Թերևս արժե մեկ անգամ ու խիստ սպառիչ անդրադառնալ սույն խնդրին և այն փակել:
Այսպիսով, 18-ի, այսպես ասած, թավշյա հեղափոխության, եթե կուզեք` գանդիականության, եթե կուզեք` սորոսացման, եթե կուզեք` գլոբալիզացիայի Հայաստան մուտքի «հաղթանակից» հետո, չեն դադարում խոսակցությունները, որ այդ ամենի հիմքում նույն ինքը` շախմատային տախտակը շարել-քանդելու, հետ-առաջի, հաշվելու-համբերելու տեխնոլոգիաների մարտարվեստին տիրապետող նույն ինքը, երբեմն «գորշ կարդինալի» համբավ ունեցող Սերժ Սարգսյանն էր:
Հնարավո՞ր է նման բան: Դիտարկենք:
Հայաստանյան թավշյա շարժը բազմաֆունկցիոնալ, բազմամշակութային, բազմամասնակցային, բազմաքաղաքական, բազմավեկտոր բաղկացուցիչներ ուներ, որոնցից ամեն մեկը հավաքված էր մի հովանոցի տակ` կոնկրետ անհատների ղեկավարությամբ:
Հանրապետության հրապարակում ներկա էր գրեթե քաղաքական ողջ սպեկտորը` մինուս ՀՀԿ, այո, այդ թվում և երկրորդ նախագահ Քոչարյանի համակիրներ, մեղմ ձևակերպման դեպքում` հոգում մեծ սպասումներով, ձևով` «ֆռռալ-նայելու» ստվերային մասնակցությամբ։ Գոնե:
Ի շարունակություն, առ այսօր էլ չեն դադարում խոսակցությունները, թե միտինգներին իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները (տրվում է հայտնի յոթ հազարի անունը, որոնց իրենց հետ Կարեն Կարապետյանը բերել էր կուսակցություն):
Ի դեպ, եթե հեռուն գնացող, գլոբալ, այն է՝ աշխարհաքաղաքական հայացքով նայենք թե՛ Ռոբերտ Քոչարյանի, թե՛ Կարեն Կարապետյանի տեղ ու դիրքին միջազգային ասպարեզում, այն կորպորացիաների ներկայացուցչություններում, ուր իրենք բավականին առանցքային դիրք ունեն, ապա շա՜տ հետաքրքիր պատկեր ենք ունենում:
Զորօրինակ` երկրորդ նախագահը «Սիստեմա ԱՖԿ»-ի տնօրենների խորհրդի անդամ է: Ինչ է այն, իմաստ չունի «մեկնել», պարզապես մտավարժանքի համար հիշենք, որ այդ կազմակերպության խորհրդի անդամ է նաև ոչ անհայտ Անատոլի Չուբայսը, որը, ըստ մաս-մեդիայի, նաև Բիլդերբերգյան ակումբի անդամ է, ինչը նշանակում է, պարոն Քոչարյանը բավականին «պրիստիժնի» շրջապատում և կառույցում է տնօրենների խորհրդի անդամ, եթե հընթացս չմոռանանք նաև, որ «Սիստեմա ԱՖԿ»-ի տնօրենների խորհրդի նախագահն էլ ոչ պակաս հայտնի` Մոսկվայի երբեմնի քաղաքապետ Լուժկովի աջ ձեռք Եվտուշենկովն է, որը ոչ պակաս խարիզմատիկ է միջազգային գլոբալ «արժեհամակարգում»:
Դե, Կարեն Կարապետյանը մշտապես եղել ու համարվում է «Գազպրոմի» ոչ երկրորդական դեմքերից, «Գազպրոմն» էլ համաշխարհային էներգետիկ ռեզերվ է, նրա ղեկավար` Կարեն Կարապետյանին ոչ օտար պարոն Միլլերն էլ ոչ պակաս միջազգային-տնտեսական «իգրոկ» է: Ասել է` գեո և մնացյալ առումներով մեծ խաղի մասնակից Կարեն Կարապետյանը նույնպես միջազգային և անհատական հովանոցի տակ էր այդ օրերին:
Ի դեպ, օրերս Ռոբերտ Քոչարյանի կաբինետի առաջին վարչապետ Արմեն Դարբինյանը չդիմացավ և խոստովանեց, որ ինքը հեղափոխության բուն օրերին պաշտպանել է Նիկոլի թավշյա հեղափոխությունը («ինքը» ասելով` նա հաստատապես նկատի ունի իր սլավոնական համալսարանը և ուսանողներին), և այդ հարցում ունեցել է Ռուսաստանի «դաբրոն» («закон подлости»` սույն Դարբինյանն օրերս նոր ռեկորդ խփեց «Ծռերի» մասով, բայց դա մեր օրվա թեման չէ):
Թե էլ որքան «դարբին», «որմնադիրներ» են իրենց կանոնավոր «շարքերով», օթյակ առ օթյակ պաշտպանել հայոց թավշյա խելահեղությունը, դժվար է մաթեմատիկայի ենթարկել, ակնառու էր սակայն` շահառուներն ահավոր շատ էին:
Հանրապետության հրապարակում ներկա էր նաև British Petrolium-ի շահերի «ներկայացուցիչը». եթե շատ կարճ՝ երկրի նախագահ, Բայդենին ընտրությունների «հրած», Քիսինջերին Հայաստան հրավիրած (չի եկե՞լ հլը. հիշենք, որ Հենրին` Քիսնինջեր, նույնպես Բիլդերբերգյան ակումբի անդամ է) արտաքուստ պասիվ, խորքում գլոբալիստ-վարպետների հետ մտերիմ կապերով հայտնի ևս մեկ շահառու, որի երդմնակալության արարողությանը, ի դեպ, Հայաստանում էին խիստ հետաքրքիր դեմքեր (նրանց Հայաստան է հրավիրած եղել ոմն Արմեն Մելիքյան)` պետդեպի աշխատակից, Վենեսուելայի ընդդիմության հետ «պարապող», Պոմպեոյի ու Բոլթոնի զինակից Ռոջեր Նորիեգան, և ՃՀձ-ի սպա Գարի Բերնստեն, երկրի նախագահ Արմեն Սարգսյանը: Չնայած` այդպես էլ չիմացանք` ինչու էին սույն հարգարժան ամերիկացիները ներկա նրա ինաուգուրացիային, ինչ կապ ունեին մեր երկրի հետ:
Դե, հայաստանյան «Կյանքի խոսքն» ու բողոքական համաշխարհային անհատակ եկեղեցին մի կողմ դնենք, նրանք մորեխի նման վայրկենական էին լցնում ցանկացած դատարկ տարածք, դատարկենք սորոսյան ողջ պահարանը` իր բոլոր «կմախքներով»` հատկապես քաղհասարակությամբ, բաբելոնաշինությամբ հանդերձ, որոնք հմտացած էին հեղափոխություն բուծելու մեջ:
Հիշենք նաև այսօր լուռ տվայտող Գագիկ Ծառուկյանի, ՀՅԴ-ի մասին, որոնք «ափաշքյարա» կանգնեցին ու պաշտպանեցին թավշյա հեղափոխությունը, ԲՀԿ-ն էլ, որպես բոնուս, «Ծռերին» ազատեց բանտից:
Եվ ուրեմն` պարզվեց, որ 12 գլխանի այդ հզոր` գերհզոր ներքին, միջազգային դևի դեմ Սերժ Սարգսյանն է կռվում, ու այդքանի մեջ նա կարողացավ առաջանցիկություն ապահովել, վերջում էլ «իր մարդուն» նշանակել երկրի ղեկավար ու ցայսօր դեռ մատնանշվում, է, որ հեղափոխությունն իրականում ինքն է արել, զի Նիկոլ Փաշինյանի իրական մոդերատորն ինքն է:
«Հալալա ու արդարա»,- կասեր հայտնի ուժը:
Եթե վերը թվարկածից հետո անգամ նման տեսակետն ու պնդումն իշխում են մեզանում:
Իսկ թե ինչու է այդ տեսակետը իշխում, առանձին խոսակցության թեմա է (ոչ այսօրվա):
Այսօրվա համար լոկ արձանագրում ենք. Սերժ Սարգսյանը, իհարկե, կարող էր հաշվարկել ու արձանագրել խաղի ելքերը, հնարավոր-սպասվող սցենարները, գծանշել, որ թավշյա հեղափոխությունը իր վերջնամարտը չէ, ու նոր, միայն իրեն հայտնի տախտակ շարելու շանսը դեռ շատ մեծ է: Թավշյայի ժամանակ նա, ըստ ամենայնի, ուներ գերխնդիր. այս անգամ ամեն գնով թույլ չտալ` արյուն հոսի, ինչպես մարտի մեկին իր «գլխին սարքեցին», երբ ինքը նստել կառավարության շենքում, որպես ձեռքերը կապած վարչապետ, Լևոնն ու այլք բանը հասցրին արյան՝ զոհերի. Լևոնը զոհերից հետո հայտարարեց, որ գիշերը վերջապես հանգիստ քնեց (ի դեպ, սա ևս քննարկման ահագին հետաքրիր թեմա է` երբևէի համար):
Միով բանիվ, այս խաղում Սերժ Սարգսյանն իրականում զբաղեցնում է այնպիսի մի «նիշա», որում, թույլ տանք մեզ ասելու՝ ոչ մեկը դեռ չկա, ու դժվար էլ լինի` հազար ու մի պատճառով. այդ «նիշան», եթե անկեղծ ու առանց պաթետիկայի, նրա ճակատագիրն է, կյանքի գործը:
Այո, նրա միակ ասելիք-անելիքը Ղարաբաղյան խնդիրն է: ՈՒ այդ խնդրում գոնե այս պահին մրցակից չունի. որևէ ընդդիմադիր ուժ այս պահին այդ մատրիցայում չէ` փորձառության, այրումի, խաղի տիրապետման, խաղը վարելու, խորքային պետությունը պահպանելու, Հայաստանի ու Արցախի ապագան այդ հյուսվածքում կառուցելու մասով առայժմ այլընտրանք չկա:
Այդ «շլեմը» իր ձեռքում է։ ՈՒզում եք, թե ոչ՝ փաստական իրավիճակը սա է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ