ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

«Բարոյականություն չունեցող նախագահը չի կարող հանդես գալ ամերիկյան հասարակության բարոյական առաջնորդի դերում»

«Բարոյականություն չունեցող նախագահը չի կարող հանդես գալ ամերիկյան հասարակության բարոյական առաջնորդի դերում»
23.11.2018 | 02:13

ԱՄՆ-ի նախագահի տեղակալ Մայք Փենսն անցյալ ամիս հայտարարել է՝ Չինաստանը ձգտում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ընտրությունների հաջորդ շրջանում պարտություն կրի:
Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության հետևանքով ԱՄՆ-ն աշխարհում գնալով մեկուսանում է: Դարձյալ հոկտեմբերին Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հերթական անգամ զգուշացրել է միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի նախագահի քաղաքականության բացասական հետևանքների կապակցությամբ:


«ԱՄՆ-ի վարած քաղաքականության և նախագահ Դոնալդ Թրամփի քայլերի պատճառով միջազգային համակարգը հայտնվել է փլուզման եզրին»,- ասել է Հեյկո Մաասը և, որպես հիշյալ համակարգի ոչնչացման վտանգի փաստարկ, ներկայացրել է միջազգային համաձայնագրերից ԱՄՆ-ի հրաժարվելը:
Շատ ավելի խիստ հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը: Նա նոյեմբերի 10-ին դոլարն աշխարհում ԱՄՆ-ի միակ դաշնակիցն է համարել և ընդգծել. «Վաշինգտոնն այս պահին կառչել է իր միակ դաշնակցի օգնությունից»: Ժնևում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջխորհրդարանական միության համակարգող նիստում Թուրքիայի վարչապետը, ըստ «Մեհր» լրատվական գործակալության, ասել է. «ԱՄՆ-ը դոլարը որպես զենք է օգտագործում»:
ԱՄՆ-ը միջազգային ֆինանսական համակարգի, ընկերությունների ու բանկերի՝ դոլարից ունեցած կախվածությունը լծակ է ծառայեցնում այլ երկրներին պարտադրելու, որ հետևեն իր ցանկություններին: Դա, բնականաբար, արժանացել է միջազգային լայն քննադատության:
Ամերիկյան «Pew Research Centre» հետազոտական կենտրոնն աշխարհի 25 երկրում ամենամյա սոցհարցումների ամփոփման արդյունքում անցյալ ամիս պարզել է, որ աշխարհի ժողովուրդների մոտ 70 տոկոսը չի վստահում Դոնալդ Թրամփի վարած քաղաքականությանը: Այս առումով նա, աշխարհի մյուս երկրների ղեկավարների համեմատ, առաջին տեղում է:
«Pew Research Centre»-ը հայտարարել է. «ԱՄՆ-ի նախկին կառավարությունների համեմատությամբ, Թրամփի նկատմամբ անվստահությունը գերազանցում է թե՛ աշխարհի մասշտաբով, թե՛ շատ երկրներում, որտեղ սոցհարցում է անցկացվել»:


ԱՄՆ-ի ամենասերտ դաշնակիցներից մեկի՝ Մեծ Բրիտանիայի «Economist» պարբերականը հոկտեմբերի 28-ին, քննադատելով կառավարման հարցում ԱՄՆ-ի նախագահի որդեգրած ուղղությունը, գրել է. «Բարոյականություն չունեցող նախագահը չի կարող հանդես գալ ամերիկյան հասարակության բարոյական առաջնորդի դերում»:
«Դոնալդ Թրամփի նախագահությունն ԱՄՆ-ում սրել է բռնությունները, ժամանակակից քաղաքականության աշխարհում որևէ գործիչ նրա չափ ատելի չի եղել»,- գրել է «Economist»-ը:
Միացյալ Նահանգների տարբեր վայրերում հրաձգությունների պատճառով մարդկանց սպանվելն ու վիրավորվելը, ԱՄՆ-ի ստորագրած, վավերացրած միջազգային պայմանագրերի հանդեպ Դոնալդ Թրամփի անհավատարմությունը, նրա ագրեսիվ հռետորաբանությունն ու գործելաոճը, որոշ դեպքերում նույնիսկ վիրավորական հրամանագրերը, հայտարարություններն ու պահվածքը, Թրամփի քաղաքականության հետևանքով աշխարհում խաղաղության և անվտանգության նկատմամբ առաջացած սպառնալիքները սրել են ԱՄՆ-ի ներկա իշխանությունների հանդեպ քննադատություններն ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ գրեթե ողջ աշխարհում:


ԱՄՆ-ի նախագահի միահեծան քաղաքականության և բազմակողմ համագործակցության նկատմամբ նրա հակառակության քննադատությամբ է հանդես եկել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Համագործակցության բացակայությունն ու համերաշխության հանդեպ հակում չցուցաբերելը կարող են վտանգավոր հետևանքներ ունենալ,- «Ասոշիեյթեդ պրես»-ի հաղորդման համաձայն, նոյեմբերի 11-ին ասել է Մերկելը և հավելել.- չպետք է աշխարհում ավելի շատ պատերազմների շարունակման ականատես լինել»:
Համաձայն 25 երկրում անցկացված սացհարցումների, այդ երկրներում բնակվող մարդիկ բացասական կարծիք են հայտնել ԱՄՆ-ի վերաբերյալ: Ամերիկյան Pew ինստիտուտի սոցհարցումները պարզել են, որ Գերմանիայում բնակվողների 70 տոկոսը, ֆրանսիացիների 62 տոկոսը և կանադացիների 61 տոկոսը բացասաբար են վերաբերվում Միացյալ Նահանգներին, այդ երկիրը համարում ամենաչսիրված երկրներից մեկը: Մեքսիկացիների 68 տոկոսը նույնպես բացասական է տրամադրված ԱՄՆ-ի նկատմամբ:


Pew ինստիտուտի անցկացրած սոցհարցումների արդյունքներից պարզ է դառնում նաև, որ 2017 թվականից ի վեր, Թրամփի նախագահ ընտրվելուց հետո աշխարհում ԱՄՆ-ի վարկանիշը նվազել է: Աշխարհի 25 երկրներում անցկացված սոցհարցումների արդյունքի համաձայն, Դոնալդ Թրամփն անվստահելի նախագահ է:
Թրամփին ատում, նրա դեմ հանդես գալիս, նրան խստորեն քննադատում են ոչ միայն ԱՄՆ-ի սահմաններից դուրս, այլև հենց ԱՄՆ-ում: Անցած ամիս անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ ամերիկացիների մեծամասնությունը (57 տոկոս) դժգոհ է նախագահ Թրամփի գործելակերպից: Կանանց շրջանում այդ դժգոհությունն ավելի մեծ է՝ 61 տոկոս: Այս մասին տեղեկացրել է CNN լրատվական գործակալությունը: Ավելին. CNN-ի քաղաքական տեսաբան Աննա Նավարոն նշված հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ի նախագահի ներգաղթային քաղաքականության քննարկման ժամանակ հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «ռասիստական խոզ» է:


CNN-ի քաղաքական տեսաբանի ասածը դեռ «ոչինչ», բայց երբ ԱՄՆ-ի հետախուզության դաշնային բյուրոյի նախկին ղեկավար Ջեյմս Կոմին է հայտարարել, որ «ԱՄՆ-ի նախագահը և հանրապետական կուսակցությունը ոչնչացրել են այս երկիրը», առավել հասկանալի է դառնում, որ Թրամփն անցել է անթույլատրելիի սահմանագիծը:
Ըստ ամերիկյան «Newsweek» պարբերականի, Ջեյմս Կոմին «Twitter»-ի իր էջում հոկտեմբերի 20-ին գրել է. «ԱՄՆ-ը պետք է այնպիսի ժողովրդավարություն ունենա, որը կհարգի ճշմարտությունը, բայց նախագահ Դոնալդ Թրամփը և հանրապետական կուսակցությունը ոչ միայն չեն հարգում այս սկզբունքը, այլև ոչնչացրել են երկիրը»:
Իր հերթին, Թրամփին ամերիկյան արժեքների ոչնչացման մեջ է մեղադրել ԱՄՆ-ի նախագահի նախկին տեղակալ Ջո Բայդենը: ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ջո Բայդենն անցյալ ամիս ասել է. «ԱՄՆ-ը կռվում է հանուն Թրամփի ոչնչացրած իր ինքնության վերականգնման»: Նա հայտարարել է նաև, որ «ԱՄՆ-ի հասարակության մեծ հատվածը բողոքում է Սպիտակ տան քաղաքականության դեմ», և որ «ԱՄՆ-ի ժողովուրդն իր ինքնությունը կորցնելու պատճառով մոլորված վիճակում է»:


ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Նենսի Փելոսին Դոնալդ Թրամփին մեղադրել է խաբեբայության և այդ երկրի քաղաքացիներին սխալ տեղեկություններ փոխանցելու մեջ: Թրամփին խստորեն քննադատել է նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը: «ԱՄՆ-ի ժողովրդի շահերը նկատի առնելու փոխարեն, Թրամփը երկրի հարցերում գնում է իր շահերի հետևից»,- ասել է Փաուելը:
Ըստ «Հաֆինգտոն Փոստ» օրաթերթի ս. թ. հոկտեմբերի 8-ի հրապարակման, Քոլին Փաուելը, քննադատելով աշխարհի ղեկավարներին ուղղված Դոնալդ Թրամփի վիրավորանքները, նրան քննադատել է նաև ԶԼՄ-ները ժողովրդի թշնամի կոչելու համար: Փաուելը միգրանտ երեխաներին իրենց մայրերից բաժանելու Թրամփի վարչակազմի քայլը զազրելի արարք է համարել և զգուշացրել, որ աշխարհը հետևում է միգրանտների կապակցությամբ ԱՄՆ-ի քաղաքականությանը:


Նոյեմբերի 7-ին Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսում Թրամփը վիրավորական խոսքեր է ուղղել CNN-ի թղթակից Ջիմ Ակուստային, ինչից հետո ամերիկացի պաշտոնյաները չեղարկել են Սպիտակ տանը լրագրողի ներկայության արտոնությունը:
ԱՄՆ-ի մի շարք ԶԼՄ-ներ, այս ամսվա կեսերին միանալով CNN-ի թղթակցին հովանավորելու արշավին, պատրաստակամություն են հայտնել դիմակայելու լրագրողների դեմ Թրամփի քայլերին: Խոսքն այնպիսի առաջատար լրատվամիջոցների մասին է, ինչպիսիք են «Fox News»-ը, «Associated Press»-ը, «Bloomberg»-ը, «NBC News»-ը և «New York Times»-ը, որոնք, իրենց աջակցությունը հայտնելով CNN-ին, ընդգծել են՝ լրագրողները Սպիտակ տանը պետք է ապահով լինեն:
CNN լրատվական գործակալության ԱՄՆ-ում անցկացրած վերջին սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 58 տոկոսը դժգոհ է իր նախագահի գործելակերպից: CNN հեռուստաալիքն ԱՄՆ-ի միջանկյալ ընտրությունների մեկնարկից ժամեր առաջ Դոնալդ Թրամփին ներկայացրել է որպես ԱՄՆ-ի ամենաչսիրված նախագահի՝ Էյզենհաուերի ժամանակաշրջանից ի վեր: Ըստ CNN-ի սոցհարցման մյուս արդյունքի, ամեն 10 ամերիկացուց 8-ը համոզված է, որ ԱՄՆ-ը, անցած տարիների համեմատությամբ, տարբեր հարցերի շուրջ հայտնվել է տարաձայնությունների առջև, և երկրում ճեղքվածք է առաջացել:
Անցյալ ամիս քննադատելով Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունից (ՀԳՀԾ-ից) միակողմանիորեն հրաժարվելու ԱՄՆ-ի նախագահի որոշումը, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին «Twitter»-ում գրել է.
«Թրամփի որոշումը վտանգավոր է, այն միջազգային ճգնաժամ է ստեղծում։ Այն վտանգի է ենթարկում անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների շահերը»:
Քերին այդ որոշումն անվանել է «նախագահի կողմից փաստերից հրաժարում՝ ի շահ սեփական գաղափարախոսության»։


ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարը, որը մասնակցել է Իրանի հետ միջուկային գործարքին, հայտարարել է, որ չի հասկանում, թե Թրամփն ինչու չի կարողանում ընդունել Թեհրանի կողմից միջուկային համաձայնագրի կետերի պահպանումը, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը, ԱՄՆ-ի դաշնակիցներն ու Թրամփի վարչակազմի անդամներն այդպես են համարում։
«Սակայն պատճառն ինչ էլ լինի, իրականությունն այն է, որ խախտելով համաձայնագրի կայունությունը, նախագահը թուլացնում է մեր դիրքերը, հեռացնում դաշնակիցներից, բարդացնում ԿԺԴՀ-ի շուրջ ճգնաժամի կարգավորումը և մոտեցնում մեզ ռազմական կոնֆլիկտի»,- գրել է Քերին:


Բրիտանական «Գարդիան» օրաթերթի տեղեկացմամբ, Բրիտանիա այցելած ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, օրերս քննադատելով Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, ասել է. «ԱՄՆ-ը չի կարող հանդուրժել մանկական ու կոպիտ վարքագծով նախագահին»:
ԱՄՆ-ի ժողովրդի ու քաղաքական գործիչների մեծ մասը Թրամփին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին արժանի անձ չի համարում:
Անցյալ ամիս Վաշինգտոնում՝ Պենտագոնի մերձակայքում կազմակերպված հանրահավաքին մասնակցած հարյուրավոր ամերիկացիներ բողոքել են աշխարհում ԱՄՆ-ի ռազմամոլական և ագրեսիվ քաղաքականության, երկրի ռազմական բյուջեի շարունակական ավելացման դեմ: Նրանք պահանջել են այլ երկրներից հետ կանչել ամերիկացի զինվորականներին, փակել այլ երկրներում ԱՄՆ-ի ռազմաբազաները:


ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությանն իրենց հակառակությունը հայտնելու նպատակով, հազարավոր ամերիկացիներ մոտ երկու շաբաթ առաջ մասնակցել են Վաշինգտոնում և Նյու Յորքում կազմակերպված բողոքի միջոցառումներին: «Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդման համաձայն, բողոքարարները պահանջել են իշխանությունից Թրամփի հեռացումը և սպառնացել, որ նրա քայլերի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպելու տարբեր քաղաքներում:


Ավելին, Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում, սինագոգի մերձակայքում վերջերս տեղի ունեցած հարձակումից հետո, հիշյալ քաղաքի հազարավոր բնակիչներ մասնակցել են այդ երկրի նախագահի դեմ կազմակերպված երթին: Ցուցարարները հանդես են եկել «Ատելության նախագահ», «Հեռացիր այս նահանգից» կարգախոսները կրող պաստառներով:
Հեղինակավոր «Պյու» հետազոտական կենտրոնի վերջերս իրականացրած սոցհարցումների համաձայն, ամերիկացի կանանց մեծ մասն ատում է իր երկրի նախագահին:
Դոնալդ Թրամփը մեղադրվում է նաև սեռական ոտնձգությունների և հարկերից խուսափելու, ֆինանսական չարաշահումների մեջ: Թրամփը, սակայն, աշխարհում իր նկատմամբ ատելության աճը բացատրել է միայն հակամիգրացիոն քաղաքականությամբ:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 4202

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ