«Ներկան չի սպառել իրեն, քանի դեռ սնվում է ժամանակից, որտեղ անպայման հավերժությունը կա, որը նաև ներկայից անդինն է»
28.02.2020 | 11:51
«Իրատեսի» հյուրը գրող, թարգմանիչ ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆՆ է:
-Գոհար, Ձեր նորատիպ գիրքը բավական խոսուն վերնագիր ունի՝ «Գոհարներ»: Ինչպե՞ս կանգ առաք այս վերնագրի ընտրության վրա և ի՞նչ սկզբունքով կազմեցիք բանաստեղծությունների ժողովածուն:
-Վերնագրի կնքահայրը, ինչպես որ տպագրության հոգածուն, գրքիս հրատարակիչ Վան Արյանն է։ Նրա գաղափարն էր այսպիսի մի գիրք տպել՝ Գոհարի գոհարները, հենց այսպես էլ նա գրում է գրքի անոտացիայում։ Իսկ այստեղ մի քանի ենթապատճառ գուցե միաժամանակ աշխատեց՝ անունս, բանաստեղծություններիս մասին գրող ընկերներիս տված հենց «գոհար» բնութագրումը, որը տրամադրող ու պատկերավոր է հնչում, մանավանդ որ բանաստեղծության մասին գանձ, ակն, մարգարիտ կամ գոհար բնութագրիչները բնավ էլ խորթ չեն մեր քնարերգությանը դեռ վաղ միջնադարից։ «Նավամատույց»-ից հետո, 2017-ից մինչ հիմա անտիպ կամ միայն մամուլում տպագրված նոր բանաստեղծություններիս ստվար ժողովածուն հրատարակելու գաղափարը դեռ աչքիս առաջ, ձեռնամուխ լինելը բոլորովին ուրիշ մի գրքի հրատարակության գուցե և անհավանական թվար։ «Գոհարներ»-ն իմ բոլոր հրատարակված ժողովածուներից ընտրովի բանաստեղծությունների մի հավաքածու է, իսկ այսպիսի մի գիրք տպագրելը, եթե մտքովս էլ անցած լիներ, դժվար թե այսպես արագ իրականություն դառնար, եթե չլինեին Վան Արյանի բարի կամքն ու հրատարակչի պրոֆեսիոնալիզմը։ Խոստովանեմ, որ բանաստեղծություններիս ընտրությունն ինձ համար էլ հեշտ գործ չէր, բայց դա արել եմ՝ հրատարակչական կոնկրետ ծավալի մեջ հնարավորինս պահպանելով իմ պոեզիայի բազմաձայնությունը։
-Գիրքը բացող հակիրճ խոսքում բավական ընդգրկուն իմաստ է դրված: Ի մասնավորի. «Իմ բանաստեղծությունն ինձ կտրում է գետնից, չեմ ասում՝ հողից, ու դրա շնորհիվ է, որ ես ոտքերիս տակ հաճախաբար ցնցվող երկրի ավերումներին կուլ չեմ գնացել»: Բանաստեղծությու՞նն է Ձեզ պահող-պահպանողը, թե՞ ցնցվող երկիրը:
-Մեջբերումը ո՛չ միայն իմ բանաստեղծությանը, այլև ընդհանրապես իմ բանաստեղծական ընկալումներին անդրադարձող խոսքից է, և ես իսկապես բանաստեղծելով ինձ մեկ անգամ չէ, որ դուրս եմ բերել պարտադրվող գետնամած իրականության որոգայթից կամ, բառիս բուն իմաստով, ավերիչ ցնցումներից, որոնք կարող էին և ինձ քանդվող քարերի տակ թողնել։ Բանաստեղծությամբ վեհացող հոգին ինքնամաքրվող և ինքնապաքինվող զարմանալի հատկություն ունի։ Հարցնում եք՝ բանաստեղծությու՞նը, թե՞ երկիրը, կասեմ՝ բանաստեղծությո՛ւնը և երկի՛րը, անկախ ցնցումներից կամ՝ ցնցումներով հանդերձ։ Բանաստեղծությունը պահող-պահպանող նշանագիր է, երբեմն՝ չարխափան, իսկ այն, որ դա հատկապես իմ (մեր) լեզվի մի փաստն է, չի կարող իմ (մեր) ցնցվող երկրի, իմ (մեր) հողի՝ առնվազն լեզվական մշակույթով միջնորդված պահպանությունը չունենալ՝ ուղղակի թե անուղղակի։ Իմ այդ խոսքում ես հատուկ շեշտում եմ հողի և գետնի՝ գետնամածության, ինչպես որ պարզի ու հասարակացվողի, ձգողի ու կլանողի տարբերությունը, կարևորում եմ ամեն բանի հակակշիռը, որը, ի դեպ, բանաստեղծության մեջ կշռույթ է ստեղծում։
-Երևանի կենտրոնում հարազատ տունն ու տանիքը կորցնելու թեման միայն բանաստեղծություններում չէ, որ արծարծվում է: Նաև գրքի առաջաբանում դրան անդրադառնում է Վան Արյանը: Մտածե՞լ էիք երբևէ, որ այսպիսի կենցաղային ցավից կարող են հյուսվել քնարերգական ստեղծագործություններ:
-Երախտագիտությամբ պիտի ասեմ, որ Վան Արյանն իր մուտքի խոսքում ամենայն պատշաճությամբ անդրադարձել է դրան։ Այո, մեր երևանյան բակն ու հանրային գերակա շահ անվան տակ անհատույց քանդված տունը՝ Բուզանդի 11 հասցեում, 2005-ից ի վեր շատ անգամ է ներկա՝ թե՛ իմ բանաստեղծություններում ու գեղարվեստական արձակում, թե՛ իսկ՝ հրապարակագրության մեջ և անգամ հանրագրերում, և որքան էլ որ վերացարկված կերպավորվի դա բանաստեղծության մեջ, գեղարվեստական հնարքների ու պատկերների այլաբանության միջոցով, ցավոք, պիտի ասեմ, որ տնազրկված լինելն իմ պարագայում շուրջ 15 տարի կարգավիճակ է, տեղական ու եվրադատարաններում արդարության պահանջի հոգեմաշ գործընթաց, տնից տուն տեղափոխություններ, տանտերերի քմահաճույք, վարձակալության ու հարկադրված վարկերի անտանելի բեռ, որ գրողի ու մշակույթի մարդու ընտանիքի համար, մեղմ ասած, հեշտ փորձություն չէր կարող լինել։ Այսուհանդերձ, այո՛, պիտի հաստատեմ, որ նաև կենցաղային ցավից կարող են հյուսվել քնարական բանաստեղծություններ, և դա պատահել է շատ գրողների հետ, բայց ոչ ոք չի կարող ասել, թե այդ խնդրով ի՛նչ վատնումներ է ունենում բանաստեղծը և ստեղծագործական ուրիշ ի՛նչ հունի մեջ կմտներ, եթե կոշտ նյութի փորձությունն այդքան համառորեն չհետապնդեր նրան։
-Ձեր բանաստեղծություններում մշտաներկա է բնությունը՝ իր բոլոր հմայքներով, անգամ՝ տարերային դրսևորումներով: Ի՞նչ փոխհարաբերությունների մեջ են այսօր մարդը և բնությունը, չի՞ կտրված կապն այս երկուսի միջև:
-Բնությունը այն մեծագույն ստեղծագործությունն է, որ տիեզերական Արարիչը ստեղծել է Երկիր մոլորակի ամբողջականությամբ, ընդ որում՝ բոլոր տարերքներով հանդերձ, և մարդն էլ առանձին չէ այդ ստեղծագործությունից։ ՈՒրիշ հարց է, որ մարդն ի՛նքն է իրեն դուրս դնում բնությունից և դառնում երկրի ու բնության մոլի սպառող, եթե չասեմ՝ ոչնչացնող թշնամի։ Մարդու և բնության փոխհարաբերությունն այսօր այնքանով ավելի բարդ է, որքանով որ մեծացել և մեծանում են մարդու հավակնությունները. պահանջմունքներ ասելը միամիտ կլիներ։ Ի դեպ, նաև մարդու և մարդու, մարդու և մարդկության հանդեպ։ Շնորհակալ եմ, որ հարցով ուղղորդեցիք ինձ այս թեմայից խոսելու. սա առանցքային այն խնդիրներից մեկն է, որին պոեզիայի ընթերցում-քննարկումներով մշտապես անդրադարձել եմ 2019 թ. «Քո արվեստը դպրոցում» ծրագրով հանդիպումների ժամանակ և պիտի խոստովանեմ, որ իմ բանաստեղծությունների՝ խաբված ձեռնասուն եղնիկի, գնդակահարված թափառական շան, խոսող ձիու, կամ աշխարհի գեղեցկությունն աչքերի մեջ անդրադարձնող վիթի կերպարները պատանիների հայացքների մեջ տրոփող հետք էին թողնում, գլխատված ծառի ու ոչնչացվող անտառների սաղարթը ոգիանում էր, և ես այսօր գիրքս կազմելիս հաշվի եմ առել նաև այդ փորձառությամբ առաջնային նկատած գործերս։
-Գրում եք.
«Մի կյանք էր, ջանքե՜ր ու ճիգե՛ր անցած,
Մակույկըդ լքված… և ջուր՝ քո չորս դին…
Եվ երա՜զ՝ աչքըդ գալիքին հառած,
Եվ շող երազի – ներկայից անդին…»:
Երազելու համար ներկան սպառե՞լ է իրեն, որ հայացքն ուղղել եք դրանից անդին:
-Այդ բանաստեղծությունը, ի դեպ, գրել եմ 2004-ին, կոնկրետ շարժառիթով, և 2008-ին հրատարակված ժողովածուիս համատեքստում այն բոլորովին ուրիշ ընթերցում ունի։ Այդ հիմա է, որ ես զգում եմ նրա՝ նաև կանխազգացող այլասացությունը։ Մենք քիչ առաջ նյութի կոշտ պարտադրանքի մասին խոսեցինք, իսկ բանաստեղծը նաև երազողն է, երազը փրկագնողը։ Ի՜նչ է միայն իմ ներկան, եթե նորի, գալիքի երազ չունեմ… Մի նուրբ բան ասեմ, որ այս գիքը կառուցելիս ավելի սուր զգացի. տարբեր օրերում և տարբեր հոգեվիճակներից ծնված բանաստեղծություններս որոշակի տրամադրություն և նախատրամադրություն են դառնում գրքում, երբ էջերի նախորդ կամ հաջորդ, գուցե ավելի շեշտելու արժանի, ասելիքի համատեքստում այս կամ այլ կերպ են դասավորվում, իսկ այս երևույթն ինքնին հաստատում է, որ բանաստեղծի ներկայի մեջ մի քանի ժամանակ կա. ներկան չի սպառել իրեն, քանի դեռ սնվում է ժամանակից, որտեղ անպայման հավերժությունը կա, որը նաև ներկայից անդինն է։
-Երկիրը մեր կոչում եք մատաղակեր ու պատրաստ եք դառնալ մատաղացու.
«Թե նոր մի զոհ փնտրեն, ու ողջը կրկնվի՝
Ես կամ ու կա՛մ,-գիտցե՛ք,- ես կա՛մ ու կամ…»
Չարենցից սերող այս մտածումը ճակատագի՞ր է հայի, մասնավորապես՝ հայ պոետների համար:
-Հե՛նց Չարենցից սերող, այո, «թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»-ի շարունակությունն է, որքանով որ շարունակվող անվերջություն է որևէ գրականություն։ Այդպես էլ ասում եմ՝ ինձ բաժին հասած փորձության մեջ նոր մեկին չտեսնելու պահանջով, իսկ մեջբերված տողից առաջ՝ սա է. «Եվ սա Երկիրն է իմ ու հողը իմ,//Որի համար՝ էլ ի՜նչ երազ,- կյա՛նքըս կտամ»։ Ինչ խոսք, սա ակամա ճակատագիր է դառնում, մարդու և պոետի ճակատագիր, գուցե և՝ ազգային ճակատագիր, թեև՝ հանուն երկրի ինքնազոհության պատրաստ լինելը և մատաղացու լինելը բոլորովին էլ նույն բանը չեն, և ես հիմա հասկանում եմ, որ Ձեր հարցը վերնագրից է լծորդված, որն իրականում խայծ ունի իր մեջ. «Մատաղակեր Երկիրս», ի՛մ երկիրը, որն ինքն է մատաղացու դարձրել գուցե նաև ինձ, այնինչ ես ավելին կարող եմ տալ… Ի դեպ, «Գոհարներ»-ում այս բանաստեղծությունն ընդգրկված է 2013-ին լույս տեսած «Տանիքի դարպասներ» ժողովածուից, իսկ հաջորդ էջին ավելի վաղ հրատարակված «Ծամածռված անկախություն»-ն է՝ մեր երկրի ապրած բոլոր ժամանակների հակասական անցումներով։
-Ինչպես մեր բանաստեղծներից շատերը, Դուք էլ Ձեր հայացքը պահում եք Արարատին: Այսօր, երբ անվերջ, տարբեր լսարաններում, տարբեր հայեցակետերից բարձրաձայնվում է մեր ազգի ճակատագրի հետ խաղացած չար կատակի 100-ամյակը լրանալու, սրբազան մեր լեռը միջազգային իրավունքի ուժով հետ բերելու հնարավորության մասին, ի՞նչ զգացողություններ եք ունենում:
-Զգացողություններս միշտ նույնն են. պահանջատեր է պետք լինել՝ անկախ ամեն ինչից…
-Ո՞րն է մեր ապրած ժամանակի գերակա որակը, ի՞նչ բնորոշում ունի այսօրվա իրականությունը:
-Բոլոր ժամանակներում՝ կասեի, որ ստեղծագործ, արարչագործ մարդն է գերակա որակ, մա՛րդն ինքնին՝ արժեք կրողը և նրա ստեղծած արժեքը, այդպես պիտի լինի։ Բայց արդյո՞ք այդ որակը առաջնային է համարվում, սա արդեն հարցերի հարցն է։ Մարդկության մի մասն այսօր բռնված է նոր տեխնոլոգիաների մոլուցքով, մյուս մասը խեղդվում է դրանց արդեն առաջարկածի պարտադրանքից, և մեր իրականությանն ավելի ու ավելի բնորոշ է դառնում կյանքի այսրոպեականը, որն արագորեն դարձնում ենք վիրտուալ աշխարհի անորսալին։
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ
Հեղինակի նյութեր
- Անհամբեր ու սիրով եմ սպասում իր հերթական գրին, ես էդ գրի մշտամնա ընթերցողն եմ
- Դերենիկ Դեմիրճյանի ժառանգության արժևորումը՝ ժամանակակից գիտական խոսքով
- Երախտագիտություն՝ կինոլեզվով
- Դերենիկ Դեմիրճյան-145
- «Այս մարդիկ չեն սիրում մեր ժողովրդին, պատրաստ չեն նրա հոգսը կրելու՝ առանց պարգևավճարի»
- «Պետությունը կորցրել է իր դեմքը, և եթե մենք թույլ տանք, որ այս ճգնաժամն ավելի խորանա, ուղղակի կկործանվենք»
- «Կա այսպիսի մի կարծիք՝ հարկ է ստեղծել Հայաստան ամրոց-պետություն»
- «Մի բան հստակ է՝ այս իշխանությունները պետք է անհապաղ հեռանան»
- «Եթե մեր մշակույթը լիներ բարձր մակարդակի վրա, մենք այսօրվա ողբերգությունը չէինք ունենա»
- «Մեր թշնամու գործած ոճիրներից ու հանցագործություններից ոչ մեկը թույլատրված չէր որևէ օրենքով»
- «Ի սկզբանե մտածել են արնաքամ անել ժողովրդին, բերել-հասցնել մի վիճակի, որ հետո ասեն՝ դե՜, չդիմացանք, ու ստորագրեն այս փաստաթուղթը»
- «Վերջին տեխնոլոգիաներով զինված հարուստ, անպարտ բանակ, սեփականին զուգահեռ՝ պետական հզոր արդյունաբերություն պիտի ստեղծենք»
- «Եթե հիմա ենք գնում փոխզիջման, դրա տակ ի՞նչ է ենթադրվում. ինքնաոչնչացու՞մ, ինքնասպանությու՞ն»
- «Աստված մեզ հետ է և մեր արդար գործին զորավիգ»
- «Պարտադրված պատերազմը, իհարկե, ծանր բան է, բայց մենք պատրաստ էինք դրան»
- «Հանուն ազգի, հանուն հայրենիքի զոհվածների հերոսությունը չափանիշների փոփոխության ենթակա չէ»
- «Ինչպես Հիսուսը, այդպես էլ Նարեկացին Աստծուց ներողություն է խնդրում բոլորիս մեղքերի համար»
- «Մենք աշխարհի մեջ ենք, ու աշխարհն է մեր մեջ. պարզապես, որպես գաղտնի զենք, ունենք Ոգին, որ մեզ պահել ու պահելու է»
- «Մենք Աստուծոյ փառք կու տանք, որ հայրենիքը կը մնայ հայրենիք եւ մեր մնայուն հասցէն»
- «Կարդում էի այն ստեղծագործությունների ցանկը, որ պատրաստվում են հանելու դպրոցական դասագրքերից, ու սարսափում էի»
Մեկնաբանություններ