«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

«Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա»

«Բայց Մարդու Որդին երբ գա, արդյոք հավատ կգտնի՞ երկրի վրա»
30.04.2019 | 00:01

Մենք բազմիցս գրել ենք Տիրոջ նախազգուշացումների մասին, որի խոսքերի իրականությանը մենք արդեն ականատես ենք եղել և լինում ենք. այսօր մարդկանց անհավատության պատճառով կրակի մեջ այրվում է ապականության մեջ խեղդված աշխարհը:
Քրիստոս ասում է, որ իր Գալուստից առաջ համատարած անհավատություն և ուրացություններ պետք է լինեն: Այսօր տեսնում ենք մեր Տիրոջ խոսքերի իրականացումը աշխարհում:


Ամենուրեք լսում ենք պատերազմի ձայներ, ահաբեկչությունը, թմրամոլությունը, սուտը, կռիվներն ու նախանձը, ընտանեկան անհավատարմությունները, այլասերվածությունը, անբարոյականությունը, անհավատությունն ու անաստվածությունը արդեն սովորական են դարձել շատերի համար, և անգամ չենք էլ մտածում, որ կորչում ենք ունայնության մեջ:
Մեր ժամանակներում շատերն են սրբությունից ու ազնվությունից խոսում արտաքնապես, երբ դա նրանց անհրաժեշտ է, մինչդեռ ներսից շահամոլության ու քծնանքի ժահահոտությունն է փչում: Հավատքն ու սրբությունը քիչ-քիչ դուրս են մղվում հասարակության կյանքից` տեղը զիջելով անաստվածությանն ու նյութապաշտությանը, անբարոյականությանը, դավաճանությանն ու խռովություններին: Հետևելով Տիրոջ խոսքերին՝ մի բան կարծես պարզ է դառնում. մեղքի մեջ ուռճացած աշխարհը քայլ առ քայլ մոտենում է կործանման:

Մարդկության անօրենությունների պատճառով դեռ շատ արհավիրքներ, մեծ ու փոքր պատերազմներ, մահ տարաժամեր են սպասվում աշխարհում, և կշարունակվի այնքան, քանի դեռ նրանք չեն ապաշխարել: Մենք երկնքից ենք պատժվում, երկնքից են ահավիրքները բոլոր. երկնքում փոքր-ինչ փոփոխություն ահռելի ազդեցություն է թողնում երկրագնդի վրա, սա՝ ըստ որոշ հայտնի գիտնականների, քանզի մեղքը ծնում է հետևանքներ: ՈՒստի, այս ամենը հասկանալու համար, մենք պետք է ընթերցենք Քրիստոսի Ավետարանը, որտեղ մանրամասն Հիսուս ներկայացնում է մեր ժամանակների իրադարձությունների մասին:


Սակայն կյանքով ու բովանդակությամբ լեցուն յուրաքանչյուր քրիստոնյա, որ Քրիստոսի հանդեպ ունի անսասանելի հավատ, կարող է հեռու մնալ գալիք պատուհասներից, մեռելոտի, մահացու, զազրելի մեղքերից և հավատարիմ մնալ բացարձակ ճշմարտությանը` Աստծուն, փախչել մեղքի խավարից, ինչպես օձի թույնից, ու գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, ապրել բարիք գործելով, հաճելի լինելով Արարչին:
Կյանքը շատ կարճ է, ու եթե անմտությամբ և անիրավությամբ անցկացնենք, վերջում` տառապանքով լեցուն մահվան մահճի մեջ, երբ մեր հոգին ավանդենք մահվան հրեշտակին, պիտի ցավերից հառաչենք ու ասենք` ունայնություն ունայնությանց... այդ ժամանակ մեզ ոչ ոք և ոչինչ այս աշխարհում չի կարող փրկել. ո՛չ հարստությունն ու կարողությունները, ո՛չ մեր զավակները, ո՛չ մեր բարեկամ-հարազատները, և ո՛չ էլ բժիշկները, այլ միայն մեր հավատքը և դրանից բխած գործերն են, որ մեզ կամ կարդարացնեն, կամ էլ կդատապարտեն:


Շատերը հեգնանքով են նայում Սուրբ Գրքին, հավիտենական կյանքին ու արդար դատաստանին` գերադասելով մնալ հոգևոր խավարի մեջ, սակայն ահա թե ինչ է ասում Հակոբոս առաքյալը այս մարդկանց. «Կամ թե՝ առ ոչի՞նչ եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»:
Ցայսօր Հիսուսի ասած յուրաքանչյուր խոսք տառ առ տառ, բառ առ բառ իրականություն է դարձել, այս մասին են վկայում նաև պատմությունն ու գիտությունը: Հավատանք, թե չհավատանք, մի օր կգա վախճանը, մի օր բոլորս կկանգնենք Աստծո առջև ու պիտի պատասխան տանք մեր ապրած կյանքի ու կատարած գործերի համար: Մենք ինչքան էլ մերժենք Աստծո գոյությունը, միևնույն է մեր խիղճը հակառակն է վկայում և հոգու խորքում համոզվում ենք, որ մեզանից վեր կա մի Գերագույն ուժ, որ կառավարում է այս ամենը:
Շատ կարևոր է, որ մենք ապավինենք Հիսուսի սիրող սրտին, մեր կյանքի ամեն օրը հագեցած լինի Փրկչի ներկայությամբ ու նոր բացահայտմամբ, որովհետև Աստծո Սուրբ Հոգին կլինի մեր հոգիները լցնողն ու երջանկություն պարգևողը:


«Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք Սատանային, ու նա կփախչի ձեզանից: Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ: Մեղավորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը» (Հակ. 4;5-8): Յուրաքանչյուր մարդ պիտի փրկության կոչվի ըստ իր իսկ կատարած գործերի, այդ են վկայում Հիսուս Քրիստոս, Նրա առաքյալները, նահատակ սրբերը, աստվածատես սուրբ հայրերը, որոնք այդ ճշմարտությունը իրենց թողած հոգևոր ժառանգությամբ ավանդեցին մեզ, ոմանք էլ նահատակության միջոցով իրենց արյամբ վկայեցին:


Արդար, ողորմած, բարի և հավատավոր զավակի ննջումը օրհնաբեր է, զուր չի ասված այդ խոսքը. «Յիշատակն արդարոց օրհնութէամբ եղիցի»: Արդարին երկնքում դիմավորում են Տիրոջ հրեշտակները, Նա հագնում է լուսափայլ փառահեղ զգեստներ և հավատքից բխած իր բարի գործերով ներկայանում Ամենակարողին, որը Իր ահեղ ձայնով գովում է բարի և հավատարիմ ծառային և նրան միացնում սրբերի գնդին: Այդպիսիները ազատված են ամեն տեսակ դատաստաններից: Աստված սեր է, Աստված սիրում է մեզ, և այդ սերն էր պատճառը, որ Իր կյանքը չխնայեց մեզ համար և Իր Արյունը հեղեց՝ հանուն մեր փրկության, իսկ ով որ անարգի Նրա սերը, Նրա չարչարանքներն ու հեղած Արյունը, սուրբ նահատակների արյան վկայությունը, ենթակա կլինի հավիտենական տանջանքի: Հիշե՛ք, կա՛ Աստված, կա՛ արդար դատաստան, հավատանք, թե ոչ, դա այդպես է: Եթե չենք հավատում Արարչին, դրանով Նրա փառքը չի պակասում, բայց եթե հավատանք, ազատված կլինենք Նրա դատաստանից, ինչպես մեր Տերն ասաց. «Եթե չհավատաք, որ Ես եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ» (Հովհ. 8;24): Վստահ եմ, որ ոչ ոք չի ցանկանա մեռնել մեղքերի մեջ, անգամ ցանկացած մարդ գոնե ենթագիտակցական մակարդակով դա հասկանում է, իսկ մաքրվելու համար միակ միջոցն է հավատքն առ Քրիստոս, հանուն այդ հավատքի մկրտվելը Եկեղեցու սուրբ կամարներից ներս, այնուհետև ապրելը ապաշխարությամբ, խոստովանությամբ, ողորմածությամբ, բարությամբ և սիրով: Լսեցե՛ք Աստծո կանչը, ունկնդիր եղե՛ք ձեր խղճի զարկին, ապրե՛ք հավատով՝ հանուն Աստծո, բարի պտուղներ տվեք հավիտենական կյանքի համար` հանուն ձեր իսկ հոգու փրկության, և խաղաղության հրեշտակը թող թևածի ամենքիդ հոգիներում: Ամեն:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1503

Մեկնաբանություններ