Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Եթե չհավատաք, որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»

«Եթե չհավատաք, որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»
28.06.2019 | 00:07

Ինչ որ մարդուց դուրս է գալիս, ա՛յն է, որ պղծում է մարդուն, որովհետև ներսից, մարդկանց սրտից են ելնում չար խորհուրդները՝ շնություն, պոռնկություն, գողություն, սպանություն, ագահություն, չարություն, նենգություն, գիջություն, չար նախանձ, հայհոյանք, ամբարտավանություն, անզգամություն: Այս բոլոր չարիքները ներսից են ելնում և պղծում մարդուն:

(Մարկ. 7;20-23)։

Մարդիկ, լինելով բանական էակներ, միմյանց հետ շփվում, հասկանում, ընկալում, արտահայտվում են խոսքերով:
Ամեն ազգ և ժողովուրդ ունի իր բնակավայրին հատուկ մրգերն ու բանջարեղենը, կերակրատեսակները, և չկա որևէ սահմանափակում, կարելի և անկարելի, այս է պատճառը, որ մեր Փրկիչը ի լուր մարդկության հայտարարում է. «Այն, ինչ որ բերանն է մտնում, այն չի պղծում մարդուն, այլ` ինչ դուրս է ելնում նրանից»,- այսինքն` խոսքը: Ինչքան շիտակ է խոսքը, այնքան մաքուր է մարդը, և ինչքան ծուռ ու նենգությամբ լեցուն է, այնքան վնասում և կորստյան է մատնում մարդկային հոգին:


Տեր Աստված ասաց.
-Թող լույս լինի,- և եղավ լույսը.... Արդեն Աստվածաշնչի` արարման պատմությունից տեսնում ենք, որ Արարիչն Աստված խոսքով ստեղծեց աշխարհը և միայն Իր պատկերով ու նմանությամբ մարդուն ստեղծեց Իր ձեռքերով և տվեց խոսելու շնորհը, և արդեն Ավետարանում Հովհաննես ավետարանիչը բարձրաձայնում է. «Սկզբից էր Բանը, և Բանը Աստծո մոտ էր, և Բանը Աստված էր» (Հովհ. 1;1): Այսինքն` Աստված խոսքով ստեղծեց աշխարհը, խոսքը տվեց մարդուն, և վերջում Աստծո խոսքը մարմին առավ Քրիստոսով:
Խոսքը ինքնին մեծ ուժ, զորություն և ազդեցություն ունի մարդկային կյանքի, պատմության և զարգացման մեջ: Այս է պատճառը, երբ մարդիկ միմյանց բարի խոսքեր են ասում, ուրախանում են, իսկ երբ վատ բաներ են խոսում, տխրում են, սա հետևանք է այն բանի, որ մարդ գոնե ենթագիտակցորեն հասկանում է խոսքի ուժը: Մարկոս ավետարանչի 7;20-23 համարներում Քրիստոս ներկայացնում է մարդու բերանից դուրս ելած այն խոսքերի շարանը, որը սրբապիղծ է դարձնում նրան, և բոլորովին պատահական չէ, որ Տերն ասում է. «Ձեր յուրաքանչյուր խոսքի և գործի համար պատասխան պիտի տաք դատաստանի օրը»:
Ասում են մի ճգնավոր իր քարոզում մարդկանց սովորեցնում է սրտից բխած բարի և ճշմարիտ խոսքեր արտահայտել` մատնանշելով դրա զորությունը և բարերար ազդեցությունը մարդկային կյանքի վրա, և հանկարծ ժողովրդի բազմությունից մի մարդ ասում է. «Դու հիմարություններ ես դուրս տալիս, այսպիսի բան չկա»,- և ճգնավոր հայրը, կոպիտ խոսքերով կշտամբում է նրան, մարդը լսելով իր հասցեին ասված կշտամբանքը` չարությամբ է լցվում և բացատրություն պահանջում: Ճգնավորը մեղմում է ձայնը և ասում. «Ների՛ր ինձ, խնդրեմ, ես անազնիվ գտնվեցի»,- մարդը լսելով խաղաղվում է. և ճգնավորը ասում է. «Ահա քո հարցի պատասխանը»: Իսկ Սողոմոն Իմաստունն ասում է. «Շատերն են ընկել սրի հարվածից, բայց բյուրավոր են նրանք, որ ընկել են խոսքի հարվածից»:


Մենք ինչքան մարդիկ գիտենք, որ չգնահատելով խոսքի արժեքը, ընկած են սրբապղծության մեղքի խավարի մեջ, և իրենց մեջ բորբոքված չարությունը դուրս են թափում իրենց խոսքերի միջոցով, և երբ հանդիմանում ես, իսկույն ասում են. «Ինչ անեմ. որ ասում եմ, հանգստանում եմ»: Ինչպիսի ինքնախաբեություն. մարդ իր իսկ խոսքերով սպանում է հոգին, ատելի դառնում Արարչի համար և, ինքնախաբեության և ինքնակործանման մեջ ընկած, իրեն մխիթարում, թե` հանգստանում եմ:


Ալեկոծ աշխարհը արդեն հավատից հեռացած մարդու միտքը հենց այսպիսի մեղքերով է ծանրաբեռնում, որպեսզի մարդ արարած ժամանակ չունենա մտածելու իր հոգու փրկության, Աստծո գոյության մասին և գնում է. «Ինչպես դեպի ծուղակը թռչող թռչունը, ինչպես արջառը` սպանդանոց: Ասում են, կար մի ճգնավոր, որ զանազան շնորհներով էր լցված, գիտեր իրեն ուղղվող բոլոր հարցերի պատասխանը: Մի անգամ նրա աշակերտը թիթեռ է բռնում և ափի մեջ պահելով ասում է. «Վարդապե՛տ, ասա՛ ինձ, իմ ձեռքի միջի թիթեռը սատկա՞ծ է, թե՞ կենդանի»: Ճգնավորը, չնայելով աշակերտի կողմը, ասում է. «Ամեն ինչ քո ձեռքերում է»: Ով մարդ արարած, Քրիստոս Աստված հեղեց Իր Փրկարար Արյունը քո փրկության համար և տվեց որպես փարոս Ավետարանը, և օրինակ սուրբ հայրերին, հիմա քո փրկությունը թո ձեռքերում է: Վաղը ուշ կլինի, հիմա է պահը, այլապես վաղը ուշ կլինի, և անապաշխար, մեղքերի մեջ կմեռնես դատաստանի համար, քանզի մեր Տերն իսկ ասաց. «Եթե չհավատաք որ Ես Եմ, ձեր մեղքերի մեջ կմեռնեք»:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1799

Մեկնաբանություններ