Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Նապոլեոնին հավասար մեկը պետք է լինել իրար հետ ոչ այդքան սերտորեն կապված ոլորտներ կառավարելու համար»

«Նապոլեոնին հավասար մեկը պետք է լինել իրար հետ ոչ այդքան սերտորեն կապված ոլորտներ կառավարելու համար»
15.03.2019 | 02:21

Գործադիրին առնչվող ամենափոքր փոփոխության համար կառավարությունը համապարփակ հիմնավորումներ է ներկայացնում, սակայն կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ ընդամենը մեկ նախադասություն է շրջանառել՝ կառավարության արդունավետության բարձրացում: «Իրատեսի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ՝ ընդգծելով, որ եթե խոսում ենք կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման մասին, նախ պետք է սահմանել, թե ինչ ասել է կառավարման համակարգի արդյունավետություն:

-Այն նոր տերմին չէ,- շարունակեց մեր զրուցակիցը.- եթե բացենք, օրինակ, Համաշխարհային բանկի կայքը, կտեսնենք, որ կառավարման համակարգի արդյունավետությունը պայմանավորված է հանրային ծառայության որակով, քաղաքացիական ծառայության անկախությամբ, կառավարության կողմից քաղաքականության մշակմամբ, հայտարարված նպատակներին հավատարիմ լինելու աստիճանով և այլն: Իսկ այս պարագայում տպավորություն է, որ կառավարման արդյունավետությունը պայմանավորված է նախարարությունների թվով. 17 նախարարի հետ աշխատելն ավելի դժվար է, դրա համար էլ վարչապետն ու երկու փոխվարչապետերը գերադասում են 12 նախարարի հետ աշխատել: Արդյունավետության բարձրացման այլ հիմնավորում ես չեմ տեսել:
Արդյունավետության բարձրացման համար նախ պետք է խնդիրը հասկանալ. ինչի՞ ենք ուզում հասնել և ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնել այդ արդյունքին հասնելու ճանապարհին: Ցավոք, որևէ գերատեսչության գործառույթների հստակեցման մասին այս հրապարակման մեջ խոսք անգամ չկա:
-Կառավարման մասագետներն ասում են, թե նախարարություններն իրար միացնելու որոշումը կայացնելիս առաջնորդվել են «թարս ճանապարհով» շարժվելու տրամաբանությամբ:
-Թե ներսում ինչ գործընթացներ են տեղի ունեցել, կարելի է միայն ենթադրություններ անել, բայց այս ընթացքում տեղի ունեցած քննարկումներն այդ տպավորությունն են թողնում: Ինչու՞ պետք է ոլորտային գյուղատնտեսության նախարարությունը միավորվի մակրոպլանավորմամբ զբաղվող ընդհանրական էկոնոմիկայի նախարարությանը: Չի կարելի ոլորտային նախարարությունը միացնել ընդհանրական, պետական տնտեսական քաղաքականություն մշակող նախարարությանը: Ո՞րն է այդ նախարարությունները միավորելու բազան, տրամաբանությունը, չափանիշը, ինչու՞ գյուղատնտեսություն-էկոնոմիկա, այլ ոչ թե գյուղատնտեսություն-տարածքային կառավարում կամ էկոնոմիկա-ֆինանսներ: Օպտիմալացման մասնագիտական մոտեցում չեմ տեսնում:
-Որպես գյուղատնտեսության նախկին նախարար, ի՞նչ եք կարծում` պե՞տք էր առհասարակ նախարարությունը մեկ այլ նախարարության հետ միավորել:
-Գյուղատնտեսության ոլորտը նախարարության կարգավիճակ է ստացել, որովհետև այն համեմատական դեր ու նշանակություն ունի պետության, քաղաքացիների կյանքում: Հայաստանը գյուղատնտեսական երկիր է, մեր երկրի ՀՆԱ-ի 15 %-ը գյուղատնտեսությունից է առաջանում: Եթե դրան գումարենք նաև գյուղատնտեսական վերամշակումը, ապա այն ՀՆԱ-ի քառորդն է կազմում: Այսինքն, ուզենք, թե չուզենք, Հայաստանը որոշ ժամանակ դեռ ագրարային է լինելու: Իսկ որպեսզի դադարի ագրարային լինելուց, պետք է ոչ թե գյուղատնտեսությունը «սպանենք», այլ տնտեսության մյուս ճյուղերը համաչափ զարգացնենք: Ես հասկանում եմ, որ գայթակղիչ է հետինդուստրիալ հեղափոխության մասին խոսելը` առաջ քաշելով թվային, տեխնիկական և կենսաբանական միավորման թեզը, բայց դրան հասնելու համար երկար ճանապարհ ունենք անցնելու: Այսօր մեր երկրում կես միլիոն մարդ գյուղատնտեսությամբ է զբաղվում, և մեր նպատակը, գյուղօգտագործողներին աջակցելով, ագրարային արդյունաբերությունը հնարավորինս արդյունավետ դարձնելն է: Եթե նայենք բյուջե-գյուղատնտեսական ՀՆԱ հարաբերակցությունը, կտեսնենք, որ այն երեք անգամ քիչ է, քան Ադրբեջանում, Վրաստանում կամ Ռուսաստանում: Իսկ մենք ռուսական շուկայում մրցում ենք ադրբեջանական ու վրացական շուկաների հետ:
Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի զարգացման ու հզորացման համար դեռ մի բան էլ այլ նախարարության ստորաբաժանումներ ու գերատեսչություններ պետք է միացվեն գյուղնախարարությանը: Մենք առաջարկում էինք, օրինակ, տնտեսական և զարգացման նախարարությունից գյուղատնտեսության վերամշակման հարցերով զբաղվող վարչությունը, ջրային պետական կոմիտեն, արտակարգ իրավիճակների նախարարությունից հակակարկատային ծառայությունը միացնել գյուղնախարարությանը: Անցյալ տարի գյուղատնտեսության անկում ունեցանք ոչ միայն սաստիկ շոգերի հետևանքով, այլ նաև այն պատճառով, որ ջրային կոմիտեն չկարողացավ ժամանակին ու անհրաժեշտ քանակով ջուր տրամադրել հողագործներին: Գյուղացիները ոչ թե ջրպետկոմին, այլ մեզ էին մեղադրում, էլ չասեմ, որ երբ կարկուտը վնասում է գյուղացու բերքը, ոչ թե ԱԻՆ-ին են բողոքում, այլ՝ գյուղնախարարությանը:
-Ձեր բարձրացրած հարցերից կարելի է եզրակացնել, որ կառավարությունում կա՛մ ոլորտին խորապես տիրապետող մարդիկ չկան, կա՛մ էլ որոշումները կայացվում են «ոտքի վրա-ձեռքի հետ»:
-Անկեղծ ասած, իրոք չգիտեմ, թե օպտիմալացման ներքին դինամիկան ինչպես է զարգացել: Երբ կառավարության անդամ էի, ու քննարկվում էին գերատեսչության բյուջեները, մենք կարողացանք ճիշտ ներկայացնել, պաշտպանել մեր առաջ քաշած մոտեցումները, ինչի արդյունքում գյուղնախարարության բյուջեն գրեթե անփոփոխ մնաց: Այն ժամանակ ես կարող էի ասել՝ ինչ գործընթացներ են տեղի ունենում կառավարությունում, բայց թե ինչն է այժմ ստիպել գնալ այս անհասկանալի քայլին, չեմ կարող ասել:
Վրաստանում, օրինակ, գյուղատնտեսության նախարարությունը միավորված է բնապահպանության նախարարության հետ. նրանք հետևել են եվրոպական օրինակին, ինչը երեք հիմնական նպատակ ունի` բարձրացնել պարենային ապահովությունը, գյուղատնտեսությամբ զբաղվողների եկամտաբերությունը, պահպանել կենսակերպը և ապահովել գյուղատնտեսության կայունությունը: Ի՞նչ է նշանակում` գյուղատնտեսության կայունություն, այսինքն` հողը ոռոգելու համար գետերի հերը չանիծել, կամ` անասուններն արածեցնելու համար անտառները չհատել: Այդ տրամաբանությամբ առաջնորդվելով էլ մարդիկ միավորում են գյուղատնտեսությունն ու բնապահպանությունը: Մեզ մոտ տրամաբանական այդ հենքը չեմ տեսնում:
-Մի քանի ոլորտ համակարգող սուպերնախարն ինչպե՞ս է հասցնելու համակարգել բոլոր ոլորտները միասին, մեկ անձը կարո՞ղ է միաժամանակ մի քանի ոլորտների քաղաքականություն որոշողը լինել:
-Նախարարն էլ մարդ է, և բնական է՝ ֆիզիկապես չի կարողանա հասցնել գերտեղեկացված լինել բոլոր ոլորտներից: Եթե կրթությանն ու գիտությանը գումարվում են նաև երիտասարդությունը, սպորտն ու մշակույթը, ժամանակը հարամիտվում է, ու սկսում ես ավելի քիչ ուշադրություն դարձնել ոլորտներին առանձին-առանձին: Դա չի նշանակում, որ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի ու երիտասարդության առանձին-առանձին նախարարություններ պետք է ունենալ, բայց միավորումը պետք է բազային ու տրամաբանական լինի: Ասում են՝ միավորում ենք, որ կրկնվող գործառույթները բացառենք, բայց որևէ կրկնվող գործառույթ, օրինակ, էկոնոմիկայի ու գյուղատնտեսության նախարարությունների պարագայում, ես չեմ տեսնում: Եթե խոսքը սպասարկող ծառայությունների մասին է, օրինակ, ֆինանսատնտեսական վարչության ու կադրերի բաժնի, ապա բոլոր նախարարություներն էլ ունեն նման բաժիններ: Եթե այդպիսի պարզունակ մեխանիզմով են միավորման գնում, ուրեմն կարելի է սպորտի նախարարությունը միավորել արտաքին գործերի նախարարությանը, գյուղատնտեսությունը՝ մշակույթին, որովհետև դրանք նույնպես կրկնվող բաժիններ ունեն:
Եթե ունենք երկու կամ երեք ոչ արդյունավետ գերատեսչություն ու դրանք միավորում ենք, ապա դրանից գերատեսչությունների արդյունավետությունը չի բարձրանա, անարդյունավետների գումարից արդյունավետություն չի ստացվի: Նախապես պետք էր հասկանալ` ինչն է այդ գերատեսչությունների անարդյունավետ աշխատանքի պատճառը, նոր միայն մտածել արդյունավետության բարձրացման մասին:
Ինչ վերաբերում է մեկ անձի վրա միանգամից մի քանի ոլորտի պատասխանատվություն դնելուն, ապա առնվազն Նապոլեոնին հավասար մեկը պետք է լինես, որ կարողանաս իրար հետ ոչ այդքան սերտ կապեր ունեցող ոլորտներ կառավարել:
-Վարչապետն ասում է, որ եթե մարդը լավ մասնագետ է, ապա աշխատանքը կորցնելու մասին չպետք է մտածի, որովհետև կարող է ավելի բարձր աշխատավարձով աշխատանք գտնել:
-Եթե նրանք լավ մասնագետներ են ու կարող էին ավելի բարձր աշխատավարձով ավելի լավ աշխատանք գտնել մասնավոր հատվածում, ապա վաղուց արդեն հրաժեշտ էին տվել պետական համակարգին: Եթե մնացել են, ուրեմն մնալու պատճառներ ունեն: Պետական հատվածում աշխատանքը պակաս ռիսկային է, ավելի կայուն, սոցիալական երաշխիքներ կան և այլն: Կրճատվողների մեծամասնությանը տխուր ապագա է սպասում:
-«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի բնորոշմամբ` աշխատանքից զրկվող մարդիկ ընդամենը «շարիկ գլորող» են:
-Հնարավոր է` «շարիկ են գլորում», որովհետև կա՛մ որևէ բիզնես գործընթացում ընդգրկված չեն, կա՛մ բավարար կոմպետենտություն չունեն: Եթե հաստիքները կրճատենք ու այդ մարդկանց հանենք աշխատանքից, միևնույն է, աշխատանքի արդյունավետությունը չի բարձրանա: Այո, գումար կխնայենք, բայց արդյունավետության տեսանկյունից արդյունք չենք ունենա, մինչդեռ օրինագծի անհրաժեշտությունը հիմնավորվում է արդյունավետության բարձրացմամբ, ոչ թե գումար խնայելով:
-Ո՞րն երաշխիքը, որ, ասենք, ֆինանսական ու իրավաբանական բաժինների լավագույն մասնագետները կշարունակեն աշխատել, չեն հեռանա երկրից:
-Այո, անորոշությունից ելնելով՝ կարող են թողնել-գնալ՝ ընտրելով այն այլընտրանքը, որ ժամանակին անգամ չեն էլ դիտարկել: Իսկ թե ինչպես են որոշելու՝ երկու վարչություններից որի մասնագետներ են լավագույնները, դրա համար հստակ մեխանիզմ կա: Օրինակ՝ ներկայացնել, թե ինչպես և ինչ պետական աջակցություն են ցուցաբերելու գյուղատնտեսներին, հաշվարկել այդ գործընթացի համար անհրաժեշտ ռեսուրսները և այլն: Բայց այնպես չէ, որ համակարգից դուրս մնացողի նկատմամբ կառավարությունը պատասխանատու չէ: Պետական համակարգը բանկ չէ, մասնավոր ընկերություն չէ, որ ասի՝ իմ պայմաններին չես բավարարում, գնա գլխիդ ճարը տես: Պետք է կարողանա այլընտրանք առաջարկել, մտածել` ինչպես աջակցել և այլն:
-Վարչապետն այն համոզմանն է, որ եթե մշակույթի նախարարության աշխատակիցները մի քանի ամիս շարունակ գործադուլ անեն, մշակութային կյանքում ինչ-որ բան տեղի չի ունենա:
-Մենք թատրոն ունեցել ենք 2000 տարի առաջ, երբ մշակույթի նախարարություն չի եղել, 6000 տարի առաջ էլ գինու արտադրությամբ ենք զբաղվել, իսկ եթե առողջապահության նախարարությունը փակվի, հիվանդանոցներում մարդիկ շարունակելու են բուժում ստանալ: Այդ մոտեցումը ճիշտ չէ, և եթե դրանով ես առաջնորդվում, ուրեմն մեզ ընդհանրապես մշակույթի նախարարություն պետք չէ՝ ո՛չ առանձին, ո՛չ էլ այլ նախարարության հետ միավորված:
90-ականներին էլ, համատարած սեփականաշնորհումն արդարացնելու համար, ձեռնարկությունները միտումնավոր սնանկացման էին տանում և վաճառում դրանք: Հետո գործարանների հաստոցներն էին վաճառում, այնուհետ շինություններն էին քանդում ու շինանյութը վաճառում, վերջում էլ՝ հողը: Հիմա գրեթե նույն գործընթացն է. չես կարող նախարարության դերն ու ֆինանսավորումը նվազեցնել, կառավարման որակն իջեցնել ու ասել՝ եղած-չեղած մեկ է, կարելի է փակել: Հակառակը՝ պետք է հզորացնես, խնդիրներ սահմանես ու գործիքներ ունենաս այդ խնդիրներին գրագետ լուծում տալու համար:
-Այսինքն, կա հստակ քաղաքականություն ու դա արդարացնելու համար պետք է նման հայտարարություննե՞ր անել:
-Կարծում եմ՝ նպատակն ամեն կերպ ինչ-որ միջոց խնայելն է: Վարչապետի ասածն ուղղակի հիմնավորում է, որ եթե նախարարությունը փակվի, ոչինչ չի լինի: Եթե այդ մոտեցումը ճիշտ է և արդարացված, ապա բոլորին պետք է կրճատել:
-Ըստ խոսակցությունների՝ իշխանությունները միավորում են այն նախարարությունները, որոնց համար հարմար կադրեր չունեն:
-Կրկնում եմ` ես չեմ տեսել նախարարությունների միավորման հիմնավորումը, հիմքը, բացատրությունը: Մնացած խոսակցությունները ենթադրությունների ոլորտից են, իսկ ենթադրությունների դաշտ մտնել չեմ ուզում:


Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 3418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ