Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արկադի Դուբնով. Մոսկվան ցանկանում է նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել մինչև Բայդենի պաշտոնակալությունը

Արկադի Դուբնով. Մոսկվան ցանկանում է նախաձեռնությունը իր ձեռքը վերցնել մինչև Բայդենի պաշտոնակալությունը
14.01.2021 | 10:52

Հունվարի 11-ին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որի անոնսում Կրեմլը չի հիշատակում ԵԱՀԿ Մինսկի խմբին և նշում է, որ հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ է: Բանակցությունների արդյունքներով Մոսկվան, Երևանը և Բաքուն ստորագրեցին Ղարաբաղի տնտեսական զարգացման մասին հայտարարություն: Նիկոլ Փաշինյանը ընդգծեց, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, լուծված չէ ռազմագերիների փոխանակման հարցը: Սամիթի արդյունքները RFI-ին քննարկել է ԱՊՀ երկրների հարցերով փորձագետ Արկադի Դուբնովի հետ:


-Ինչպե՞ս եք գնահատում մոսկովյան սամիթը և համատեղ հայտարարության ստորագրումը Ղարաբաղի տնտեսական և ինֆրակառուցվածքային զարգացման մասին:
-Մաթեմատիկայում ասում են «անհրաժեշտ, բայց անբավարար պայմաններ»: Այդպես է և այստեղ: Դա առաջինն է, ինչից հնարավոր է սկսել ռեալ խաղաղեցումը Ղարաբաղում, տրանսպորտային հաղորդակցուղիների ապաշրջափակումը, ակնհայտորեն, պետք է հետաքրքրի բոլոր շահագրգիռ կողմերին: Հայաստանը երկար տարիներ Ռուսաստանի հետ ուղիղ կապ չունի, որ առաջ հնարավոր էր Ադրբեջանի ու Վրաստանի տարածքներով: Ադրբեջանին ձեռնտու է, որովհետև ստանում է տրանսպորտային միջանցք Նախիջևանի ու մայրցամաքային Ադրբեջանի հետ, նշանակում է ելք դեպի Թուրքիա ու Սև ծով: Այստեղ շատ «քաղցրաբլիթներ» կարող են լինել տնտեսության համար: Դա է այն ամենը, ինչին հասել են սամիթում: Բայց Փաշինյանը ասաց, որ ցավոք, չեն լուծվել մարդասիրական խնդիրները՝ ռազմագերիների փոխանակման հարցը, որ շատ զգայուն է հայերի համար: Ալիևը այդ մասին չգիտես ինչու ոչինչ չասաց:
-Բրիֆինգում Ալիևի ու Փաշինյանի ելույթները շատ տարբեր էին: Ալիևի լեյտմոտիվը՝ եկեք նայենք ապագային, իրադարձությունները կամփոփենք աշնանը: Իսկ Փաշինյանը ասում էր, որ կոնֆլիկտը կարգավորված չէ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը կարգավորված չէ և ռազմագերիների հարցը լուծված չէ:
-Եվ դա նշանակում է, որ Փաշինյանը ստիպված է դեռ պատասխանել իր ներքաղաքական ընդդիմախոսներին Հայաստանում, որ նրան այսօր ճնշում են: Իհարկե, նա ստիպված է բացատրել՝ ինչու՞ դա չեղավ: Իսկ չեղավ դեռ անհայտ պատճառներով: Կարծում եմ՝ ադրբեջանական կողմը լուրջ խնդիր ունի: Առաջին հերթին՝ մարդասիրական: Կարծում եմ՝ ոչ բոլոր ռազմագերիներին է Ադրբեջանը ցանկանում վերադարձնել՝ ինչ-որ կերպ օգտագործելով իբրև ճնշման միջոց: Բայց առայժմ դժվար է ասել:
-Կրեմլը չի թաքցնում, որ հանդիպումը Պուտինի անձնական նախաձեռնությունն էր: Նրա ինչի՞ն էր պետք հիմա այդ սամիթը: Ռուսական կողմը հասա՞վ իր նպատակներին այդ իմաստով:
-Ես չեմ ներկայացնում ռուսական կողմին և չեմ կարող իմանալ սամիթի գնահատականները, որ Պուտինի գլխում են: Դա, իհարկե, Պուտինի նախաձեռնությունն էր՝ թեկուզ այն պատճառով, որ ոչ Բաքուն, ոչ Երևանը բնավ հանդիպման չէին ձգտում Մոսկվայում: Առաջին հերթին դա պետք էր Կրեմլին, որ երկու մայրաքաղաքներ ուղարկել էր ռուս բժիշկների, որ «վարակազերծեն» Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին, որ կորոնավիրուսի փոխանցող չդառնան: Վլադիմիր Վլադիմիրովիչը այնքան է զգուշանում հիվանդանալուց, որ նույնիսկ վախենում է պատվաստվել: Ձեր հարցի պատասխանը, թերևս, շատ պարզ է՝ պետք է հասցնել, քանի դեռ համաշխարհային քաղաքականության գրանդները չեն հիշել Ղարաբաղը: Առաջին հերթին նկատի ունեմ ԱՄՆ-ին, որտեղ միայն հունվարի 20-ից հետո է գործելու նոր վարչակազմը, և Պետդեպարտամենտը սկսելու է զբաղվել խնդիրներով, այդ թվում՝ Ղարաբաղի: Այդ պատճառով Ռուսաստանը պետք է հասցներ իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը, որպեսզի փաստի առաջ դնի Վաշինգտոնին: Փարիզն էլ ճիշտ նույն կերպ փաստի առաջ կանգնեց: Իմ բացարձակ հուսալի տվյալներով՝ պարոն Մակրոնը հանդիպման մասին իմացել է միանգամայն պատահաբար դեկտեմբերի վերջին Փաշինյանի հետ խոսակցության ժամանակ:
-Սամիթից առաջ Մակրոնը Պուտինի հետ հեռախոսազրույց է ունեցել: Ելիսեյան պալատը հաղորդել է, որ Մակրոնը պնդել է քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ միջազգային համակարգմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Եվ չի նշվում, որ և Պուտինը, և Մակրոնը համաձայն են եղել ու արձանագրել են այդ ուղղությամբ աշխատելու մտադրությունը: Ի՞նչ եք կարծում՝ Մոսկվան շահագրգռվա՞ծ է Մինսկի խմբի պահպանությամբ՝ իբրև կարգավորման գործիքի: Թե՞ ցանկանում է այդ դերն ինքնուրույն խաղալ Հարավային Կովկասում Թուրքիայի հետ միասին:
-Եկեք քննարկենք realpolitik-ի տեսակետից: Ի՞նչ կարող է այսօր Ֆրանսիան առաջարկել Ղարաբաղում կարգավորման համար: Ցավոք, Մոսկվան առավելագույնս օգտագործում ու ընդգծում է իր հավասարամեծ ու հավասարահեռ վիճակը կոնֆլիկտի կողմերից՝ ինչպես Երևանից, այնպես էլ Բաքվից: Փարիզն այդպիսի հնարավորություն չունի: Մակրոնն այսօր ներկայանում է մեկ կողմի համակիր՝ հայկականի: Եվ դա ընդգծվում է Ֆրանսիայի ու Թուրքիայի չափազանց լարված հարաբերություններով, մինչդեռ Թուրքիան Ղարաբաղի դեմ պատերազմի գլխավոր լոբբիստն էր: Իհարկե, Ֆրանսիան լուրջ գործընկեր է, բայց այսօր կարող է ինչ-որ կերպ երաշխավորել հայերին, նույնիսկ համաշխարհային հայությանը իր աջակցությունը իբրև կարգավորման երաշխավոր, որ իրականացնում է առաջին հերթին Մոսկվան: Հետո, երբ խաղի մեջ մտնի Վաշինգտոնը, մենք կտեսնենք՝ ինչպես է Մոսկվան մանևրելու՝ մոտեցնելով կամ վանելով ամերիկացիներին ղարաբաղյան կարգավորումից՝ հասկանալով, որ բոլոր հաղթաթղթերը իր ձեռքում են: Մոսկվան զոհաբերում է իր զինվորականներին, միջոցներ է ներդնում, ամբողջ տարածաշրջանը դա տեսնում է և դիմում է Մոսկվային: Ո՞վ է այսօր դիմում Վաշինգտոնին: Ոչ ոք:
-Ձեր կարծիքով՝ իրադարձությունների զարգացման ի՞նչ տարբերակներ կան: Ինչպե՞ս կվերաբերվի այդ հարցին Վաշինգտոնի նոր վարչակազմը:
-Վաշինգտոնը բարդ իրավիճակում է: Նա ուղիղ ոչ մի կերպ շահագրգռված չէ կարգավորման տնտեսական օգուտներով: Ի՞նչ ունի ԱՄՆ-ը այդ տրանսպորտային միջանցքներից: Ի՞նչ է ստանալու նոր երթուղիներով ածխաջրածիններ Եվրոպա տեղափոխելու հնարավորություններից: Բացի այդ՝ տարածաշրջանում կան զսպող տարրեր, որ խանգարելու են ամերիկացիներին: Ես նկատի ունեմ Իրանը: Ամերիկացիների ցանկացած ռեալ ներկայություն բախվելու է Իրանի ակտիվ դիմադրությանը: Մենք դա բավականին հստակ տեսել ենք, թեպետ ոչ այնքան հրապարակային, պատերազմի ժամանակ: Երբ արևմտյան խաղաղապահների մասին որոշ խոսակցություններ եղան, այդ թվում՝ ամերիկացիների, Թեհրանն ազդանշաններ ուղարկեց, որ դեմ է: Իսկ ո՞վ է հիմա ուզում գլուխ դնել իրանցիների հետ տարածաշրջանում՝ դրդելով նրանց նոր ագրեսիվ ոտնձգությունների: Չգիտեմ՝ ինչպե՞ս է արվելու, բայց, իհարկե, արվելու է: Ամերիկացիները չեն կարող հանձնվել, նրանք ամբողջությամբ Մոսկվային չեն հանձնի ազդեցության այդքան կարևոր լծակը: Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Հարավային Կովկասը երկու տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի ու Թուրքիայի դիմակայության տարածքն է:
-Այդ իմաստով հետագա ի՞նչ քայլեր կարող է անել Թուրքիան:
-Թուրքիան Վաշինգտոնի գործակալն է: Բայց մենք արդեն գիտենք, որ Թուրքիան «մեծն Էրդողանն» է: Այդ սուլթանը չի հանդուրժի խամաճիկի, խաղալիքի դերը ին-որ մեկի ձեռքին, նույնիսկ ԱՄՆ նոր վարչակազմի:
RFI


Հ.Գ. Ֆրանսիան, իհարկե, խորհրդարանական մակարդակով ճանաչելով Արցախի Հանրապետությունը, նախագահի մակարդակով հայտարարություններով՝ դիրքորոշվել է իբրև հայկական կողմի համակիր: Ու դա ակնհայտ է, բայց նույնքան ակնհայտ է, որ Մոսկվան բնավ էլ հավասարամեծ ու հավասարահեռ խաղացող չէ: Եվ, դե ֆակտո, առաջ է մղում իր սեփական շահերը, որ նրան բնավ անկողմնակալ չի դարձնում: Փաստացի՝ այսօր կա Մոսկվա-Բաքու-Անկարա տանդեմ, որի դեմ Հայաստանն ու Արցախը մենակ են: Պուտինը, իրոք, շտապում է՝ նախքան համաշխարհային քաղաքականության գրանդները կհիշեն Ղարաբաղը, շտապում է խաղից դուրս դնել ԵԱՀԿ Մինսկի խմբին, թեպետ հրապարակային մակարդակում ընդունում է նրա իրավասությունները: Մոսկվայի համար շահեկան է Անկարայի հետ սեպարատ բանակցություններով հարցերը լուծելը՝ ինչը և արվեց պատերազմի ժամանակ: Պետդեպարտամենտը և ԱՄՆ նոր վարչակազմը արտաքին քաղաքականությամբ ակտիվորեն կզբաղվի, թերևս, գարնանը: Իսկ Իրանը իր բոլոր «ազդանշաններով» իր սահմանին ստացավ թուրքերին ու Թուրքիային՝ իբրև ՆԱՏՕ-ի անդամի, և հիմա այդ ուղղությամբ հակախաղի մեծ հնարավորություն չունի: ՝ Մակրոնի հիմնական հենարանը պետք է լիներ ԵՄ-ն, որ բավականին անորոշ և իրոք «անկողմնակալ» պահեց իրեն: Դե ֆակտո՝ ՄԱԿ-ից, ԵԱՀԿ-ից, ԵԽ և ԵԽԽՎ միջազգային կառույցները բազում գործիքներ ունեն ազդելու Ադրբեջանի վրա թե ռազմագերիների վերադարձի, թե մարդու իրավունքների պաշտպանության, թե Արցախի կարգավիճակի հարցում: Մոսկվան, Անկարան ու Բաքուն շտապում են հենց այդ պատճառով: Զուգահեռ՝ առաջանում են հակասություններ Բաքվի ու Անկարայի միջև՝ Թուրքիան բնավ էլ երջանիկ չէ, որ Արցախի հարցով ինչ-որ բանակցություններ են լինում, որին ինքը դարձյալ ներկա չէ:


Հայաստանի խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանությունն է, և ակտիվ աշխատանքը միջազգային կառույցների հետ՝ մինչև Արցախի Հանրապետության կարգավիճակի ընդունումը և Արցախի միջազգային ճանաչումը և, առաջին հերթին, ռազմագերիների վերադարձը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14356

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ