Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Զգացմունքներից և հույզերից բացի կան գաղափարներ, ծրագրեր ու նպատակներ»

«Զգացմունքներից և հույզերից բացի կան գաղափարներ, ծրագրեր ու նպատակներ»
23.10.2018 | 08:19

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ ՄՈՎՍԵՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆՆ այն տեսակետին է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու ճիշտ ժամկետն ապրիլն է, քանի որ միայն այդ ժամանակ հնարավոր կլինի հիմնավոր գաղափարներով ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն ընտրություններ իրականացնել: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց, որ չնայած վարչապետը հրաժարական է տվել ու արտահերթ խորհրդարանական ընտրությունների գործընթացն սկսված է, բայց մտածելու և այլ ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություն դեռ կա:

-Սա այն հարցը չէ, որ ինչ-որ մեկի կամ մարդկանց քմահաճույքով լուծվի,- ասաց պարոն Շահվերդյանը:- Սա երկրի, ժողովրդի ճակատագրի հետ կապված հարց է, ու պետք է հազար չափել, մեկ կտրել: Պետք է ամեն ինչ լավ մտածված ու հիմնավորված լինի, քանի որ մեր երկիրն այն վիճակում չէ , որ սխալների ու վրիպումների շռայլություն թույլ տա իրեն: Մենք այլևս նահանջելու տեղ չունենք: Ընտրությունները, այո, կարևոր ու անհրաժեշտ են մեզ համար, բայց շտապել բոլորովին պետք չէ, դեկտեմբերը ճիշտ ժամկետ չէ:
-Հավանականությունը մեծ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կլինի նույն պատկերը, ինչ եղավ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ: Ստացվում է՝ միակուսակցական համակարգից այդպես էլ չե՞նք ձերբազատվում:
-Մենք ապրել ենք խորհրդային միակուսակցական համակարգի պայմաններում, երբ բազմակուսակցականության մասին խոսելը կամ մտածելն ավելորդ էր, փաստորեն այդ մտածողությունը, այդ հոգեբանությունը մինչև այսօր շարունակվում է: Կոմունիստներին փոխարինեց ՀՀՇ-ն՝ իր միանձնյա կառավարմամբ, ՀՀՇ-ին՝ «Հանրապետականը», և այսօր էլ, փաստորեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փոխարինում է ՀՀԿ-ին:
Ապրիլին սկսված գործընթացների ժամանակ, որ հեղափոխություն են անվանում, ու ինչի հետ ես համամիտ չեմ, քանի որ դա ոչ թե հեղափոխություն, այլ հզոր համաժողովրդական շարժում էր, մենք նույնպես ակտիվ մասնակցություն ենք ունեցել՝ նպաստելով, որ գործընթացն իր վերջնանպատակին հասնի: Եվ այժմ օգտագործել պահն ու մեկ իշխանության կուսակցությունը փոխարինել մեկ ուրիշ կուսակցության իշխանությամբ, դա միանգամայն անընդունելի է, լուրջ խնդիրների ու բարդությունների առաջ է կանգնեցնելու: Որոշակի ժամանակ է պետք, որ անցնի այս հուզական պահը, և ընտրողներն ընտրություն կատարեն գիտակցաբար:
-Նիկոլ Փաշինյանն ասում է՝ հուզական պահը, հնարավոր է, երբեք էլ չանցնի, ի՞նչ է, չգնա՞նք ընտրությունների: Մյուս կողմից էլ, Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքները լավագույն ապացույցն էին էյֆորիայի ազդեցության ներքո կազմակերպված ընտրությունների:
-Առհասարակ որևէ մեկի խոսքը չպետք է որպես Աստծո պատվիրան ընդունել, ու ճիշտ են մտահոգությունները, որ պատմությունը կարող է կրկնվել, որովհետև անկախության համար սկսված համազգային շարժումից հետո անմիջապես առաջին պլան եկավ ո՛չ թե ժողովրդավարության, ո՛չ թե պետության, այլ կոնկրետ իշխանության խնդիրը: Այնպիսի իշխանության, որը պետք է ոչ թե պետական ու համազգային խնդիրներ լուծեր, այլ իշխանության տերերի բարեկեցությունն ապահովելու միջոց դառնար: Այդ հոգեբանությունն առայսօր պահպանվում է, դրա համար էլ ժողովրդի մտահոգություն ու վախը՝ ի՞նչ սպասել իշխանություններից, տեղին է: Ապրիլին սկիզբ առած շարժումը հույսեր առաջացրեց մարդկանց մեջ, որ որակական փոփոխություններ կլինեն, ինչից էլ բխում է այդ էմոցիոնալ վերաբերմունքը Փաշինյանի ու նրա թիմի նկատմամբ: Լավ է, որ կան դրական հույզեր ու սպասելիքներ, բայց պետք է սթափ գնահատել ստեղծված իրավիճակն ու հասկանալ, որ մեր սխալները եղել են ոչ թե մեր ներկայի կամ անցյալի, այլ ներկայի մեջ:
Ինչ վերաբերում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, ապա նորմալ հասարակությունում այդպիսի պատկեր չի լինում: Ժողովրդավարության հարգն իմացող ու ժողովրդավարական ավանդույթներ ունեցող եվրոպական որևէ երկրում հաղթող ուժը 50 տոկոսից ավելի ձայն չի ստանում ընտրություններում: Իհարկե, եթե իսկապես նորմալ ու հիմնավոր ընտրություններ լինեն, ու «Քաղաքացիական պայմանագիրը» ձայների բացարձակ մեծամասնությունն ստանա, ես կշնորհավորեմ, բայց այսօր այդ վիճակն ու մթնոլորտը չկան: Իսկ ո՞վ ասաց, որ ժողովուրդը միայն նրանց գաղափարների կարիքն ունի, մարդիկ գուցե այլ ուժերի նույնպես ցանկանում են լսել, վստահել:
-Բայց հասարակությունը գաղափարական ընտրության պատրա՞ստ է:
-Ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանում անկախությունից ի վեր գաղափարական ընտրություն չի եղել, ինչի մեղավորը բնավ էլ ժողովուրդը չէ: Իշխանություններն ու ընտրություն կազմակերպողները պատրաստ չեն գաղափարական ընտրության, դա նրանց ձեռնտու չէ, որովհետև պետության ղեկի մոտ կանգնածները հանդես են գալիս միայն իշխանությունը պահպանողի դիրքերից: Ես նաև այդ պատճառով եմ ասում, որ որոշակի ժամանակ էր պետք, որպեսզի ժողովուրդն ադապտացվեր իրավիճակին ու հասկանար՝ զգացմունքներից ու հույզերից բացի այս աշխարհում կան նաև գաղափարներ, ծրագրեր, նպատակներ, ճանապարհներ, որոնք կուսակցությունները պատրաստ են ցույց տալու:
-Նոր իշխանությունները ձեռք բերված հաղթանակը կարծես կիսել չեն ցանկանում, ամենափոքր գյուղում անգամ փորձում են իրենց համախոհին դարձնել համայնքապետ: Ինչի՞ կարող է հանգեցնել այս երևույթը:
-Նախկին իշխանություններին հեռացնելու համար բոլորս ենք պայքարել, բայց հիմա ստեղծվել է այլ իրավիճակ, երբ իշխանության ներկայացուցիչներն ագրեսիվությամբ հարձակվում են նաև այն մարդկանց վրա, որոնք ոչ միայն ներկայացված չեն եղել հին իշխանության կազմում, այլև ներկաներից առավել երկար ու ակտիվ պայքար են մղել նախորդների դեմ: Հիմա ժողովրդին ասել, թե միակ ուժը մենք ենք, միայն մենք կարող ենք ձեր հարցերը լուծել, ճիշտ չէ: Իսկ ո՞վ է ասել, որ միայն դուք կարող եք լուծել: Իսկ եթե դուք չլուծեք, ու հանրապետությունն ավելի վատ վիճակի մեջ ընկնի, պատասխանատվություն վերցնելու՞ եք ձեզ վրա: Այդ պարագայում ձեզ հետ ամենադաժան ձևով կվարվեն և ոչ թե սիրո ու հանդուրժողականության, այլ շատ ավելի խիստ մթնոլորտում կդատեն:
-Կառավարության 5 ամսվա աշխատանքին ի՞նչ գնահատական կտաք:
-Նոր կառավարության պոզիտիվն ու նեգատիվն իրար զուգահեռ են ընթանում: Պոզիտիվն արտահայտվում է բացասական երևույթների դեմ պայքարով, հինը փոխելու ձգտումով, իսկ նեգատիվն այն է, որ մինչև հիմա որևէ հարցի շուրջ՝ տնտեսություն, սոցիալական հարցեր, Արցախյան հիմնախնդիր, արտաքին ու մշակութային քաղաքականություն, հիմնավոր առաջարկ, ճանապարհային քարտեզ ու տեսլական չի ներկայացվել:
-Եթե արտահերթ ընտրությունները, այնուամենայնիվ, տեղի ունենան դեկտեմբերին, ի՞նչ մասնակցություն կունենաք:
-Մենք, իհարկե, տրամադրված ենք մասնակցության՝ դաշինքով լինի, թե մեր կուսակցությամբ առանձին: Միշտ էլ ընտրություններին մասնակցություն ունեցել ենք, չենք լռել: Ցանկալի կլիներ գաղափարապես մեզ մոտ կամ հարազատ ուժերի հետ ներկայանալ ժողովրդին, բայց առայժմ որևէ հստակ բան չեմ կարող ասել հնարավոր համագործակցության մասին, որովհետև քննարկումներ դեռևս չեն եղել:

Զրույցը՝ Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3021

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ