Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փաշինյանի արտահայտությունները պարունակում են և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն»

«Փաշինյանի արտահայտությունները պարունակում  են և՛ վիրավորանք, և՛ զրպարտություն»
25.12.2018 | 00:30

Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական գործով մեր հանրությանը հիմնականում քրեական գործի հետ կապված մանրամասներն են հայտնի, դրանք այս կամ այն չափով լուսաբանվել են հայաստանյան ԶԼՄ-ներում: Սակայն հայտնի է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքացիական հայցով դիմել է դատարան, ընդ որում, դիմել է հենց հանրապետության ներկայիս վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի դեմ: Այս կապակցությամբ է ստորև ներկայացվող հարցազրույցը փաստաբան, Ռոբերտ Քոչարյանի պաշտպան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ:

-Խնդրում ենք մանրամասնել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված Ռոբերտ Քոչարյանի հայցի էությունը, ինչո՞ւ է պարոն Քոչարյանը ստիպված եղել դիմելու դատարան:
-Պատճառն այն էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն թույլ էր տվել հրապարակային այնպիսի հայտարարություններ, որոնցով կոպիտ կերպով խախտվում է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը: Այդ արտահայտությունները պարունակում են և վիրավորանք, և զրպարտություն: Այդ պատճառով Ռոբերտ Քոչարյանը որոշեց դիմել դատարան, պահանջեց, որպեսզի դատարանը պարտավորեցնի Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել այդ արտահայտությունների համար:
-Կմասնավորեցնե՞ք, թե որ արտահայտությունների, ի՞նչ է ասել պարոն Փաշինյանը հրապարակայնորեն, որ առիթ է եղել դատարան հայց ներկայացնելու համար:
-Գուցե բառացի չասեմ, բայց նրա արտահայտության իմաստը հետևյալն է՝ ո՞վ ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է, այսինքն՝ կարելի է 10 հոգու սպանություն կազմակերպել և հետո ասել, որ անձեռնմխելի՞ եմ, որտե՞ղ է այդպիսի բան գրված… Եթե շեղվել եմ բնագրից, երևի մի բառ այս կողմ կամ այն կողմ, բայց իմաստը սա է, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն հայտարարել է, որ Ռոբերտ Քոչարյանը կազմակերպել է տասը հոգու սպանություն, էլ չեմ ասում, որ այդպիսի արտահայտություն անձի նկատմամբ կարելի է կատարել միայն այն դեպքում, եթե անձն արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճռով մեղավոր է ճանաչված 10 հոգու սպանությունը կազմակերպելու մեջ:
Ավելին ասեմ, այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ այդպիսի մեղադրանք չկա առաջադրված, սակայն Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի դրությամբ իրեն թույլ է տվել հրապարակայնորեն այդպիսի արտահայտություններ անել: Սա անմեղության կանխավարկածի բացահայտ, կոպիտ խախտում է: Սա անմեղության կանխավարկածի ինստիտուտի նկատմամբ պարզապես ծաղրական մոտեցում է, երբ դատավճիռ չունենալով և անգամ այդպիսի մեղադրանք չունենալով, անձի վերաբերյալ արվել է այսպիսի հայտարարություն, ընդ որում, անողն էլ ո՞վ է, անողն էլ այդ պահին հանրապետության ղեկավարն է: Մի ղեկավար, որին այդ պահի դրությամբ ժողովրդի, ասենք, գերակշիռ մեծամասնությունը հավատում է: ՈՒրիշ բան՝ դա ասեր մեկը, ում կարծիքն առանձնապես հեղինակավոր չէ, բայց պրոբլեմը հարյուրապատկվում է, եթե դա ասում է մեկը, ում կարծիքն այդ պահին մեծ հեղինակություն ունի, և, բացի այդ, մեկը, ով ռեալ լծակներ ունի գործը քննող մարմինների նկատմամբ:
Ես հիշեցնեմ հարգարժան Նիկոլ Փաշինյանին, որ երբ իր վերաբերյալ քրեական գործ էր քննվում, իշխանություններից որևէ մեկն իրեն թույլ չէր տալիս այսպիսի հայտարարություններով հանդես գալ, այն իշխանություններից, որոնցից ոչ ինքն էր առանձնապես գոհ, ոչ էլ մենք: Բայց նույնիսկ այդ իշխանություններն իրենց թույլ չէին տալիս Նիկոլ Փաշինյանի գործի քննության ժամանակ այսպիսի հայտարարություններ անել:
-Այսինքն՝ խախտե՞լ անմեղության կանխավարկածը բացահայտորեն:
-Այո, այն էլ՝ այս մակարդակով: Դուք երևի հիշում եք՝ Սերժ Սարգսյանը միջազգային ինչ-որ մի իրադարձության ժամանակ հանդիպում ունեցավ հայ համայնքի ներկայացուցիչների հետ, և իր խոսքի մեջ մի արտահայտություն արեց, որը Շանթ Հարությունյանի անմեղության կանխավարկածը փոքր-ինչ դնում էր կասկածի տակ: Եվ հետո ի՞նչ առաջացավ, ինչ բուռն արձագանք…
-Սկանդա՞լ:
-Իհարկե, հենց այդպես էլ պետք է լինի իրականում, իհարկե, այդպես պետք է լինի: Չի կարող երկրի ղեկավարը հրապարակային հայտարարություններ անել, առանց իրեն հաշիվ տալու, թե դա ինչ հետևանքներ կարող է ունենալ: Դրա համար պարոն Քոչարյանը որոշեց հայց ներկայացնել պարոն Փաշինյանի դեմ, ինչը և արվեց, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի 17-ին հայցը մուտքագրվեց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
Նկատի ունենալով, որ պարոն Փաշինյանը, առհասարակ, հաճախ է հրապարակային հայտարարություններ անում, և իր հրապարակային հայտարարությունների մի զգալի մասը վերաբերում են, մասնավորապես, պարոն Քոչարյանին, որպեսզի այս գործի քննության ընթացքում էլ ավելի չշատանան անմեղության կանխավարկածի հնարավոր խախտումները, մենք միջնորդեցինք, որպեսզի մինչև այս գործի քննության ավարտը ձեռնարկվի հայցի ապահովման միջոց, այսինքն՝ դատարանը ժամանակավորապես արգելի Նիկոլ Փաշինյանին շարունակել մեկնաբանել պարոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը, որովհետև, ինչպես տեսնում ենք, այդ քրեական գործի վերաբերյալ պարոն Փաշինյանի մեկնաբանությունները որոշակի յուրահատկություններ ունեն, այսինքն՝ ուղիղ միտված են խախտելու անմեղության կանխավարկածը: Սա նկատի ունենալով, մենք դատարան ներկայացրինք միջնորդություն՝ ժամանակավորապես արգելել պարոն Փաշինյանին ընդհանրապես մեկնաբանել պարոն Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը, որպեսզի զուտ այնպիսի խնդիր չառաջանա, որ նրա կողմից նմանաբնույթ նորանոր հայտարարություններ արվեն, հետո մենք նորանոր հայցեր ներկայացնենք, ու սա լինի մի անվերջ գործընթաց:
Առաջին ատյանի դատարանի որոշմամբ մեր միջնորդությունը մերժվեց։ Պետք է այստեղ հստակություն մտցնել. ոչ թե հայցը մերժվեց, այլ նշածս միջնորդությունը, իսկ հայցի քննությունը մինչ այս պահը նույնիսկ չի էլ սկսվել: ՈՒղղակի հայցի ապահովման միջոց կիրառելու այդ միջնորդությունը մերժվեց:
-Ի՞նչ պատճառաբանություններով:
-Պատճառաբանությունն այն էր, որ դատարանը չի կարող թույլ տալ խոսքի ազատության սահմանափակում, այսինքն՝ դատարանը չի կարող պարոն Փաշինյանի խոսքի ազատությունը սահմանափակել այն աստիճանի, որ իրեն արգելվի առհասարակ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործը: Այստեղ դատարանը համաչափության սկզբունքը վերլուծեց՝ այն միջոցը, որը ենթադրվում է կիրառել, այսինքն՝ խոսքի ազատության սահմանափակումը, և այն հանրային շահը, որից ելնելով, առաջարկվում է այդ միջոցը կիրառել: Դատարանը համարեց, որ հնարավոր սահմանափակումն ավելի խիստ է, քան այն նպատակը, որի համար դա պետք է կիրառվի: Դատարանը գտավ, որ համաչափ չի լինի պարոն Փաշինյանին սահմանափակել այս հարցում: Մենք դատարանի այս որոշումը բողոքարկեցինք Վերաքննիչ քաղաքացիական դատարան, և Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 14-ին մեր բողոքը մերժեց:
-Դարձյա՞լ նույն պատճառաբանությամբ, թե այլ:
-Մի փոքր նաև ուրիշ պատճառաբանություն էլ կա, բայց հիմնականը դատարանի էլի այն դիրքորոշումն է, որ չպետք է այդ աստիճանի միջամտել խոսքի ազատությանը, այդ միջամտությունն անհամաչափ մեծ կլինի հետապնդվող նպատակի համեմատ:
-Իսկ ո՞րն է դատարանի մյուս պատճառաբանությունը:
-Մի պատճառաբանություն էլ բերեց, որ միջնորդությամբ ներկայացված պահանջն ուղղակիորեն կապ չունի հայցի հետ:
-Իսկ ինչի՞ հետ կապ ունի, երբ խոսքը հենց տվյալ հայցի ապահովման միջոցի մասին է:
-Իհարկե, իրականում, մեր համոզմամբ, հենց ուղղակիորեն կապ ունի նշածս հայցի հետ: Բացի այդ, երբ այս առումով խոսում ենք մարդու իրավունքների մասին, պետք է հասկանանք, որ մարդու իրավունքները վերաբերում են բոլորին, բայց չեն վերաբերում պաշտոնատար անձանց այն ժամանակ, երբ իրենք խոսում կամ գործում են ի պաշտոնե: Այսինքն՝ մարդու իրավունքը պետության և պետական պաշտոնատար անձանց իրավունքներին հակակշիռ իրավունք է: Մարդու իրավունքը կոչված է նրան, որ մարդուն պաշտպանի պետությունից, ի հակակշիռ պաշտոնատար անձանց ունեցած լիազորությունների, գոյություն ունեն մարդու իրավունքներ, որոնք կոչված են հակակշռելու: Այսինքն՝ երբ խոսում ենք մարդու իրավունքների մասին, դրանք վերաբերում են ցանկացած մարդու, բացի պաշտոնատար անձանցից իրենց լիազորություններն իրականացնելիս:
Մարդու իրավունքները տվյալ դեպքում կիրառելի չեն հօգուտ Նիկոլ Փաշինյանի, որովհետև ինքն օգտվելով վարչապետի իր դիրքից, խոսափողը վերցնելով որպես Հայաստանի վարչապետ ու, որպես Հայաստանի վարչապետ, այդ արտահայտությունները կիրառելով, ինքը չի օգտվում Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքներից: Հակառակը՝ մարդու իրավունքները կոչված են նրան, որպեսզի զսպեն վարչապետին, մնացած պաշտոնատար անձանց իրենց գործողությունների մեջ: Կարծում եմ, միջնորդությունը մերժելով, դատարանը ճիշտ չի կողմնորոշվել, թե ընդհանրապես որ ոլորտին է վերաբերում այս խնդիրը, և կարծել է, որ այստեղ խնդիրը վերաբերում է վարչապետի (որպես մարդու) իրավունքներին, մենք էլ ասում ենք՝ այդ դեպքում վարչապետը որպես պետություն, որպես իշխանություն է այդ ամենն իրեն թույլ տվել:
-Մտադի՞ր եք վճռաբեկ բողոք ներկայացնելու այս գործով:
-Իհարկե, վճռաբեկ բողոք էլ կներկայացնենք, և եթե հանկարծ վարչապետն այս ընթացքում իրեն մի անգամ էլ այդպիսի արտահայտություն թույլ տվեց, դա նորից նույն միջնորդությունը ներկայացնելու հիմք կհանդիսանա: Այսինքն՝ մեզ անհրաժեշտ է ոչ թե զուտ շահել այդ գործը, դա չէ մեր նպատակը, մեր նպատակն այն է, որ վարչապետն իրեն այդպիսի բաներ թույլ չտա: Կարծում եմ, հետագա ընթացքը ցույց կտա, որ մենք ճիշտ ենք:
-Եթե խոսքը զրպարտության և վիրավորանքի մասին է, Քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է առավելագույնը 2 միլիոն դրամ տուգանք՝ զրպարտության դեպքում, և 1 միլիոն դրամ տուգանք՝ վիրավորանքի պարագայում: Պարոն Քոչարյանը գումարային պահանջ ներկայացրե՞լ է, նրա հայցապահանջի էությունը կներկայացնե՞ք…
-Պարզապես դատարան պահանջ է ներկայացրել՝ պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին՝ հրապարակայնորեն ներողություն խնդրել: Գումարային պահանջ ներկայացված չէ, կողմն ինքն է ընտրում՝ ներկայացնե՞լ գումարային պահանջ, թե՞ ոչ, այս դեպքում պարոն Քոչարյանը որոշել է գումարային պահանջ չներկայացնել:
-Իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության պրակտիկայում կա՞ նախադեպ, երբ նման իրավիճակում դատարանը մեկ այլ անձի միջնորդությունը բավարարել է: Այսինքն՝ եղել է անմեղության կանխավարկածի խախտումը կանխելու անհրաժեշտություն, որպեսզի հետագայում տվյալ անձն ինչ-որ մեկին չզրպարտի կամ չվիրավորի, և հայցի ապահովման միջոցի խնդիր է բարձրացվել հայցվորի կողմից, ու դատարանը բավարարել է նրա այդ միջնորդությունը:
-Չեմ հիշում այդպիսի բան, բայց նաև չեմ հիշում այնպիսի բան, որ երկրի ղեկավարն այդ աստիճանի կոպիտ խախտած լինի անմեղության կանխավարկածը, դա էլ չեմ հիշում:
-Մեղադրանք առաջադրելու իրավասություն ունեցող անձն իրավունք ունի՞ ասելու, որ անձը, ասենք, 10 հոգու սպանություն է կազմակերպել:
-Մեղադրանքի որոշման մեջ քննիչն իրավունք ունի նկարագրելու դեպքը և ասելու, որ այս-այս պարագաներում այս մարդը կազմակերպել է 10 հոգու սպանություն (խոսքը պարոն Քոչարյանի մասին չէ, մենք ընդամենը տեսական հարց ենք քննարկում): Քննիչը կարող է մեղադրանքի մեջ նկարագրել այն, ինչ, կարծում է, որ գործով ապացուցված է, բայց ոչ այդ մեղադրանքը հրապարակել որպես պնդում: Կարող է նկարագրել, եթե այդպիսի մեղադրանք կա առաջադրված, կարևոր է նաև նկարագրման ձևաչափը, այսինքն՝ կա մեղադրանքի որոշում, դրա մեջ նկարագրվում է, թե ինչի մեջ է մարդը մեղադրվում: Դրանում ոչ թե ասվում է, որ մարդն այս բանը կատարել է, այլ՝ մեղադրվում է այն բանում, որ… Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանի հիշյալ հայտարարության պարագայում, նախ, այդպիսի մեղադրանք չկա, և երկրորդը՝ այդպիսի տոնով և այդպիսի արտահայտություններով ընդհանրապես չի կարելի, ուղղակի չի կարելի, բոլոր տեսակետներից չի կարելի՝ և՛ օրենքի, և՛ մարդկային հարաբերությունների տեսակետից էլ չի կարելի այդպիսի բաներ ասել:
-Այսինքն՝ բարոյական տեսակետից:
-Դե, բարոյականություն չսովորեցնեմ մեր վարչապետին, ես չեմ կարծում, թե մեկնումեկին կարող եմ այդպիսի խորհուրդներ տալ, բայց եթե մարդուն այդպիսի մեղադրանք առաջադրված չէ, եթե մարդուն այդպիսի բանի մեջ դատարանը մեղավոր չի ճանաչել, այդպիսի բան ասելու իմաստը ո՞րն է… Որպեսզի ժողովրդի մեջ լրացուցիչ թշնամա՞նք առաջացնի այդ մարդու նկատմամբ, թե՞ որպեսզի վարույթն իրականացնող մարմնին ցուցում տրվի… դա ուղղակի ցուցում է, դա իր մեջ ուղղակի կանխորոշող ցուցում է պարունակում վարույթն իրականացնող մարմնին: Դրանում ուղիղ ցուցում կա, դա ուղիղ մեսիջ է վարույթն իրականացնող մարմնին, որ, ուրեմն, լսեցիք, չէ՞, այս մարդը պատվիրել կամ կազմակերպել է 10 հոգու սպանություն, ուրեմն իմացա՞ք, թե ինչ պետք է անեք, այո, պետք է ձեր բոլոր լծակներն օգտագործեք, որպեսզի ապացուցեք այդ բանը: Այսինքն՝ մեղավորն արդեն նշանակվեց, մեղադրանքն արդեն նշանակվեց, հիմա մնում է, որ ապացույցները հարմարեցվեն: Ի դեպ, ես չէի ասի, թե այսօր գործը քննողներին ու նրանց ցուցումներ տվողներին իրականում շատ հետաքրքիր է, թե ովքեր են այդ 10 հոգուն սպանել, որովհետև ինչպես նախորդ 10 տարվա մեջ այդ հարցն այդ մարմիններին առանձնապես չէր հետաքրքրում, դրա համար էլ մինչև հիմա ոչ ոք չի բացահայտվել, հիմա էլ այդ մարմիններին այդ հարցը չի հետաքրքրում: Հիմա այդ մարմիններին հետաքրքրում էր պարոն Քոչարյանի կալանավորումը, ինչո՞ւ… Որովհետև հրապարակում այդպես ասվել է: Դրա համար ես նույնիսկ օգոստոս ամսին զգուշացրի բավական թափանցիկ ձևով, որ եթե գործն այս ձևով է քննվում, հետո չսպասեք, թե որևիցե մեղադրական դատավճիռ, որ այս գործով կայացվելու է, համարվելու է օրինական, եթե դուք մտահոգված եք, հարգելի որոշողներ (հիմա որոշողներ կան, չէ՞…), որ այս գործով, ի վերջո, մի օր կայացվի արդար դատավճիռ, այդ դատավճռի տակ հիմա ականներ մի դրեք:
-Դուք նշեցիք, որ անգամ մեղադրողն իրավունք չունի այդպես մեղադրելու, նա ուղղակի կարող է մեղադրանքում նկարագրական ձևով ներկայացնել: Կարո՞ղ ենք այսպիսի հետևություն կատարել, որ 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, նույնիսկ ավելին անելով, քան իրեն թույլ կտար մեղադրողը, իրեն վերապահել է դատարանի լիազորություններ:
-Դատարանի լիազորություն էլ չէ, վերդատական լիազորություններ՝ այդպիսի մեղադրանքի բացակայության պարագայում: Այդպիսի մեղադրանք եթե չկա, նույնիսկ դատարանն իրավունք չունի դրա մեջ մարդուն մեղավոր ճանաչելու: Դատարանի լիազորությունների մեջ էլ անգամ չկա այսպիսի բան (որ պարոն Քոչարյանը 10 զոհերի սպանության կազմակերպիչն է) հաստատված համարել, եթե նման մեղադրանք չկա: ՈՒրեմն ինչ-որ վերդատական, իշխանության որևէ ճյուղի լիազորությունների մեջ չմտնող լիազորություններ է իրեն վերապահել, անգամ եթե իշխանության բոլոր ճյուղերն իրար գումարեն՝ իրենց լիազորություններով հանդերձ, այդ բոլորն իրար գումարած՝ վարչապետ, նախագահ, քննչական մարմին, դատարաններ, Ազգային ժողով, այդ բոլորն իրար հետ իրավունք չունեին այդպիսի արտահայտություն անելու: Ցավալի է, որ մարդը, որն այդ ամեն ինչի միջով ժամանակին անցել է, երբ որ ինքն անընդհատ բողոքել է, թե իր նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, հիմա ավելի շատ ապօրինություններ է անում, քան ժամանակին ինքը վերագրում էր այն իշխանություններին… Մենք այս հայցը պնդելու ենք և անելու ենք ամեն ինչ, որ դատարանները պատշաճ գնահատականի արժանացնեն ոչ այնքան նրա համար, որ խնդիրը դրանով լուծվի, այլ գլխավորապես, որպեսզի ապագայում այսպիսի բաներ ոչ ոք իրեն թույլ չտա:

Հարցազրույցը՝
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5920

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ