Ինչպես երևում է, Հայաստանում բացի կեղծ օրակարգերից այլ բանով հնարավոր չէ հիմնական խնդիրներից հանրային ուշադրությունը շեղել։ Անհասկանալի ներկայացում, «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Եկեղեցու պատմություն» առարկաների հանդեպ մերժելի վերաբերմունք, ասել է՝ «կպնում» են հանրության զգայուն լարերին ու մեծ բանավեճի դաշտ բացում, որտեղ կորչում ու մոռացվում են այն հարցերը, որոնք լուծումների են կարոտ։ Հանրության շրջանում փոթորիկ առաջացրած այս ու այլ թեմաների շուրջ զրուցում ենք տեղեկատվական անվտանգության փորձագետ ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ։
-Ամեն ինչ սկսվեց հայտնի «ներկայացումից», հետո շարունակվեց հայագիտական առարկաների շուրջ իշխանության անհասկանալի դիրքորոշմամբ։ Ի վերջո, ի՞նչ է կատարվում մշակութային և ընդհանրապես մեր արժեքային համակարգում։
-Կատարվում է այն, ինչ սպասելի էր՝ հաշվի առնելով այն, թե ինչ ուժեր են սատարում Նիկոլ Փաշինյանին։ Սատարողների մի մասը միջազգային «կոնցեռնի» ներկայացուցիչներն են, որոնք զբաղված են գեյ-լոբբինգով։ Այդ լոբբիստները, որոնք արտասահմանյան տարբեր ֆոնդերի, դեսպանատների, կառույցների աջակցությունն ունեն, այսօր իրենց գործունեությունը Հայաստանում շատ ակտիվ են ծավալում, իրենց մարդկանց կարողացել են նշանակել կարևոր նախարարություններում, ինչպիսիք են՝ ԿԳՄՍ, աշխատանքի և սոցիալական հարցերի, արդարադատության նախարարությունները։ Պայմանականորեն նրանց համարում են սորոսական, բայց դա շատ ավելի մեծ խումբ է։ Այդ խմբի անդամներն են նաև մեր դրսի հայրենակիցները, օրինակ` Արսինե Խանջյանը, Սերժ Թանկյանը, որոնք միշտ ԼԳԲՏ համայնքի իրավունքների մասին են խոսում։ Կան նաև պետության ղեկավարներ, որոնք սերտ հարաբերությունների մեջ են Նիկոլ Փաշինյանի հետ և համարվում են միջազգային գեյ-լոբբինգի մասնակիցներ, ինչպիսին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն է։ Այն, ինչ կատարվում է հիմա, կամ Փաշինյանը չի կարող դրան դիմադրել, կամ նրա դիմադրողականությունը բավականին ցածր է։
-Բայց Փաշինյանն ուզու՞մ է դիմադրել։
-Կամ չի ուզում դիմադրել, քանի որ ինքն էլ է այդ սատարող խմբի մեջ, ու իր մշակութային հայացքները հենց այդպիսին են։ Վերջին «լայվը» հենց դա էլ ապացուցում էր։ Այն նաև բազմաթիվ անհեթեթությունների առումով ուշագրավ էր։ Փաշինյանն ասաց, թե Ջորդանո Բրունոյին «երկիրը կլոր է» ասելու համար են վառել, բայց իրականում այդպես չէ։ Դեմագոգիայի մեջ այնքան էր խորացել, որ հեթանոսներին համեմատեց սատանիստների հետ։ Զգացվում էր, որ ուզում է այս ամենն ինչ-որ ձևով արդարացնել, բայց անգամ իր դեմագոգիան չաշխատեց, քանի որ այդ «լայվի» մեկնաբանությունները շատ խոսուն էին։ Սա ԿԳՄՍ-ին արդարացնելու շատ անհաջող փորձ էր։ Փաշինյանը ռեյտինգամոլ է, այս ամենից հետևություններ կանի, քանի որ այն հասարակությունը, որ իրեն իշխանության է բերել, այդ արժեքները չի ընդունում։ Այս լոբբինգի նպատակն առաջին հերթին Ստամբուլյան կոնվենցիայի ընդունումն է, «ֆորստերային» ընտանիքների ինստիտուտի ընդլայնումը։ Այսօր արդեն գիշերօթիկ դպրոցները, մանկատները փակվում են, անունը դնում են, թե հպարտ քաղաքացին պիտի ապրի ընտանիքում, բայց չեն ասում, թե ինչ ընտանիքում պիտի ապրեն։ Էյֆորիայի տակ մնացածները պիտի հասկանան, թե վաղն իրենց երեխաներն ինչեր են սովորելու մանկապարտեզներում, դպրոցներում, եթե իհարկե, կարողանան իրենց երեխաներին իրենց ընտանիքներում պահել։ Նոր օրենքներով շատ հեշտ է ընտանիքից խլել երեխաներին՝ սկսած հոգեբանական, ֆինանսական բռնությունից։ Իսկ մեր «պողոսները» ոչ լավ ապահովված են, ոչ էլ իրենց երեխաներին են հետևում։ Քչերն են, որ հարգում են իրենց կնոջը, ձեռք չեն բարձրացնում երեխաների վրա։ Մնում է այսքանից հետո ասել՝ արժանի են։
-Հիմա շատ հետաքրքիր բանավեճ կա հասարակության շրջանում. թարմ օրինակով ասենք. ովքեր դեմ են անհասկանալի ներկայացմանը, համարվում են հետամնաց, իսկ դա քարոզողները` «բաց մտքի» տեր, ժամանակակից ու առաջադեմ։ Սա ի՞նչ օրակարգ է։
-Սա ստանդարտ գործընթաց է։ Ովքեր ԼԳԲՏ քարոզին դեմ են, ավանդական արժեքների պաշտպան են, փորձում են նրանց ներկայացնել խուլ անտառում ապրող, կապիկից չտարբերող, բռի, չոբան։ Իսկ այդ քարոզի առաջամարտիկները չգիտես ինչու դիտարկվում են առաջադեմ։ Իմ մանկությունն եմ հիշում, երբ առաջադեմ մարդ էր համարվում նա, ով լեզուներ գիտեր, սպորտով էր զբաղվում, շատ գիրք էր կարդացել, ծնողներին էր հարգում, շրջապատում հարգված էր։ Հիմա այս ամենը փորձում են փոխել։ Մարդն իր տան մեջ կարող է ամեն ինչ անել, բայց փորձում են իրենց տան գաղափարները փողոց հանել ու դա մարդկանց պարտադրել։ Զավեշտալին այն է, որ ողջ աշխարհում այդ մոտեցումը փոխվել է, այսինքն՝ նեոլիբերալականության գաղափարները զիջում են կոնսերվատիզմին, շատ երկրներում իշխանության են գալիս ընտանեկան, ավանդական արժեքներ հարգող ուժեր, բայց Հայաստանում, չգիտես՝ ինչու, հակառակ գործընթացն է ծաղկում։ 10 տարով կարծես հետ ենք մնացել աշխարհի միտումներից։ Այս ամենն իրականացնող մարդիկ շատ լավ հասկանում են, թե իրենք ինչ են անում, ամեն ինչ ծրագրված է, ինչպես Վրաստանում, ՈՒկրաինայում։
-Որքա՞ն է հայ հասարակության դիմադրողականությունը, կկարողանա՞ թացը չորից տարբերել և իրական արժեքները գնահատել։
-Էյֆորիայի տակ մարդիկ կան, որոնք պատրաստ են կուլ տալու այս ամենը՝ չհասկանալով, որ իրենց ընտանիքներն ու երեխաներն են առաջին հարվածի տակ հայտնվելու։ Այս ողջ քարոզի տակ մեծ ֆինանսներ կան։ Դու կնոջը համոզում ես, որ դու կին չես, այլ տղամարդ ու պետք է պայքարես քո էությունը քո մարմնին համապատասխանեցնելու համար, իսկ սա բավական թանկ է՝ հորմոնալ բուժում, սեռափոխություն։ Տարբեր հաշվարկներով մեկ մարդը ցածր երկամուտ ունեցող երկրներում ծախսելու է 10-15 հազար դոլար, իսկ արտասահմանում դա 100 հազարների է հասնում։ Դա միլիարդների հասնող բիզնես է։ Նույն նպատակով է նաև մարիխուանայի օրինականացման օրենքը, պալիատիվ բժշկությունն է զարգանում։ Մեզ մոտ ԼԳԲՏ-ի և մարիխուանայի առաջամարտիկները կապեր ունեն դեղագործական կազմակերպությունների հետ, զբաղվում են նրանց լոբբինգով՝ առաջ տանելով իրենց գաղափարները։ Բայց այս ամենը ժողովրդի ընտրությունն է։ 80-տոկոսանոց ընտրություն եղավ, թող ժողովուրդն էլ տակից դուրս գա։
-Դուք այս ամենից ստացվող գումարների մասին եք խոսում, իսկ Փաշինյանն իր վերջին «լայվերից» մեկում մեղադրում է նախկին «կոռուպցիոներներին», որ հսկայական գումարներ են տալիս իբր բամբասանքներ տարածելու համար, բայց այդ ամենն իշխանության հանդեպ հասարակության վստահությանը չի վնասում։ Ի՞նչ վստահության մասին է նա խոսում, արդյոք այդ վստահությունն օր օրի չի՞ նվազում։ Հիմա 80-տոկոս վստահություն ունի՞ այս իշխանությունը։
-Վստահությունը բավական նվազել է, Փաշինյանը ստիպված դիմում է «ֆեյքերի» ֆաբրիկային, անգամ ինքն իրեն է արդեն «լայքում»։ Հայաստանում համար մեկ սուտասանը Փաշինյանն է, բազմիցս իր ստերի, վիճակագրական կեղծ տվյալների վրա բռնվել է։ Մարդուց, որն իր ողջ գիտակցական կյանքում զբաղվել է ստելով, «մուտիլովկաներ» տպելով, մարդկանց վրա պատվերներ ստանալով ու իրագործելով, դժվար է լուրջ բան ակնկալել։
-Վարչապետ դառնալով է՞լ չի ազատվել այդ հոգեբանությունից։
-Ոչ, նա մնացել է երկրի գլխավոր խմբագիրը, ռեյտինգամոլը։ Էյֆորիան նվազում է, ու դա հերքել հնարավոր չէ։ Թվեր են շարունակում կրակել, բայց մարդկանց կենսամակարդակը չի բարելավվում։ Խոսում են աշխատավարձերի որոշակի ավելացման մասին, բայց դրան զուգահեռ մարդիկ են աշխատանքից կրճատվում։ Չկա այն տնտեսական թռիչքը, որը նա խոստացել էր, չկան կախարդական փայտիկը, միլիարդները, որ, ըստ նրա, թալանել էին։ Շատերի մեջ, որոնք այդքան զոմբիացած չեն, արդեն սկսում են հարցեր առաջանալ։ Մի հիասթափություն էլ եղավ վերջին իրադարձությունների ֆոնին, երբ իշխանությունը փորձեց սլաքներն ուղղել դեպի ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյան..., բայց այս նախարարը չէր սելֆի անում Էլթոն Ջոնի հետ, Արայիկ Հարությունյանին չէին գեյերը Ֆրանսիայում սուրճ մատուցում։ Իշխանության կողմից անազնիվ է եղածի ողջ բեռը դնել Արայիկ Հարությունյանի վրա՝ նրան քավության նոխազ դարձնելով։ Փաշինյանն էլ սա հասկացավ ու իր վերջին «լայվով» պաշտպանեց նրան, քանի որ վերջինս ՔՊ-ի այն քիչ մարդկանցից մեկն է, որ ուղեղով, մարմնով ու ամեն ինչով նվիրված է Փաշինյանին։ Կորցնելով Հարությունյանին, Փաշինյանը մեծ լծակներ է կորցնում։ Ակնհայտ է, որ իշխանությունում ոչ բոլորն են Փաշինյանին սատարում, շատերը հարմար պահին «քցելու» են նրան։
-Բացի արժեհամակարգային այս խառնաշփոթից, մեկ այլ ոլորտում՝ իրավական դաշտում ևս անհասկանալի իրավիճակ է։ Երկրի գլխավոր խմբագիրն այս ոլորտից ի՞նչ է ուզում։
-Այստեղ այլ մոտեցումներ ունի Փաշինյանը։ Իրավական դաշտում նա անձնական վրեժխնդրությամբ դրդված հիմնական նախաձեռնողն է ու փորձում է դատական իշխանությունը ևս իր լծի տակ դնել։ Եվ այս ցանկությանը խանգարում է ՍԴ-ն։ Քանի որ իրավական ճանապարհով չի կարող արդյունքի հասնել, զավեշտալի գործեր են հարուցվում, սկսել է «բեսպրեդելով» վերջնականապես դատական իշխանությունն իր տակը դնել և դառնալ բացարձակ տիրակալ, բռնակալ, ինչպես ինքն է իրեն պատկերացնում։ Ժամանակին ասում էր, որ իր կուռքերից մեկն էլ Մուսոլինին է, որը, ինչպես գիտենք, լրագրող էր ու համարյա նույն գործունեությունն էր ծավալում, ինչ Փաշինյանը։ Էլ չասենք, թե ինչպես իր կյանքը ավարտեց նա։ Փաշինյանն անձնական թշնամություն, վրեժխնդրություն ունի Քոչարյանի և բոլոր այն մարդկանց հանդեպ, որոնք ժամանակին նպաստել են, որ Փաշինյանը հայտնվի ճաղերի հետևում։ Հիմա հատ-հատ մուռը հանում է, լինի հասարակ «կլյուչնիկ», թե երկրի նախագահ, անկախ հանգամանքից` այդ ամենն օրինական է, թե ոչ։ Հիմա այդ ԼԳԲՏ համայնքը նաև շատ լավ օգտագործվում է ՍԴ նախագաի դեմ պայքարում, քանի որ այս ՍԴ-ի կազմը հաստատապես հակասահմանադրական է ճանաչելու Ստամբուլյան կոնվենցիայի որոշ դրույթներ։
-Անձնական վրեժխնդրությամբ, թշնամությամբ երկիր կառավարելով ու՞ր ենք հասնելու։
-Դժվար է ասել։ Երբ ինձ խնդրում են կանխատեսումներ անել, միշտ ասում եմ, որ առաջիկա 2 ժամվա կանխատեսում չեմ կարող անել, էլ ուր մնաց երկարաժամկետ։ Փաշինյանն անկանխատեսելի, շուտ նեղացկոտ, շատ էմոցիոնալ, 180 աստիճանով իրար հակասող քայլեր անող մարդ է։ Կարող է խիստ հակառուսական մի քայլ անել, հետո ռուսամետ։ Կարող է առանց հաշվարկելու գնալ Ադամ Շիֆի հետ ընկերություն անել (վերջինս ԱՄՆ-ում կազմակերպված հանրահավաքում ելույթ է ունեցել)՝ առանց հասկանալու, որ Շիֆը Թրամփի համար մեկ թշնամին է։ Փաշինյանն անընդհատ փորձում է մանևրել, իրավիճակային վարչապետ է։ Նույնիսկ կառավարությունը երկարաժամկետ տնտեսական ծրագիր չունի, մենք չենք հասկանում` Հայաստանն աշխարհաքաղաքական ճանապարհով ու՞ր է գնալու, 3-4 տարվա կտրվածքով որևէ բան չկա։
-Այսօր չունենք ճիշտ կառավարվող երկիր, չունենք պրոֆեսիոնալ կառավարություն, բայց չունենք նաև այդ ամենին փոխարինող կամ գոնե հակակշռող ուժ։ Անհատների մակարդակով կան իրական ընդդիմադիրներ, բայց չկա համախումբ, ուժ, ինչու՞։
-Տարբեր պատճառներով չի ձևավորվել այդ ուժը։ Ժամանակին համատարած էյֆորիա էր և հնարավոր չէր հակընդդեմ ուժ ստեղծել։ Սա շատ լավ օգտագործում էր իշխանությունը՝ փորձելով «սև» դաշտ մտցնել բոլոր նրանց, ովքեր ընդդիմանում էին նրանց։ Շատերն այդ օրերին ստիպված լռում էին։ Արտախորհրդարանական կամ խորհրդարանական որոշ ուժերին լռեցնում էր նրանց ղեկավարների վրա գործեր հարուցելով կամ նրանց, այսպես ասած, «փչացնելով»։ Ընդդիմադիր ուժերից մեկի կարկառուն դեմքերի վրա քրեական գործեր են հարուցել, մյուս ընդդիմադիր ուժն էլ երրորդ ուղին է փնտրում, բայց դեռ չգիտի դա որն է, ստիպված հաճախ սպասարկում է Փաշինյանի շահերը։ ՀՅԴ-ն դեռ չի հասկանում, թե որտեղ պիտի տեղավորվի, քանի որ դրսի դաշնակցությունը սրտանց աջակցում է Փաշինյանին, հանրահավաքներին մարդկանց է բերում, իսկ այստեղի ՀՅԴ-ն չգիտի ինչ անի։ Հիմա ձևը գտել են, Արայիկ Հարությունյանի հրաժարականն են պահանջում։ Նոր ձևավորվող միավորներ կան՝ «Ադեկվատ», «Վետօ», որոնք թարմ ուժեր են։ Սակայն հիմա մի այլ հետաքրքիր ուժ է ձևավորվում։ Փաշինյանին թվում է, թե դա ինքն է ղեկավարում, բայց իրականում այն Փաշինյանի տակն է փորում։ Դա Արման Բաբաջանյանն է ու նրա շուրջ ձևավորվող ուժը։ Բաբաջանյանն անցել է այն ռիտորիկային, որով Փաշինյանը եկավ իշխանության, բայց հետո առաջ չգնաց։ Ժողովուրդն իշխանություն տվեց Փաշինյանին, որպեսզի հներին պատժի։ Հիմա քանի որ պատժելու գործընթացը խիստ հարաբերական է, որովհետև ունի սիրված օլիգարխներ, ուժայինի ներկայացուցիչներ, որոնց չի պատժել։ Ժողովրդի մի մասի մոտ թերհավատություն կա, թե ինչու նրանց չի պատժել։ ՈՒ այս դաշտում հայտնվել է Արման Բաբաջանյանը, որը փորձում է իմիտացիա անել, թե իր գործողություններն անում է Փաշինյանի համար, բայց իրականում մեդիա օրակարգը լցնում է իրենով։ Այս առումով շատ խելացի է ու շատ հաշվարկված է քայլերն անում։
-Փաշինյանն այս ամենը չի՞ նկատում, հազիվ թե առանց նրա հավանության Բաբաջանյանը կարողանար հանդիպել Նաիրի Հունանյանի հետ։
-Երևի այնքան «կուտ» է տվել Փաշինյանին, թե իր զինվորն է, իր համար է անում։ Իրականում նա լրիվ առանձին խաղ է տանում։ Ի դեպ, որոշ հարցերում Բաբաջանյանը պոպուլիզմից շատ ավելի մեծ գիտելիքներ ունի, քան Փաշինյանը։ Նա, օրինակ, դեմ է Ստամբուլյան կոնվենցիային, Ամուլսարի շահագործմանը։ Այսինքն, հասկանում է, թե որտեղ է ժողովրդի մեծամասնությունը։ Նույնը կարելի է ասել նաև «Սասնա ծռերի» մասին, որոնք ձևականորեն աջակցում են Փաշինյանին, բայց հերիք է, մի փոքր թուլանա, թիկունքից հարվածելու են, քնած սպասում են։ Այս շարքին կարելի է դասել նաև ՀԱԿ-ը, որն իր մարդկանց տեղավորել է Փաշինյանի իշխանությունում, բայց նրա դավաճանությունը չի ներել։ Չնայած Փաշինյանի հոգևոր հայրը Տեր-Պետրոսյանն է, որը նրա աշխարհայացքի վրա դաջել է իր մոտեցումները, բայց 2011-12-ի Փաշինյանի դավաճանությունը չեն մոռանա։ Հարմար առիթի դեպքում նրանք ևս թիկունքից խփելու են։ Այսօր Փաշինյանի փոխարեն ես այդքան չէի ոգևորվի։ Ավելին, եթե ՍԴ նախագահի պաշտոնում Վահե Գրիգորյանը հաստատվի, ապա... եթե Փաշինյանին թվում է, թե նա իր մարդն է, չարաչար սխալվում է։
-Ստացվում է՝ Փաշինյանը քաղաքական դաշտում մենա՞կ է մնացել՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ սեփական թիմում էլ հազար ու մի թևեր կան։
-Նա ունի նիկոլական թիմ, որը մեծ չէ, մոտ շրջապատը 5-6 հոգի է՝ Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց, Մխիթար Հայրապետյան։
-Այսինքն, նրանք, ովքեր իրենցից ուժ չեն ներկայացնում։
-88-հոգանոց մեծամասնությունը հայտնվել է խորհրդարանում միայն այն բանի համար, որ Փաշինյանն է այդպես ցանկացել։ Եթե այլ 88 հոգու ցուցակ լիներ, նրանք կանցնեին։ Հիմա բավական զավեշտալի է, երբ նրանք հոխորտում են այս կամ այն մարդուն պատժելու, իրենց վարկանիշի մասին։ Այդ 88 հոգուց 20-25-ը սորոսականներն են, որոնց կարելի է գումարել 15 լևոնականների, որոնք ևս Սորոսի հետ կապ ունեն։ Խմբակցության առնվազն կեսն իրենը չէ, նվիրված նիկոլականներ չեն։ Սակայն դեռևս կարողանում է խաղացնելով պահել այս թիմը։ Տեսանք, թե Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի դեպքում ինչպես Փաշինյանը հետքայլ արեց՝ հասկանալով, որ երկուսը միասին չի կարողանալու «ձգել»։ Փաշինյանը նաև խնդիր ունի այն առումով, որ հներին նստեցնում է, բայց դրանից իր վարկանիշը չի բարձրանում։ Կա կառավարման ձև՝ հաց և տեսարաններ։ Այնքան տեսարաններ են եղել, որ էլ չեն ազդում, իսկ հաց էլ առանձնապես չկա։ Ի՞նչ պիտի անի, Սերժ Սարգսյանի՞ն բանտարկի։ Սա վերջին խաղաքարտն է։ Խաբում, ասում է, թե այսքան աշխատատեղ է բացվել, բացի Սամվել Ալեքսանյանի վերջին գործարանից որևէ նոր աշխատատեղ չի ստեղծվել, որտեղի՞ց են այդ տասնյակ աշխատողները։ Ոմանց ստվերից են բերել, բայց այս դեպքում էլ կրճատումներ են եղել, որովհետև 10 մարդուց 6-ին օրինական ձևակերպել են, մնացածին աշխատանքից ազատել։ Հացի կարոտ ժողովուրդը փորձում է հիասթափված արտագաղթել։
-Ի՞նչ բեկում կարող է լինել այս իրավիճակում։
-Բեկում յուրաքանչյուր պահի կարող է լինել։ Մի բեկում կարող է լինել, եթե իշխանական խմբակցությունից 45 հոգի դուրս է գալիս և իրենց խմբակցությունն են ստեղծում, սկսվում է խորհրդարանական ճգնաժամ։ Այսինքն՝ Փաշինյանը խորհրդարանում կորցնելու է իր մեծամասնությունը։ Բեկում կարող է լինել աշխարհաքաղաքական իրավիճակով թելադրված։ Հիմա փորձում է բոլորին լավություն անել, բայց հիշենք Մոլդովայի օրինակը։ Օլիգարխ էր երկիրը ղեկավարում ու փորձում էր և՛ Ռուսաստանին, և՛ ԱՄՆ-ին, և՛ ԵՄ-ին խաղացնել, բայց արդյունքում 3 ուժերը միացան և նրան դուրս շպրտեցին։ Հիմա նա փախել է Մոլդովայից։ Բեկում կարող է լինել պատերազմի, ժողովրդի հիասթափության, էլիտաների շարժի դեպքում։ Փաշինյանը դեռ կարողանում է մանևրելով այս ամենը ձգել, բայց ամենավատն այն է, որ այս ամենից երկիրն է տուժում, չի զարգանում։ Իրավիճակը գնալով վատանում է։ Խնդիրն այսօր Փաշինյանը չէ, այլ այն ընտրազանգվածը, որը վաղը կարող է մեկ այլ պոպուլիստի իշխանության բերել։ Պետք է մեր միջի պողոսին սպանենք, որպեսզի հասկանանք` փաշինյանատիպ պոպուլիստները չունեն պետական համակարգում անգամ բաժնի պետի տեղակալի պաշտոն զբաղեցնելու իրավունք։
Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ