Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարծում է, որ քաղաքական գործիչ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» ակումբը «նոր թարմություն կհաղորդի ներքաղաքական կյանքին»: Փոխվարչապետի՝ կեսկատակ-կեսլուրջ ասածը, ցավոք, հեռու չէ իրականությունից: Վերոնշյալ ակումբը նոր լիցքեր ու թարմություն, առաջին հերթին, իշխանություններին է հաղորդում ու հաղորդելու: Կառավարման ղեկը ստանձնածները մեծագույն սիրով պարսավում, նախատում ու անարգանքի սյանն են գամում այնտեղ հավաքվածների մեծամասնությանը: Քաղաքական տեխնոլոգիայի կիրառված ու աշխատող մեթոդ է անընդհատ նախկիններին մեղադրելը: Քննադատությունը լսելու ու դրա հետ հաշվի նստելու փոխարեն ասել՝ եթե նախկին ես, ուրեմն վարկաբեկված ես և իրավունք չունես քննադատելու: Մերօրյա իշխանությունները հրաշալիորեն են տիրապետում այդ գործիքին և ժարգոնային բառապաշարով ու հաթաթա տալու ոճով հայտարարում «ասֆլատին պառկըցնելու» կամ «ծնոտներին խփելու» մասին: Ի՞նչ կարող են անել «Վերնատանը» հավաքված հասարակական ու քաղաքական գործիչները, ինչպիսի՞ տրամադրություն կստեղծեն ու ի՞նչ ճակատագիր կունենա այդ ակումբը, դժվար է ասել: Առաջին հերթին այն հրաշալի հարթակ է իշխանությունների համար, ինչն օգտագործելով՝ Փաշինյանն ու թիմակիցները հասարակության ականջին հաճո հայտարարություններ կարող են անել «հակահեղափոխականների» ու «լափամանի» մասին:
Ցավալին այն է, որ 2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո ձևավորված նոր ուժերի՝ ոչ պակաս տրամաբանված ու փաստարկված քննադատությունը ո՛չ օրենսդիրի, ո՛չ գործադիրի ներկայացուցիչներին չի հուզում: Նրանց ավելի ձեռնտու է անդրադառնալ «Վերնատան» ու նման կառույցների անդամների ելույթներին ու գործունեությանը, քան թե համեմատաբար մաքուր կենսագրություն ունեցող ուժերի դիտողություններին:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ