«Լիվերպուլը» շարունակում է մնալ անկասելի
10.12.2019 | 02:49
Չափազանց մեծ է ռիսկի գործոնն ասելու համար, որ պրեմիեր լիգայում չեմպիոնության համար պայքարն ավարտված է, բայց դրա մասին ակնարկ չանելն էլ մի այլ կարգի անամոթություն կլինի։ Սակայն այստեղ զարմացնողը ոչ միայն վայրիվերումներով ուղեկցվող «Մանչեստր Սիթիի» մրցելույթներն են, այլև «Լեստերի» ավելի քան վստահ հանդիպումների շարքը, որն ակամայից հիշեցնում է ոչ վաղ անցյալը, երբ Լեստեր համեստագույն քաղաքը ներկայացնող նույնքան համեստ թիմը մատուցեց խոշորագույն անակնկալ՝ դառնալով երկրի չեմպիոն։ Իհարկե, այս մրցաշրջանում նրա կտրվածքով չեմպիոն լինելու մասին խոսք չի կարող լինել, բայց որ փոխչեմպիոնությունը միանգամայն հնարավոր տարբերակ է, այս մասին չասել էլ չենք կարող։
ԱՆԳԼԻԱ
Պրեմիեր լիգայում տուրից տուր ավելի ու ավելի հաստատունորեն է կյանք առնում «Լիվերպուլի» չեմպիոնությունը, թեպետ առջևում անցնելիք դեռ հսկայական ճանապարհ կա։ Բայց և այնպես չի կարելի չարաձանագրել այն ահռելի կտրվածությունը, որ երկրի փոխչեմպիոնն ունի գործող չեմպիոնից։ Արտագնայում «Բոռնմուտի» նկատմամբ «Լիվերպուլի» հաղթանակը (3։0) «մերսիսայդցիների» միավորների թիվը հասցրեց 46-ի, ինչը 14-ով շատ է «Մանչեստր Սիթիի» ունեցածից, որը սեփական հարկի տակ զիջեց «Մանչեստր Յունայթեդին»՝ 2։1 (24 միավորով «մակունիացիները» եզրափակում են առաջատար հնգյակը)։
Սա Գվարդիոլայի սաների համար ցավալի պարտություն էր ոչ միայն այն առումով, որ չեմպիոնական մրցավազքում ավելի ու ավելի է հետ մնում «Լիվերպուլից», այլև որ այս հանդիպումը դերբի էր։ Կա և հարցի երրորդ կողմը։ Ցավալի էր և նրանով, որ զիջել է մի ակումբի, որը որքան էլ թույլ է հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում, այդուհանդերձ շարունակում է իր պատմությամբ ու էությամբ մնալ գրանդ ակումբ։ Սրա կողքին չմոռանանք, որ նույն «Մանչեստր Սիթին» ընդամենը չորս տուր առաջ էլ զիջել էր «Լիվերպուլին»։
Սակայն ամբողջ հարցն այն է, որ «Մանչեստր Սիթին» սկսում է հետ մնալ նաև փայլուն հանդիպումների շարք անցկացնող «Լեստերից», որն ավելի քան վստահ մրցելույթ ունեցավ «Աստոն Վիլայի» հետ մրցակցությունում՝ տանտերերին պարտության մատնելով 4։1 հաշվով ու միավորների թիվը հասցնելով 38-ի։ Փաստորեն երկրի երբեմնի չեմպիոնը գալիս է ուղղակիորեն ու անուղղակիորեն հավաստելու, որ եթե ոչ չեմպիոնական, առնվազն մեդալների մրցավազքում իր հնարավորությունները հանիրավորեն թերագնահատված են եղել։
Վերջին չորս խաղում երրորդ պարտությունը կրած «Չելսին» (արտագնայում 1:3 հաշվով զիջել է «Էվերտոնին») պահել է ունեցած չորրորդ հորիզոնականը (29 միավոր), սակայն եթե շարունակի նմանատիպ մրցելույթների շարքը, հետևանքները չափազանց տհաճ կլինեն։
Պրեմիեր լիգայի տեսությունը փակենք «Տոտենհեմի» մասին հիշատակումով։ Տնային խաղում այն «տաքսի» է արել «Բյոռնլիի» հետ, որը նշանակում է հաղթանակ 5։0 հաշվով։ 23 միավորով Մոուրինիոյի սաները վեցերորդ հորիզոնականում են։
ԳԵՐՄԱՆԻԱ
Դրամատիկ հանգուցալուծոմ ունեցավ տուրի թիվ մեկ՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-«Բավարիա» դիմակայությունը։ Հավելյալ ժամանակում տեղի տվեցին հյուրերից Մարտինեսի նյարդերը, ու հաջող իրացված տասնմեկմետրանոցը տանտերերին ապահովեց կամային հաղթանակ 2։1 հաշվով։ Սա տանտերերի համար ավելի քան տեղին էր, որովհետև հանդիպման այլ ելքով մեկ այլ արդյունք նրան կզրկեր առաջատարությունից, քանի որ վերջին խաղերը փայլուն անցկացնող «Լայպցիգը», որ հերթականում Հոֆենհայմին» պարտության է մատնել 3։1 հաշվով ու անվան դիմաց գրանցել 30 միավոր, կրկնկակոխ հետապնդում է նրան՝ հետ մնալով ընդամենը մեկ նիշով։
Ինչ հետևանք ունեցավ «Բավարիայի» համար այս պարտությունը։ Այն միանգամից նահանջեց երեք հորիզոնականով ու 24 միավորով դուրս մնաց առաջին վեցյակից, քանի որ միանգամից երեք թիմ՝ Դորտմունդի «Բորուսիան», «Ֆրայբուրգն» ու «Բայերը», տոնեցին հաղթանակներ ու հավաքած միավորներով գերազանցեցին երկրի գործող չեմպիոնին։ Դորտմունդցիները հինգ անպատասխան գնդակի գերազանցությամբ տնային խաղում հաղթել են «Ֆորտունային» ու 26 միավորով տեղ գտել երրորդ հորիզոնականում։
Հյուրընկալելիս «Ֆրայբուրգը» լուծել է «Վոլֆսբուրգի հարցերը»՝ 1։0, «Բայերը» 2։1 հաշվով առավելության է հասել «Շալկեի» նկատմամբ։ «Ֆրայբուրգն» ու «Բայերը» ունեն 25-ական միավոր՝ ճիշտ այնքան, որքան չորրորդ հորիզոնական նահանջած «Շալկեն», որն այստեղ է ի հաշիվ լրացուցիչ գործակիցների ու նախորդում է վերջին երկուսին։
ԻՏԱԼԻԱ
Նախորդ տուրում սկուդետեի առաջին հորիզոնականն իրենով արած «Ինտերը» հերթականում սեփական հարկի տակ չկարողացավ կոտրել «Ռոմայի» դիմադրությունը (գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի), ինչը «Յուվենտուսի» համար կորցրածը վերականգնելու փայլուն հնարավորություն էր՝ պայմանով, որ հռոմեական վոյաժը կավարտի հաղթանակով։ Սակայն եղավ այն, ինչը կոչվում է ցանկության ու հնարավորության անհամատեղում։ «Ծեր սինյորան» դառը պարտություն կրեց «Լացիոյից» և ունեցած 23 միավորով արդեն երկու նիշի տարբերությամբ է հետ «Ինտերից»։ Նկատենք, որ ընթացիկ մրցաշրջանում սա թուրինյան ակումբի առաջին պարտությունն էր։ Այս ավելի քան վստահ հաղթանակը մայրաքաղաքցիներին, որ արդեն 33 միավոր ունեն, շարունակեց պահել երրորդ հորիզոնականում՝ ինչ-որ տեղ սպառնալով ինտրիգ մտցնել չեմպիոնական մրցավազքում։ Բնականաբար, այս մասին խոսելը էապես վաղ է, սակայն զգուշացնելն էլ եկեք ավելորդ չհամարենք։
Ի դեմս «Ինտերի», նկատի ունենալով «Ռոմայի» ծանր մրցակցի պարագան ու, ավելին, հաշվարկելով, որ եթե ոչ առավելագույն քանակով, գոնե միավոր կորցրած է այն վերադառնալու Միլանից, նրա հետ հավասար միավորներ ունեցող «Կալյարին», բնականաբար, առավելագույնի ակնկալիքով ընդառաջ գնաց «Սասուոլոյի» հետ մրցավեճին, սակայն բախտն այնքանով բերեց, որ խաղավարտին գոնե կարողացավ խուսափել պարտությունից՝ 2։2։ 29 միավորով շարունակվում է նրա սիամական երկվորյակությունը գերմանական «գայլերի» հետ։
Վեցերորդ հորիզոնականում է «Ատալանտան», որը հյուրընկալելիս 3։2 հաշվով առավելության է հասել «Վերոնայի» նկատմամբ։
ԻՍՊԱՆԻԱ
«Բարսելոն»-«Մալյորկա» մրցակցությունում գոլի հեղինակ է դարձել կատալոնյան ակումբի ողջ հարձակման գիծը, որտեղ խփած հինգից մեկականը բաժին է հասել Գրիզմանին ու Սուարեսին, երեքը՝ Մեսիին։ Թերևս միակ տարօրինակն այն է, որ արգենտինացին միավոր չի վաստակել «գոլային փոխանցում» հաշվարկով, բայց դե ում խաղում չեն լինում թերություններ։ Ի միջի այլոց նկատենք, որ հյուրերը պասիվ դիտողի դերում չեն եղել, նրանց հաջողվել է երկու անգամ խոցել Տերշտեգենի դարպասը։
Տուրը հաղթանակով է ավարտել և լա լիգայի մյուս առաջատարը՝ Մադրիդի «Ռեալը», որի օրվա մրցակիցը եղել է «Էսպանիոլը»՝ 2։0։ Գոլերից մեկի հեղինակը Բենզեման է։ «Արքայականը» նույնպես ունի 34 միավոր ու ի հաշիվ լրացուցիչ գործակիցների է, որ երկրորդ հորիզոնականում է։
«Օսասունա»-«Սևիլիա» մրցակցությունը ոչ մի առումով չէր կարող սպառնալ մրցաշարային աղյուսակում անդալուզական թիմի ունեցած տեղին, սակայն հաղթանակը բնականաբար նշանակում էր շատ ավելի առաջ պոկվել մերձակա հետապնդողներից ու ընդհուպ նստել «Բարսելոն»-«Ռեալ» զույգի պոչին՝ հետ մնալով ընդամենը մեկ միավորով։ Սակայն «Սևիլիան» ի զորու չեղավ օգտվելու ստեղծված հնարավորությունից, մանավանդ որ դրա համար պատեհ առիթն էլ կար. խաղի զգալի ժամանակահատված տանտերերն անցկացրել են տասը հոգով: Անդալուզցիներն ունեն 31 միավոր:
«Էյբարի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը «Խետաֆեին» 27 միավորով տեղ ապահովեց հինգերորդ հորիզոնականում։ Այն միավորներով հավասարվել է չորրորդ տեղում հանգրվանած «Ռեալ Սոսիեդադին», որն արտագնայում միավոր է կիսել «Վալիադոլիդի» հետ՝ այդպես էլ չկարողանալով խոցել տանտերերի դարպասը։
Բիլբաոյի «Աթլետիկի» երեք անընդմեջ հաղթանակների շարքն ընդհատեց նրան հյուրընկալած «Բետիսը», որն արդեն առաջին խաղակեսի առաջին կեսում հասցրեց երեք անգամ գրավել մրցակցի դարպասը։ Վերջնահաշվում այստեղ արձանագրվել է 3։2 հաշիվը; Բասկերի ունեցած 26 միավորն այդպես էլ մնաց անփոփոխ, նրանք եզրափակում են առաջին վեցյակը։
Լա լիգայի տեսությունն անել ու շրջանցել Մադրիդի «Աթլետիկոն, ողջամիտ չի լինի, քանզի այն առնվազն վերջին տասնամյակում երկրի առաջին երեք թիմերի հաշվարկում է։ Դիեգո Սիմեոնեի սաներն արտագնայում գոլազուրկ հանդիպում են անցկացրել «Վիլիառեալի» հետ ու 26 միավորով յոթերորդ հորիզոնականում են։
ՖՐԱՆՍԻԱ
«Մոնպելիե»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունում տանտերերի հետ չար կատակ խաղաց խաղադաշտից Մենդեշի հեռացումը, ու մինչ այդ հանդիպումն իր օգտին ծավալող «Մոնպելիեն» վերածվեց գոլերի տոպրակի 3։1, ու մայրաքաղաքցիները ձեռք են բերում հերթական երեք միավորը։
Նույն տրամաբանությամբ իր հերթական երեք միավորին տեր կանգնեց (3:1) «Բորդոյին» հյուրընկալած «Մարսելը», որն արդեն որերորդ խաղն է ավարտում հաղթանակով: Մարսելցիներն ունեն 34 միավոր, ինչը հինգով է պակաս «Պարի Սեն Ժերմենի» ունեցածից (մայրաքաղաքցիները մեկ խաղ պակաս են անցկացրել:
Դիվիզիոնի երրորդ հորիզոնականում է 27 միավոր վաստակած «Լիլը», որը դժվարագույն մրցակցությունում երեք միավոր է պոկել «Բրեստից»՝ 1։0: «Լիլից» մեկ միավոր պակաս ունի «Ռենը», որը սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտության է մատնել «Անժին»:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ