«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արցախը կապրի՛

Արցախը կապրի՛
08.05.2022 | 13:51

Է՛հ, մինչ մենք կռիվ ենք տալիս՝ Արցախն արդեն կարծես կողմորոշվել է. նրա հեռուստաալիքն արդեն պաշտոնական լուրերը ռուսերեն է հաղորդում:
Գետինը պատռվեր՝ մտնեինք մեջը:


Իր համ ու հոտի, լեզվի ու մշակույթի ինքնությունը պահում է, խոսքը դրա մասին չէ, ոտքեր առած՝ փախչում է թուրքից, սարսափու՜մ է՝ հանկարծ մայրն իրեն նրա ձեռքը չտա:
Հանուն այն բանի, որ իր հողում մնա, կառչել է «սպիտակ արջի» մորթուց՝ դեն նետված որբի, անցանկալի պտղի պես:


Ներիր մեզ, Արցախ, թույլ և ոչնչություն գտնվեցինք որպես ծնող, չկարողացանք քեզ պահել:
Որովհետև մեզ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, գողերին՝ գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, երկիր ավերող, աղտեղասեր, ստրուկներին համախոհ։
Մեզ տիրեցին դատավորները տմարդի, ստախոս, խաբող, կաշառակեր, իրավունքը չպաշտպանող, անկայուն, ընդդիմացող:


Աշխարհականները՝ ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար:
Զինվորականները՝ անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, ելուզակ, ավազակներին համաբարո:
Այս պահին միջին տարիքի տղամարդ է խոսում՝ ճերմակած մազերով, տառապած դեմքով, պատերազմներին՝ մասնակից.
պատմում է՝ ինչպես է աշխարհով ցրված հարազատներին կանչում Արցախ՝ նրանց խաբելով, թե Հադրութն արդեն մեզ են տվել: Որբ է մեծացել, Հադրութի անունը տալիս՝ փղձկաց, դեմքը ծածկեց ափերով... Հաղորդումն ավարտվեց:


Հույս և բարություն. սա է հորդում Արցախի ալիքից:
Արցախը կապրի, բանակ էլ կունենա, երկիր էլ:
Մեծ, շատ մեծ ու դառը դաս ու դպրոց անցան, ամենակարևորը՝ խորությամբ գիտակցում են և՛ պատմական սխալները, և՛ վերջին պատերազմում պատուհասած աղետը:
Այս պահին էլ հաղորդում է Արցախի հերոս Սերգեյ Շաքարյանի մասին. աննկարագելի վեհագույն մարդ ու հերոս զինծառայող էր: Ընկերներն են խոսում, զինվորները, շատ ու շատ սպաների ճանաչում եմ:


Չգիտեմ՝ ինչ են ասում մեր իշխանությունները, ընդդիմությունը, բայց այն, որ Արցախը պետք է բնակեցվի ցրված արցախցիներով, հզորացվի, փաստ է:
Սյունիքը քեզ ուշադիր, սրտատրոփ հետևում է, Արցախ, և՝ հեռուստահաղորդումներիդ, և՝ այնպես:


Դու մենակ չես, մեր ճակատագրերը հաճախ են խաչաձևվել, այս մի փորձությունն էլ կանցնենք, ու վատ երազի պես միայն պատմությունը կփաստի և՛ երկիր ավերող, աղտեղասեր իշխաններին, և՛ տմարդի, ստախոս, խաբող ու կաշառակեր դատավորներին, և՛ մանավանդ՝ ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասակար թագավորներին:


Սուսաննա Բաբաջանյան
Գորիս

Դիտվել է՝ 22933

Մեկնաբանություններ