Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ԿԳՆ-ն ուսուցիչների վերապատրաստում չի իրականացնում

ԿԳՆ-ն ուսուցիչների վերապատրաստում չի իրականացնում
26.04.2019 | 02:18

Իշխանության գալուց հետո կրթության ոլորտի պատասխանատուներն անմիջապես անցան նախկինների կատարածը թերագնահատելուն, քննադատելուն ու մի շարք հաստատություններում խախտումներ հայտնաբերելու մասին հայտարարություններ անելուն: Որտեղ ասես ու ինչքան ասես աուդիտ հայտարարեցին, բայց տեսանելի խախտումներ չհայտնաբերելով՝ հանգիստ նստեցին տեղները: Բարձաձայնեցին նաև մի շարք ՊՈԱԿ-ներ օպտիմալացնելու, ուսուցիչների վարքականոն մշակելու և նրանց աշխատավարձը բարձրացնելու մասին: Հայտարարությունները, սակայն, մինչ այս պահը կյանքի չեն կոչվել:

Կրթության և գիտության նախարարության ամեն մի «հեղափոխական» հայտարարությունից հետո բողոքի հսկայական ալիք է բարձրանում, ոլորտի մասնագետներն ահազանգում են՝ այդպես վարվել չի կարելի: Ինչ վերաբերում է ուսուցիչների վարքականոնի մշակմանը, նոր որակի մանկավարժներ պատրաստելուն և ըստ այդմ բարձր վարձատրություն ապահովելուն, ապա այդ բարեփոխումներին միտված ծրագիրը՝ «ՈՒսուցիչը», դեռ երկու տարի առաջ էր մեկնարկել, որն այժմ նոր իշխանությունները սահուն կերպով փորձում են իրենց վերագրել: Վերոնշյալ ծրագիրն իրոք կարելի է հեղափոխական համարել, քանի որ դրանով նախատեսվում էր ուշադրություն դարձնել կարևորագույն երկու ուղղության՝ ուսուցչի աշխատանքի որակական արդյունքի բարձրացմանը և ուսուցչի սոցիալական կացության կտրուկ բարելավմանը: Նախատեսվում էր, որ ծրագրի շնորհիվ բարելավվելու է ուսուցչի հեղինակությունը հասարակությունում, իսկ վերապատրաստումների ծրագրի ամբողջական փոփոխությունն ազդելու է ուսուցչի աշխատանքի որակի վրա: Ձևավորվելիք համակարգը, ի դեպ, կիրառելի էր լինելու միայն Հայաստանում: ՈՒսուցիչները, ծրագրի շրջանակում անցնելով հատուկ վերապատրաստումների փուլ, կարող էին տարբեր աստիճանների տարակարգեր ստանալ, ինչը նրանց հնարավորություն կտար մինչև 50 տոկոս ավելի աշխատավարձ ստանալու: «ՈՒսուցիչ» ծրագիրը նախորդ տարի գրեթե ավարտուն տեսք ուներ, բայց քաղաքական վերադասավորումները հետին պլան մղեցին այն: Այժմ, ծրագրի առանձին դրույթներից օգտվելով, նոր կառավարիչները փորձում են նորարար երևալ ու բարձր աշխատավարձ խոստանալ ուսուցիչներին: Պարզվում է՝ նորեկներն այդքան էլ լավ չեն հասկացել ծրագրի ամբողջ էությունը, հետևաբար այն ամբողջապես կյանքի կոչել չեն կարողանում:


Մանկավարժները ոչ միայն այս ծրագրով նախատեսված, այլև նախարարության կողմից պետականորեն հաստատված վերապատրաստումները չեն անցնում: ՈՒսուցիչների ու տնօրենների համար պարտադիր վերապատաստումն ու ատեստավորումը, որ անց են կացվում համապատասխանաբար 3 և 5 տարին մեկ, ԿԳ նախարարության կրթության ազգային ինստիտուտը (ԿԱԻ) արդեն տևական ժամանակ չի իրականացնում: Հեղափոխական իշխանությունները, ըստ երևույթին, միտումնավոր են նման գործելաոճ ընտրել՝ արդարացնելու համար դեռ ամիսներ առաջ հայտարարված ԿԱԻ-ի օպտիմալացումը՝ տրամաբանությամբ, որ եթե կառույցն իր հիմնական գործառույթներից մեկը չի իրականացնում, այն պահելն անիմաստ է: ՊՈԱԿ-ը օպտիմալացնելու որոշումը, սակայն, ձգձգվում է արդեն քանի ամիս: Աշխատակիցների դժգոհություններից հետո նախարարության պատասխանատուները կարծես հետ են կանգնում որոշումից՝ չհասկանալով` ինչպես վարվել: Մի կողմից, հայտարարել են այն փակելու անհրաժեշտության մասին, մյուս կողմից, հասկանում են՝ անմիտ բան են ասել: Կրթության ոլորտի պատասխանատուների անհասկանալի հայտարարություններն ու որոշումներն այսքանով չեն սահմանափակվում: Վերապատրաստում չիրականացնելը, նախկինների ծրագրերն իրենցով անելը, աղմկոտ, բայց անհիմն հայտարարությունները մեկ բանի մասին են վկայում՝ դաշտի կառավարումը ստանձնած ոչ կոմպետենտ մարդիկ այնքան էլ լավ չեն հասկանում՝ որտեղ են հայտնվել ու ինչի հետ գործ ունեն:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3837

Մեկնաբանություններ