Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպում են անցկացնում Կրեմլում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման և տարածաշրջանային արդի խնդիրներին առնչվող առանցքային հարցեր ։ Ընթացիկ բանակցությունները տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ առաքելության ավարտի ֆոնին։                
 

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Armlur.am և Hayeli.am կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների կապակցությամբ

Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը Armlur.am և Hayeli.am կայքերին քննչական մարմնի ուղարկած գրությունների կապակցությամբ
25.09.2019 | 12:29

ՀՀ քննչական կոմիտեի իրավասու ներկայացուցիչը հրապարակային պարզաբանում է տարածել, որ Armlur.am և Hayeli.am լրատվական կայքերի խմբագրություններին ուղարկել է գրություններ կապված ՀՀ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործի հետ: Ըստ քննչական մարմնի՝ այդ գրությունների նպատակն է պարզել հոդվածների հեղինակներին և նրանց հարցաքննել գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում հրապարակային արձանագրել, որ նշված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո այն պատճառով, որ վերաբերում է լրատվական գործունեություն իրականացնողների և լրագրողների մասնագիտական աշխատանքին: Դրանից բացի, արդեն արձանագրվել են նշված լրատվամիջոցների ղեկավարների մտահոգությունները, որ կարող է իրենց ներկայացվել տեղեկատվության աղբյուրների բացահայտման պահանջ: Հարցաքննության նպատակով իրենց գրություն ուղարկելը նրանք նաև դիտարկում են՝ որպես իրենից նկատմամբ ճնշման ձև:


Վերը նշվածը հաշվի առնելով՝ Պաշտպանը զգուշացնում է քննչական և իրավապահ մյուս մարմիններին, որ լրատվական գործունեություն իրականացնողների ու լրագրողների մասնագիտական աշխատանքը պաշտպանված է կոնկրետ երաշխիքներով՝ կապված որևէ քրեական գործով վարույթի նրանց ներգրավվածության հետ: Նրանց տեղեկատվության աղբյուրի բացահայտում կարող է պարտադրվել բացառապես օրենքով նախատեսված սպառիչ կարգավորում ունեցող իրավական պայմանների դեպքում (դատարանի որոշում, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության բացահայտման նպատակ, հասարակական շահերի պաշտպանության մնացած բոլոր միջոցների սպառված լինելը և այլն): Ընդորում, յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հավաստել այս պայմանների միաժամանակյա առկայությունը:
Լրագրողական պաշտպանված աշխատանքի երաշխիքները պահանջում են, որ քրեական հետապնդման մարմինները ցուցաբերեն առավել ուշադրություն մասնագիտական գործունեության կապակցությամբ լրագրողին քրեական դատավարության ոլորտ ներգրավվելու հարցում կամ նրանց վերաբերյալ հայտարարություններ անելիս՝ անկախ կարգավիճակից: Հանրային բոլոր մարմիններն ու պաշտոնատար անձինք նույնպես պետք է նկատի ունենան այս երաշխիքները իրենց գործողություններում կամ հայտարարություններում:


Լրագրողական մասնագիտական աշխատանքն ուղղակիորեն բխում է Հայաստանի Սահմանադրությամբ ու միջազգային պարտավորություններով ամրագրված խոսքի ազատության հիմնարար արժեքից, նպաստում է պետության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ապահովմանը և պետք է ունենա հատուկ պաշտպանություն: Մարդու իրավունքների պաշտպանի համար լրագրողի մասնագիտական աշխատանքն ունի ռազմավարական կարևորություն:


Մարդու իրավունքների պաշտպանն այս ողջ ընթացքում կապի մեջ կլինի նշված լրատվական կայքերի ղեկավարների հետ՝ անմիջական ուշադրության ներքո պահելով հարցը: Քննչական մարմնի գործողությունները կգտնվեն անմիջական դիտարկման ներքո:

Դիտվել է՝ 5510

Մեկնաբանություններ