Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մարդը չճանաչեց իր սեփական գործած մեղքը

Մարդը չճանաչեց իր սեփական գործած մեղքը
01.03.2019 | 01:13

Դա այն անեծքն է, որ տարածվում է ամբողջ երկրի երեսին (Զաքարիա 5;3):
Սուտը սուտ է ծնում, նենգությունը` նենգություն, մեղքը` մեղք:
Այս դժոխային բաների մասին, ցավոք, այսօրվա կուրացած մարդը երբևէ չի մտածում, քանզի խավարի մեջ է և լույսը չի տեսնում: Ապականված է ամեն ինչ և ամեն բան, մարդկանց որդիների հոգիներից դուրս է մղված Քրիստոս, և անօրենությունը` ներմուծված, ցնծության մեջ է գազանը իր ավարի համար, տրտմած Քրիստոս` Իր Արյամբ գնված զավակների կորստյամբ: Լրատվության մեծ մասը վաճառված է սատանային` հոգիները նետած անտակ անդունդը. ապատեղեկություն ու հերյուրանքներ են տարածում, վատաբանում, չարախոսում են մարդկանց` ինչ-որ մեկին հաճոյանալու համար, այո՛, ինչ-որ մեկին, միայն ո՛չ Քրիստոսին, ուրացել են Տիրոջ խոսքը. «Քանզի անհնար է, որ գիրը ջնջվի», և նրանց ստագիրը իրենց դեմ վկայություն պիտի լինի դատաստանի ժամանակ, կա հասարակության մի խավ էլ, որ մեղքերի մեջ կործանված, նյութապաշտության խավարի մեջ ընկած, անգամ չի էլ նկատում իր կորուստը:


Փորապաշտությունը հավատ է այսօր, փողապաշտությունը` դավանանք, իսկ մարդահաճությունը` սովորական երևույթ: Դժոխքի հիմքերը փորվեցին արդեն իսկ դրախտում. «Այն կինը, որ տվեցիր ինձ, նա տվեց, և ես կերա». մարդը չճանաչեց իր սեփական գործած մեղքը, այն փնտրեց ուրիշի մեջ և վտարվեց բերկրության Դրախտից:
Հիսուսի գալստյան նպատակն էր մարդուն ցույց տալ նրա մեղավոր լինելը, որ մարդը իր մեղքը տեսնի և ապաշխարի, բայց մարդիկ «խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև նրանց գործերը չար էին»:


Ցավալի է, որ նայում ես նման մարդկանց, տեսնում ես նրանց կորուստը, եթե չապաշխարեն:
Մեղքը շատ հեշտ է սողոսկում մարդու հոգին և ապականում նրան, սակայն շատ դժվարությամբ է դուրս գալիս, նախ մեղքի գիտակցումից, ապա տևական աշխատանքի, պահքի, աղոթքի, խոկումների արդյունքում: Այսպես է ասում սաղմոսերգու Դավիթ մարգարեն. «Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար», իսկ Հովհաննես ավետարանիչը բարձրաձայնում է. «Եվ խոսքը մարմին առավ և բնակվեց մեր մեջ», «Նա՛ է ճշմարիտ Լույսը, որ լուսավորում է ողջ աշխարհը»: Աշխարհից ելքը ունի երկու ճանապարհ. կամ հավիտենական դատաստան, կամ հավիտենական կյանք, ընտրությունը` աստվածապատկեր մարդունը: Հարցրեք մեղքից ազատված մարդուն, և նա ցույց կտա իր խոցոտված տեղերը, հարցրեք անապաշխար մարդուն, և նա կթաքցնի իր վերքերը, որպեսզի ձեզ նույնպես ներքաշի մեղքի հորձանուտը: Մեծ Պահքին զուգընթաց ներթափանցենք մեր հոգու խորքը, պահքով, աղոթքով ու ապաշխարությամբ Աստծուց ներում խնդրենք մեր մեղքերի համար, Տիրոջ Հրաշափառ Հարության տոնին խոստովանենք մեր մեղքերը քահանային, քավություն ստանալով` այլևս հետ` մեղքին և նրա կորստաբեր ընթացքին չնայենք, ինչպես Ղովտի կինը, այլ ընթանանք դեպի նպատակակետը` հավիտենական կյանքը, դեպի Քրիստոս Հիսուս, որին վայել է փա՜ռք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ