«Փաշինյանը կտրվել է իրականությունից ու ապրում է բոլորովին այլ մոլորակում»
20.12.2019 | 00:20
«Իրատեսի» զրուցակիցն է հասարակական, քաղաքական գործիչ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։
-Իշխանությունն այսօր որքանո՞վ է իր քայլերով արդարացրել հասարակական սպասելիքները։ Ինչպե՞ս եք գնահատում գործընթացները, որքանո՞վ է իշխանությունը կարողանում համարժեք արձագանքել բոլոր խնդիրներին։
- Իսկ այսօր մենք ունե՞նք իշխանություն։ Այն խմբակը, որը եկել է իշխանության, չի իրականացնում իշխանություններին վերագրվող պարտականությունները։ Սրանք պատահական մարդիկ են, որ եկել են հարստահարելու մեր երկիրը։ Ես նրանց չեմ ճանաչում որպես մեր երկրի առաջնորդների կամ ղեկավարների ու չեմ պատրաստվում շարժվելու վերջիններիս գծած սցենարով։ Մարդկանց խմբակը, որը մեկուկես տարի առաջ բռնազավթեց մեր երկրի ղեկավար պաշտոնները, չի տիրապետում ո՛չ ներքաղաքական, ո՛չ արտաքին քաղաքական իրավիճակներին, չունի պետականամետ մտածելակերպ և մարդակենտրոն գործողությունների պլան։ Սա մի խմբակ է, որը եկել է իշխանության օտարերկրյա ուժերի միջոցով և նրանց իսկ գործակալական ցանցի ձեռքով ղեկավարում է Հայաստանը։ Ինձ համար անընդունելի է նրանց կիսագրագետ, հայատյաց ու ազգակործան քաղաքականությունը, և ես պայքարելու եմ այս համակարգը տապալելու և առողջ համակարգ կառուցելու համար։
-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիտում հայտարարեց, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է։ Նաև նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի։ Կառավարության համար այս 1,5 տարին բավարար չէ՞ր կառավարման համակարգը «մաքրելու» համար։
-Փաշինյանը պետք է գիտակցի՝ դա ոչ թե դիմադրություն է, այլ պարզապես մարդիկ հասկացել են նրա ով լինելը, իշխանության գալու բուն նպատակը, հետևում կանգնած ուժերի ծագումն ու հիմա հրաժարվում են աշխատել նրա հետ։ Մարդիկ գիտակցում են, որ մի քանի կոպեկի ու իշխանամերձ բարձերի վրա նստոտելու համար հայրենիքն օտարին վաճառել չի կարելի: Չի կարելի ծաղրել և ուրանալ հայ զինվորի արյունը, չի կարելի թույլ տալ հայ երեխայի վրա կլինիկական փորձարկումներ իրականացնելու դավաճան աշխատելաոճը։ Փաշինյանը թող ձեռքերը մեջքի հետևում թաքցնի, որ իր ու իր մերձավոր թալանչիների թաթիկները ժողովուրդը չկտրի, քանի որ հենց նա է այսօր թաթախված կոռուպցիայի մեջ, ինչի համար մոտ ապագայում պատասխան է տալու։ Կառավարման համակարգը, առաջին հերթին, պետք է մաքրել ստախոսներից ու օտարածին գործակալներից, իսկ Փաշինյանը նրանց հետ ոչ միայն սերտ համագործակցում է, այլև չեմ բացառում, որ նրանցից մեկն է։ Թրքասեր գործակալներին է հանձնել մեր երկիրը` օգտագործելով ժողովրդի անունն ու խաղալով ազգի ճակատագրի հետ։
-Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր լուծել այդ խնդիրը։ Աշխատավարձի բարձրացու՞մն է լուծումը, շատերին աշխատանքից ազատե՞լն է լուծումը։ Ո՞րն է ամենաարդյունավետ տարբերակը։
-Փաշինյանը պետք է սկսի իրենից, իր ոչ պաշտոնական տիկնոջից և իր բոլոր բարեկամներից։ Նա կտրվել է իրականությունից ու ապրում է բոլորովին այլ մոլորակում։ Մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում։ Երկու օր առաջ էլ մեկժամյա կրակոցներ են եղել Տավուշի վրա։ Ի՞նչ արձագանք են տվել մեր երկրի «անվտանգության երաշխավորները»` նախագահի ու վարչապետի աթոռներին բազմած տրանսգենդերասեր երկու փողկապավորները։ Միակ լուծումը, որ տեսնում եմ, այդ երկուսի անհապաղ հրաժարականն է, արտահերթ ԱԺ և Երևանի ավագանու ընտրությունների կազմակերպումը։ Մենք չպետք է սպասենք, որ թուրքը լայնամասշտաբ գործողություններ սկսի, գա հասնի մեր բնակավայրեր: Մենք երկրորդ եղեռն չպետք է թույլ տանք, ինչին տանում է փաշինյանական ջայլամի քաղաքականությունը: Ամենացավալին այն է, որ և՛ Փաշինյանը, և՛ իրեն շրջապատող դասալիքները գիտակցում են իմ խոսքերի ճշմարտացիությունը, բայց փառամոլության պատճառով Հայաստանը դեպի կործանում են տանում:
-Խորհրդարանում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՀՀ օրենսդրության բարեփոխման շուրջ քննարկումների նպատակով ձևավորվել է աշխատանքային խումբ: Ձեր կարծիքով՝ ովքե՞ր են այսօր ատելության խոսքի տարածողները: Համացանցում կամ այլ վայրերում տարածվող ատելության խոսքում ուղղորդում կա՞։
-Ատելության խոսք տարածող առաջին մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ, երբ նա իրավապահներին հրահանգեց սևազգեստ մարդկանց փռել ասֆալտին և տալ պատերով, ես դիմեցի ոստիկանություն` նաև իմ անձի հանդեպ սպառնալիք հնչեցնելու հիմքով: Ոստիկանությունն ընդունեց դիմումս, սակայն ընթացք չտվեց։ Նմանատիպ հայտարարություններին սովորաբար երկու դեպքում ընթացք չի տրվում՝ երբ հայտարարություն անողը անչափահաս է կամ անմեղսունակ, հոգեկան հիվանդություն ունեցող մարդ։ Քանի որ Փաշինյանն արդեն հատել է չափահասության սահմանը, ապա ինձ մնում է ենթադրել, որ ոստիկանները հակված են մտածելու երկրորդ տարբերակի մասին։ Այս առումով ես դիմել եմ առողջապահության նախարարի աթոռին նստեցված անձին և հանրությանը` Ն. Փաշինյանին Գերմանիայի էլիտար կլինիկա ուղեգրելու և համալիր հետազոտություն կազմակերպելու համար։ ԱԺ-ում ատելության խոսքի դեմ օրինագծեր ներկայացնող մարդիկ պետք է վերհիշեն իշխանազավթման օրերին իրենց կողմից պատրաստված դագաղները և սև ժապավենները, իրենց «հեղափոխական» տեսակետները չկիսող մարդկանց ուղղված սեփական ատելախառն արտահայտությունները, հետո նոր մանրադիտակով փնտրեն դիմացինի «աչքի փուշը»։ Կամ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Փաշինյանի հերթական հրահանգին՝ բացահայտել բոլոր «ֆեյքերին», ԱԱԾ-ն արձագանքեց միայն Փաշինյանի կնոջը վիրավորած ֆեյքին գտնելով։ Իսկ ինչու՞ ԱԱԾ-ն օրենքի տառին համապատասխան «ակուրատնի» չի ներխուժում փաշինյանական «Մաեստրո» ֆեյքի կողմից ղեկավարվող ֆեյքերի ֆաբրիկա ՊՈԱԿ։ Ի դեպ, վերոնշյալ «ֆեյքը» հանրության լայն շրջանակներին հայտնի է նաև «Փոշի» մականունով, ու հետաքրքիր է, թե երբ է ԱԱԾ-ն «Փոշուն» «ասֆալտին փռելու» կամ «կտրելու նրա թաթիկները»։
-Եթե օրենսդրական կարգավորում լինի, մենք այլ պատկե՞ր կունենանք, մարդիկ ավելի զգու՞յշ կլինեն, որոնք այսօր փորձում են ատելության խոսք տարածել իրենց գրառումներով, և այդ գրառումները ևս վերահսկվելու՞ են։
-Հայաստանում երկակի ստանդարտներ են գործում։ Եթե ընդունվի նմանօրինակ օրենք, ապա այն ազդելու է միայն իշխանություններին քննադատող մարդկանց վրա։ Իշխանական «մանկուրտների» գործելաոճը չի փոխվելու, անպարկեշտ բառապաշարն ընդլայնվելու է։ Պետք է մտածել ոչ թե միակողմանի «պատժիչ մեքենա» ստեղծելու մասին, այլ հանրության կրթական մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Հայտնի ճշմարտություն է, որ անգրագետ ղեկավարը երբեք չի հանդուրժի գրագետ հանրություն, հետևաբար՝ հանրության կրթական մակարդակը բարձրացնելուց առաջ պետք է մտածենք գրագետ առաջնորդ ունենալու մասին։ Իմքայլականների՝ օրակարգ բերած այս օրինագիծը նույնպես կեղծ օրակարգ է ու առավել կարևոր անվտանգային հարցերից շեղելու անմիտ ու չստացված փորձ։
-Որպես ավագանու նախկին անդամ ի՞նչ փոփոխություններ եք նկատել մայրաքաղաքում նոր իշխանությունների ավելի քան մեկ տարի կառավարումից հետո:
-Իշխանական ավագանու անդամների մեծ մասը շարունակում է իրեն անպարտելի ու ամենակարող զգալ։ Ավագանու շատ անդամներ ոչ միայն ինքնահավան ու լպիրշ են, այլև անմեղսունակ ու սրբապիղծ։ Իմ այս բառերը փաստ են և ապացուցման կարիք չունեն։ Մայրաքաղաքային նոր իշխանությունը նման է վամպիրների խմբի, որոնք արյան հոտն առել են ու կորցրել ինքնատիրապետումը։ Դրամի փայլը նախկինում հեռվից տեսած ու հիմա դրամի հետ «քնող» շատ ավագանիներ մասնակցում են կոռուպցիոն գործարքների։ Չենք մոռանում նաև քաղաքային բյուջեի անխնա ու անիմաստ մսխումը` երևանցու սոցիալական անմխիթար վիճակի, ընթացքի ժամանակ երթուղայինի ընկնող դռան, կեղտոտ փողոցների, շնչելու համար անպիտան օդի ֆոնի վրա։ Լավ է, որ ավագանու ընդդիմադիր անդամներ ունենք, որ տոկուն մարտիկների նման պաշտպանում են երևանցու շահը և բացահայտում են հղփացած իշխանիկների կոռուպցիան, իրավախախտումներն ու սանձարձակությունը։
-«Կամազ»-ների թեման բավական բուռն քննակումների տեղիք տվեց։ Ըստ Ձեզ` ինչու՞ են բիզնեսով զբաղվող մարդիկ նման նվիրատվություն անում։
-Սա պարզ կոռուպցիոն սխեմաներից մեկն է։ Ցանկանում եմ հայտնի դերասանին ասել, որ մենք իրենց նման «թավիշ» չենք լինելու, չենք կոծկելու իրենց կատարած ապօրինությունները, ինչպես իրենք են կոծկում իրենցից առաջ Երևանը հարստահարածների «մութ գործերը»։ Վաղվա քաղաքային իշխանությունը լինելու է պետականամետ մտածողությամբ, ու բոլորի թալանը կաթիլ-կաթիլ քթերից է դուրս բերվելու։ Բացի կոռուպցիոն սխեմաներից, ապօրինի շինթույլտվություններից քաղաքային իշխանությունը գնումները մշտապես մեկ անձից է իրականացնում:
Բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում, պարո՛ն Փաշինյան, կարո՞ղ է Ձեր նշանակած քաղաքապետը պոզ ու պոչ ունի, ուղղակի ես դեռ չեմ նկատել։
-Ամանորի միջոցառումների համար բավական կլորիկ գումար է տրամադրվելու՝ մոտ 900 հազար դոլար։ Ի՞նչ եք կարծում, ինչու՞ է Հայկ Մարությանն այդքան շռայլորեն ուզում կազմակերպել Ամանորը։
-Չեմ կարծում՝ դա Մարությանի ցանկությունն է, դա Փաշինյանների ընտանիքի և նրանց իշխանության բերած PR-թիմի հաշվարկած մեխանիզմն է` կեղծ տպավորություն ստեղծելու, որ Փաշինյանը դեռ սիրված ու ընդունված է հանրության կողմից։ Նրա համար խիստ ցավոտ է այն գիտակցումը, որ իրեն այլևս ոչ միայն չեն սիրում ու ընդունում, այլև անունը որպես վիրավորանքի (ստախոսի) հոմանիշ են օգտագործում: Աղքատ ու սոված բնակչության պարագայում այսպիսի անիմաստ ու ճոխ ծախս անելով՝ Փաշինյանը ցանկանում է «դրսին» ցույց տալ իր «հզորությունն» ու վայելել «տիրակալի փառքը»։
Իսկ Մարությանը օգտագործվում է Փաշինյանի ու նրա կնոջ կողմից որպես անձ, ում անունը ոսկեգույն տառերով տպագրվելու է «Թուք ու մուր» ժողովածուի առաջին էջում։ Քաղաքապետ Մարությանին դեռ մեկ տարի առաջ եմ հորդորել «ինքնասպանություն» չգործել, չարատավորել սեփական քրտինքով վաստակած անունն ու հանրային սերը։ Բայց նա գերադասեց «ընկերություն անել» տրանսգենդերների ու սատանիստական հիմքերով պերֆորմանսներ բեմադրողների հետ ու դառնալ որոշ իշխանիկների «անձնական օգտագործման թաշկինակ»։ Ինչ ասեմ, իր ընտրությունն է:
-Փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ասում է, թե մեծ գումարներ են ներդնում, որ նպաստեն զբոսաշրջիկների Հայաստան գալուն։ Վարչապետն էլ բոլորին հորդորում է Ամանորն ազգովին հրապարակում դիմավորել: Նա նաև մտածում է ամանորյան հիթային ու նմանը չունեցող երգ ունենալու մասին։ Ի՞նչ եք կարծում, վարչապետը պե՞տք է նման հարցերով զբաղվի:
-Ես Փաշինյանից այլ բան չէի էլ սպասում։ Այն պարագայում, երբ Ադրբեջանը կրակահերթի տակ է պահում մեր Տավուշը, երբ Նախիջևանի կողմից թշնամին առաջ է եկել ու ամրացրել իր դիրքերը, երբ միջազգային հարթակներում առևտուր է գնում Արցախի շուրջ, երբ ԱՄՆ դեսպանը այցելում է Մեղրիում գտնվող ռազմական օդանավակայան և չափուձև անում, երբ հայ ազգի վրա կլինիկական փորձարկումներ են իրականացվում, երբ ստախոս «սորոսականները» հարձակվել են հայկական ավանդական արժեքների, հայոց լեզվի, հայ մշակույթի, պատմության ու եկեղեցու վրա, երբ Հայաստանում ծնվող յուրաքանչյուր նորածին արդեն հսկայական արտաքին պարտք ունի, բա էլ ի՞նչ պետք է անի հայոց երկրի վարչապետը, եթե ոչ երգի, պարի, ուտի, ուրախանա: Բայց մյուս կողմից էլ, ինչպես ասում են, «արդար է, ժողովուրդ ջան», քանի որ յուրաքանչյուրը պետք է պատասխան տա իր կատարած ընտրության համար:
-Ամանորի միջոցառման համար տարբեր թաղապետարաններ պետբյուջեից գումարներ են հատկացրել։ Հին բարքերը շարունակվու՞մ են:
-Չկա հին ու նոր, այս համակարգը նախորդի շարունակությունն է։ Շուրջ երեք տարի առաջ, երբ ոտք դրեցի քաղաքականություն, միայն մեկ միտք ունեի. քանդել հակապետական ու ապազգային համակարգը և կառուցել ազգային համակարգ։ Այս նպատակիս դեռ չեմ հասել, բայց վստահ եմ, որ այն շատ մոտ է։ Ընդ որում, համակարգ քանդել չի նշանակում մարդկանց ազատել աշխատանքից, բանտարկել, վտարել, բանտում տանջամահ անել: Համակարգը փոխելու և կայուն զարգացող երկիր կառուցելու համար Հայաստանի առաջնորդը չպետք է լինի չտես ու արտաքին կազմաքանդող ուժերին գերի։ Վստահ եմ՝ շուտով գալու է հայրենանվերների ժամանակը։
-80 տոկոս վստահության քվեով քաղաքապետ դարձած Հայկ Մարությանի վարկանիշն այսօր, ըստ Ձեզ, որքա՞ն է։
-Ընկել է ոչ միայն «խեղճ» Մարությանի, այլև նախկինում սիրված «Կարգին Հայկոյի» վարկանիշը։ Իսկ 80 %-ը ոչ թե Մարությանին, այլ համազգային խաբեության ֆոնի վրա, քաղաքական լուրջ տեխնոլոգիաներով իշխանություն զավթած և սահմանադրական կարգը բազմիցս խախտած Փաշինյանին է ընտրել։ Բայց մի բան պետք է հստակեցնել. միշտ չէ, որ հանրության կարծիքը ճիշտ է ու ենթակա պարտադիր կատարման: Եթե օրինակ մի քանի ամիս հետո հանրությունը պահանջի Հանրապետության հրապարակում՝ երգող շատրվանների «պարի» ներքո վարչապետ Նիկոլ Փաշինյանին կախաղան հանել, Աննա Հակոբյանին էլ քառատել, խորովել ու ուտել, ապա ես նորից դեմ կգնամ հանրության պահանջին, որքան էլ ինձ տարբեր անուն-պիտակ կպցնեն։ Անկախ հանրության վերաբերմունքից ու մտքերից՝ մարդ պետք է հավատարիմ լինի սեփական սկզբունքներին, մտքերին, բարոյական արժեքներին և հայրենիքին։
-Արթուր Մեսչյանն ասում էր, թե մինչև տարեվերջ Երևանի ճոպանուղու սյուները գոնե պատրաստ կլինեն, բայց տարին ավարտվում է, իսկ սյուները չկան։ Քաղաքը կառավարողների էլ ինչ խոստումներ անկատար մնացին։
-Այս իշխանությունը ստելու մոլուցք ունի։ Այն երկրի ղեկը բռնազավթել է ստով, նրա անդամներից շատերը սովորել են ապրել խաբելով։ Այնպես որ Ձեր նշած հերթական ստի վրա չեմ զարմանում: Անդրադառնալով Մեսչյանին, ում երգերը ես ժամանակին լսում էի գրեթե ամեն օր, մի փոքրիկ հիշեցում անեմ: Շատերը կհիշեն պարոն Մեսչյանի «Ահա և վերջ» երգի այն տողերը, որտեղ նա ասում է «Վերացվող քո տեսակը պարտվում է Բելին: Ահա և վերջ, Հայկը պարտվեց ոսոխ Բելին»։ Այս երգն այժմ գնահատում եմ այլ տեսանկյունից ու գիտակցում՝ հանրությանը տասնամյակներ շարունակ նախապատրաստել են արժեքների փոփոխության: Հիմա կարող եմ ենթադրել, որ Մեսչյանը եղել է ազգակործան ծրագրի մի մասնիկը, որ իր երգերով մեզ փորձել է ներշնչել, թե «Հայկը պարտվել է Բելին», այսինքն՝ հայի գենը պարտվել է պղծություններին ու սատանիզմին։ Եթե դա իրավ այդպես է, ապա նրան ուզում եմ մի հետաքրքիր ճշմարտություն ասել. երգի այդ տողերը շատերիս մեջ ըմբոստություն ու զայրույթ են առաջացրել և ամրապնդել են հայկական գենի ուժը։ Հիմա ես բոյկոտում եմ Մեսչյանին։ Ի դեպ, օրերս Հայկ Մարությանի ծննդյան տարեդարձն էր։ Ես շնորհավորում եմ նրան ու մաղթում եմ, որ իր ընտանիքը, Երևանի կեղտոտ օդը շնչելով, անհաղթահարելի հիվանդություններ ձեռք չբերի, չառերեսվի երևանցուն տառապանքի հասցնող խնդիրներին, ու որ ինքը վերագտնի իր տեղն ու դերը այս կյանքում։
Զրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ