Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հաղթողի և պարտվածի հոգեբանությունը՝ ո՞վ եք դուք

Հաղթողի և պարտվածի հոգեբանությունը՝ ո՞վ եք դուք
31.01.2021 | 20:39

Հաղթողները միշտ մտածում են «Ես կարող եմ», «Ես ուզում եմ». «Ես կամ» կատեգորիաներով: Պարտվածները օրերով կենտրոնանում են՝ ի՞նչ պետք է անեին կամ ի՞նչ չեն արել հարցի վրա՝ գտնում է հոգեբան, գրող Դենիս Ուեյտլին, «Մեծության սերմեր» («Semillas de grandeza») բեստսելլերի հեղինակը, որտեղ նկարագրված է հաղթողի հոգեբանության էությունը: Հոգեբան Լաուրա Մորատալիայի խոսքով՝ հաղթողը նա է, ով հնարավորություններ է տեսնում այնտեղ, որտեղ ուրիշները դժվարություններ են տեսնում: Իբրև հաղթող մտածել նշանակում է պրոբլեմն ընդունել իբրև փորձություն, հավատալ ինքն իրեն, չվախենալ ձախողումից, որոնել լուծումներ, փորձել և, եթե չի ստացվում, այլ կերպ փորձել: Սովորել սխալներից և աջակցել սեփական նպատակների դրդապատճառներին: Մենք համարյա երբեք չգիտենք՝ ինչի կհանգեցնեն մեր գործողությունները, կյանքը մի կետում չի մնում: Հենց այդ պատճառով լավագույն տարբերակը խնդրի լուծմանը հաղթողի հոգեբանությամբ գնալն է, դա մեծացնում է հաջողության շանսերը՝ գտնում է Լաուրա Մորատալիան:


Լինու՞մ է պարտվածի մտածողություն
Հաղթողի հոգեբանության հակառակը պարտվածի հոգեբանությունն է: Մտածողության այդ տեսակին բնորոշ է ուշադրությունը դժվարությունների վրա կենտրոնացնելը, ինքն իրեն չվստահելը, բացասական մտքերին թույլ տալը տիրել բանականությանը և չնչին խնդիրներ ծագելիս սկսածը կիսատ թողնելը: «Այդպիսի մարդիկ վստահ են, որ սխալները նշան են, որ իրենք չեն կարող ստանալ իրենց ցանկացածը»՝ գտնում է հոգեբանը: Բացի այդ՝ պարտվածի հոգեբանությամբ մարդիկ ունեն իրենք իրենց սահմանափակող կանոններ, որ Լաուրա Մորատալիայի կարծիքով՝կարող են «դժբախտություն բերել», եթե մենք ինքներս հավատում ենք, որ ինչ-որ բանի չենք կարող հասնել, մենք չենք հասնում: «Վստահությունը, որ մենք ինչ-որ բան չենք կարողանալու անել, ծրագրավորում է որոշակի վարքագիծ, այդ պատճառով մենք չենք կարողանում օգտագործել մեր ռեսուրսները և ստանում ենք բացասական արդյունք՝ ի սկզբանե մեր գլխում եղած կարգավորման համապատասխան»՝ գտնում է հոգեբանը:
Պարտվածների հոգեբանության 7 առանցքային բնութագիրները
Այդպիսի մարդիիկ հազվադեպ են նպատակ ունենում: Եթե ունենում են, շուտով հրաժարվում են՝ ոչ մի արդյունքի չհասնելով:
Նրանք հակված են հոռետեսության՝ չափազանց շատ ժամանակ են հատկացնում պրոբլեմներին, չափազանց քիչ՝ լուծման որոնումներին:
Պարտվածներն ունեն հիվանդագին ինքնագնահատական և ամեն ինչ տեսնում են սև գույներով:


Երբեմն, գիտակցաբար կամ ոչ, նրանք արգելակում են իրենց շրջապատի մարդկանց զարգացումը, այդ պատճառով նրանք իրենց անհարմար են զգում, որ շրջապատի մարդիկ հաջողության են հասնում, իրենք՝ մնում են տեղում:
Նրանց խոսքում կարելի է լսել «Որովհետև ես այսպիսին եմ», «Ինչու՞ փորձեմ, եթե հնարավոր չէ», «Ավելի լավ է՝ ես անեմ ինչ կարողանում եմ»: Այդպիսի մարդիկ մշտապես ձգում են ժամանակը՝ գործողություններ անելու փոխարեն:
Ոմանք ունեն վատ սովորույթներ (նստակյաց կյանք, ծխել, ալկոհոլ, կախում հեռուստացույցից և այլն): Նրանք տեղյակ են բոլոր նորություններին և հաճախ են հայտարարում, որ ամեն ինչ վատ է:
Հնարավոր է՝ պարտվածի մտածողության պատճառը վախն է անորոշությունից ու անհայտից: Բայց երբ դուք որոշում եք ոչ մի նպատակ չունենալ՝ վախենալով փոփոխություններից, այլ ոչ թե այն պատճառով, որ հաստատ որոշել եք ոչինչ չփոխել, և առաջ չգնալ, սա կարող է լուրջ խոչընդոտ դառնալ: Ինչ-որ պահից կհասկանաք, որ ինքներդ ձեզ սահմանափակում եք, ու դուք կհիասթափվեք: Մտածողության այդ տեսակի պատճառ կարող է դառնալ տխուր փորձը, երբ չի հաջողվել ցանկացածին հասնել և որը կարող էր սեփական ուժերին չստահելու պատճառ դառնալ և հարկադրում է փախչել անցյալում ապրած տառապանքից ու փորձություններից:


Պարտվածի հոգեբանության ձևավորման վրա ազդում է և դաստիարակությունը: Մի կողմից՝ ամենաթողությունը կարող է հանգեցնել, որ մարդը չի իմանա՝ ինչ է նշանակում հիասթափություն, քանի որ մանկության օրերին չի հայտնվել այնպիսի իրավիճակներում, երբ ունեցել է այդ զգացողությունը: Մյուս կողմից՝ եթե մարդուն մանկության օրերին չեն խրախուսել և միայն սխալներն են ցույց տվել, կարող է դառնալ պարտվածի հոգեբանության զարգացման ևս մեկ պատճառ:


Ինչու՞ է մեր մտածողությունն ազդում մեր հաջողության վրա
Հաղթողի հոգեբանությունը ենթադրում է տարբերակների, հնարավորությունների ու լուծումների որոնում նպատակին հասնելու համար, նաև դառնում է ազդակ: «Մտածողության այդ տեսակը զարգացնում է այլընտրանքներ որոնելու հմտություն, որն անհրաժեշտ է բարդ իրավիճակներում: Այդպես մարդը չի հանձնվում ծագած խնդիրներին, այլ սովորում է»՝ բացատրում է Լաուրա Մորատալիան:


Գիտականորեն ապացուցված է, որ դրական մտածողությունը ունակ է փոխել ուղեղի նեյրոնային կապերը: Օրինակ, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Իսպանիայի գիտնականների վերջին ուսումնասիրության տվյալները վկայում են, որ ուշադրության կենտրոնացումը այստեղ և հիմա («mindfulness») կատարվողի վրա՝ դրական մտածողության համադրությամբ, նպաստում է բորբոքային հիվանդություններ հարուցող բջիջների թվի նվազմանը և օգնում է արագ վերականգնվել ստրեսային իրավիճակներից հետո: Միայն «հաղթողի» մտքերը չեն օգնի, եթե չսկսեք գործել: Դա անխուսափելիորեն կհանգեցնի եզրակացության, որ ամենակարևորը չվրիպելն է: «Կան մարդիկ, որ սպասում են իդեալական պահի: Պետք է հասկանալ, որ իդեալական պահ չի լինելու, միշտ կան հանգամանքներ, որ որոնց պատճառով մենք հետաձգում ենք մեր գործողությունները: Այդ պատճառով ամեն օր պետք է անել փոքր, բայց քայլ ձեր երազանքի ճանապարհին»՝ վստահ է փորձագետը:
Շատ կարևոր է, որ նպատակը իրոք կարևոր լինի ձեզ համար, միայն այդ դեպքում ենք մենք ձգտում նպատակակետին:


Խնդիրների լուծման համար ժամկետ սահմանելը նույնքան կարևոր է, որքան գործելը: Ժամկետները պետք է հաշվի առնեն մեր ռեալ հնարավորությունները, որ մենք չկորցնենք ազդակները: Հակառակ դեպքում դա միայն կխանգարի: Եթե մենք հեռագնա նպատակ ունենք, օգտակար է մի քանի խնդիրների բաժանել, որոնցից յուրաքանչյուրին կհամապատասխանի իրենց կատարման ժամկետը: «Այդ պարզ միջոցն օգնում է մարդկանց կենտրոնանալ անհրաժեշտ գործողությունների վրա, ոչ թե վերջնանպատակի, որովհետև վերջնանպատակը կարող է անհասանելի թվալ: Քայլ առ քայլ մոտենալով իր նպատակին՝ մարդը կիմանա, որ ճիշտ ճանապարհին է, նրա ինքնավստահությունը կաճի և նոր ուժեր կտա՝ առաջ գնալու համար»՝ գտնում է Մորատալիան:


Ինչպես ծրագրավորել ուղեղը հաղթանակի համար
Հաղթողի հոգեբանություն ձևավորելու համար հոգեբան Լաուրա Մորատալիան առաջարկում է ամենօրյա վարժություններ.


1. Հիշեք՝ որքան կարևոր են ձեր մտքերը: Եթե հանկարծ տարվել եք բացասական մտքերով, հեռու վանեք: Մտածեք, որ մտքերը գալիս ու գնում են, և ոչ բոլորը պիտի ազդեն ձեր վարքագծի վրա: Մի տանջեք ձեզ, վանեք բացասական մտքերը և թողեք միայն այն մտքերը, որ ձեզ տանում են դեպի նպատակակետ:


2. Նպատակը պետք է կարևոր լինի ձեզ համար: Դա որոշելու համար մի քանի անգամ ձեզ հարցրեք՝ ինչու՞ եք ուզում այդ նպատակին հասնել: Օրինակ, եթե ուզում եք, որ բիզնեսն այս տարի աճի 25%-ով, հարցրեք ինքներդ ձեզ. «Ինչու՞ եմ ուզում, որ այս տարի իմ բիզնեսն աճի 25%-ով»: Ավելի շատ փող ստանալու համար: Շարունակեք՝ «Ինչու՞ եմ ուզում ավելի շատ փող ունենալ»: Որպեսզի չմտածեմ ֆինանսների մասին և սկսեմ պատվիրակել իմ գործերը: Հետո՝ «Ինչու՞ եմ ուզում չմտածել ֆինանսների մասին և իմ գործերը պատվիրակել»: Որպեսզի ավելի շատ ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ: Եթե մեր վերջնական պատասխանի մեջ խոսքը ընտանիքի, շրջապատի, անձնական աճի, կարիերայի սանդղակով բարձրանալու կամ հասարակության մասին է, նշանակում է՝ նպատակը իրոք կարևոր է ձեզ համարԼ Դա էլ կդառնա նպատակին հասնելու ազդակ:


3. Նպատակները պետք է ռեալ լինեն, այսինքն՝ հաշվի առնեն մեր ռեալ հնարավորությունները: Օրինակ, պատրաստվել լեզվի իմացության միջազգային քննության մեկ շաբաթում կամ մեկ տարում, նույնը չէ:


4. Պահպանեք ձեր նպատակը, կարող եք գրել օրագրում կամ պատմել ինչ-որ մեկին: Այդ խորամանկությունը ձեզ կստիպի խոսքը պահել, հետևաբար ավելի արդյունավետ կաշխատի, քան նպատակը միայն ձեր գլխում պահելը: Հիշեք՝ մտքերը գալիս ու գնում են:


5. Օրվա մեջ մի քանի րոպե նվիրեք ձեր վերջնական արդյունքի վիզուալացմանը: Մեր ուղեղը չի հասկանում՝ այն ինչ մենք պատկերացնում ենք՝ իրականությու՞ն է, թե՞ երևակայության արդյունք: Վիզուալացումը պատրաստում է ձեզ նպատակին հասնելուն և ստեղծում անհրաժեշտ կապերը, որ դուք ունենաք պետքական գաղափարներ և ձեռնարկեք գործողություններ ու չկորցնեք ազդակը: Վիզուալացումը օգնում է հավատալ սեփական ուժերին:


6. Խրախուսեք դեպի նպատակը տանող յուրաքանչյուր քայլ, որքան էլ փոքր լինի՝ գնումներ արեք կամ ինքներդ ձեզ ժամանակ հատկացրեք: Կարևոր է հաստատել ձեր ձեռքբերումները, դա դրական է ազդում և բարձրացնում է ինքնագնահատականը:


7. Շրջապատեք ձեզ դրական մարդկանցով: Հաղթողի հոգեբանությամբ մարդիկ կօգնեն ձեզ առաջ գնալ: Դուք կարող եք ոգևորվել հաջողության պատմություններով և ինքներդ ստեղծեք հարաբերություններ, որ անհրաժեշտ են ձեր նպատակին հասնելու համար:


8. Օգտագործեք խթանող արտահայտություններ: Բայց ոչ «Ես աշխարհում ամեն ինչ կարող եմ», այլ իրական արտահայտություններ: Ընտրեք այնպիսի արտահայտություններ, որ համապատասխանում են ձեր կենսակերպին ու նպատակին: Այո, մենք կարող ենք ձևավորել հաղթողի մտածողություն, բայց իրականության մեջ մենք ի վիճակի չենք ամեն ինչի հասնել Դա նույնքան կարևոր է, որքան իրական նպատակներ ունենալը:
Ռաքել Ալկոլեա, ABC, Իսպանիա


Հ.Գ. Թվում է՝ պարզ, նույնիսկ պարզունակ խորհուրդներ են, բայց իրական կյանքում չափազանց կարևոր դեր ունեցող: Փաստացի՝ մարդիկ իրենք են ծրագրավորում իրենց թե հաջողությունը, թե անհաջողությունը: Հատկապես այստեղ ու հիմա մեզ պետք է հաջողության ծրագրավորում՝ յուրաքանչյուրիս ու բոլորիս: Իսկ հաջողությունը ընդամենը ճիշտ քայլերի հաջորդականությունը չէ: Շատ ավելին է, քան մենք կարող ենք պատկերացնել՝ մենք երբեք չգիտենք, թե ինչի են հանգեցնելու մեր գործողությունները, որովհետև չգիտենք՝ ինչպես են մեր քայլերին արձագանքելու ուրիշները: Մենք կարող ենք ծրագրել մեր, բայց ոչ ուրիշների քայլերը, եթե չունենք իշխանություն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 30626

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ