Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՐԵԹԵ ՈՉ ՄԵԿԸ ՉԳԻՏԻ` ՈՎ Է ԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԳՐԵԹԵ ՈՉ ՄԵԿԸ ՉԳԻՏԻ` ՈՎ Է ԻՐ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ
26.07.2011 | 00:00

«Ո՞վ է դրան ճանաչում, որ»։ Այս պատասխանը բավականին հաճախ էինք լսում` Երևանի տարբեր վարչական շրջաններում հպանցիկ հարցախույզ անցկացնելիս։ «Ճանաչո՞ւմ եք Ձեր պատգամավորին, գիտե՞ք նրա անունը» հարցից Երևանի տարբեր համայնքների բնակիչներն անկեղծորեն զայրանում էին։ «Ընտրությունից ընտրություն ենք դեմքները տեսնում, ո՞վ գիտի դրանց անունները»։ Չնայած այն հանգամանքին, որ խորհրդարանական ընտրություններին մեկ տարուց էլ քիչ ժամանակ է մնացել, բայց մեր համաքաղաքացիների ճնշող մեծամասնությունն այս տարիներին ոչ միայն իր «ազգընտիրին» չի տեսել, այլև չի տեսել որևէ շոշափելի աշխատանք։
Մինչ հարցման արդյունքները ներկայացնելը, մի նկատառում. սովորաբար, երբ լրագրողներն օրենսդրական նախաձեռնությունների կամ օրենքների նախագծերի քննարկման ժամանակ ոչ ակտիվ պատգամավորներին հարցնում են` ինչո՞ւ եք պասիվ, ստանում են անգիր արած պատասխան. «Պատգամավորի աշխատանքը միայն այս պատերի ներսում չէ»։ Արի ու տես, որ «պատերից դուրս» էլ, մեղմ ասած, մի բան չէ։
Եվ այսպես. Աջափնյակ վարչական շրջանը խորհրդարանում ներկայացնում է երեք պատգամավոր` Հարություն Փամբուկյան, Սամվել Ալեքսանյան, Ռուբեն Սադոյան։ Պարզվում է` ոչ միայն ԱԺ-ն, այլև համայնքի բնակիչները վերջիններիս երեսը հազվադեպ կամ ընդհանրապես չեն տեսնում։ «Ի՞նչ են անում, որ իմանանք` ովքեր են։ Թե բակ-մակ սարքել է, քաղաքապետարանն է անում։ Մի բան արե՞լ են, որ ճանաչենք»,- նշեց հարցվածներից մեկը։ Սամվել Ալեքսանյանի (հանրությանն առավել հայտնի` Լֆիկ Սամո) հիմնական ընտրազանգվածը ներառում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը։ Այստեղ ևս մեզ հանդիպած բնակիչների գերակշիռ հատվածը չգիտեր, ով է իրենց պատգամավորը։ Երբ մի տարեց պապիկ լսեց անունը, անմիջապես արձագանքեց. «Հա՜, էն սիթիների տերը։ Դե, հազիվ իր բիզնեսին տիրություն անի, հո չի գա մեր դարդը լացի»։ Հարցման ընթացքում մի քանիսը, դրական պատասխան տալով, ասացին. «Է՜, որ անունը գիտենք, ի՞նչ»։ Ի միջի այլոց, Ալեքսանյանի հետ այս ընտրատարածքից ընտրվել է նաև նրա մերձավորներից մեկը` Կորյուն Նահապետյանը, ում ընդհանրապես ոչ մեկը չգիտեր։
Արաբկիրցիները ևս չգիտեին ով է իրենց ձայնը խորհրդարանում ներկայացնում (եթե, իհարկե, լինում է այնտեղ)։ Զոհրաբ Զոհրաբյան անուն-ազգանունը բնակիչներին ոչինչ չէր հուշում, անգամ շատերը զարմանում էին` է՞դ ով ա։ Այս համայնքը մասնակիորեն և Դավթաշենն ամբողջությամբ Լևոն Սարգսյանի (Ալրաղացի Լյով) «տիրապետության» տակ է։ Որպես իրենց պատգամավորի, բնակիչները նրան չգիտեին, իսկ որպես տարբեր մութ պատմությունների «հերոսի», բավականին քաջատեղյակ էին։ Անկեղծ ասած, ԱԺ-ում էլ վերջինս հիշատակվում է առավելապես ոչ օրենսդրական աշխատանքով։
Ավան վարչական շրջանն ԱԺ է գործուղել Ռուբեն Հայրապետյանին, սակայն չորս տարի անց շատերը չեն հիշում նրան։ Բայց կա մխիթարություն. վերջինս հրապարակավ հայտարարել է` այլևս խորհրդարան չի գնալու։ Քանաքեռ-Զեյթունի բնակիչներն էլ հանգիստ կարող են լինել. իրենց չճանաչած պատգամավորը` Աշոտ Տոնոյանը (Տոնուսի Աշոտ), ևս չի ցանկանում առաջադրվել։
Մայրաքաղաքի կենտրոնը նույնպես անտեղյակ է Ռուբեն Սադոյան անունով պատգամավորից։ Այստեղ մեզ հետ զրույցում անգամ կատակեցին` «ոտքն էս կողմերում չի երևացել», հետո էլ, թե` «մեր բակի լրագրողն ավելի շատ խնդիրներ է լուծում»։ Բացառիկ հիշողություն ունեցողն էլ չի կարող մտաբերել հայոց պառլամենտում Ռուբեն Սադոյանի ունեցած որևէ ելույթ։
Նույնքան չխոսկան են նաև Էրեբունի վարչական շրջանը ներկայացնող Վերսանդ Հակոբյանը, Գրիգոր Մարգարյանը (Բելաջիոյի Գրիշ), Արմեն Պուրտոյանը։ Նրանցից միայն Արմեն Պուրտոյանին մի քանի բնակիչ գիտեր։ Այս պատգամավորը նաև Նուբարաշեն համայնքն է ներկայացնում, որտեղ «չհայտնաբերեցինք» մի քաղաքացու, որն իմանար իր պատգամավորի անունը։ Ի դեպ, Գրիգոր Մարգարյանն ու Վերսանդ Հակոբյանը նաև Շենգավիթ վարչական շրջանն են ներկայացնում։ Այստեղ էլ քաղաքացիները նրանց չեն տեսել, չեն հիշում, չգիտեն ի՞նչ «գույնի ու ձևի» են։
Արտաշես Գեղամյանի թիմակից, Նորք-Մարաշ համայնքից ընտրված Արա Սիմոնյանին ոչ մի կերպ հարցված քաղաքացիները չհիշեցին։ «Չգիտենք»` բոլոր պատասխաններն այսպիսի բովանդակություն ունեին։ Նոր Նորքի զանգվածների մշտական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի անունը մի քանի քաղաքացի միայն տվեց, հավելելով. «Դրանից դեռ չե՞նք պրծել»։
Մեր ջանքերը` գտնելու մի համայնք, որտեղ հարցմանը մասնակցած բնակիչների առնվազն կեսը ճանաչեր իր պատգամավորին, զուր էին։ Թերևս, ամենավտանգավորն այն է, որ այսպիսի «ազգընտիրները», հերիք չէ, այս տարիների ընթացքում մատը մատին չեն տվել, իրենց ընտրողների դարդին դարման չեն արել, էս «հալով» էլ ուզում են վերստին զբաղեցնել այն տեղը, որին արժանի չեն։ Մնում է հուսալ, որ իշխանության վերին օղակներում ողջամտությունը կհաղթի, և կարգելվի այսօրինակ անձանց մուտքը խորհրդարան։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ