Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԻՆՉ ՕՐՍ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑԻՑ ԶԳԱԼԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՄԻՆՉ ՕՐՍ ՁԵՌՆԱՐԿՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ ԳՏՆՎՈՒՄ ԵՆ ՄԻՄՅԱՆՑԻՑ ԶԳԱԼԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ
09.12.2011 | 00:00

2012 թ. ՄԱԿ-ի հովանու ներքո ծրագրվում է իր նշանակությամբ կարևորագույն համաժողով` նվիրված կայուն զարգացման հիմնահարցերին: Դրանք ներառում են խնդիրների մի ամբողջ համախումբ` սկսած շրջակա միջավայրի պաշտպանությունից, բնական պաշարների օգտագործման արդյունավետությունից, վերջացրած կայուն զարգացման խնդիրների լուծման առումով ազգային տնտեսությունների զարգացման մոդելների համարժեքությամբ, ֆինանսական, արդյունաբերական ու այլ ռեսուրսների օգտագործման արդյունավետության աստիճանով և այլն:
Հատկանշական է, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ հետխորհրդային մի շարք երկրներ իրենց անկախության հռչակումից ի վեր փորձել են բազմաթիվ ծրագրեր իրականացնել կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Ավելին, այդ հարցերի արդյունավետ լուծման նպատակով, Հայաստանն անդամակցում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների, որոնց կողմից վերջին երկու տասնամյակում ցուցաբերվել է ինչպես մասնագիտական, տեխնիկական, այնպես էլ ֆինանսական շոշափելի օժանդակություն: Ի վերջո, կարևոր է հիշել, որ կայունության ապահովումը, կամ տնտեսության կայունացումը, մասնավորեցման և ազատականացման գործընթացներից հետո, հանդիսանում է անցման փուլ թևակոխած երկրների տնտեսական բարեփոխումների երրորդ և վերջնական մասը:
Հարկ է նշել, որ Հայաստանն անցնող տարիներին միացել է մի շարք կարևորագույն բազմակողմանի տնտեսական և էկոլոգիական կոնվենցիաների: Թե որքան է արդյունավետ միջազգային կառույցներին մեր երկրի անդամակցությունը, կարելի է դատել այն արդյունքներից, որոնք շրջապատում են հասարակությանը: Հիշեցնենք, որ միջազգային կոնվենցիաներին միանալը միաժամանակ նշանակում է երկրի կողմից որոշակի պարտավորությունների ստանձնում: Բավական է նշել, որ բնապահպանության հարցերով կարևորագույն նշանակություն ունեցող Կիոտոյի կոնվենցիան այդպես էլ չի վավերացվել ոչ միայն անցումային տնտեսություն ունեցող բազմաթիվ պետությունների, այլև մի շարք արդյունաբերական երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի և մի շարք այլ զարգացած երկրների կողմից:
Այս ամենի հետ մեկտեղ, անհրաժեշտ է նկատել, որ կայուն զարգացման քաղաքական աջակցության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկվել են նաև որոշակի գործողություններ, որոնցից կարևորագույնների թվում կարելի է առանձնացնել առայժմ առավելապես տեսական նշանակություն ունեցող երկրորդ սերնդի բարեփոխումների ծրագիրը, մասնավորապես, պետություն-մասնավոր հատված համագործակցության խորացման, դրանք որակապես նոր մակարդակի հասցնելու քայլերը: Նույն նպատակին են միտված նաև ներկայիս կառավարության գործունեության ծրագրի բազմաթիվ հիմնադրույթներ: Միակ խնդիրն այն է, թե ինչպես են իրագործվում հիշյալ ծրագրերը: Մեր կարծիքով, այս ամենում առկա է հետևողականության և համակարգված մոտեցման որոշակի պակաս:
Ի տարբերություն անկախացման առաջին տարիների, այսօր հայեցակարգերի ու ծրագրերի պակասություն չի զգացվում: Այսպես, օրինակ, որոշակի ուշադրություն է դարձվում կայուն զարգացման նպատակով ինտեգրված պլանավորմանը և որոշումների ընդունման կարգի թափանցիկության ապահովմանը, միաժամանակ փորձելով իրականացնել այնպիսի մեծ հնչողություն ստացած նախագծեր, ինչպիսիք են, ասենք, կայուն զարգացման ազգային ռազմավարական ծրագիրը, աղքատության հաղթահարման ծրագիրը, կառավարության միջնաժամկետ ծախսային ծրագիրը, շրջակա միջավայրի պահպանության և այլ առանցքային ծրագրեր: Այստեղ ևս բնական հարց է առաջանում իրագործվող ծրագրերի արդյունավետության, իսկ ավելի ճիշտ` դրանցից ակնկալվող արդյունքների վերաբերյալ: Բացի այդ, հիշատակված գրեթե բոլոր ծրագրերով առանձին պետական կառույցների և հասարակական կազմակերպությունների ինտեգրած պլանավորման ու որոշումների կայացման գործընթացում միշտ չէ, որ ապահովվում է անհրաժեշտ թափանցիկություն: Որոշ ասպարեզներում կա նաև մասնագիտական պատրաստվածության և փորձի պակաս: Դժվարությամբ են նաև ծրագիր իրականացնողները դասեր քաղում նշված փորձից, իսկ հաճախ նույն սխալները կրկնվում են տարեցտարի, ինչի պատճառով ստացված արդյունքներն առայժմ չեն կարող բավարարել ո՛չ տնտեսավարողներին, ո՛չ սպառողներին, ո՛չ էլ, կարծում ենք, ծրագրերն իրագործողներին և դրանք ֆինանսավորողներին: Միաժամանակ, նկատվում է որոշ առաջընթաց` նպատակների հստակեցման և առանձին ծրագրերի իրականացման մասով:
Մտահոգությունների շարքում են նաև առանձին արդյունաբերական կամ ռեսուրսային ոլորտները, որտեղ կարող է առանձնահատուկ կերպով դրսևորվել քաղաքական պատասխանատվության գործոնը` կայուն զարգացման նպատակներին հասնելու համար: Մեր ուսումնասիրությունները վկայում են, որ այս իմաստով արդյունաբերական ոլորտներում շոշափելի առաջընթաց առայժմ չկա, իսկ ռեսուրսային ոլորտում երկիրը շարունակում է պղնձի, մոլիբդենի, այլ հանքանյութերի արդյունահանումը` հաճախ բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով: Գաղտնիք չէ, որ կայուն զարգացման նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է հավասարակշռված քաղաքականություն, որը, մասնավորի շահույթի ապահովմանը զուգահեռ, միտված լինի նաև հաջորդ սերունդների համար վերականգնվող միջավայրի պահպանմանը, կենսաբազմազանության ապահովմանը և յուրաքանչյուր գործընթացում առավելագույնս հաշվի առնի մարդկային գործոնը:
Ինչ վերաբերում է վերջին շրջանում առավել գործածական դարձած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության խնդրին, ապա առանձին դեպքերում այն բարեգործական ակցիաներով է իրականացվում, մինչդեռ իրական պատասխանատվությունն ավանդույթի, մշակույթի ձևավորման կարիք ունի, որն էլ իր հերթին պահանջում է որոշակի շարժառիթների և խթանների (երբեմն նաև` բարոյական) գոյություն: Իսկ փոքր և միջին բիզնեսի հնարավոր զարգացման առնչությամբ կարևոր է նկատել, որ այն խիստ անհավասար մրցակցային պայմաններում է գտնվում խոշոր բիզնեսի հետ ոչ միայն հարկային անհամաչափ բեռի և հարկային օրենսդրության անընդհատ փոփոխությունների, այլև փաստաթղթաշրջանառության կանոնակարգման բացակայության, խոշոր բիզնեսի ստվերային ապրանքա- և դրամաշրջանառության ու բազմաթիվ բիզնես ռիսկերին դիմագրավելու պատրաստվածության պատճառով: Ընդսմին, հանրապետությունում հատուկ պաշտպանվածության կարիք ունի միկրոբիզնեսը:
ՄԱԿ-ի կողմից նախաձեռնվող համաժողովի օրակարգային խնդիրներից մեկն էլ կայուն զարգացմանն ուղղված պետական քաղաքականության և պլանավորման գործընթացն է և դրանում պետական կառույցների ներգրավվածության աստիճանն ու գերատեսչական մարմինների համամասնությունը: Հայաստանում, ինչպես հայտնի է, հիշյալ գործընթացներին ֆինանսների, էկոնոմիկայի և այլ նախարարությունների մասնակցության համամասնությունը քիչ թե շատ ապահովված է, սակայն մտահոգիչ է այն հանգամանքը, որ, որոշ բացառությամբ, այս գործընթացներում բավարար մասնակցություն չունի հասարակական հատվածը: Դրա պատճառներից մեկը տեղեկացվածության ցածր մակարդակն է, հետևաբար, շահագրգիռ հասարակական կազմակերպությունները կարող են տեղեկացված չլինելու պատճառով չմասնակցել հիշյալ գործընթացներին և դրա մասին տեղեկանալ միայն միջազգային կազմակերպությունների հաշվետվություններից:
Մեզ համար կարևոր է պարզել նաև, թե ինչպիսի նոր և արտակարգ մարտահրավերներ կարող են ազդել կայուն զարգացման հեռանկարների վրա առաջիկա տասնամյակում, և ինչպիսի մեխանիզմներ ու գործողություններ կարող են օգտագործվել մեր երկրում պետական և տեղական ինքնակառավարման մակարդակներում նմանատիպ մարտահրավերների կանխման նպատակով: Վերջին տարիներին մեր կատարած վերլուծությունները վկայում են, որ առաջիկա տասնամյակում Հայաստանին սպառնացող վտանգներից կարելի է առանձնացնել.
l բնական ռեսուրսների պաշարների ծավալների կտրուկ անկումը,
l բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների մի շարք տեսակների ոչնչացումը,
l կենսաբազմազանության ապահովման լուրջ սպառնալիքները,
l էներգետիկ անվտանգության և էներգետիկ անկախության ապահովման անբարենպաստ միջավայրի ձևավորումը,
l թունավոր արտանետումների և առողջությանը սպառնացող թափոնների ծավալների ավելացումը,
l ստվերային տնտեսության աճը,
l տնտեսական աճը մարդկային զարգացման վերածելու անկարողությունը,
l հասարակության տարբեր խմբերի միջև եկամուտների անհամաչափ բաշխումը,
l հասարակության բևեռացման ուժեղացումը,
l աղքատության, թշվառության մակարդակի ավելացումը,
l սննդամթերքի որակի և պարենային անվտանգության խնդրի լուծման անբավարար մակարդակը,
l ժողովրդագրական իրավիճակի վատթարացումը (արտագաղթ, մասնավորապես, «ուղեղների» արտահոսք, բնակչության ծերացում),
l կապիտալի արտահոսքը երկրից և երկրի արտաքին պետական պարտքի ավելացումը,
l արտաքին առևտրում ներմուծման տեսակարար կշռի ավելացումը,
l ֆինանսական անվտանգության ապահովման անկարողությունը,
l տնտեսական սպառնալիքների դեմ պայքարի մեթոդների արդյունավետության անկումը և դրանցից ածանցյալ այլ երևույթներ:
Հիշատակված գրեթե բոլոր մարտահրավերների գծով առայժմ չի կարելի արձանագրել որևէ շոշափելի առաջընթաց: Իսկ «Ի՞նչ կարելի է անել» հարցի պատասխանը պահանջում է համակարգված և հետևողական գործողություններ, որոնք կարող են նաև ծավալուն և ժամանակատար լինել:
Կայուն զարգացման խնդիրների արդյունավետ լուծման մեջ կարևոր նշանակություն ունի, մասնավորապես, երկրում «կանաչ տնտեսության» ձևավորումը: Այս ուղղությամբ կարելի է հատկապես նշել, թե ինչ կարող է արվել, և ինչ քայլեր առայժմ չեն ձեռնարկվում: Բերենք ընդամենը երեք օրինակ. գյուղատնտեսության բնագավառում փակ ցիկլի` տարբեր արտադրությունների բնական թափոնների (որպես արտադրական հումք) բազայի վրա այլ արտադրությունների գործարկումը և միմյանց միջև փոխշահավետ համագործակցության ծավալումը (ծրագիրը ներկայացված է կառավարությանը և արձագանք չի ստացել), ավտոմեքենաների էկոլոգիապես մաքուր հիբրիդ շարժիչների արտադրության կազմակերպում Հայաստանում, որը նպատակ ունի կրճատելու թունավոր նյութերի արտանետումները և սահմանափակելու հեղուկ վառելիքի օգտագործումը, նվազեցնելու մեքենաների արտադրության և շահագործման, ինչպես նաև պահպանության ծախսերը (ներկայացվել է էկոնոմիկայի նախարարությանը, արձագանք չի ստացել): Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագիրը` գյուղական բնակավայրերում արեգակնային էներգիան էլեկտրականի փոխակերպող սարքերի արտադրության և դրանց զանգվածային օգտագործման ծրագիրը, միտված է էկոլոգիապես մաքուր եղանակով էլեկտրաէներգիայի ստացման հաշվին հոգալու կենցաղային հիմնարար կարիքները և կրճատելու էլեկտրաէներգիայի օգտագործման ծախսերը (ծրագիրն արժանացել է ՀՀ նախագահի հավանությանը, սակայն կառավարությունից որևէ արձագանք չի ստացել):
Այսպիսով, ակնհայտ է, որ կայուն զարգացման նպատակները և դրանց ուղղությամբ մինչ օրս ձեռնարկված քայլերը գտնվում են միմյանցից զգալի հեռավորության վրա: Մեր համոզմամբ, այս ասպարեզում իրական առաջխաղացում կարելի է ակնկալել միայն կայուն զարգացմանը սպառնացող վտանգների, ռիսկերի և մարտահրավերների բացահայտմանն ուղղված ուսումնասիրություններից և դրանց վերացման համար համապատասխան ծրագրի իրագործումից: 2012 թ. ծրագրված ՄԱԿ-ի համաժողովը կարող է լուրջ խթան հանդիսանալ կայուն զարգացման նպատակների հստակեցման և արդյունավետ քաղաքականության մշակման համար:
Թաթուլ ՄԱՆԱՍԵՐՅԱՆ
Պրոֆեսոր

Դիտվել է՝ 2002

Մեկնաբանություններ