Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մտորումներ գյուղի բարձունքից

Մտորումներ գյուղի բարձունքից
26.04.2019 | 02:55

Տարիներ շարունակ Հայաստանի բնակչությունը սպասել է դրական փոփոխությունների, որոնք պիտի գումարվեին դեռևս Սովետից եկած դրական դրսևորումներին, և մենք հայտնվեինք Ոսկի քաղաքում, կապրեինք անհոգ ու երջանիկ: Սակայն այդպես չեղավ, քանզի չգտնվեց մեր Դանկոն, որ պետք է ուղեկցեր ժողովրդին դեպի այդ երանությունը:


Նա սկսեց իր հույսը կապել ընդդիմադիր դաշտի հետ, որը մեզ մոտ չկայացավ, քանզի այդ դաշտում տեղ չգտան սոցիալական ուղղվածության գործիչներ ու կուսակցություններ, որպիսիք կան եվրոպական և աշխարհի շատ այլ երկրներում՝ սոցիալիստներ, դեմոկրատներ, կոմունիստներ, մարքսիստներ և այլն: Տարիներ շարունակ մեր ընդդիմադիր դաշտում եղել են կա՛մ երեկվա պաշտոնյաներ, կա՛մ հարուստներ, որոնք վախեցել են հարստությունը կորցնելուց: Երբեք այդ դաշտի դրոշի վրա գրված չի եղել՝ արդարություն, հավասարություն, աշխատանք, ձրի ուսում, ձրի կրթություն, որոնք բացառապես պետական գործունեության ոլորտում են: Հույսը կտրելով թե՛ պետությունից, թե՛ ընդդիմադիր դաշտից՝ ժողովուրդն ինքը կանգնեց իր պահանջների և իրավունքների իրականացման ճանապարհին, որպես Դանկոն, ընտրելով երիտասարդական շարժումների երիտասարդ ղեկավարներին, ովքեր, բացի լավ կրթությունից այլ բան գրեթե չունեին: Իհարկե, կային նաև երեկվա պաշտոնազուրկներ կամ եկամտից զրկվածներ, նաև որոշ ըմբոստներ, սակայն հիմնական ընդդիմադիրը դարձավ ժողովուրդը և նա մտավ թունել, որի մյուս ծայրում լույսը դեռ չէր երևում: Վերջապես ժողովուրդը դուրս եկավ թունելից, սակայն նրա ուղին սկսեցին փակել երեկվա իշխողներն ու արտոնյալները, տարբեր ճանապարհով հարստացածները, հովանավորյալները (լրատվամիջոցներ, քաղաքագետներ ու տնտեսագետներ, վերլուծաբաններ և այլն): Նրանք սկսեցին քննադատել ու հավատացնել, որ հները ավելի արագ ու լավ կիրագործեն փոփոխությունները: Գնալով քննադատությունները և քննադատողները շատացան ու ավելի ակտիվացան: Սա էլ է բնական՝ գուցե հաջողվի վերադարձնել կորցրածը, և դժվար թե նրանք դա անում են, որ թեթևացնեն ժողովրդի հոգսը կամ տառապում են երկրի ցավով: Միանշանակ կողմ եմ քննադատելուն՝ ցանկացած երևույթ, ցանկացած գործչի, եթե կան շեղումներ բնական ընթացքից, որպեսզի երկիրը լճացում չապրի, ինչպես եղավ մեր երկրի հետ անցած դարում: Սակայն բոլոր տեսակի քննադատությունների մեջ պետք է բացակայեն լավը, դրականը, առաջադիմականը չտեսնելը, արհամարհանքն ու ատելության դրսևորումը։ Միշտ պետք է հիշել դարերով քննություն բռնած լատինական թևավոր խոսքը՝ non nocere. այո, եթե չես կարող լավն անել, մի վնասիր: Այս խոսքն ի սկզբանե ուղղված է եղել բժշկին, բայց այն ճշմարիտ է նաև մարդկային գործունեության բոլոր բնագավառներում: Լավ կլինի, որ յուրաքանչյուր քննադատող միանշանակ ընդունի, որ հեղափոխությունը, սկսված փոփոխությունների ուղին երկրի յուրաքանչյուր քաաղաքացու, բոլորիս համար բացարձակ արժեքներ են: Գրեթե բոլոր քննադատությունների մեջ կարմիր թելի նման անցնում է շտապողականության թեման: Ես երբեմն հիվանդին բացատրում եմ՝ եթե դու ավելի քան տասը տարի ունես այդ հիվանդությունը, մի՞թե կարելի է 5-ից 7 օրում բուժվել: Մենք միշտ ականատես ենք լինում, որ արագ գործ լինում է այնտեղ, որտեղ շինանյութն ու փողը հենց գործի վայրում սպասում են աշխատողին: Արագ փոփոխություններ լինում են այնտեղ, որտեղ փոփոխելու բան չկա:


Քննադատե՞լ նորերին, միանշանակ՝ այո՛, որպեսզի նրանք միշտ հիշեն ժողովրդին տված խոստումները, չլճանան, «արխային չընկնեն»: Այո՛, խոստումներ կատարելը դժվար գործ է, հակառակ դեպքում մենք վաղուց լուսինը նվաճած կլինեինք: Յուրաքանչյուր քննադատության հիմքում պետք է ընկած լինի ոչ թե կորցրած դիրքի կամ կորցրած փողերի նոստալգիան, այլ երկրի հզորացումը և կայացումը: Ես ականատես եմ եղել, թե ինչպես հայկական շատ գյուղեր կայացան Սովետի օրոք` երկար տարիների ընթացքում: Ամենուր կառուցվեցին լավ տներ, դպրոցներ, բուժհիմնարկներ, ակումբներ և այլ հասարակական օբյեկտներ: Քննադատե՞լ նորերին, միանշանակ՝ այո՛, բայց չվնասելով: Հաճախ լսում ենք,, որ վարչապետը շատ որոշումներ ընդունում է միանձնյա: Եթե դա այդպես է, ես դրա մեջ ռացիոնալ հատիկ տեսնում եմ: Չլինելով քննադատ, վերլուծաբան կամ քաղաքագետ, կարծում եմ, որ քանի դեռ չի ձևավորվել պրոֆեսիոնալների մի կուռ խումբ երկրի ղեկավարի շուրջ՝ նրա ձայնը երբեմն պետք է լինի որոշիչ: Քննադատե՞լ, միանշանակ՝ այո՛, սակայն այն դրականը, որը կա նորերի գործողություններում, պետք է նկատել և ընդունել: Հասկանում եմ նաև նրանց, ովքեր քարոզում են շտապողականություն. մարդիկ այնքան երկար են սպասել փոփոխությունների, որ դարձել են անհամբեր: Այնուամենայնիվ, չտեսնել փոփոխություններն ու պնդել, որ ոչինչ չի արվել, նույնպես սխալ է: Ինչքան էլ հինը լավ լինի, նորն ավելի լավ է, այլապես մարդկությունը առաջխաղացում չի ապրի: Միավորեք ազգին, մի՛ պառակտեք: Այո, քննադատեք, բայց ենթարկվեք հին non nocere-ին։


Ռաֆիկ Տեր-ԳՐԻԳՈՐՅԱՆ
բժիշկ

Դիտվել է՝ 2455

Մեկնաբանություններ