Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՆԴՐԱԴԱՐՁ` ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐՈՎ

ԱՆԴՐԱԴԱՐՁ` ԱՆԴՐԱԴԱՐՁՈՒՄՆԵՐՈՎ
31.05.2011 | 00:00

«Իրատես de facto»-ի թիվ 34-ում հրապարակված լրատվությունը` «Աշխարհիկ-հոգևոր մենամարտ» վերնագրով, առաջացրել էր Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարության լուրջ վրդովմունքը։ Խմբագրություն նամակ է հղում վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի քարտուղար Աշոտ Միքայելյանը, որը տարակուսանք և վրդովմունք է հայտնում «ակնհայտ սուտ, որոշ կանխակալ փաստերի և հետևությունների» հրապարակման առիթով, հետո պարզաբանվում է իրավիճակը, պարկեշտության դաս տալիս լրատվության հեղինակ Սերգեյ Սաղումյանին, զեկուցվում է, որ «վերջին չորս տարիների ընթացքում վարչական շրջանի ղեկավարի ջանքերով Աջափնյակում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել և դեռ իրականացվելու են, որքան էլ Ձեր թղթակիցը թերահավատ լինի»։
Նամակի վերջում տիար Միքայելյանը թերթի խմբագրին սիրով հրավիրում է Աջափնյակ` «անձամբ ծանոթանալու թե՛ կատարված գործերին, թե՛ մեր հոգսերին, խնդիրներին»։
Կատարում եմ խմբագրի ինձ տված հանձնարարությունը` կապ հաստատելով Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայության և Աջափնյակի վարչական շրջանի աշխատակազմի հետ։
Սակայն երկու խոսք խնդրի շուրջ։ Սերգեյ Սաղումյանն ահազանգում է, որ 2007-ին հիմնադրված Սբ. Խաչ եկեղեցու շինարարությունը դադարեցված է, որ Շիրազի փողոցի երկայնքով կառուցվող առևտրային օբյեկտը մասնակիորեն փակում է դեպի եկեղեցի բացվող տեսարանը, և եկեղեցու շրջակա բարձր պահանջարկային գիծ ունեցող հողատարածքները հավանաբար վաճառված են, և Սբ. Խաչը երբևէ չի կառուցվի։ Տիար Միքայելյանը հակադարձում է. «Նախ` 2008 թվականին ավարտվել են Սբ. Խաչ եկեղեցու հիմքի շինարարական աշխատանքները, որոնք իրականացվել են բացառապես մի շարք գործարարների և վարչական շրջանի ղեկավարի ֆինանսական աջակցության և կազմակերպական ջանքերի շնորհիվ։ Եկեղեցու շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են տնտեսական ճգնաժամի պատճառով»։
Իհարկե, զրուցեցի Աշոտ Միքայելյանի հետ։ Պարզվեց, որ Սուրբ Խաչ եկեղեցու տեսարանը մասնակիորեն փակող օբյեկտի կառուցման թույլտվությունը ձեռք է բերվել մինչև եկեղեցու հիմնարկեքը, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրուն Խաչատրյանի օրոք։ Նաև, որ վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, իրոք, նախանձախնդիր է եկեղեցու կառուցման հարցում։ Սիրով հավատում եմ։ Եվ ամենակարևորը` մեր բանակցություններում, ըստ իս, կարևոր էր առաջարկս` եթե ֆինանսական դժվարություններ կան, ապա անհրաժեշտ է խնդիրը լուծել ստեղծված հիմնադրամի միջոցով։ Պայմանավորվեցինք, որ հիմնադրամի մասին լայնորեն կհրապարակվի, և Աջափնյակի բնակիչները հանգանակությամբ կկառուցեն Սուրբ Խաչը։ Տեսնենք։
Այնուհետև փորձեցի կապ հաստատել Մայր աթոռի տեղեկատվական ծառայության հետ։ Պարզվեց, որ հարցերին իրավասու է պատասխանելու տեր Վահրամը։
Սակայն նրան այդպես էլ զրույցի հրավիրել չհաջողվեց։ Յուրաքանչյուր կես ժամը մեկ ինձ առաջարկում էին կես ժամ անց փորձել։ Փորձը, անշուշտ, փորձանք չէ։ Սակայն...
Այսպիսով, ինչ-որ պարզաբանումներ, այնուամենայնիվ, առկա են։ Այսպես, 2006-ին կառուցապատման միասնական նախագիծ է հաստատվում քաղաքապետարանի կողմից, և չարաբաստիկ շինությունն ու եկեղեցին միևնույն վավերացմամբ կյանքի իրավունք են վաստակում։ Այսինքն, հենց քաղաքապետարանում է թաղված շան գլուխը։ Մի խոսքով, ընթերցողը, դիտելով ներկայացվող լուսանկարը, անզեն աչքով էլ կհամոզվի, որ առևտրաշահ օբյեկտը կիսով չափ փակում է եկեղեցու համայնապատկերը։ Պակասը կլրացվի մեկ այլ, ոչ պակաս առևտրաշահ օբյեկտի հիմնադրմամբ, որի կառուցման թույլտվությունը տրվել է միևնույն կառուցապատման նախագծով։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1627

Մեկնաբանություններ