Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պաշտպանություն, տեստավորում, մեկուսացում

Պաշտպանություն, տեստավորում, մեկուսացում
30.04.2020 | 13:58

Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը ապրիլի 28-ին Ազգային ժողովին ներկայացրել է կարանտինից դուրս գալու ռազմավարությունը: Սահմանափակումները Ֆրանսիայում հանվելու են մայիսի 11-ից, եթե համաճարակային իրավիճակը թույլ տա: Էդուար Ֆիլիպն ընդգծել է, որ կարանտինը համաճարակը կանխելու, հիվանդանոցներն ու վերակենդանացման բաժանմունքները պացիենտների հոսքից պաշտպանելու կարևորագույն փուլ է: Ինքնամեկուսացման ռեժիմը մեկ ամսում փրկեց նվազագույնը 62000 մարդու կյանք, բայց համընդհանուր մեկուսացումը և արտադրության կանգը կարող է հանգեցնել աղետալի հետևանքների, եթե չափազանց երկարի՝ հայտարարել է վարչապետը: «Պաշտպանությունը, տեստավորումն ու մեկուսացումը» նա անվանեց կարանտինից դուրս գալու հիմնական կողմնորոշիչներ: Ապրիլի 13-ին հեռուստաուղերձում նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ սահմանափակումները կսկսեն հանել մայիսի 11-ից: Վարչապետը ճշտել է, որ կարանտինից մայիսի 11-ին կսկսեն դուրս գալ, եթե թույլ տա համաճարակային իրավիճակը: Կարանտինից դուրս գալու առաջին փուլը կարող է տևել մինչև հունիսի 2-ը, երբ միջոցներին կընտելանան: «Մենք պետք է ապրենք այս վիրուսի հետ, առայժմ չկան պատվաստանյութ, արդյունավետ դեղեր ու հավաքական իմունիտետ»՝ ընդգծել է Էդուար Ֆիլիպը: Այդ պատճառով կա համաճարակի երկրորդ ալիքի լուրջ սպառնալիք: Վարչապետը բոլոր ֆրանսիացիներին կարգապահության ու կարանտինի խիստ պահպանման կոչ է արել: Էդուար Ֆիլիպը նշել է, որ վարակը երկրում անհամաչափ է տարածված՝ որոշ դեպարտամենտներ շատ են տուժել, որոշ տեղերում վարակ գործնականում չկա: Այդ պատճառով՝ կարանտինը տարբեր դեպարտամենտներում տարբեր ժամկետներում ու ձևերով կհանվի՝ նայած վիրուսի տարածման ակտիվությանը, հիվանդանոցների հնարավորություններին և տեստավորման պատրաստվածությանը տեղերում:


Մայիսի 11-ից Ֆրանսիայում ամեն շաբաթ ՊՑՌ տեստերով տեստավորվելու է 700000 մարդ, ծախսերը փոխհատուցելու է բժշկական ապահովագրության համակարգը: Յուրաքանչյուր վարակված անհապաղ ինքնամեկուսացվելու է: Կարանտինը կարելի է անցնել տանը, բայց այդ դեպքում ընտանիքի բոլոր անդամները 14 օր պետք է մեկուսացման մեջ լինեն: Ինքնամեկուսանալ կարելի է և հյուրանոցներում, որ այդ նպատակով վարձակալվել են:
Վարչապետը խոստացավ, որ մայիսի 11-ին կլինեն բավականաչափ դիմակներ, հաշվի առնելով արտադրությունն ու ներմուծումը: Ֆրանսիացիները կարող են գնել առևտրական կետերից: Կառավարությունը ձեռնարկություններին կոչ է անում իր աշխատակիցներին ապահովել դիմակներով: Դիմակները հասարակական տրանսպորտոմ պարտադիր կլինեն: Կառավարությունը խորհուրդ է տալիս հնարավորության դեպքում աշխատել հեռավար և ձեռնարկատերերին հորդորում է աշխատակիցների ժամանակացույցը հարմարեցնել, որ խուսափեն կուտակումներից մետրոներում ու ավտոբուսներում պիկ ժամերին: Այլ դեպարտամնետներ ու շրջաններ այցերը մայիսի 11-ից կթույատրվեն միայն աշխատանքի բերումով կամ ընտանեկան անհետաձգելի հանգամանքներում: Մանկապարտեզների և նախնական դպրոցների աստիճանական բացումը կսկսվի մայիսի 11-ին կամավորության սկզբունքով: Մայիսի 18-ին որոշում կընդունվի միջնակարգ դպրոցների վերաբերյալ: Մայիսի վերջին՝ բարձրդասարանցիների վերադարձի: Յուրաքանչյուր դասարանում պետք է լինի 15 աշակերտից ոչ ավելի: Բոլորը պարտադիր պիտի դիմակներ կրեն: Բոլոր խանութները կբացվեն մայիսի 11-ին, բայց որոշակի պայմաններով՝ տարածության պահպանումով ու սահմանափակ գնորդներով: Ռեստորանների ու սրճարանների մասին որոշումը մայիսի վերջին կընդունվի: Թատրոնները, կինոթատրոնները, թանգարանները փակ կմնան մինչև նոր հրահանգ: Պրոֆեսիոնալ սպորտում, այս թվում՝ ֆուտբոլում, 2019 – 2020-ի մրցումները մնում են արգելքի տակ: Արգելված են սպորտով խմբային պարապմունքները փակ մարզասրահներում: Պաշտամունքային վայրերը բաց կլինեն, բայց մեծ թվով մասնակիցներով ծեսերը առաջարկվում է անցկացնել հունիսի 2-ից հետո: Վարչապետը կոչ է արել տարեցներին կարանտինը պահել և մայիսի 11-ից հետո:


Վարակվածների շփումներին հետևող StopCovid հավելվածի վերաբերյալ խորհրդարանական քննարկումները ավելի ուշ կկազմակերպեն, երբ ավարտվի մշակումը: Վարչապետի ելույթին ապրիլի 28-ին Ազգային ժողովում հետևում էին 577 պատգամավորներից 75-ը՝ տարածության պահպանումով: Որոշ ընդդիմադիրներ պահանջեցին կարանտինից դուրս գալու քվեարկությունը հետաձգել ավելի ուշ ժամանակի:
RFI


Հ.Գ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ոչ աշխատանքային շրջանը երկարացվում է մինչև մայիսի 11-ը: Նա հանձնարարել է մինչև մայիսի 5-ը նախապատրաստել սանիտարական սահմանափակումները հանելը՝ սկսած մայիսի 12-ից: Ապրիլի 28-ին կառավարության ու նահանգապետերի հետ խորհրդակցության ժամանակ նա հայտարարեց, որ ոչ աշխատանքային են մայիսյան ավանդական տոները՝ 6-8-ը: «Մայիսյան բոլոր տոները ներառյալ՝ ոչ աշխատանքային օրերը կշարունակվեն մինչև մայիսի 11-ը ներառյալ»՝ ասաց Պուտինը:


Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ոչ աշխատանքային էր հայտարարվել մարտի 28-ից ապրիլի 5-ը, հետո երկարացվեց մինչև ապրիլի վերջ: Ռոսպոդրեբնադզորի ղեկավար Աննա Պոպովան ընդգծեց, որ ինքնամեկուսացումը պետք է շարունակվի և մայիսին: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով հիվանդացությունը դանդաղում է, բայց մայիսի սկզբին ռուսաստանցիներին սպասվում է «ինկուբացիոն երրորդ շրջանը ոչ աշխատանքային օրերի ընթացքում, որ պետք է խզի վարակի փոխանցման շղթան»: Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը մինչև մայիսի 5-ին նախապատրաստել սանիտարական սահմանափակումները հանելու նախագիծը: Նախագահը նշեց, որ երկրի ամբողջ տարածքում սանիտարական միջոցառումները միաժամանակ հանելու մասին խոսք լինել չի կարող՝ համաճաևակն իրեն տարբեր ռեգիոններում տարբեր է դրսևորել և սահմանափակումներն էլ ոչ ամենուր են միատեսակ: Նա կոչ արեց նահանգապետերին գործել սպառնալիքների մակարդակին ու ռեալ իրավիճակին համարժեք: ՌԴ նախագահը հանձնարարել է կառավարությանը մշակել նոր փաթեթ «գործարար կյանքի նորմալացման, քաղաքացիների զբաղվածության, եկամուտների ու տնտեսության աճի վերականգնման»: Նա անդրադարձավ նաև բուժանձնակազմի պաշտպանական հանդերձանքի պակասին և ընդգծեց, որ մարտի սկզբից արտադրությունը շարունակում է աճել, բայց քիչ է պահանջարկր համեմատ: Երեկ Ռուսաստանում կորոնավիրուս է հաստատվել 7099 մարդու դեպքում, ընդհանուր թիվը հասավ 106498-ի:
Մայիսին աշխարհը պատրաստվում է դուրս գալ կարանտինից զգուշավոր քայլերով՝ վախենալով վարակի երկրորդ հնարավոր ալիքից, տնտեսության վիճակը հարկադրում է հաղթահարել վախը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ