Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Շատ դժվար է, երբ մի մեծ մեքենա գործի ես գցում ու թափ հավաքելու պահին կտրուկ կանգնեցնում»

«Շատ դժվար է, երբ մի մեծ մեքենա գործի ես գցում ու թափ հավաքելու պահին կտրուկ կանգնեցնում»
19.10.2018 | 02:32

«Իրատեսի» հյուրն է Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ, կինոռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ:

-Պարոն Խաչատրյան, երբ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահի թեկնածու էիք, խոստացաք ստեղծել հայկական կինոյի պատմության թանգարան՝ սինեմատեկ: Կարծում եմ՝ սա կինոաշխարհի ներկայացուցիչների և կինոսերների համար ամենագայթակղիչ խոստումն էր:
-Իմ ամենակարևոր նպատակն էր բացել Կինոյի տան դռները, քանի որ Սովետական Միության շրջանում ստեղծագործական միությունները, այդ թվում և կինոմիությունը, ստեղծվել էին Խթը-ի հրամանով և լցված էին Խթը-ականներով, որոնք զբաղված էին արվեստագետներին լրտեսելով, բոլորն աղմկալից պատմությունների մեջ էին և Խորհրդային Միության փլուզումից հետո չկարողացան դառնալ մշակութային կենտրոններ՝ համաշխարհային չափանիշներով: Տեղական նշանակության կառույցներ միգուցե դարձան, բայց համաշխարհային՝ ոչ: Անկախության շրջանում ավելի ծանր էր ստեղծագործական միությունների վիճակը, բայց ժամանակի հետ կյանքն սկսեց փոխվել: Օրինակ՝ նկարիչների միությունը կազմակերպում էր ցուցահանդեսներ, կոմպոզիտորների միությունը՝ համերգներ, իսկ կինոմիությունը հիմնականում զբաղվում էր սոցիալական հարցերով: Կինոյի տան դռները փակ էին, մեծ դահլիճն ամբողջովին ավերված էր, քայքայված: Միակ գործառույթը, որ կար կինոմիությունում, անդամներին ցուցաբերվող սոցիալական օգնությունն էր, որն անշուշտ կարևոր էր: Բայց ստեղծագործական միության համար ընդամենը սոցապի կամ արհմիության գործառույթով զբաղվելը ճիշտ չեմ համարում: Մտածում եմ, որ մեր կինոմիությունը պետք է վերածել լուրջ, միջազգային մշակութային կենտրոնի, որը կիրականացնի և՛ կրթական, և՛ հայկական կինոյի հանրահռչակման, և՛ մշակութային ժամանցի ծրագրեր, ակտիվորեն կգործեն բոլոր դահլիճները: Բավական կարճ ժամանակահատվածում՝ չորս ամսում, մենք վերանորոգեցինք Կինոյի տան մեծ դահլիճը: Թեկուզ և տեխնիկապես այն դեռ վերազինված, թարմացված չէ, օդափոխության համակարգի հարցը լուծված չէ, բայց շատ մեծ գործ, այնուամենայնիվ, արվել է, ու դահլիճը գործում է: Ինչ վերաբերում է սինեմատեկին, պիտի ասեմ, որ դրա ամբողջ նախագիծն արված-ավարտված է: Արդեն հասել էինք շինարարությունն սկսելու փուլին, բայց ինչ-ինչ պատճառներով այն հետաձգվեց: Հույս ունեմ, որ շուտով կվերսկսենք գործընթացը: Նամակով դիմել եմ հանրապետության վարչապետին, մշակույթի նախարարին: Կարծում եմ՝ նրանք հետաքրքրված են, ուսումնասիրում են հարցը և կտան դրական լուծում: Այդպիսի մեծ նվերը մեր քաղաքին, մեր երկրին անտարբեր չի կարող թողնել ղեկավարությանը: Սա մասնավոր գործ չէ, անձնական խնդիր չէ, պետական նշանակության ձեռնարկ է, որին պետք է պետականորեն մոտենալ: Մենք սիրով տրամադրում ենք կինոմիության տարածքը, որպեսզի այն վերածվի կարևոր պետական մշակութային կենտրոնի: Մասնագիտական ոլորտին ծառայելուց զատ, սինեմատեկը կդառնա ժամանցի, կրթության, կինոժառանգության պահպանման, զբոսաշրջության ակտիվ կենտրոն, որը մեծ օգուտ կբերի Երևանին, Հայաստանին: Կինոյի տան դահլիճները ներառվելու են սինեմատեկի մեջ, ծառայելու են կինոցուցադրություններին: Նկատի ունեմ 500-տեղանոց մեծ դահլիճը, 120-տեղանոց փոքր դահլիճը, որն այժմ ծառայում է Հենրիկ Մալյանի անվան թատրոնին, և 50-տեղանոց ավելի փոքր դահլիճը: Բացի այդ, սինեմատեկի 2-րդ և 3-րդ հարկերում կբացվի ևս երկու կինոթատրոն՝ 20-30-տեղանոց: Այս հնարավորություններն ուղղակի երազանք կարող են լինել կինոփառատոն անցկացնողների համար: Այսօր արդեն երկու-երեք կինոփառատոն դիմել են մեզ այդ հարցով:
-Հայկակա՞ն կինոփառատոներ են դրանք:
-Հիմնականում՝ այո՛: Հայկական «Ռեանիմանիա», «Սոսե» և Ռոլան Բիկովի ֆոնդի մանկապատանեկան ֆիլմերի փառատոներն են դիմել, Եվրամիությունն է ցանկություն հայտնել եվրոպական կինոփառատոների որոշ ծրագրեր իրականացնելու այստեղ: Իհարկե, այս ծրագրերը կյանքի կոչելու համար մենք պետք է լրացնենք դահլիճների տեխնիկական վերազինման բացը, իսկ դա պահանջում է ֆինանսական ներդրումներ: Հույս ունեմ՝ կստացվի: Պետք է հասցնենք չորս տարում այդ բոլորն անել: Ես շատ շտապող մարդ եմ: Դրանով էր պայմանավորված այն, որ չորս ամսում կատարվեց այսքան աշխատանք՝ առանց ծախսելու կինոմիության միջոցները:
-Խոսքն այն միջոցների մասի՞ն է, որը «ժառանգություն» էիք ստացել նախորդ ղեկավարությունից, և որը շատ անհանգստացնում էր մարդկանց:
-Այո՛, խոսքն այդ միջոցների մասին է: Միջոցներ, որոնք դժբախտաբար արդեն չեն բերում այն շահույթը, ինչ նախկինում, որովհետև բանկերում են իջեցվել տոկոսադրույքները: Այսօր մենք չենք կարողանում օգնություն հատկացնել մեր ծերերին, հիվանդներին: Պետք է շատ լրջորեն մտածենք ունեցած սուղ միջոցները ճիշտ օգտագործելու մասին: Վճիռներ կայացնելիս պետք է լսենք ամբողջ կոլեկտիվի՝ 180 հոգու կարծիքը: Կինոմիության անդամների մեծ մասը վաղուց չի զբաղվում կինոյով, չի կազմակերպում կինոցուցադրություններ, հանդիպումներ, կրթական ծրագրեր, քննարկումներ, կլոր սեղաններ, բայց կինոմիությունից ունի մեկ պահանջ՝ օգնություն: Ինչ խոսք, դա մարդկայնորեն հասկանալի է, բայց ստեղծագործական կենտրոնները միայն դրա համար չեն ստեղծված: Իհարկե, շատ դաժան բան է, երբ մարդկանց զրկում ես նրանից, ինչին իրենք արդեն սովոր են: Մարդիկ իրոք տնտեսապես, ֆինանսապես վատ վիճակում են գտնվում, և անհրաժեշտ է նրանց օգնել հնարավորինս, բայց չպետք է մոռանալ, որ կա մեծ նպատակ և ցանկություն՝ Կինոյի տունը դարձնել միջազգային լուրջ մշակութային կենտրոն:
-Ենթադրում եմ, որ այս ծրագրի իրականացման ընթացքը կանգ է առել մեր հանրապետությունում կատարված փոփոխությունների պատճառով:
-Այո՛: Շատ դժվար է, երբ մի մեծ մեքենա գործի ես գցում ու թափ հավաքելու պահին կտրուկ կանգնեցնում: Նախկին ղեկավարների հետ արդեն կային պայմանավորվածություններ, կային նաև այլ աջակիցներ, բայց մեր երկրում կատարված փոփոխությունները անակնկալ էին: Բարեբախտաբար, այսօրվա ղեկավարությունն էլ է մեծ ուշադրությամբ վերաբերվում իմ գրավոր դիմումներին, քննարկվում են դրանք, ուղարկվել են արդեն քաղաքաշինության կոմիտե, որի նախագահն անձամբ է եկել կինոմիություն, տեղում ուսումնասիրել խնդիրը և հեռացել հիացած: Նա այժմ դարձել է մեր ծրագրի նվիրյալներից մեկը: Ամենակարևոր փաստն այն է, որ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն է անձամբ եկել մեզ մոտ, լսել մեր ցանկությունները, հավանության արժանացրել: Նրա օգնությունը շատ մեծ կարող է լինել, նրա խորհուրդն անպայման կնպաստի, որպեսզի Հայաստանի կառավարությունը պատրաստակամ գտնվի մեր նպատակն իրագործելու հարցում:
-Անհատ բարերարները չե՞ն մասնակցում գործընթացին:
-Ո՛չ, նրանք հիմա պասիվացել են, շատերը մի տեսակ սպասողական վիճակում են: Բայց կա որոշակի խումբ, որ մտմտում է կրկին այդ գործին աջակցելու մասին, որովհետև հասկանում են, որ այն, ինչ ես ցանկանում եմ անել, անձնական քմահաճույք չէ: Դա հսկայական մի ծրագիր է, որը մեծ նշանակություն է ունենալու մեր հասարակության կյանքում:

-Հասկանալի է, որ այսօրվա ներդրումները նաև եկամուտներ են ապահովելու: Չէ՞ որ ժամանակակից չափանիշներին համապատասխանող կինոդահլիճը նաև կոմերցիոն գործառույթ իրականացնող տարածք կդառնա, ի վերջո:
-Իհարկե, Կինոյի տան մեծ դահլիճը հսկայական տարածք է, որտեղ անցկացվող կինոսեանսներից եկամուտ կարելի է ստանալ: Բայց և սարսափելի ծանր բեռ է մեզ համար այս շենքը պահելը: Գույքահարկ, հողի հարկ, տարատեսակ հարկ ու տուրքեր: Այս ամենի տակից հեշտ չէ դուրս գալ, պետք է կարողանաս փող աշխատել ու ինքդ քեզ պահել: Մենք պետական հոգածության ներքո չենք գտնվում, չենք ֆինանսավորվում պետության կողմից և ազատված չենք հարկի որևէ տեսակից: Այս հարցերը լուծելու համար պետք է որոշակի ջիղ ունենաս, կարողանաս գումար վաստակել:
-Հենրիկ Մալյանի անվան թատրոնին տրամադրված դահլիճը կշարունակի՞ գործել կինոմիության շենքում:
-Ինչ խոսք, մեզ համար մեծ հպարտություն և մեծ երջանկություն է, որ Մալյանի անվան թատրոնը գործում է կինոմիությունում: Այն պատկանում է ՀՀ մշակույթի նախարարությանը: Լավ ժամանակներում մենք միշտ պատրաստ ենք եղել օգնելու թատրոնին, որովհետև դա մեր մեծ մաեստրոյի անվան թատրոնն է, որը հրաշալի աշխատում է, հաջող ներկայացումներ բեմադրում: Թատրոնի ղեկավար Նարինե Մալյանն էլ իմ մտերիմ ընկերուհին է, համակուրսեցիս: Բայց մենք հիմա այն վիճակում ենք, որ հնարավոր չէ առանց վարձավճարի, առանց համապատասխան հարկերը մուծելու պահպանել դահլիճի գործունեության նախկին ձևը: Եթե չենք կարողանում մեր իսկ ծախսերը հոգալ, ուրեմն մշակույթի նախարարությունը պիտի մտածի այս հարցերի մասին, պիտի վճարի իրեն պատկանող կառույցների զբաղեցրած տարածքների համար: Պոետիկ ժամանակները հիմա անցել են:
-Կինոյի տան մուտքը Խանջյան փողոցից էր: Այն այսօր փակ է, կբացվի՞ հետագայում:
-Այո՛, դա մեր ցանկությունն է: Արդեն բացել ենք Կինոյի տան մուտքը Վարդանանց փողոցից, կբացենք նաև Խանջյան փողոցի մուտքը, երբ պատրաստ լինի սինեմատեկը:
-Այս տարի «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի որոշ ֆիլմեր ցուցադրվեցին Կինոյի տանը: Սա կդառնա՞ շարունակական:
-Իհարկե, նախորդիվ նշածս կինոփառատոների նման Կինոյի տունը կտրամադրվի նաև «Ոսկե ծիրանին»: Էլ ուրիշ ի՞նչ նպատակի պիտի ծառայի քսան տարվա անգործությունից հետո աշխատել սկսած այս կառույցը: Մենք արդեն իսկ ցուցադրություններ ենք անում ամբողջ տարվա ընթացքում: Այս ամիսներին հարյուրից ավելի հայկական և ոչ հայկական ֆիլմեր են ցուցադրվել Կինոյի տան փոքր դահլիճում: Կարծում եմ՝ շաքարավազ և ալյուր բաժանելուց ավելի կարևոր է դա:

-Սինեմատեկը չի սահմանափակվելու հայկական տիրույթում, այն հավակնում է դառնալու համապատասխան միջազգային ցանցի օղակ, այո՞:
-Դա կլինի հայկական սինեմատեկ՝ շատ երկրներում գոյություն ունեցող ազգային սինեմատեկների նման: Բայց այն պիտի ընդգրկվի սինեմատեկների համաշխարհային ցանցում, որպեսզի կարողանա համագործակցել, մասնակցել տարբեր մեծ ծրագրերի, իր նախաձեռնություններով հանդես գալ: Մենք պետք է զբաղվենք ֆիլմերի վերականգնմամբ, ռետրոսպեկտիվ ցուցադրություններով, զանազան ցուցահանդեսներ կազմակերպելով:
-Իսկ ինչպե՞ս է կատարվում համաշխարհային ցանցում ներառվելու գործընթացը: Դա միայն ցանկությա՞ն խնդիր է, թե՞ կան որոշակի նախապայմաններ, որոնք պետք է բավարարել:
-Սինեմատեկն իր պահանջներն ունի: Եթե բավարարված են դրանք, արդեն դու կարող ես համագործակցել այլ սինեմատեկների հետ: Մենք, դեռ չկայացած, արդեն ջերմ կապեր ենք ստեղծել Ամստերդամի սինեմատեկի հետ: Նպատակ ունենք ստեղծելու կապեր նաև ֆրանսիական, ամերիկյան, թուրինյան սինեմատեկների հետ: Պիտի օգտագործենք բոլոր հնարավորությունները:
-Ժամանցային ծրագրերի, տարատեսակ ձեռնարկումների մասով հետաքրքրություն ապահովելուց զատ թանգարանը ենթադրում է հիմնական ցուցադրություն: Ինչպիսի՞ն կլինի այն հայկական կինոյի թանգարանում:
-Մենք չենք ձգտում ունենալ քարացած աշխարհ՝ չփոփոխվող ցուցադրությամբ: Բայց և այնպես, կունենանք որոշակի անկյուններ, որոնցում կներկայացվեն հայ կինոյի մեծերը՝ որոշակի իրերի, հետաքրքիր ցուցանմուշների տեսքով: Կլինի ժամանակակից մոտեցումներով, լուսային, ձայնային էֆեկտներով հագեցած ցուցադրություն, որը կհամապատասխանի այսօրվա մարդու պահանջներին: Կհամագործակցենք գրականության և արվեստի թանգարանի հետ, անշուշտ: Բայց մեզ շատ չեն հետաքրքրում առարկաները, մահացած նմուշները: Մենք այլ հայեցակարգ պիտի դնենք մեր ցուցադրության մեջ:
-Յուրաքանչյուր մեծ կամ փոքր քայլ, որ արվում է կինոյի ասպարեզում, հանրությանն ակամա մղում է դեպի այն հույսը, թե դա կխթանի հայկական կինոարտադրությունը: Սինեմատեկն ի՞նչ կարող է տալ այս իմաստով:
-Այդ ասպարեզում արված յուրաքանչյուր քայլ նպաստում է կինոարտադրությանը: Բայց մեր երկրի վիճակը դեռ այն չէ, դժբախտաբար, որ կինոարտադրությունը կարողանա լուրջ արդյունքի հասնել: Խոսքս հատկապես խաղարկային ֆիլմերի մասին է, փաստագրականն ավելի լավ վիճակում է: Խաղարկային կինոն պահանջում է մեծ փողեր, ժամանակակից տեխնիկա, լուրջ հնարավորություններ: Մենք այս բաները չունենք առայժմ: Բայց եթե կարողանանք ստեղծել ազատ տնտեսական գոտի՝ կինոյի և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված, որտեղ կինո նկարելու և աշխատելու կգան աշխարհի տարբեր երկրների արտադրողներ, որը կդառնա ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած մի տեղ՝ ազատված որոշակի հարկային պարտավորություններից, ապա սա կդառնա լուրջ խթան հայկական կինոարտադրության համար: Այդպիսի գոտի կարող են դառնալ Հայֆիլմի և Վահագնի թաղամասի տարածքներն ու նրանց միջև ընկած հատվածը: Սա նոր գաղափար է, որը ծնվեց տեղացի և արտասահմանցի կինոարտադրողների հետ քննարկումների ժամանակ: Պատեհ առիթի դեպքում կինոմիությունը և կինոարտադրողները այդ գաղափարը կներկայացնեն կառավարությանը:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6221

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ