաններ: Ըստ մեր ավանդապահ եկեղեցու, կարելի է նաև քահանային տուն հրավիրել՝ խոշոր մի ամանի մեջ մանկանը մկրտելու: Ինքս այդպիսի մի քանի մկրտության ներկա եմ եղել, երբ ծանր հիվանդ, գրեթե անհույս հիվանդ մանուկները կարճ ժամանակում առողջացել են, լցվել խինդով և շնորհներով, երգով:
Ըստ Առաքելական հրահանգի, մանկանց մկրտությունը սկսվում է ութ օրականից և ութ օրականում կայացած մկրտությունն անվանվում է լավագույնը և ամենից շնորհառատը:
Այս ցավոտ ժամանակներում հիշենք սա, որպեսզի այսօր մեծաթիվ մանկանց մկրտությամբ և շնորհառատությամբ կարողանանք դարմանել պատերազմի ժամանակ ունեցած մեր մեծաթիվ զոհերի հոգևոր կորուստների վերքերը, և մխիթարող սպեղանիներ դնել:
Տա Աստված, որ մեծահասակների ջրով (ապաշխարության) մկրտությունը վերագործարկվի, որովհետև առանց ջրի ավազան չի լինում: Կամ թե ակամա դա Աստծուն խաբել է նշանակում, արարողակարգի կարևոր մի մասի անհարկի կրճատմամբ: Լուսավորիչը մեր ժողովրդին ու արքունականներին, զորքերին գետում մկրտեց:
Եկեք պատահական չհամարենք Ղուկաս Ավետարանիչի Առաքելական Կանոնների հետևյալ խոսքը, թե. «Ովքեր որ ջրի մկրտություն չունեն, նրանք իրենց իսկ թափած արյամբ պիտի մկրտվեն-փրկություն գտնեն», մի բան, որ հաճախադեպ կոտորումների ինքնաշեն որոգայթին է հանգեցնում՝ այլ ցավոտ խնդիրների հետ միացած:
Երբ Տերն ասաց` ոչ թե ձեր զոհերը, այլ ողորմություն տալն եմ կամենում, է՜, ինչու չլսենք, հիշելով Տերունական մյուս հանդիմանանքը, թե՝ մժղուկները քամում եք, փղերը կուլ եք տալիս: Կամ թե՝ նախ մեր աչքի գերանը պիտի հանենք, այլոց աչքի շյուղը լավ տեսնելու:
Մեր ժողովրդի հաճախակի ջարդերի պատճառներից մեկը այս և նման բաներում էլ պիտի տեսնենք: Օրինակ՝ Չարի 666 թիվ համակարգի քարտայինը, որ եկեղեցուն կարողացան պարտադրելով վերցնել տալ, երբ մեր եկեղեցին, կամա-ակամա՝ այդպես մտավ այդ համակարգի մեջ, երբ Աստծո Խոսքն ասում է. «Ելե՛ք դրա միջից, ժողովուրդ իմ, որ մասնակից չլինեք դրա անօրինություններին և դրանց համար սահմանված պատիժներին» (Գիրք Հայտնության):
Տա Աստված, չհպարտանանք, չանտեսենք և չարհամարենք, ինչ Տերունականն է, Երկնքից տրված: Մեր հռչակավոր եկեղեցով և ժողովրդով դարձ անենք և չուշանանք: Այդպես իսկ մեծաթիվ կոտորումներ կրճատելով:
Գարեգին կաթողիկոսը, երբ դեռ Արարատյան թեմի առաջնորդն էր, նրան հանդիպեցի մեծահասակների ջրի մկրտությունը վերգործարկելու խնդրով: Ասաց, որ բնականաբար, պիտի վերագործարկվի: Եվ երբ ես ասացի, թե քահանաներ կլինեն, որ մկրտության կրճատված, անօրեն տարբերակը կշարունակեն, ասելով թե՝ դյուրին է, պատասխանեց. նման քահանաներին կհեռացնեմ և կընդունեմ կատարողներին:
Եվ ապա լրատվությունից իմացա, որ Սրբազանը ինքն էլ Վազգեն կաթողիկոսից հրաման խնդրելով՝ մկրտության համար մեծ թվով շապիկներ էր կարել տվել՝ Սևանա լճում ժողովրդական մկրտություն կազմակերպելու: Եվ օրն իսկ որոշված է եղել: Ժողովրդական մեծ մկրտություն էր լինելու, ցավոք, չիրականացավ, քանի որ քաղաքական զինված բախումների ժամանակներ էին և հայտնի էր դարձել, թե՝ զինված մի ավազակախումբ որոշել է հարձակվել մկրտվողների վրա: Եվ այդ լավագույն նախաձեռնությունը կամ սխալների այս խնդրով ուղղումը, վերստին, ցավոք, կասեցվել է: Իսկ ինչու չկրկնել՝ ավելի խաղաղ ժամանակներում: Այնուամենայնիվ, Սրբազանի կաթողիկոս դառնալուց հետո, քիչ թվով քահանաներ, սկսեցին գետերում մկրտություն անել:
Աստված տա, Մայր առաքելական մեր եկեղեցիներում, ամենուրեք, մեծահասակների համար վերագործարկվի (ջրով և ոչ թե անջուր ավազանի մկրտությունը), ըստ մեր Տիրոջ խոսքի, թե՝ «ով ջրից ու Հոգուց վերստին չծնվի, չի կարող երկնքի արքայությունը տեսնել»: Երբ այսօր շատերս բարձրաձայնում ենք համաժողովրդական ապաշխարության անհրաժեշտության մասին, այս ևս հիշենք, քանի որ ջրով մկրտությունը ապաշխարության մկրտությունն է: Իսկ Կնունքը մյուռոնով՝ Սուրբ Հոգով Կնքումը, դրոշմումը:
Աստված տա, համազգային հոգևոր սխալներ ուղղելով, գործերով առավել ապաշխարենք և թող առավել Քրիստոսի լույսը ծագի Հայոց աշխարհի վրա, մեր ամենքի վրա: Ամե՛ն:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ
Կրոնի տեսաբան