Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ալիևը վախենու՞մ է Հայաստանի ժողովրդավարությունից

Ալիևը վախենու՞մ է Հայաստանի ժողովրդավարությունից
22.01.2019 | 03:03

Ղարաբաղյան հիմնախնդիրը կարծես Հայաստանի քաղաքական օրակարգից դուրս է մնացել։ Այդ մասին խոսում են միայն նախկին իշխանության, ՀՀԿ-ի որոշ ներկայացուցիչներ, բայց նրանց էլ հակադարձում են, թե «Սերժի վախտ ինչու՞ չէիք խոսում»։ ՈՒ այսպես բոլորի աչքից վրիպեցին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների չորս ժամ տևած բանակցությունները։ Ոչ ոք հարց չի բարձրացնում, թե դիվանագետներն այդքան երկար ի՞նչ են խոսել, իշխանությունն էլ ծպտուն չի հանում։ Այն էլ այն իշխանությունը, որ ամեն չնչին հարցի առնչությամբ «լայվ» է մտնում ու տեղեկությունը սոցցանցերով 24 ժամ պտտեցնում։ Մինչդեռ սահմանային հարաբերական անդորրը, բանակցությունների շուրջ լռությունը չեն կարող Ալիևի հանկարծահաս «բարեկրթության» հետևանք լինել։


Հետաքրքիր է, որ այս թմբիրի մեջ է նաև խորհրդարանական ընդդիմությունը։ Նրանք հիշում են, թե ում մասին տեսագրված ու ձայնագրված փաստեր կան, կռիվ են տալիս ԱԺ փոխխոսնակի աթոռի համար, բայց ղարաբաղյան հակամարտությունից խոսելը հարմար չեն համարում։ Ի վերջո, ոչ մեկին հետաքրքիր չէ՞, թե ինչ փաստաթուղթ է այս իշխանությունը հիմք ընդունում բանակցությունների համար, մադրիդյան սկզբունքները կա՞ն, թե՞ չկան, Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններն ուժը կորցրա՞ծ են, թե՞ ոչ։


Ի դեպ, երբ «Իմ քայլը» խմբակցության անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանին հարցրինք` Նիկոլ Փաշինյանը միայն Դուշանբեի վերելակային համաձայնության մասին է մատնանշում, հնարավո՞ր է ակնթարթային հանդիպմամբ կտրուկ նվազեցնել սահմանային միջադեպերը, զսպել Ադրբեջանի նկրտումները, հակադարձեց, թե հետագայում այլ հանդիպումներ կլինեն, որոնք կամրագրեն այսօրվա դրական միտումները։ «Ադրբեջանը վերջապես գնում է 94-ի հրադադարի պայմանագիրը հարգելու ճանապարհով։ Դրանով մեզ լավություն չի անում, իր ստանձնած պարտավորություններն է կատարում»,- նշեց պատգամավորը։ Բայց ոչ մի պայմանավորվածություն չհարգող Ադրբեջանը ինչու՞ անակնկալ որոշեց իր քաղաքականությանը հակառակ քայլեր ձեռնարկել, գուցե սա փոթորի՞կ է հարաբերական անդորրից առաջ` հարցրինք։ Ըստ ադրբեջանագետի, հետագա գործընթացները ցույց կտան Ադրբեջանի նկրտումները, սակայն այսօր արդեն այդ երկրում խոստովանում են, որ Հայաստանի ժողովրդավարությունը սպառնալիք է իրենց համար։ Այս ամենի վկայությունն է այն, որ Ադրբեջանում ըմբոստացումներ են ու ցույցեր։ «Խնդիրների մի հատված էլ կապված է բանակում տիրող իրավիճակի հետ։ Այսպիսի պայմաններում Ադրբեջանում տեսակետներ են հնչում, թե հնարավոր է Ղարաբաղը որպես խաղաքարտ օգտագործվի ներքին իրավիճակը հանդարտեցնելու համար»,- նկատեց մեր զրուցակիցը։
Այնուամենայնիվ, այս օրերին Հայաստանում էլ ոմանք պնդում են, թե Ադրբեջանի հարձակումն անխուսափելի է, որքա՞ն է դրա հավանականությունը։ Տաթև Հայրապետյանի դիտարկմամբ` դա կախված է Ադրբեջանի ներքին իրավիճակից։ «Հիմա Ալիևը, կոպիտ ասած, ասում է` ինձ ձեռք մի տվեք, ես ինքս կփորձեմ փոխվել։ Սակայն դրանք ընդամենը կոսմետիկ փոփոխություններ են։ Պատերազմը վերսկսելու դեպքում Ալիևը ոչ մի երաշխիք չունի, որ անհաջողության չի մատնվելու։ 2016-ից հետո մենք դասեր ենք քաղել, շատ ավելի պատրաստված ենք, ավելի զգոն։ Մեր միջազգային վարկանիշն էլ բավականին բարձր է։ Ադրբեջանի համար շատ բարդ է լինելու հերթական պատերազմն սկսելը, միջազգային հանրության աչքում էլ դա արդարացնելը»,- ընդգծեց պատգամավորը` իրատեսական չհամարելով մոտալուտ պատերազմի վտանգը։


Ադրբեջանագետը Ալիևի համար մի վատ կանխատեսում էլ ունի. այդ երկրի ներքին իրավիճակը սրվելու է, և փոփոխություններն անխուսափելի են։ Մինչդեռ, այս ամենին զուգահեռ, Ադրբեջանն ամրացնում է իր դիրքերը սահմանին, այս առնչությամբ էլ Տաթև Հայրապետյանը շեշտեց, թե մենք էլ հետ չենք մնում, կառավարությունը լուրջ ուշադրություն է դարձնում սպայական կազմին։ «Պաշտպանված լինելը ոչ թե պատերազմի, այլ խաղաղության խնդիր է լուծում։ Մեր բանակն ապահովում է մեր խաղաղությունը»,- եզրափակեց «Իմ քայլը» խմբակցության անդամը։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1828

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ