Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Օ՜Հ, ՄԻ՛ ԱՐԹՆԱՑՐՈՒ ՀՈՂՄԵՐԸ ՔՆԱԾ, ՆՐԱՆՑ ՏԱԿ ՔԱՈՍՆ Է ՇԱՐԺՎՈՒՄ

Օ՜Հ, ՄԻ՛ ԱՐԹՆԱՑՐՈՒ ՀՈՂՄԵՐԸ ՔՆԱԾ, ՆՐԱՆՑ ՏԱԿ ՔԱՈՍՆ Է ՇԱՐԺՎՈՒՄ
03.06.2011 | 00:00

Ն. ՏՐԵՏՅԱԿՈՎԻՆ ԳՐԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԻՑ
Սերգեյ ՖՈՒԴԵԼ


Սիրելի՛ Նիկոլայ Նիկոլաևիչ։
Դուք շատ լավ բառ ասացիք Պիկասոյի դպրոցի ակունքը բնորոշելու համար` խռովություն։ Տիեզերքի հիմքում, մարդու հիմքում, աշխարհի ամբողջ աստվածային ծրագրի մեջ Կարգն է, Կանոնն է, Ներդաշնակությունն է։ Միայն դրանով, ի դեպ, կարելի է բացատրել միջնադարյան Ռուբլյովի ժամանակակից ճանաչման համընդհանրությունը. նախասկզբնական ներդաշնակության բացահայտումը համախմբեց բոլորին։
Այդ կարգը մենք կոչում ենք գեղեցկություն, և նկարիչը, այն փնտրելով աշխարհում և մարդու մեջ, իրականացնում է, թեկուզ և թույլ սեփական ուժերով, սակայն Աստծու ևս ինչ-որ ըմբռնումներ։ Հայտարարելով Կարգի գեղեցկությունը և Գեղեցկության կարգը, նա, ասես, նպաստում է աշխարհի պահպանմանը, նրա փրկությանը։ Իզուր չէ, որ Դոստոևսկին, ըմբռնելով տվյալ անճառելի Ռիթմի` Աստծուց տված փրկարարությունը, ասաց. «Գեղեցկությունը կփրկի աշխարհը»։ Լիովին հասկանալ, թե ինչու է նա փրկարար, մենք անկարող ենք, միայն կռահում ենք, այնպես, ինչպես կռահում ենք Աստծո իմաստության անհունությունը։ Սակայն մենք հստակ զգում ենք ներդաշնակության այդ տարերքի աստվածային լինելը և գիտենք, որ նրա օրինաչափության խախտումը թաքցնում է մահացու վտանգ մարդու և աշխարհի համար։ Այդ ժամանակ խախտվում է ինչ-որ նախասկզբնական Միասնություն, և ամեն ինչ վերադառնում է դեպի մինչգոյություն, աններդաշնակություն և քաոս.
Օ՜հ, մի՛ արթնացրու
հողմերը քնած,
նրանց տակ քաոսն է շարժվում:
Մանկության տարիներին մենք այդ տողերում զգում էինք միայն տեսարանի գեղեցկությունը։ Մենք պետք է ապրեինք ևս 40 տարի, որ ըմբռնեինք նրանց սոսկալի մարգարեական ճշմարտությունն այն վտանգի մասին, որը կախված է մեր գլխավերևում.
Երբ վերջին ժամը բնության հնչի,
Կազմը կքանդվի երկրի տարրերի,
Տեսանելին ամբողջ
կծածկեն ջրերը,
Եվ դեմքն Աստծու
կպատկերվի նրանց մեջ։
Ժամանակակից մարդը ղեկավարվում է ինչ-որ տարօրինակ «սկզբունքով», որը ստիպում է նրան անմաքուր ձեռքերով դիպչել այդ «տարրերի կազմին»` գոյության այդ հիմքին, առաքյալի խոսքերով. «որի ճարտարապետը և արարիչը Աստված չէ»։ Կարծես ինչ-որ ատելություն է բարձրանում մարդու մեջ աշխարհի մարմնի նկատմամբ, այն մարդու մեջ, ով սեփական առօրեական կյանքում ամբողջովին ընկղմված է նյութի մեջ ու ապականում է մարմինը։ Դա սարսափելի է, իհարկե, միայն հենց մարդու համար, որովհետև ազատ կամքը, այսինքն` չարի և բարու ընտրության ազատությունը, կարգի և կործանման, կյանքի և մահվան ընտրությունը տրված է միայն իրեն, և ուրեմն, միայն նա կարող է կործանվել։ Իսկ ծովը և սարերը, ալպիական մանուշակները և խաղողի վազը կլինեն ընդմիշտ` իրենց կերպարով փառաբանելով իրենց ստեղծողին։
Այնպես որ, դա, անշուշտ, խռովություն է ու շատ խոր աստվածամարտություն, ինչ-որ մի ոչ բազարովյան, այլ տիեզերական նիհիլիզմ (ժխտողականություն)։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որ ինչ-որ տեղ խաչելությունը դարձրել են վերացարկման առարկա, կամ իբր Վատիկանն արդեն ընդունել է այդ արվեստը, այնքան էլ զարմանալի չէ։ Վատիկանն ավելի վատ բաներ էլ է ընդունում, և մենք գիտենք, որ Եկեղեցին կամաց-կամաց հափշտակվում է անհավատության տարերքով։
Աշխարհի աստվածային Կարգը նրա միասնության մեջ է։ Միասնությունը Սերն է։ Աստծու ստեղծած աշխարհը կրում է Սերը որպես սեփական նախասկզբնական Կարգ ու Կանոն, որպես սեփական առաջնաստեղծ ջերմություն, որպես առաջին Աստծու հյուսած հագուստ։ Եվ ահա մենք պետք է խոստովանենք, որ այդ ժամանակակից խռովությունը խռովություն է Սիրո դեմ։ Խոսքերը մեր աղքատ են և, տեսնելով ատելության հրացոլքն աշխարհի վրա տարածվող, ավելի լավ չէ՞ իսկապես լռել այդ ամենի մասին ու միայն աղոթել։
Ինչպե՞ս կարելի է առհասարակ «մերժել» արվեստը։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր աղոթում են Դիքենսի և Դոստոևսկու համար, որոնք տվել են նրանց կյանքի ինչ-որ լույս։ Նույնիսկ այնպիսի անկարգ, ինչպիսին Զոլան է, ունի մի գործ («Անուրջներ»), որը, ինչպես ինձ ասել են, կրոնական իմաստով դաստիարակում է հոգին, այսինքն` հասնում է նրան, ինչին անզոր են հասնելու շատ հաստափոր աստվածաբանական գրվածքներ։ Մի՞թե ես դա չգիտեմ։ Արվեստում գործում է նույն մարդը, ով ստեղծել է եկեղեցական երգասացություններ, սրբանկարներ և տաճարներ, ում եկեղեցում տրվել են դավանաբանական հայտնություններ և աստվածային տեսիլքներ։ ՈՒրեմն, մարդուն արվեստում էլ կարող են ուղարկվել աստվածային ինչ-որ հայտնություններ։ Ավելին, հարկավոր է ազնվորեն ընդունել, որ կրոնական կյանքի մեծագույն աղքատացման պատճառով որոշ գրողների, դե, ասենք, Տյուտչևի, Լերմոնտովի, Լեսկովի, Պաստեռնակի կամ Էքզյուպերիի խոսքերն ու գեղարվեստական կերպարները, կարծես, փոխհատուցում են այդ աղքատացումը։ Դոստոևսկու մի հատորը կամ Դիքենսի այն էջը, որտեղ փոքրիկ Ջոնը մահանալուց առաջ փորձում է հասկանալ «Հայր մերը», ավելի շատ բան են տալիս քրիստոնեության զորության ապացույցին, քան երբեմն մի ամբողջ հոգևոր ճեմարան։ Չէ՞ որ հարկավոր է ապացուցել ոչ թե «ընդհանրապես» քրիստոնեությունը, այլ հենց նրա ուժը ժամանակակից հոգու մեջ։ Արվեստը, որպես հոգևոր կյանքի արտահայտման որոշակի ձև, միանգամայն օրինաչափ է։ Մեզ ասված է. «Ոգին շնչում է այնտեղ, որտեղ ցանկանում է»։ Քրիստոնեության հոգևոր աղքատացումը պատմական փաստ է, որը նախացուցված է Ավետարանում։ Երբ սկսեցին հոգով աղքատանալ Աստծո քահանաները, Նա սկսեց երբեմն խոսել բաճկոն կրող մարդկանց միջոցով։ Աստվածաշնչում պատմվում է մի դեպքի մասին, երբ բանական խոսքի շնորհը Նա տվեց անբան անասունին։ ՈՒրեմն «թող կեցցե՛ բարի արվեստը»։
Քեզ տաղանդ է տրված, ու եթե դու քրիստոնյա ես, փառք տուր Աստծուն և հիշի՛ր, որ, կարծես Լոպե դե Վեգան է ասել, «պոեզիան Աստվածն է երկրի սրբազան վայրերում»։ Հիշի՛ր և արվեստի հնարավորությունների սահմանների մասին։ Ամենալավ արվեստը երբեք չի կարող տալ այն, ինչը տալիս է քրիստոնեությունը, և դու, եթե խոսենք անկեղծ, բնավ դեռ քուրմ չես, այլ միայն անմիտ կատվի ձագ, որը փնտրում է մոր պտուկը։ Աշխարհի արվեստը կարող է լինել լավագույն դեպքում միայն Տաճարի գավիթը։ Սրբերի բազմությունը չի իմացել նույնիսկ այբուբենը, էլ չասած` արվեստների պատմությունը, բայց հենց նրանք են եղել և կան իսկական հոգևոր երջանկության այդ տաճարում։
Արվեստում լավագույն դեպքում միայն ցոլքերը կամ արձագանքներն են այն բանի, ինչը կատարվում է Տաճարում, արձագանքներ, որոնք շատ ավելի մաքուր են, քան բարոյապես առողջ արվեստը։ Այդ պատճառով խոսքը կարող է լինել ոչ թե արվեստը «չընդունելու մասին», այլ միայն տագնապի մասին մարդու համար, որը չի զգում արվեստի ո՛չ սահմանները, ո՛չ էլ անզորությունը։
Բայց «ինչպե՞ս կարելի է սահմանափակել ստեղծագործողին»։ «Արվեստն անսահման է և ինքնաբավ։ Նա հենց ինքը նպատակ է»։ Քրիստոնեության նեղ ճանապարհն ու ինքնասահմանափակումը դառնում են ժամանակակից մարդու ամենաատելի բաները։ Այստեղ, իհարկե, էլ չես վիճի, կարելի է միայն փորձել ինչ-որ բան պարզաբանել կամ, ինչպես ասում են, «տեղեկություն տալ»։ Քրիստոնեությունը բացում է մարդու առաջ սերը դեպի աստվածային հավիտենություն և, միաժամանակ, ըմբռնում, որ նրան հասնելու համար հարկավոր է լինել հոգեպես առողջ։ Առողջությունը պահպանելու համար նրան անհրաժեշտ է որոշակի դիետա, որոշակի ընտրություն վնասակարի և անվնասի միջև, որոշակի սահմանափակում` ահա և «նեղ ճանապարհը»։ Այնպես որ, անհավատին անհասկանալի է քրիստոնյայի միայն նպատակը` հավերժությունը, այլ ոչ թե միջոցը, որպես բոլորովին հասկանալի մեթոդ վնասակար բաներից խուսափելու համար։ Ինչպես մի տեղ Էքզյուպերին ասել է. «Հնազանդվելը ստորանալ չէ, այլ գործելու սկզբունք»։
Մենք տեսնում ենք մերկ և թույլ մարդուն, որը կանգնած է չգոյության գիշերվա և աստվածային Լույսի միջև։ Ինչը նա կընտրի, ո՞ւր կգնա, կսիրի՞ նա արդյոք իր Աստծուն և հավերժությունը։
Չարի ստեղնաշարը շատ լայն է։ Եթե նրա ավելի ցածր ռեգիստրները (ձայնասահման) մարդկանց մեջ դեռևս առաջացնում են վրդովմունք (ես չեմ խոսում դրա անկեղծության աստիճանի մասին), ապա նրա ավելի բարակ կամ թաքնված ձայնանիշերը շատ հաճախ ոչ միայն չեն վանում, այլև գրավում են։ Բավական է սատանային անվանել Վրուբելի բայրոնյան դև և գրել դրա մասին բարյացակամ հոդված, և կստեղծվի հասարակական «կարծիք»։
«Վա՜յ աշխարհին գայթակղությունների պատճառով, գայթակղություններ պետք է որ գան, բայց վա՜յ այն մարդուն, որի միջոցով կգա գայթակղությունը» (Մատթ. 18, 7)։
Զորությունն Աստծուց է, և մարդիկ, կտրվելով Նրանից, թուլանում են և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես։ Նույնիսկ մեծ գրողները թերի էին հոգեպես, որ կարողանային բարոյապես ազդել մարդկության վրա։ Քրիստոնեությունը հաղթեց Գողգոթայի և նահատակների արյունով։ Իսկ քանի՞ գրող գրեց գոնե սրտի արյունով։ Մեզ պարզ ասված է. «Անօրինության բազմապատկման պատճառով կցամաքի սերը», այսինքն, անձնական բարոյականության ցամաքելու պատճառով, հոգևոր կյանքի փլուզումից կմեռնի սերը, իսկ դա նշանակում է, որ կսկսի թափվել ցեմենտը, որի շնորհիվ կանգուն է մարդկության շենքը։
Արվեստը որոշեց փոխարինել քրիստոնեությանը, կամ, ավելի ճիշտ, մարդիկ, որոնք կորցրել էին քրիստոնեությունը (կամ դեռ չէին ճանաչում այն) ընդունեցին արվեստը որպես մի նոր կրոն։ Քրիստոնեության մեջ կա երեք ուղղություն` դոգմատիկ, բարոյական և ծիսական։ Նոր կրոնի դոգմատը (դավանանք) կամ ճշմարտությունը դարձավ այն համոզմունքը, որ, ի վերջո, չկա ոչ մի բացարձակ ճշմարտություն, բարոյականությունը, որպես անխուսափելի հետևանք, թույլատրված է, իսկ ծեսը փոխարինվում է գեղարվեստական վարպետությամբ։
Մարդը, մտնելով քրիստոնեության մեջ, սրբացվում է միակ Արևի ճառագայթով և նրա լույսով սկսում է տարբերել ոչ միայն խոշոր առարկաները, այլև փոշին։ Ոչ մի «վարպետություն», եթե կարելի է այդպես ասել, քրիստոնեական ծեսի, ժամասացության ոչ մի հանդիսավորություն չեն փոխարինի Եկեղեցում նրա դավանական և բարոյական ճշմարտությանը։ Քրիստոնյան, մտնելով ամենահոյակապ տաճարը, երբեք չի բաժանվում ինչ-որ զգաստության, զգոնության, հոգևոր սրատեսության զգացումից, հիշելով առաքյալի նախազգուշացումը, որ «սատանան էլ կարող է ընդունել լուսո հրեշտակի կերպարանք»։
Սակայն եթե քրիստոնյան զգում է իր վրա Արևի շողերը, ապա միաժամանակ նա չի կարող ինքն իրեն չզգալ կանգնած «մահվան հովտում», դեռ շրջապատված և՛ ֆիզիկական, և՛ բարոյական քայքայմամբ, ավելին, ինքն իր մեջ այդ քայքայումը կրելով։ Նա հավիտենական մարդկային կյանքի նկատմամբ իր ամբողջ սիրով գիտի մեղքի և մահվան միասնության գաղտնիքը, որը ստացել է նախածնողներից։ Եվ հենց այդ իմացությունն է նրա հոգևոր զգոնության և ընտրողականության պատճառը։ Ամեն մի կենդանի էակ ցանկանում է ապրել, և քրիստոնյան էլ, ցանկանալով հավիտյան ապրել, զգոնությամբ է նայում թաքնված վտանգին։
Հիմա նայե՛ք այն մարդկանց բազմությանը, որոնք հեռացել են քրիստոնեությունից կամ դեռ չեն մոտեցել նրան, թե ինչպես են նրանք առանց ընտրելու ընկալում արվեստը, նայե՛ք այն մարդկանց, ովքեր վեպեր են կարդում մետրոյում, ավտոբուսներում, գնացքներում` միաժամանակ ինչ-որ բան ուտելով։ Նրանք ընկալում են գրականությունը որպես ինչ-որ որոճ, որն անհրաժեշտ է հոգևոր ստամոքսը լցնելու համար, եթե անհրաժեշտ, ապա հարկադրաբար և հաճելի։ Մարսողական բավականության զգացումը դառնում է տվյալ ստեղծագործության արժեքի չափանիշ։ Ծեսը քողարկում է արվեստում և՛ դոգմատը, և՛ բարոյականությունը։ Դա այնքան է անհրաժեշտ, որքան հաճախակի է պետք թաքցնել դատարկությունը։
Այդ ամենը կարող էր լինել նաև ծիծաղելի, եթե այդ ճահճով չսնվեին` առանց մտածելու ու ջոկելու, հարյուր միլիոնավոր մարդիկ։ Գիրքը լույս է տեսել, և վե՛րջ։ Դա նշանակում է, որ այն հարկավոր է կարդալ, դա նշանակում է, որ նրա վրա կա ժամանակակից կրոնի ծիսական դրոշմը, որը բարբառում է. «Այս առարկան պիտանի է սնվելու համար»։ Իսկ տարբերելու ընդունակությունը տալիս է քրիստոնեությունը։ Միայն ըմպելով նրա կենդանի և սառնորակ ջուրը` մարդը դուրս է գալիս սեփական կամազուրկ գիտակցության հեղձուցիչ օդից դեպի բարու և չարի առնական զանազանումը և դեպի կյանքի կենդանի ստեղծագործումը։
1963 թ.
Պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ