Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Գործարարն ի՞նչ է կորցրել Զովասարում, որ ներդրում անի»

«Գործարարն ի՞նչ է կորցրել Զովասարում, որ ներդրում անի»
26.07.2019 | 02:03

Արագածոտնի մարզի Զովասար գյուղը հանրապետության բարձրադիր բնակավայրերից է, ուր տանող ճանապարհն առաջին ձյան հետ փակվում է: Ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա գտնվող գյուղում տարվա 7 ամիսը ձմեռ է, ու այդ ողջ ընթացքում աշխարհի հետ կապն ընդհատվում է: Համայնքի ղեկավար ԿԻՐԱԿՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ խոսքով՝ թեև ճանապարհները մաքրվում են, սակայն քամին ու բուքն անմիջապես փակում են ձյան շերտով: Գարնանային վարարումներն իրենց հերթին քանդում են վաղուց ասֆալտի երես չտեսած գյուղամիջյան ճանապարհները:


Զովասարում 532 մարդ է ապրում, տղամարդկանց մեծ մասը մեկնել է արտագնա աշխատանքի, հիմնականում՝ Ռուսաստան, ոմանք էլ օրավարձով աշխատում են Երևանում, Արտաշատում, Արմավիրում, Ապարանում: Մինչդեռ կար ժամանակ, երբ Զովասարի գործարանը բարձր վարձատրվող 150-200 աշխատող ուներ, այստեղ բանվորական ուժը համալրվում էր հարակից գյուղերի բնակիչներով: Զովասարցիները չեն մոռանում նախկինում ապրած լավ տարիները, երբ գյուղից անգամ հատուկենտ արտագնա աշխատանքի մեկնումը չէր խրախուսվում:
Գյուղում մանկապարտեզ չկա, ծնելությունն ամեն տարի նվազում է, անցյալ տարի 4 երեխա է ծնվել, նախկինում 300 աշակերտ ունեցող դպրոցում այսօր սովորում է 64 աշակերտ, այս տարի ունեցել է ընդամենը 7 շրջանավարտ: «Գյուղում շուրջ 70 չամուսնացած երիտասարդ կա, չեն համարձակվում ամուսնանալ, աշխատանքը ժամանակավոր է, այսօր կա, վաղը չկա, ընտանիքն ինչպե՞ս են պահելու: Աղջիկները հիմնականում ամուսնանում են դրսում, անցյալ տարի երկուսն ամուսնացան, այս տարի գյուղում դեռ հարսանիք չի եղել»,- ներկայացնում է Կիրակոս Պողոսյանը:


Հարցնում եմ՝ ինչպե՞ս է պատկերացնում գյուղի ապագան: Պատասխանը մեկն է՝ աշխատատեղերի ստեղծման պայմանով հնարավոր է գյուղը ոտքի կանգնեցնել, այդ դեպքում կկարողանան ծրագրեր իրականացնել, բյուջեից համայնքին տրամադրվող գումարի չափը կմեծանա, նվազագույն պայմաններով գործող բուժկետը կհամալրվի անհրաժեշտ սարքավորումներով, ճանապարհները քիչ թե շատ կկարգավորվեն, լուսավորություն կլինի ու էլի մի քանի ծրագրեր կիրագործվեն: Այլապես Զովասարի բյուջեով մի քանի կով էլ չեն կարող գնել:


Գյուղի հոգսաշատ կյանքի շուրջ զրույցից անկեղծացած վարչական ղեկավարը նշեց, որ գյուղացուն տրամադրվող աջակցությունը ծուլացրեց նրան:
«Մենք նրանց մղեցինք ծուլության, անասուն տվեցինք, նպաստ տվեցինք, ու նա գերադասեց էլ չաշխատել, անապահով ընտանիքին, որտեղ երեք անչափահաս երեխա է եղել, տվել ենք անվճար երկու կով, ոչխար, նման 32 ընտանիք ապահովել ենք անասուններով, հետո ստացվել է այնպես, որ նորից ենք բերել ու տվել, այդ ընտանիքների 90 %-ը անասունները վաճառել է, որպեսզի նպաստ ստանա: Երևի աշխատատեղ ստեղծեինք՝ ավելի ճիշտ կլիներ: Հարցրել ենք՝ ի՞նչ պատահեց, բա թե՝ հիվանդացել են, մորթել ենք, մեր հայկական ցեղատեսակի կովեր էին: Ահա թե ինչու չեն ուզում աշխատել: Չեն ցանկացել աշխատել, մենք մեր ձեռքով նրանց դարձրինք ալարկոտ»,- նեղսրտում է Կիրակոս Պողոսյանը:


Այսօր, եթե շրջակա համայնքներում կամ շրջկենտրոնում աշխատանք է առաջարկվում, շատերը չեն համաձայնում, վախենալով, որ աշխատավարձը ժամանակին չեն ստանա, ուստի նախընտրում են թեկուզ օրավարձով ինքնուրույն աշխատանք փնտրել: Գյուղում որևէ ներդրման մասին խոսք լինել չի կարող: «Միշտ փորձել ենք գործարար մեկին գտնել, բայց ո՞վ կգա Զովասարում գործարան կամ մի այլ աշխատատեղ բացելու, սեփական գումարի ձեռքը կրա՞կն են ընկել, ինչ է»,- ասում է համայնքի ղեկավարը:

ԳՅՈՒՂԱՑԻՆ ՎԱՐԿԸ ՎԵՐՑՆՈՒՄ Է ԱՀԸ ՍՐՏՈՒՄ


Զովասարում բնակիչները զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ: Գյուղատնտեսական նշանակության 323 հեկտար վարելահողից օգտագործվում է շուրջ 170-180 հեկտարը, մշակվում են գարի, առվույտ, կորնգան, մնացածը խոտհարք է: Բնակիչներին բաժանված հողակտորները քիչ են, յուրաքանչյուրին բաժին է հասել 1,35 հա, որտեղ հիմնականում անասնակեր է աճեցվում:
Անասնապահությամբ զբաղվելը եկամտաբեր չէ: Գյուղում կա 264 խոշոր, 1000-1200 մանր եղջերավոր անասուն, սակայն նրանց խնամքի համար բարենպաստ պայմաններ չկան, տեղական ցեղատեսակները՝ գորշ կովերը, արոտավայրերի հեռավորության և երկրարատև ձմռան պատճառով դատապարտված են ամիսներ շարունակ գոմային պայմաններում չորացած խոտով սնվելու, կաթնատվությունը ցածր է, իսկ մթերվող կաթի գինը 120 դրամից չի բարձրանում: Համայնքի ղեկավարի խոսքով՝ երեք տարի առաջ գյուղնախարարության ծրագրով մի ընտանիք 10 գլուխ կով պահեց, սակայն անասունների անկման պատճառով զգալի վնաս կրեց, այսօր 1 միլիոն 200 հազար դրամի չափով վարկ է փակում: Էլ ո՞վ կհամարձակվի հետևել նրա օրինակին:

«ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻՍ ԿԵՍԸ ՏԱԼԻՍ ԵՄ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ»


Զովասարի համայանքապետարանի աշխատակազմը բաղկացած է համայանքապետից և հաշվապահից: 3 երեխաների մայր ՆԱՐԱ ԱՌԱՔԵԼՅԱՆՆ ամեն օր Թալինից գալիս է Զովասար աշխատանքի: Երկու մասնագիտություն ունի՝ ծրագրավորողի և հաշվապահի: Մասնավորի մոտ աշխատանք չի գտել, ուստի համաձայնել է ամեն օր երկար ճանապարհ կտրելուն Զովասար գալու համար, ամուսնուն օգնել է հարկավոր, դժվար է երեք երեխա պահելը: Աշխատանքի բերումով քաջատեղյակ է զովասարցիների խնդիրներին: Ձմռան ամիսներին հաշվապահի ստացած 77500 դրամ աշխատավարձի կեսը հատկացնում է տրանսպորտին, ամռան ամիսներին՝ 30 %-ը:


«Ժողովրդի վիճակը ծանր է այստեղ, ոչ տներում կարգին ջեռուցում կա, ոչ էլ գյուղապետարանում, բայց համակերպվել եմ, ծրագրավորողի մասնագիտությունս գյուղապետարանում նույնպես պետք է գալիս: Գյուղի դոտացիան 10 մլն դրամ է, որը շատ քիչ է ինչ-որ խնդիր լուծելու համար, դա երևի միջին օլիգարխի գրպանի ծախսն է: Մեծահասակներն էլի հարմարվել են, իմ մտահոգությունը երեխաների ապագան է, որն այստեղ տեսանելի չէ: Գյուղում ոչ մի ձգող բան չկա, գնում կրթություն են ստանում Երևանում, ու էլ չեն ցանկանում վերադառնալ: Այնքան խնդիր կա, որ չգիտես որն ասես, որը թողնես»,- ասում է Նարա Առաքելյանը:


ԳՅՈՒՂԸ ԲՆԱԿՉՈՎ Է ՇՆՉԱՎՈՐՎՈՒՄ, ՍՐՏԱՑԱՎ ԲՆԱԿՉՈՎ


Զովասարի դպրոցի դասվար ԹԱՄԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ համոզմամբ՝ գյուղն իր հին ու կիսախարխուլ տներով կորցնում է գրավչությունը նույնիսկ որպես ամառանոց տուն ու հողամաս գնել ցանկացողի համար:
Այնուհանդերձ, տիկին Թամարային հաջողվել է Ռուսաստանում ապրող որդու ուղարկած գումարով հարսի հետ երկհարկանի քարաշեն տունը վերանորոգել, արևային մարտկոց տեղադրել, հին դուռն ու պատուհանները փոխարինել եվրադուռ-պատուհաններով, փոքր հողակտորում մշակել քիչ քանակությամբ տան համար անհրաժեշտ բանջարանոցային մթերքներ: Տիկին Թամարան որոշել է երիտասարդ հարսին տեղավորել դպրոցում, որպես ձեռքի աշխատանքի խմբակի ղեկավար, հպարտորեն ներկայացրեց հարսի աշխատանքները, որոնցով ձևավորված էին սենյակները՝ ստվարաթղթից պատրաստված ծառեր, ծաղիկներ, եկեղեցիներ:


«Ճիշտ է, կյանքը երիտասարդների համար հետաքրքիր չէ, բայց ես ամեն ինչում գտնում եմ նպատակ ու իմաստ: Հիմա էս ա մեր տունը, ու՞ր թողնեմ գնամ, աշխատող մարդն ամեն տեղ բարիք կստեղծի: Գյուղը եթե անշուք ա, ուրեմն պիտի թողնեմ գնա՞մ, իսկ ինչի՞ չծաղկացնենք, օգնենք, որ զարգանա, գիտեմ, գումար չկա, բայց ամեն մեկս մի բանով կարող է աջակցել գյուղապետարանին, թե չէ նստում ենք ու մի գլուխ պահանջում գյուղապետից, մարզպետից, պետությունից: Ձեռքները ծալած նստում են ու սպասում, որ բոլորն իրենց մասին ու իրենց փոխարեն մտածեն: Բնությունն առատ ու փարթամ է մեր կողմերում, գնա սունկ, կանաչի, հատապտուղ հավաքիր, բեր մթերիր, չիր ու չրեղեն սարքիր, պահածոյացրու, տուն ու բակը մաքուր պահիր, տես, ոնց են ուզելու մեր գյուղում էլ տուն առնեն, ամառանոց սարքեն: Ախր մի քիչ էլ պետք է ջաններին ջաֆա տան, չծուլանան, թե չէ պառկես մեջքիդ ու չաշխատես, բայց պահանջես, դա էլ բան չի»,- ասում է տիկին Թամարան:
Հրաժեշտ տալիս մեկ անգամ էլ հետադարձ հայացք գցեցի գյուղի վրա. տխուր էր, բայց ճիշտ էր տիկին Թամարան՝ գյուղը բնակչով է շնչավորվում, սրտացավ բնակչով:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Կիրակոս Պողոսյան
  • Նարա Առաքելյան
  • տիկին Թամարա
Դիտվել է՝ 5169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ