Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գնդակը ՀՀ վարչապետի դաշտում է

Գնդակը ՀՀ վարչապետի դաշտում է
14.06.2019 | 11:07

Վերջին շաբաթներին արձանագրված ամենաաբսուրդային և տարօրինակ քաղաքական երևույթներից մեկը Հայաստանի ղեկավարության ու Արցախի ռազմաքաղաքական վերնախավի միջև ծագած տարաձայնություններն են։ Այդ տարաձայնությունները վերջին օրերի ընթացքում ծխացող փուլից թևակոխեցին բաց փուլ, ինչը ոչ միայն բացահայտեց այն խնդիրները, որոնց մասին քաղաքական, վերլուծական շրջանակներում ենթադրում էին, այլև ջրի երես հանեց շատ ավելի խորքային շերտեր։


Երկու հայկական պետությունների միջև առկա խնդիրների մասին հաճախ էր մատնանշվում, թեև պաշտոնական մակարդակով դրանք փորձում էին քողարկել տարաբնույթ մեկնաբանություններով։ Եվ կողմերի միջև տարաձայնությունների դոմինանտ պատճառ նշվում էին թիմային տարբերությունները։ Ոմանք դա անվանում էին տարբեր սերունդների քաղաքական բանավեճ, հեղափոխական սերնդափոխության հետևանք։ Հայաստանում նոր քաղաքական թիմ է հաղթել՝ տապալելով հին իշխանություններին, մինչդեռ Արցախում փոփոխությունների քամին տվյալ դեպքում գուցե բարեբախտաբար չի էլ հասել։ Սակայն ՀՀ վարչապետ Փաշինյանի օրերս տված հարցազրույցի որոշ բացատրություններ ավելի խորքային և շատ ավելի վտանգավոր միտումներ երևան հանեցին։ Վարչապետը նշեց, որ մի քանի անգամ տարբեր մակարդակի հանդիպումներ է ունեցել Արցախի ռազմաքաղաքական վերնախավի հետ՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցային գործընթացներում Հայաստանի նոր ղեկավարության մոտեցումները։ Փաշինյանի մեկնաբանմամբ՝ այդ հանդիպումների ընթացքում իր մոտեցումների նկատմամբ տարաձայնություն առանձնապես չի նկատվել, սակայն հետագայում, ինչպես ինքն է ասում, տարբեր արտահոսքերի տեսքով Արցախի վերնախավի ներկայացուցիչներն անհամաձայնություն են հայտնում՝ մեղադրելով հայաստանյան վարչախմբին հողերը վաճառելու, զիջելու համար։ Փաշինյանի այդ հայտարարությունից հետո անմիջապես հասկանալի դարձավ, որ կարծես թե խնդիրը ոչ թե պարընկերներն են, այլ այստեղ ավելի խորքային շերտեր կան։ Պարզվեց, որ Արցախի ղեկավարության մի մասը գոնե համաձայն չէ Արցախի հարցի շուրջ բանակցություններում Նիկոլ Փաշինյանի որդեգրած քաղաքականությանը։ Թե ինչի շուրջ են տարաձայնությունները, այս պահին դժվար է ասել, քանի որ բանակցությունները գաղտնի են։ Փաստ է միայն այն, որ Արցախի ղեկավարությունում կան մարդիկ, որ Նիկոլ Փաշինյանի մոտեցումներում լուրջ վտանգներ են նկատում։


Այս նրբերանգը չէր կարող չնկատվել քաղաքական, փորձագիտական շրջանակներում, արձագանք չստանալ լրատվական էջերում։ Եվ բնականաբար ամենատարբեր ենթադրություններ են արվում՝ հասկանալու համար, թե որն է այն սկզբունքային առանցքը, որը լարման մեջ է պահում մթնոլորտը մեր ընդհանուր հայրենիքի երկու հատվածների վերնախավերի միջև։
Անկախ նրանից, թե ինչ մարտավարական հնարքների է դիմում Նիկոլ Փաշինյանը՝ գործընթացը երկարաձգելու և հայկական կողմի համար ավելի հարմար ու ամուր պլացդարմներ ստեղծելու համար, պետք է արձանագրել, որ բանակցային սեղանին այսօր դրված են Մադրիդյան սկզբունքները։ Ամենայն հավանականությամբ խնդիրը մանրուքների մեջ է, և դետալների մեկնաբանության հարցում կամ քայլերի հաջորդականության շուրջ կան որոշակի անհամաձայնություններ, կասկածներ։ Պետք չէ բացառել, որ այստեղ առկա է նաև զուտ մարդկային գործոնը։ Արցախի ղեկավարության կազմում գուցե կան մարդիկ, որոնք առանձնապես մեծ վստահություն չունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, քանի որ վերջինիս խոցելի է դարձնում այն հանգամանքը, որ նա կայուն գործչի տպավորություն չի թողնում, ընդ որում ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին քաղաքական գործընկերների համար։
Պետք է արձանագրել, որ Հայաստանի և Արցախի միջև ծագած խնդիրները բավականին լուրջ են, թեև որոշ վերլուծաբաններ այս անհարթությունների մեջ փորձում են գտնել այն տարրերը, որոնք կարող են օգտագործվել Նիկոլ Փաշինյանի կողմից օգուտ քաղելու համար։ Որոշ վերլուծաբաններ նկատեցին, որ եթե ՀՀ վարչապետը փորձի կշռադատված ու լուրջ քաղաքականություն վարել, Արցախի հետ տարաձայնությունները կարող է օգտագործել որպես լրացուցիչ փաստարկ՝ հիմնավորելու համար Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադառնալու հարցը։ Այս տարաձայնությունները կարող են վկայել, որ Հայաստանի ու Արցախի դիրքորոշումները ոչ միշտ են համընկնում։ Եվ նույնիսկ այն, ինչ որպես փոխզիջումային լուծում կարող է ընդունելի լինել ՀՀ ղեկավարության համար, հնարավոր է և մերժվի Արցախի կողմից։ Եթե անգամ Հայաստանն ընդունի ու ստորագրի որևէ առաջարկի տակ, ապա չի բացառվում, որ այն չընդունվի և չիրականացվի Արցախի կողմից։ ՈՒստի դիվանագիտական ճկունության պարագայում այս գործոնը կարող է խաղարկվել ՀՀ վարչապետի կողմից՝ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու կամ այլ խնդիրներ լուծելու համար։


Այս պահին շատ բարդ է կռահել, թե ինչի շուրջ է անվստահությունը, որը թեև երկու պետությունների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպումների ընթացքում չի նշվում, սակայն արծարծվում է պատերի տակ տեղի ունեցող խոսակցություններում։ Չի բացառվում, որ Արցախին կարող է և դուր չգալ այն, որ Արցախի՝ բանակցային սեղանի շուրջ վերադարձի թեման զուգորդվում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի վերադարձի փորձերով։ Թերևս միայն նեղ շրջանակի մարդիկ գիտեն, թե այս հարցի վերաբերյալ ինչ դիրքորոշում ունի Նիկոլ Փաշինյանը։


Նիկոլ Փաշինյանի հետ տարաձայնության պատճառ կարող է հանդիսանալ նաև այն, որ Արցախը վերջին մեկ տարվա ընթացքում ամրապնդել է իր հորիզոնական կապերը որոշ աշխարհաքաղաքական կենտրոնների, ընդհուպ մինչև Ռուսաստանի, Իրանի ամենաբարձր օղակների հետ։ Այս ամենը իհարկե կարող է նյարդայնացնել Նիկոլ Փաշինյանին։
Արցախի և Հայաստանի հանրության միջև ստեղծվող անջրպետը, միմյանց դեմ հրահրելը խիստ մտահոգիչ է ու վտանգներ է պարունակում՝ ֆիզիկականից մինչև ազգային արժանապատվության։ Բոլորը միակարծիք են, որ այս վեճերը հանրային հարթակից պետք է դուրս մղել, զբաղվել իրական գործով։ Այս տեսակետից գրեթե բոլորը գնահատում են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հնչեցրած տեսակետը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի։ Հիշեցնենք՝ Բակո Սահակյանը հարցազրույցներից մեկում բավականին զուսպ, կշռադատված քաղաքական գնահատականներ է տվել իրավիճակին և առաջարկել է փոխել բանավեճի ձևաչափը, հանրային մեղադրանքների տիրույթից դուրս գալ, և եթե կան հարցեր, ապա դրանք քննարկել փակ ռեժիմում, հարթել ու շարժվել առաջ։ Բակո Սահակյանի այս ուղերձը բավականին լավ է ընկալվել, այդ թվում Հայաստանի իշխանական և իշխանամերձ շրջանակների կողմից։ Սա հույս է ներշնչում, որ գործընթացը հակամարտությունից կթևակոխի կառուցողական աշխատանքի տիրույթ։ Իհարկե, ջուրը պղտորողներ շատ կան։ Այն լուրջ գումարները, որ դրվել էին Հայաստանում ներքին խժդժություններ հրահրելու, պետական ինստիտուտները քայքայելու համար, օգտագործվում են նաև Հայաստան-Արցախ անհարթությունները գեներացնելու համար։ Փաստորեն, այս վիճակից օգտվում են ոչ միայն թշնամաբար տրամադրված արտաքին ուժերը, այլև ներքին որոշ ցանցային կառույցներ։ Սրանով է պայմանավորված Հայաստանի կողմից Արցախին տրվող ֆինանսական աջակցության դադարեցման մասին թեմայի շրջանառումը։ Բարեբախտաբար, համապատասխան կառույցները հերքեցին այս թեզը՝ հաշվետվություն ներկայացնելով։ Սակայն ամեն ինչ արվում է տարբեր ասեկոսեների, ֆեյքային լուրերի միջոցով հայ ժողովրդի երկու հատվածների միջև սեպ խրելու համար։ Եվ պետք է նկատենք, որ այդ ապակառուցողականությունը դեռևս շարունակվելու է։


Այսպիսով՝ ունենք Բակո Սահակյանի հրապարակային առաջարկները, ու հիմա բոլորը սպասում են, թե ինչ պատասխան է տալու Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, մի քանի օրվա ընթացքում Արցախից գործնական հաղորդագրություններ եղան այն մասին, որ այնտեղ պատրաստ են խաղի կանոնների ճշտումների ու նոր խոսակցության։ Վիտալի Բալասանյանի հրաժարականը պետք է դիտարկել այս համատեքստում, քանի որ նա այն կերպարն էր, որ իր հայտարարություններով բավականին նյարդայնացնում էր անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Այս հրաժարականը ևս մեկ ուղերձ է, որ Արցախում փորձում են գոնե պաշտոնական հարթակներից հեռացնել այն մարդկանց, ում ներկայությունը ֆոնային առումով առնվազն բացասական երանգներ է հաղորդում։ Արցախն այսպիսով ցույց է տալիս, որ հարաբերությունները շտկելու իր քայլը կատարում է։ Միաժամանակ Արցախի ոստիկանության պետ նշանակվեց պաշտոնական Երևանի կողմից ոչ այնքան սիրված, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Սա իհարկե լուրջ քայլ է Բակո Սահակյանի կողմից, քանի որ Լևոն Մնացականյանի նշանակմամբ ամրապնդվում է անվտանգության ամբողջ գիծը՝ ներքինից մինչև արտաքին՝ ընտրությունների նախաշեմին ամբողջովին վերահսկողության տակ վերցնելով իրավիճակն Արցախում։ Լևոն Մնացականյանը մեծ հեղինակությամբ ռազմական գործիչ է և ունակ է նաև կոշտ գործողությունների։ Ի վերջո, հասկանալի է նաև, որ միշտ պատերազմի պատրաստվող Արցախում ներքին զորքերը շատ արագ վերածվում են մոբիլ մարտական զորամիավորման, որն ընդունակ է լուրջ հարցեր լուծելու նաև սահմաններում։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3394

Մեկնաբանություններ