Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Պետք է մշակենք պետական արդիականացման ռազմավարություն»

«Պետք է մշակենք պետական արդիականացման ռազմավարություն»
26.10.2018 | 02:03

«Իշխանափոխությունից հետո ՀՀ արտաքին քաղաքականության իրականացման համատեքստում Հայաստանում վերջ դրվեց հին մոտեցումներին, սակայն, միևնույն ժամանակ դեռ չեն ձևավորվել նորերը»,- մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։- «Առկա են բազմաթիվ հարցեր, որոնց լուծումները պետք է արտացոլվեն արտաքին քաղաքականության իրականացման համատեքստում։ Այժմ մենք ունենք համակարգն ամբողջությամբ կերպափոխելու խնդիր։ Եվ դա պետք է արվի ոչ միայն կադրերի փոփոխությամբ, որոնք կգան ու կընկնեն նոր հորձանուտի մեջ ու կշարունակեն վարչարարական թղթաբանությունը, այլև անհրաժեշտ է հիմնովին վերանայել ամբողջ համակարգը։ Մենք պետք է մշակենք պետական արդիականացման ռազմավարություն, որից պետք է ածանցյալ լինի բոլոր ուղղությունները եզրագծող արտաքին քաղաքականության ռազմավարությունը»։

Քաղաքագետը նաև նկատեց, որ մենք ունենք Հայաստանները հաշտեցնելու խնդիր. «Հայաստանի երկրորդ հանրապետությունն ամբողջովին մերժել է առաջին հանրապետությունը։ Երրորդը հիմնովին մերժել է երկրորդ հանրապետությունը։ Էվոլյուցիոն զարգացում տեղի չի ունեցել։ Մենք պետք է գտնենք այն առանցքը, որի շուրջ պետք է կարողանանք արդիականանալ։ Արտաքին քաղաքականության իրականացման ինստիտուտները դիտարկելիս կարող ենք նկատել, որ մեծ մասամբ ընկղմված ենք միայն որոշակի փաստաթղթաշրջանառության մեջ, իրական ծրագրեր, սակայն, որևէ մակարդակում արդեն բավական երկար ժամանակ չեն իրականացվում»։


Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ արտաքին քաղաքականության համատեքստում պետք է վերանայվի Սփյուռքի դերը։ Սփյուռքը պետք է ինստիտուցիոնալացվի. «Մինչ այժմ սփյուռքի համախմբման առանցք է ընտրվել Ցեղասպանության գաղափարը։ Ժամանակը ցույց է տվել, որ դա այնքան էլ արդիական չէ։ Ասվածը չի նշանակում, թե Ցեղասպանության գործոնը երկրորդական պլան պետք է մղվի, սակայն անթույլատրելի է զոհի կերպարով կամ դրա շուրջ իրականացնել արտաքին քաղաքականությունը։ Սա պետք է վերափոխվի ինստիտուցիոնալ մակարդակում, դրվի արդիական Հայաստանի գաղափարը, որի շուրջ կհամախմբվեն և՛ ներքին, և՛ արտաքին ռեսուրսները, սրանից նաև կածանցվեն մեր հարաբերություններն այլ պետությունների հետ։ Երբևիցե որևէ պետություն պատմական անցյալի կամ բարիդրացիական հարաբերությունների համար ոչ մի պետության հետ չի հարաբերվում։ Մենք սա շատ լավ պետք է գիտակցենք»։


Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ ՀՀ նոր իշխանության արտաքին քաղաքականության փոփոխությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է, քանի որ, ինչպես ՀՀ ներկայիս ղեկավարներն են նշում, իշխանությունը պետք է ինստիտուցիոնալացվի, նոր միայն խոսվի զարգացումների մասին։ Խոսքը խորհրդարանական ընտրությունների մասին է։ Խոսվում է, որ հիմնովին պետք է փոխվի կառավարության կազմը, սակայն հիմնովին փոխելը շատ քիչ է։ Պետք է վերանայվի քաղաքականության իրականացման տրամաբանությունը։ Եթե նախկինում շատ էինք մատնանշում, որ քաղաքականության մեջ կա մենաշնորհ, այժմ քաղաքականությունն ազատականացվել է։ Սակայն այդ ազատականացումը շատ դեպքերում շփոթում են ժողովրդավարացման հետ։ Ազատականացումը պետություն-քաղաքացիական հասարակություն հարաբերությունների որոշակի ձև է, ժողովրդավարությունը ենթադրում է քաղաքական հասարակություն, որտեղ քաղաքական դաշտում որևէ սահմանափակում չկա, կա սոցիալական շարժունակություն, սոցիալական պատասխանատվությունը մեծանում է։ Ազատականությունը դեռ չի նշանակում, թե ժողովրդավարություն ենք ապահովում։ Քաղաքական զարգացման համար կա 5 հիմնական գործոն՝ լեգիտիմություն, բաշխման ճգնաժամ, ինքնության ճգնաժամ, սոցիալական շարժունակության ճգնաժամ և մասնակցության ճգնաժամ։ Լեգիտիմությունից բացի, մյուս բոլոր մակարդակներում մենք այսօր ունենք խնդիրներ, և եթե մյուս չորս խնդիրները ժամանակի ընթացքում չլուծվեն, լեգիտիմությունը կդառնա ամենամեծ ճգնաժամը։ Այս պարագայում լեգիտիմությունը տրանսֆորմացվելու է, և այս ամենը շատ արագ դառնալու է ոչ լեգիտիմ։


Սուրեն Պետրոսյանի համոզմամբ` խորհրդարանական ընտրություններից հետո շատ կարճ ժամանակում՝ մեկ-երկու ամիս անց, մենք կհասկանանք՝ արդյոք փոխվու՞մ է պետական համակարգի գործունեության տրամաբանությունը, իրականացվու՞մ է բազմամակարդակ համագործակցություն, թե՞ խոսքը միայն կադրային փոփոխությունների մասին է. «Աշխարհի ոչ մի զարգացած երկրում արտաքին կամ ներքին քաղաքականությունը չի իրականացվում միայն պետական ապարատի կողմից։ Վերջնական որոշումը իհարկե պետական ապարատն է կայացնում, սակայն նրանք բազում գիտահետազոտական ինստիտուտների, քաղաքացիական հասարակության հետ են աշխատում։ Խորհրդարանական ընտրություններից հետո ազատականության դեպքում կմեծանա մասնակցությունը, ինչը նույնպես պետք է ինստիտուցիոնալացվի ու տարվի համախմբման։ Լավ, հայրենանվեր իշխանություն ունենալը շատ քիչ է, որպեսզի կարողանանք արդիականացվել։ Հինը ավարտվել է, բայց նորը դեռ չի սկսվել։


Մենք պետք է կարողանանք օգտագործել մեր ամբողջ ներուժը։ Արտաքին քաղաքականությունը միայն դրսում իրականացվող գործոն չէ։ Այն իրականացվում է պետության անվտանգությունը, զարգացումն ապահովելու համար։ Մենք պետք է ապահովենք պետության ներքին, արտաքին անվտանգությունն ու զարգացումը»։


Պատրաստեց
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 12786

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ