Մինչ Հայաստանի ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը Ապրիլյան պատերազմի հաղթանակ-չհաղթանակ լինելու հարցն է քննարկում, ու ամեն մեկն իր հերթին փորձում է մյուսի ձեռքով կրակից շագանակներ հանել, արցախցին իր խաղաղ ու անվրդով կյանքով է ապրում: Հեռու քաղաքականությունից ու ներքին գզվռտոցներից՝ հայկական երկրորդ հանրապետության իրապես հպարտ ու արժանապատիվ քաղաքացին մտածում է միայն սահմանների անառիկության ու վաղվա օրվա մասին: Արցախցու կարևորագույն խնդիրը ոչ թե օրվա կամ նախկին իշխանություններին սատարել-չսատարելն է, այլ խաղաղության ապահովումը: Նախորդ ամիս մի քանի օր Արցախում գտնվելով, մարդկանց հետ պարզ, անկեղծ զրույցներ ունենալով՝ հասկացա, որ մարդիկ այստեղ ոչ թե հանուն ինչ-որ քաղաքական գործչի են ապրում ու արարում, այլ սեփական հող-հայրենիի համար:
«Ինչ-որ մեկի շատ սիրելով կամ մյուսին ատելով՝ մեր կյանքը չի լավանալու: Մենք մեր խաղաղ ու հանգիստ կյանքով ենք ապրում: Իհարկե, հետաքրքրվում ենք Մայր հայրենիքում կատարվող իրադարձություններով, բայց մենք մեր հոգսերն ունենք, որոնք ինչ-որ չափով նոր նախագահից հետո (Արայիկ Հարությունյանին նկատի ունեն) սկսել են լուծումներ ստանալ: Գազամատակարարում չունեցող գյուղերի համար էլեկտրաէներգիայի սակագինն է նվազում, առողջապահությունն է անվճար դառնում, կրթությունն է անվճար: Կան դրական փոփոխություններ, որ չնկատել չես կարող»,- «Իրատես»-ի հետ զրույցում ասացին արցախցիները:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ