Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

6 կուսակցությունների հայտարարությունը

6 կուսակցությունների հայտարարությունը
22.07.2019 | 21:46

«Ազատություն», «Ազգային օրակարգ», «Երկիր ծիրանի», «Մեկ Հայաստան», ՀԴԿ, ՀՅԴ և Ռամկավար Ազատական կուսակցությունները Հայաստանում դատարանների շուրջ ծավալված իրադարձությունների վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ. «Պետական իշխանության թևերի միջև հավասարակշռության և փոխզսպումների համակարգի կայացումն ու անխափան գործունեությունը ցանկացած երկրի զարգացման գրավականներից է:

Օրենսդիր, գործադիր ու դատական համակարգերի անկախությունն ու ինքնուրույնությունը պարտադիր պայման է՝ բացառելու իշխանության կենտրոնացումը մեկ քաղաքական ուժի ձեռքում, ինչը երկրում մենիշխանության հաստատման հիմնական նախադրյալներից է: Այս առումով` դատարանների և դատավորների նկատմամբ քաղաքական իշխանության կողմից ազդեցություն գործադրելու ցանկացած փորձ անթույլատրելի է։


Արդարադատության արդյունավետ գործունեության կարևորագույն երաշխիքներից է դրա ապաքաղաքական բնույթն ու անկախությունը օրենսդիր և գործադիր իշխանությունից: Ի հակադրություն միջազգայնորեն ճանաչված և սահմանադրորեն ամրագրված այս սկզբունքների, ներկայիս քաղաքական իշխանությունը, ժողովրդաիշխանության և կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ շահարկելով դատաիրավական համակարգում տարիների ընթացքում կուտակված խնդիրները, արատավոր երևույթները, ըստ էության, ձեռնամուխ է եղել ծայրահեղ գործողության՝ դատական իշխանության լիակատար յուրացմանը:


Սահմանադրական կարգի պահպանման և անհրաժեշտ անվտանգային իրավիճակի ապահովման համատեքստում անընդունելի և դատապարտելի է, երբ՝
1. Քաղաքական իշխանության ուղղակի մասնակցությամբ կազմակերպվում է դատարանների արգելափակում, խոչընդոտվում է դատավորների և փաստաբանների բնականոն աշխատանքը, ճնշում է գործադրվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների վրա:
2.Անթաքույց նպատակադրմամբ փորձ է արվում ձևավորել սեփական քաղաքական շահերը սպասարկող Սահմանադրական դատարան: Այս նպատակով Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն, ըստ էության, պարտադրեց ՀՀ նախագահին՝ առաջադրել ՍԴ-ի՝ իշխանության քաղաքական հայացքներն ու գործելաոճը որդեգրած դատավորի թեկնածու, որն իր ընտրության հաջորդ օրն իսկ ինքն իրեն ապօրինաբար հռչակեց ՍԴ նախագահ:
3. Դատական համակարգի նվաճման քաղաքական այս ծրագրի իրագործմանը լծվել են նաև իշխանամերձ մամուլն ու փորձագիտական ուղղորդվող մի շրջանակ, որն առանց հստակ հայեցակարգի, առաջ է քաշում և փորձում դատական բարեփոխումների քաղաքական օրակարգը փոխարինել ոչ իրատեսական, երկրի իրավական անվտանգությանը սպառնացող գաղափարներով` ներառյալ անցումային արդարադատությունը, դատավորների համատարած վեթինգը, առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը: Արհամարհելով իրավունքի գերակայության, անմեղության կանխավարկածի, սեփականության անձեռնմխելիության սկզբունքներն ու աղավաղելով դատաիրավական համակարգի բնականոն բարեփոխման օրակարգը՝ հարվածի տակ են դրվում Հայաստանի Հանրապետության գործող իրավակարգը և երկրի կայունությունը:
4.Վերոհիշյալ գործողությունները հարվածում են նաև Հայաստանի միջազգային հեղինակությանը, հակասում են երկրի ստանձնած միջազգային պարտավորություններին և խաթարում մեր պետականության հիմքերը:


Ըստ այդմ,
1.Պահանջում ենք ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնությունից և կառավարությունից՝ հրաժարվել պետականությանը սպառնացող գործողություններից, նախաձեռնել դատական համակարգի համապարփակ բարեփոխումների փաթեթի մշակում, հանրային և մասնագիտական քննարկումներ՝ նպատակադրելով անկախ և քաղաքական ազդեցությունից զերծ դատարանների ձևավորումը՝ ՀՀ Սահմանադրության պահանջների և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խստիվ պահպանմամբ:
2. Պահանջում ենք ՀՀ նախագահից՝ որպես պետության գլուխ և Սահմանադրության պահպանմանը հետևող անաչառ և բացառապես համապետական ու համազգային շահերով առաջնորդվող բարձրագույն պաշտոնատար անձ, ուղերձով դիմել ՀՀ Ազգային ժողովին՝ դատական իշխանության շուրջ ստեղծված լարված մթնոլորտը լիցքաթափելու, արդարադատության իրականացմանը խոչընդոտող հանգամանքները, դատարանների և դատավորների` ներառյալ Սահմանադրական դատարանի բնականոն աշխատանքը խաթարող գործընթացները կասեցնելու, արդարադատություն իրականացնելիս նրանց անկախությունը երաշխավորող սահմանադրական նորմերի ամբողջական ապահովման նպատակով:
3.Դիմում ենք քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակությանը և երկրի ապագայով մտահոգված մեր հայրենակիցներին՝ մերժել իրավական պետության կայացմանը խոչընդոտող գործողությունները, համախմբվել դատական համակարգի բնականոն բարեփոխումների օրակարգի շուրջ՝ հանձնառու լինելով ցուցաբերել անհրաժեշտ մասնագիտական օժանդակություն դրանց իրականացմանը և ձևավորել իրավական անվտանգության համապարփակ հայեցակարգ:
4.Գործող քաղաքական իշխանության կողմից դատական իշխանության նկատմամբ ոտնձգությունների շարունակվելու դեպքում՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում հասու միջոցներով հակազդելու ենք բոլոր ապօրինի գործողություններին և պատասխանատվության ենք կանչելու կազմակերպիչներին»:

Դիտվել է՝ 1771

Մեկնաբանություններ