Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ի՞նչն է մեզ խանգարում արագ զարգանալ

Ի՞նչն է մեզ խանգարում արագ զարգանալ
20.01.2022 | 17:20

Տնտեսության արագ զարգացման խնդիրների քննարկումների բանալին, որքան ես եմ հասկանում, երևի միակն է` իրատեսորեն ներկայացնել առկա իրավիճակը ու այդ հենքի վրա, համադրելով մեր երկրի բնաարտադրական, ինտելեկտուալ ռեսուրսները համաշխարհային տնտեսության զարգացումների հետ, նախանշել առաջընթացի մեր ուղին, տեսլականը, գտնել հարցադրման ճիշտ պատասխանը:

Ցավոք, անկախացումից 30 տարի անց էլ, մենք չունենք այդ պատասխանը: Իսկ տնտեսության առկա վիճակը, էկոնոմիկայի նախկին նախարար Տիգրան Խաչատրյանի հավաստմամբ այսպիսին է. «15 անգամ զիջում ենք աշխարհի 1-ին տեղերը զբաղեցնող երկրներին մեկ շնչի հաշվով ստեղծված եկամտի տեսանկյունից, ունենք 8 անգամ ավելի ցածր արտադրողականություն Եվրոպայի միջին երկրների հետ համեմատած: Գրեթե բոլոր ոլորտներում տնտեսության վիճակը նույնն է»( ՀՀ օրաթերթ, 29. 08. 2019թ. «ՀՀ զարգացման օրակարգը քննարկումներում»): ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, միջազգային տնտեսագիտության դոկտոր-պրոֆեսոր Արտաշես Միքայելյանը նշում է. «Մարդկային քաղաքակրթության պատմության մեջ Հայաստանն առաջին երկիրն է, որը 30 տարի գտնվում է ճգնաժամի մեջ»: Ինչու՞, որո՞նք են պատճառները: Այս հարցադրումների ընդհանրական պատասխանը, կարծես, ունենք. «Դեպի չորրորդ Հանրապետություն» հոդվածում ( ՀՀ օրաթերթ 12. 01. 2021թ.) հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը գրում է. «Տարիներ շարունակ մենք ցանկալին մատուցում էինք իրականի տեղ: Սուտը` իրականության իմիտացիան, սողոսկել էր ամենուրեք` դառնալով ազգային անվտանգության սպառնալիք: Երևակայական այդ աշխարհում մենք իբր թե ունեինք կազմակերպված պետություն, առաջանցիկ տնտեսություն և գիտություն, ուժեղ բանակ, ժողովրդավարական հասարակություն, ազատ մամուլ, սակայն իրականում պատկերը բոլորովին այլ էր: Մենք հաջողացրել էինք խաբել միայն ինքներս մեզ և դրանով իսկ արդեն ստորագրել պարտության թղթի տակ»:

Հասկանալի է, պատերազմում պարտվելու թղթի տակ ստորագրելուց առաջ, մենք արդեն ստորագրել էինք տնտեսական պարտության թուղթը: Հասկանալի է նաև, որ այս երկու իրողությունները` տնտեսության անկումը, պատերազմում պարտվելը, փոխկապակցված են, մեկը պատճառն է, մյուսը՝ հետևանքը, ու երկուսն էլ երկրում արդեն 30 տարի արմատացած թալանի, կոռուպցիայի մթնոլորտի արդյունք են: Ակնհայտ է՝ եթե այս ամենը հանրությունը ընդունում է, ապա մենք պետք է սկսենք երկրի ներքաղաքական, հասարակական մթնոլորտը, համակեցության կանոնները փոխելուց, նոր հայ դաստիարակելուց: Բայց սա դարավոր գործընթաց է, նաև՝ խիստ բարդ. հիշենք Խորենացու «Ողբը», նաև այն, որ ամեն օր ապրել է պետք, ու հեռանկարը մտապատկերում ունենալով, պետք է փնտրենք անվտանգության, մարդկանց հանապազօրյա հացով ու ջրով ապահովելու, արտագաղթը կանխելու խնդիրների լուծումները: Բայց, որպեսզի դրանք կարողանանք իրագործել, մեր նախագահի համոզմամբ, պատմության արխիվ պետք է նետենք «…այն կեղծ օրակարգերը, գաղափարները և մոտեցումները, որոնք մեզ ուղեկցում էին վերջին տասնամյակներին»:

Իսկ վերջին 3 տասնամյակում, այդ թվում նաև այսօր, մենք տնտեսությունը շարունակում ենք «զարգացնել» շուկայական ազատականության ձևաչափով, որի ընդհանրական, խիստ բացասական գնահատականը, իր ազգակործան ցուցանիշներով, ինչպես ասվեց, արդեն ունենք` ժամանակակից տնտեսական քաղաքակրթությունից հետ ենք մնացել մի ամբողջ դարաշրջան: ՈՒրեմն, պետք է անցնել տնտեսության կանոնավորման նոր ձևաչափի, որի նախընտրելի տարբերակը, երևի, այսպես կոչված նորազատականությունն է (նեոլիբերալիզմ): Այն, ի տարբերություն առկա, գործող ձևաչափի` լիբերալիզմի, լիովին չի ժխտում տնտեսության պետական կանոնավորումը, ազատ շուկան, անսահման մրցակցությունը համարում է առաջընթացի և սոցիալական արդարության ապահովման հիմնական միջոց, ինչը հնարավոր է առաջին հերթին տնտեսական աճի հիման վրա, որը նաև երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է: Տնտեսության, բիզնեսի պետական կանոնավորումը փոքրացնում է ռիսկերը, որովհետև պետությունը, որպես գործընկեր, ինչ-որ չափով պատասխանատվություն կրելով դրանց համար, գործարկում է պրակտիկորեն ամբողջությամբ իր իրավասության տակ գտնվող երկրի գիտատեխնիկական ներուժը, նրա հատկապես կիրառական ոլորտը անմիջականորեն շաղկապելով բիզնեսի հետ, վերականգնելով գիտության` տնտեսության զարգացման լոկոմոտիվի, դերը: Այսպիսով շահում են և՛ բիզնեսը, և՛ գիտությունը, և՛ պետությունը, շահում ենք մենք բոլորս: Մինչդեռ, ինչպես արդեն տեսանք, արդեն 30 տարի է ոչ բիզնեսն է առաջ շարժվում, ոչ գիտությունը, ոչ էլ պետությունը: Այս եռամիասնությունը, որը պետք է տնտեսությունը զարգացներ, բյուջեն լցներ, մեր ապրելակերպը բարելավեր, երկրի անվտանգութունը ապահովեր, փաստորեն, ոչ մի կերպ չի ուզում համագործակցվել, նրանք խռովել են իրարից` որովհետև շուկայական լիբերալիզմն այդպես է պահանջում: Ինչու՞: ՈՒ՞մ է դա ձեռնտու: Ես կխուսափեմ այս հարցադրումների պատասխանների փնտրտուքներից, միայն կասեմ, որ, իմ կարծիքով, համատարած թալանի ամբողջ մեխանիկան, դրա փիլիսոփայությունը խարսխված է այս սկզբունքի վրա. որքան հեռու է տնտեսությունը գիտությունից, որքան շատ է անորոշությունը տնտեսության և գիտության կանոնավարման, փոխազդեցության համակարգում, այնքան մեծ է թալանը, տնտեսության անկումը. գիտությունը, գիտատեխնիկական նորույթները «կներմուծենք »արտերկրից, այնտեղ էլ, աչքից հեռու, կլուծենք «ատկատների» հարցը, տնտեսությունն էլ «կզարգացնենք»՝ մարդկանց աչքին թոզ փչելով: Այսինքն, կվերածվենք շուկայատեղիի, չարչիատեղիի, արևելյան բազարի, որտեղ արտերկրների «տուզերը» կիրացնեն իրենց ապրանքը իրենց թելադրած գներով ու պայմաններով: ՈՒ մենք կդառնանք (եթե արդեն չենք դարձել) բանանային պետություն: Գուցե հիշենք Մարքսի՞ն, թե ինչ է կապիտալիզմը… Իսկ մերո՞նք, մեր գիտատեխնիկական ներու՞ժը. ինչո՞վ են զբաղված նրանք:

Մեր երկրի ղեկավարների կարծիքով՝ նրանք, նրանցից երկրում դեռևս մնացածները «մինչև կեսօր իրենց աշխատատեղերում կոֆե են խմում, իսկ հետո տուն գնում»: Տրամաբանական հարց է ծագում` ինչու՞ այդ նույն գիտնականը, շուկայական լիբերալիզմի պայմաններում, զարգացած երկրներում, կարողանում է ապահովել տնտեսության ցուցանիշների թռիչքաձև աճ, իսկ մերոնք չեն կարողանում, ու մենք առաջընթացը կապում ենք տնտեսության կանոնավորման նոր ձևաչափի` նեոլիբերալիզմի, ներդրման հետ: Պատասխանը, կարծում եմ, պարզ է. այդ երկրներում տնտեսության աճն ապահովում են գիտնականներով, նախագծողներով, փորձարարական կայաններով, գործարաններով համալրված ֆիրմաները, որոնք յուրօրինակ «պետություններ» են մայր պետության մեջ և, բնականաբար, պետության կանոնավորման, աջակցության կարիքը չունեն: Իսկ մե՞նք, որտե՞ղ է մեր կիրառական գիտության բազան: Վերը նշածը մենք էլ ունեինք, բայց անցած 30 տարիներին այդ ամենը թալանվեց, զրոյացվեց: ՈՒ հիմա, պրակտիկորեն, պետք է սկսենք զրոյից: ՈՒ այդ զրոն պետք է լինի տնտեսության կանոնավորման նորազատական ձևաչափը` որը, ինչպես արդեն ասվեց, ի տարբերություն նախորդի, չի ժխտում տնտեսության, գիտության, դրանց փոխհարաբերությունների պետական կանոնավորումը: Ինչպե՞ս, ինչ հիմնարար, նոր մոտեցումներով, ո՞ր բազայի հիման վրա, ֆինանսական ի՞նչ միջոցներով, ի՞նչ քայլերով:

Հիմնարար մոտեցումը այն իրողության գիտակցումն է, որ պետությունը իր հնարավորություններով, հատկապես իրեն ենթակա գիտատեխնիկական ներուժով, ավելի հզոր է, հատկապես ինտելեկտուալ առումով, քան մասնավորը, հետևաբար, ավելի ունակ՝ իր մասնակցությամբ, կայացած՝ որևէ սեփականատիրոջ հետ ստեղծել նոր տեխնոլոգիաներով, մեքենասարքավորումներով համալրված ուսումնացուցադրական ձեռնարկություն, դրա օրինակով շարքային տնտեսավարողներին ցույց տալով ոլորտի զարգացման ճիշտ ուղին, պայմաններ ստեղծելով, որ վերջիններս սեփական աչքերով տեսնեն եկամուտը, քրքրեն դրա փաստաթղթերը, համոզվեն, որ դա է առաջընթացը, ու տեսածին, համոզմունքին գումարելով իրենց տեսլականը, ֆինանսական միջոցները, ստեղծեն իրենց երազած տնտեսությունը՝ ամենօրյա մրցակցության մեջ մտնելով ուսումնացուցադրականի հետ: Ակնհայտ է, որ այս դեպքում առավել լիարժեք կիրացվի բնության տված ամենամեծ հրաշք-հարստությունը` «բան» ստեղծելու մարդու կարողությունը, և մենք բոլորս առաջ կշարժվենք:

Ակնհայտ է, որ եթե մենք այդ ձևաչափով կարողանանք ստեղծել մի քանի պրոֆիլային ձեռնարկություններ, ապա ոտքի կկանգնեցնենք ամբողջ տնտեսությունը: Ինչու՞ դա չենք անու՞մ: Այս հարցի պատասխանը փնտրում էր նաև նախորդ վարչապետը մարզային իր հանդիպումներում. Եղեգնաձորում մի ամբողջ ժամ նա խնդրում էր հավաքի մասնակիցներին, ցույց տալ այն տնտեսությունը, որն այցելելով գյուղացին նոր բան կսովորի, կզարգացնի իր տնտեսությունը: Պատասխանը քար լռությունն էր ու վարչապետի պոռթկումը. «Բաբոյի, դեդայի տնամերձով մենք առաջնթաց չենք ունենա»: ՈՒ թեպետ ծախսել ենք միլիոնավոր դոլարներ խորհրդատվական ծառայությունների, մեքենատրակտորային կայանների, կոոպերատիվների, Եվրոպայից մաքրամաքուր երինջներ ներկրելու, արոտները բարելավելու և այլ գործընթացների վրա, շարունակվում է տնտեսության անկումը, և դրա կասեցման վերջն էլ չի երևում: Այն տպավորությունն է ստեղծվում, որ մենք կանխամտածված չենք ցանկանում դուրս գալ այս իրավիճակից: Պարզվում է, որ այս դիտարկումը այնքան էլ հեռու չէ իրականությունից. քաղաքական ղեկավարության համար կարևորը իր իշխանության հավերժությունն է, իսկ այն հավերժ է, երբ զանգվածները մշտապես «սոված» են և միշտ պատրաստ ցանկացած քվեն վաճառելու օրվա հացի գնով: Այս նույն խնդիրն են լուծում նաև գործարարներին հազար ու մի թելերով չինովնիկներից կախման մեջ գցելու գործընթացները. ներկայումս նախկինի 2 կախվածության` կոոպերատիվի, լիզինգ փոխարեն, իր բիզնեսի խնդիրները լուծելու համար պետք է թակի ևս 4 դուռ` ձեռներեցության աջակցության, սուբսիդավորման, վարկավորման,երաշխինքների տրամադրման: Ո հստակորեն ուրվագծվում է մարդկանց վատ կենսամակարդակը, բիզնեսի զարգացումը քաղաքականությանը ստորադասելու սխեման. սովա՞ծ ես` վերցրու այս 20 դոլարը, միայն մի մոռացիր ընտրելու մեր ընկերոջը, նա լավ տղա է, քեզ էլի կօգնի. բիզնեսդ կաղու՞մ է` քեզ վարկ կտանք, միայն թե… Եվ այսպես շարունակ: Հիմա էլ ավելացել է նորը. «Վստահ եմ, որ դու իմ մարդն ես, ստացիր այս բարձր պաշտոնը, բարձր աշխատավարձը, հետն էլ նույնքան բարձր պարգևավճարը, միայն թե չմոռանաս ընտանիքիդ, բարեկամներիդ ասել…»:

Եվ դարձյալ ու այսպես շարունակ: Ղեկավայր այրերից ոչ ոք, իհարկե, չի ուզում հիշել, որ կոռուպցիայի մեջ թաղված Սինգապուրը հանկարծ սկսեց ծաղկել, երբ կառավարման համակարգում գործարկվեց մի պարզ, հասարակ կանոն. չինովնիկի բարեկեցությունը, նրա ստացած աշխատավարձն ու պարգևավճարը ուղիղ կապի մեջ են դրվում իր ղեկավարած ոլորտի համախառն ներքին արդյունքից` փաստացի ստացված եկամտից, որն արդեն նաև ամբողջ ազգաբնակչության եկամուտն է, երկրի տնտեսական առաջընթացի և անվտանգության գրավականը: Հասկանալի է, որ այս դեպքում սովածները քիչ կլինեն , բիզնեսն էլ ազատ շունչ կքաշի` սրանից բխող քաղաքական բոլոր հետևանքներով: Բայց պե՞տք է արդյոք այս ամենը իշխանությունը հավերժ պահելու մոլուցքով ապրող չինովնիկին: Իհարկե՝ ոչ: ՈՒ նա ամեն ինչ կանի, որ տնտեսությունը էլի մի քանի տասնամյակ, իսկ ավելի լավ է հավերժ, մնա նույն կարգավիճակում:

Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ

Գյուղատնտեսության մեքենայացման ԳՀԻ-ի նախկին տնօրեն

Դիտվել է՝ 10359

Մեկնաբանություններ