Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կողոպուտ` սահադաշտի ձևով

Կողոպուտ` սահադաշտի ձևով
30.01.2009 | 00:00

ՄԱՆՐՈՒՔ ՉԷ
Բոլորն էլ ոգևորված էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ սահադաշտի բացման առիթով, հատկապես երիտասարդները, ովքեր արդեն սահել էին սովորել «Կարապի լճի» բացօթյա սահադաշտում: Ի տարբերություն վերջինիս, մեծ սահադաշտը սահելու սիրահարներին է տրամադրվում երեկոյան վեցից հետո (մինչ այդ մարզվում են պրոֆեսիոնալները): Ինչևէ… Մեծ էր իմ ու եղբորս զարմանքը, երբ աշխատանքից հետո մոտ մեկ ժամ հերթ կանգնեցինք, քանզի իրենց մեծ պաշտոնում զգացողները` անվտանգության աշխատակիցները («ախրաննիկները»)` թվով չորս հոգի (երկուսը` լոլոզ-բոյով, երկուսը` կարճլիկ-հաստլիկ), հերթ պահպանելու փոխարեն անհերթ մարդկանց էին անցկացնում:
-Քնա՞ր, ի՞նչ եղավ,- ձայնեց լոլոզներից մեկը:
-Կարո՞ղ է` գնանք վերջը կանգնենք, որ մեզ էլ ներս թողնեք,- վրդովվեց եղբայրս:
-Հա՞, բան ա՞ էղել, ապե,- հակադարձեց մյուս լոլոզը:
Հակառակի նման, կարծես որպես պատիժ, հերթը ճեղքելով միշտ դեպի վերջն էր գնում «ախրաննիկներից» կարճլիկ-հաստլիկը ու նոր մարդիկ անցկացնում:
-Էս էլի վերջից են մտնո՞ւմ,- չդիմացավ աղջիկներից մեկը:
-Հա, քուրիկ ջան, վերջից են մտնում, ասա…,- լսվեց հերթական գռեհիկ պատասխանը:
Բաղձալի մուտքը հաղթահարելուց հետո մեզ նորանոր փորձություններ էին սպասում: Չմուշկները ստանալուց հետո ժամանակն աշխատում էր ի վնաս մեզ, դա մտնում էր մեր վարձած մեկ ժամի մեջ: Մոտ կես ժամ պահախցիկ էինք փնտրում` մեր իրերը պահ տալու համար: Դրանք կամ առանց բանալու էին, կամ վրայի բանալին չէր համապատասխանում կողպեքին, ավելին` եռանիշ համար կրող պահարանները շարված էին խառը` անկանոն: Սա դիտավորությո՞ւն էր, թե՞ փնթի գործելաոճ։ Հավանաբար` առաջինը: Ինչո՞ւ։ Մոտ կես ժամ տանջվելուց հետո մի կիսախարխուլ պահարանի պահ տվեցինք մեր իրերը և ուշացումով մտանք սահադաշտ: Հավանաբար, դա էր պատճառը, որ սահմանված մեկ ժամը լրանալուց հետո մեր անունները չկարդացին, իսկ մենք ժամի զգացողությունը կորցրած, սահում էինք… Հերթական «քինդեր սյուրպրիզն» էր մեզ սպասում` պահանջեցին ևս 3000 դրամ, իբր լրացուցիչ մեկ ժամի դիմաց: Նախ` հոխորտացին, թե մեր անունները բարձրաձայնել են, ու մենք չենք լսել: Իսկ եթե մոտներս դրամ չլինե՞ր։ Հոգ չէր, նրանց մոտ էր եղբորս անձնագիրը` որպես պատանդ: Նրանք ամեն գնով այդ գումարները կորզելու են, մանավանդ որ այցելուները հիմնականում երիտասարդներ են` ընկեր-ընկերուհիների հետ: Հասկացա, որ այս «խաղը» լավագույնս մշակված է: Մեր վճարած երկրորդ 3000 դրամը ոչ մի տեղ չֆիքսվեց, հետևաբար, այն հավելյալ եկամուտ էր տերերի համար։
Պարզ է, մարդիկ «կատարյալ» գործ են դրել` մաքուր 50–50 տարբերակով։ Առաջին 50-ը` էն գլխից իրենց, երկրորդ 50-ից էլ` լրացուցիչ շահույթ։ Մնում է հավելել, որ մեզանում սահադաշտային բիզնեսը նոր ոլորտ է, ու այստեղ մեծ անելիք ունեն հարկային մարմինները:
Անուշ ԱՆԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ