«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Տերտերյանի արվեստը ժամանակ չի ճանաչում

Տերտերյանի արվեստը ժամանակ չի ճանաչում
22.02.2019 | 04:08

Այս տարի նշվում է հայ մեծ կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի 90-ամյակը։ Տերտերյանը հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասի և Արամ Խաչատրյանի հետ համարվում է հայկական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնասյուներից մեկը։ Տերտերյանը մեծ սիմֆոնիստ է. նրա գրչին է պատկանում 8 սիմֆոնիա։ Տերտերյանի ստեղծագործական ժառանգությունը սահմաններ չի ճանաչում, և այդ իմաստով կոմպոզիտորը դեռևս լիովին բացահայտված չէ։


Տերտերյանի երաժշտությունը խիստ հայկական է։ Իր սիմֆոնիաներում նա օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ։ Մի առիթով էլ ասել է, թե ոչ մի երկրում իրեն ստեղծագործելու շնորհ չի տրվում. Աստված իրեն երաժշտություն արարելու ազդակ ուղարկում է միայն հայկական հողում։


Բոլոր ժամանակներում արվեստի մեջ կան անհատներ, որոնք խիզախում են նոր խոսք ասել իրենց բնագավառում։ Տերտերյանն այդպիսին էր. ժամանակին նրա նորարարությունները, հնչյունների անսովոր համադրությունները համաշխարհային երաժշտության մեջ նոր աշխարհ էին ստեղծում։ Հետաքրքիր է, որ այսօր էլ՝ տասնամյակներ անց, նրա մեղեդիները շարունակում են բնութագրվել որպես նոր խոսք։ Սա նշանակում է, որ Տերտերյանի արվեստը ժամանակ չի ճանաչում, միշտ արդիական է, նոր, միշտ հետաքրքիր շերտեր են այնտեղ բացահայտվում։
«Զրույցներ Ավետ Տերտերյանի հետ» գրքում (որը լույս է տեսել ռուսերեն, անգլերեն և իսպաներեն) հեղինակ, երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը՝ Ավետ Տերտերյանի որդին, երկխոսության ձևաչափով ներկայացնում է կոմպոզիտորի մտքերը, խոհերը տարբեր երևույթների վերաբերյալ։


Անդրադառնալով սիմֆոնիայի ձևակերպմանը՝ Ավետ Տերտերյանը նշել է, որ ինքն իր առջև սիմֆոնիայի նոր տիպ ստեղծելու նպատակ չի դրել, սակայն ինքնարտահայտումն ու իր գաղափարների իրագործումը հնարավոր դարձան միայն նոր ձևի միջոցով, և այդ ձևը կենսափորձի արդյունք է։ Իր արարումներին ստեղծագործողը գնում է ընտրության ճանապարհով, և երևի թե ինչ-որ փուլում իրավունք ունի ստեղծելու այն ձևերը, որոնք ունակ են արտահայտելու նրա մտքերը, զգացումները, տրամադրությունները։ «Իմ սիմֆոնիզմի ակունքները ես տեսնում եմ ընտրության մեջ։ Ինչ լսել եմ իմ կյանքում, արտացոլված է երաժշտության մեջ՝ թաքնված կերպով կամ բացահայտ»,- ասում է Տերտերյանը։
Կոմպոզիտորը խոստովանում է, որ իր երաժշտական արվեստի վրա ներգործել են և՛ քաղաքային ֆոլկլորը, և՛ գնչուական երգերը, և՛ դասական երաժշտությունը. «Միլիոնավոր, միլիարդավոր նրբերանգներ են պարունակում ստեղծագործությունները, դրանցից յուրաքանչյուրի մեջ կյանքից ստացված տպավորություններն են։ Երբ ինձ հարցնում են՝ ինչի մասին է ձեր սիմֆոնիան, ես պատասխանում են՝ ամեն ինչի։ Մեր աշխարհի, իմ ու իմ ունկնդրի մասին»։


Տերտերյանը այնքան էլ հաճախ չի անդրադարձել թատրոնի և կինոյի երաժշտությանը։ Կիրառական երաժշտության նկատմամբ կոմպոզիտորի վերաբերմունքը, ինչպես ինքն է ասում, շատ հանգիստ է։ Թե՛ կինոյում, թե՛ թատրոնում կոմպոզիտորներին վերապահված է երկրորդական դեր, այստեղ վճռորոշ է ռեժիսորը, ուստի այդ ժանրերում աշխատելը դժվար է, անհետաքրքիր։ Իսկ երբ ինչ-որ բան հետաքրքիր չէ, ապա երաժշտություն գրելն էլ դժվար է։ Կոմպոզիտորը նշում է, որ պետք է շատ տարված լինի, ստեղծագործական առումով ծանրաբեռնված, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի։ Հետաքրքիր է, որ այդուհանդերձ Տերտերյանի երաժշտությունը շատ է օգտագործվել ֆիլմերի կամ ներկայացումների երաժշտական ձևավորումներում։


Ո՞րն է երաժշտության ֆենոմենը։ Այս հարցը մարդկության համար մնում է հանելուկ, և ոչ մի փիլիսոփա չի կարողացել գտնել դրա պատասխանը, գուցե մոտեցել են, բայց լիարժեք պատասխան չեն տվել։ Տերտերյանն ասում է, որ իրեն ավելի հոգեհարազատ է Ռուդոլֆ Շտայների ձևակերպումը. «Երաժշտությունը տիեզերքի վիբրացիան է»։ «Դա մի երևույթ է, որը գտնվում է խոսքի և լռության միջև։ Այնտեղ, որտեղ ավարտվում է խոսքը, սկսվում է երաժշտությունը։ Որտեղ ավարտվում է երաժշտությունը, սկիզբ է առնում հզոր լռությունը։ Սակայն դա մեռյալ լռություն չէ։ Երաժշտությունը իրական կյանքում նմանը չունի։ Ինձ երբեմն թվում է, թե երաժշտությունը ոչ մի առնչություն չունի արվեստի մյուս ճյուղերի հետ»։


ՈՒշագրավ են Տերտերյանի խոսքերը ապագայի մասին։ Նա նշում է, որ որպես արվետագետ՝ ինքը փրկությունը տեսնում է Հոգու մեջ, ժողովուրդը կհասկանա և դեմքով կշրջվի դեպի մտավորականությունը. «Թեև ժողովուրդն այսօր այնքան խաբված է, որ գուցե նաև չհասկանա՝ ինչի մասին է խոսքը։ Իսկ ինքը՝ մտավորականությունն էլ է խառնվել ամբոխի հետ։ Էլ չենք ասում հայերի գենետիկ հատկության մասին. նրանցից յուրաքանչյուրը հավատացած է, որ կարող է թագավոր լինել։ Գուցե այդպես էլ կա։ Շատ տաղանդավոր է մեր ժողովուրդը, մեծ ներուժ ունի, և որքան էլ պարադոքսալ հնչի, հենց դա է նրա ողբերգությունը։ Մենք շատ բան ենք վերապրել, հուսով եմ՝ կհաղթահարենք նաև ներկա դժվարությունները։ Գերտերությունների քաղաքական խաղերն ու հետաքրքրությունները միշտ էլ եղել են, բայց մեզ հաջողվել է վերապրել։ Չէ՞ որ մենք հայ ենք»։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1476

Մեկնաբանություններ