«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արարատ Միրզոյան. Եթե խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով

Արարատ Միրզոյան. Եթե խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով
20.10.2018 | 00:48

Հայաստանի առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ելույթը Վենետիկի հանձնաժողովի 116-րդ լիագումար նիստում.


«Ինչպես ձեզանից շատերը հավանաբար գիտեն, 2018-ի գարնանը մեր ժողովուրդը խաղաղ, առանց բռնության հեղափոխության միջոցով իրացրեց իշխանության իր ուղղակի իրավունքը։ Այդ օրերին Հայաստանի քաղաքացիները դուրս եկան երկրի փողոցներ և հրապարակներ՝ իրականացնելու ավելի լավ երկիր ունենալու իրենց երազանքը. երկիր, որտեղ իրապես կնյութականացվեն օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանվածության, ներառյալ ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների միջոցով կառավարություն ձևավորելու իրավունքի ապահովման, հաշվետու և թափանցիկ հանրային կառավարում ունենալու, հակակոռուպցիոն գործուն մեխանիզմներ ապահովելու և ազատ ու իրապես մրցակցային տնտեսություն ունենալու սկզբունքները:


Արդյունքում այս տարվա մայիսին երկրի խորհրդարանական խմբակցություններն աջակցեցին խաղաղ իշխանափոխությանը, և ձևավորվեց համաձայնության կառավարություն՝ փոփոխված ընտրական օրենսդրությամբ մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրություններ իրականացնելու առաջնային օրակարգով։
Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կոչված են ամփոփելու խաղաղ հեղափոխությունը և հաղթահարելու գոյություն ունեցող քաղաքական, ինստիտուցիոնալ և սահմանադրական ճգնաժամը՝ ձևավորելով իրապես ներկայացուցչական խորհրդարան, քանի որ գործող Աժ-ն, որն ընտրվել է ընդամենը մեկ տարի առաջ, չի ներկայացնում մեր ժողովրդի քաղաքական կամքն ու ընտրությունը։ Թույլ տվեք շատ հստակ արտահայտվել, որ այսօր մեր Ազգային ժողովը չի ներկայացնում գրեթե ոչ մեկին: Մեր Սահմանադրության համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու միակ ճանապարհը վարչապետի հրաժարականն է, ինչը տեղի է ունեցել մի քանի օր առաջ: Այժմ երկու շաբաթվա ընթացքում նոր վարչապետ չընտրվելու դեպքում մենք արտահերթ ընտրություններ կանցկացնենք դեկտեմբերի սկզբին:


Սակայն թույլ տվեք համառոտ ներկայացնել Ընտրական օրենսդրության բարեփոխման ուղղությամբ մեր երկում վերջին ամիսներին տեղի ունեցած զարգացումները և առաջ շարժվելու կառավարության տեսալականը։
Այսպես, մայիսին համաձայնության կառավարության ձևավորումից հետո վարչապետի որոշմամբ ձևավորվել է աշխատանքային հանձնաժողով, որը բաղկացած էր քաղաքացիական հասարակության, դիտորդական կազմակերպությունների, համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներից, իրավաբաններից, անկախ փորձագետներից և որը գլխավորելու պատիվն ունեցել եմ ես։
Մեր հանձնաժողովը բազմաթիվ արդյունավետ քննարկումներ է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական գործընկերների, ակադեմիական և մասնագիտական շրջանակների, ազգային փոքրամասնությունների, կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։


Խորհրդարանական խմբակցությունները ևս աշխատել են զուգահեռաբար և կառավարության հանձնաժողովին ներկայացրել իրենց առաջարկությունները: Կարևոր եմ համարում շեշտել, որ օրենսգրքի նախագծում հասցեագրվել են խորհրդարանական մեր գործընկերների ներկայացրած առաջարկությունների գերակշիռ մեծամասնությունը։ 3 օր առաջ կառավարությունը փոփոխությունների նախագիծն ուղարկել է Աժ։ Կառավարությունը հաստատել է բարեփոխումների հայեցակարգը՝ առանձնացնելով խնդիրները լուծումների երկարաժամկետ և կարճաժամկետ տեսանկյունից: Նախագծի փոփոխությունները հասցեագրում են միայն կարճ ժամկետում հնարավոր լուծումները՝ նկատի ունենալով, որ երկարաժամկետ բազմաթիվ լուծումները կարող են իրականացվել միայն համապատասխան սահմանադրական փոփոխություններից հետո:


Ամփոփ փորձեմ ներկայացնել, թե ինչ հիմնական հարցեր է լուծում Ընտրական օրենսգրքի մեր նախագիծը․
- Թերևս ամենահիմնական փոփոխությունն անցումն է դասական կամ պարզ համամասնական ընտրակարգի, նկատի ունենալով, որ գործող ընտրական օրենսգրքի «քվազի-համամասնական» կամ այսպես կոչված՝ «ռեյտինգային» ցուցակներն ընտրությունների արդյունքում ապացուցեցին իրենց մանիպուլյատիվ բնույթը;
- Հաջորդը, կուսակցական բազմակարծության ապահովմանը և կուսակցությունների զարգացմանը միտված փոփոխությունների խումբն է․ նախատեսվել է խորհրդարան մտնելու անցողիկ շեմի իջեցում, ընտրագրավի նվազում, նախընտրական ցուցակի ոչ կուսակցական հատվածի համար սահմանված շեմի բարձրացում, կոալիցիաների մասնակիցների թվի և ձևավորման ժամկետների ընդլայնում, ընտրությունների արդյունքում նվազագույնը 4 կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) ընտրության երաշխիքների ապահովում: Կանանց ներկայացվածության քվոտայի բարձրացում:
- Նախագծով բարելավվում է բողոքարկման համակարգը՝ իրավունք տալով կուսակցություններին, թեկնածուներին և դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներին՝ վարչական պատասխանատվության միջոցներ կիրառելու համար հայցով դիմելու դատարան, ինչը մինչ այդ արվում էր միայն ԿԸՀ միջոցով;
- Համապետական ընտրությունների ժամանակ Հանրային հեռուստատեսությամբ նախատեսվում է հեռուստաբանավեճերի կազմակերպում՝ դրանցից առնվազն մեկը նախատեսելով կուսակցությունների համամասնական ցուցակի առաջին համարների մակարդակով, ինչպես նաև անվճար հնարավորություն տալով այլ լրատվամիջոցներին վերահեռարձակելու այդ հեռուստաբանավեճերը, բացի այդ կուսակցությունների նախընտրական ծրագրերի լուսաբանման համար Էապես ավելացվում է Հայաստանի հանրային ռադիոյով և հեռուստատեսությամբ անվճար եթերաժամանակի քանակը և այլն:
Րոպեներ առաջ ավարտվել է Աժ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը և քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները միաձայն քվեարկությամբ դրական եզրակացություն են տվել Ընտրական օրենսգրքի նախագծին: Եթե Խորհրդարանն ընդունի Ընտրական օրենսգիրքը, դեկտեմբերի ընտրությունները կանցկացնենք նոր օրենսգրքով:
Մենք ընդունում ենք, որ շատերիդ համար նման քաղաքական կուրսը շտապողական կթվա, սակայն հավատացնում եմ ձեզ, որ սա այն եզակի, բացառիկ իրավիճակներից է, որ ձգձգումը հղի է առավել մեծ ռիսկերով, որոնք կապված են օր առաջ իրավունքի միջոցով ժողովրդի իշխանության վերականգնման և երկրի կայուն զարգացման հետ։ Մենք որպես կառավարություն, լիովին գիտակցում ենք այս մարտահրավերը և մեզ վրա ենք վերցնում պատասխանատվությունը:


Մեր կառավարության հիմնական առաքելությունը ժողովրդին իշխանությունը վերադարձնելու և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումն է երկրում, և այս ճանապարհին մեր ժողովուրդն ու կառավարությունն ակնկալում է միջազգային մեր գործընկերների, Եվրոպայի խորհրդի և հատկապես՝ Վենետիկի հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցություն և սերտ աշխատանք: Հավատացած եմ, որ այս հանձնաժողովում տարիներ ի վեր կուտակված իմաստնությունն ու փորձը կարող են էականորեն նպաստել իմ հայրենիքում իրավունքի զարգացման և ժողովրդավարության կառուցման գործին»:

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ