Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱԶՆՎՈՐԵՆ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ ՄԵԿՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»

«ՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԱԶՆՎՈՐԵՆ ՎԱՍՏԱԿԵԼ ԵՆ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ ՄԵԿՆԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ»
03.06.2011 | 00:00

Պորտուգալիայում կայանալիք Mind Lab 6-րդ միջազգային օլիմպիադայում Թուրքիան կներկայացնեն Ստամբուլի Ֆերիքյոյ հայկական դպրոցի հայ աշակերտները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը:
«Օսմանյան կայսրությունը և Թուրքիայի Հանրապետությունը միշտ էլ օգտագործել են հայ ժողովրդի մտավոր (և ոչ միայն) ներուժը: Եվ սա փայլուն օրինակ է, թե դեռ ինչպես են շարունակում օգտագործել,- ասում է թուրքագետ ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:- Պետք է այնպիսի երկիր կառուցենք, որ աշխարհի բոլոր հայերը ձգտեն ապրել այստեղ և իրենց ներուժը օգտագործեն մեզ համար»: Իսկ Թուրքիայի տարածքում (թեկուզ պատմական Հայաստանում) ապրող մեր հայրենակիցների առաջնային խնդիրները, երիտասարդ թուրքագետի կարծիքով, պետք է լինեն հայապահպանությունը, ազգային ինքնագիտակցությունը, հայոց լեզուն և մշակույթը շարունակ կրելու պատասխանատվությունը, քանի որ կգա ժամանակ, երբ նրանք նույնպես կլինեն միացյալ և անկախ Հայաստանի քաղաքացիներ:
Գրող-հրապարակախոս ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆԻ խոսքով` հայ երեխաներն իսկապես նախնական փուլերում գերազանցել են իրենց մյուս հասակակիցներին և ազնվորեն վաստակել Պորտուգալիա մեկնելու իրավունքը: «Փաստն ինքնին շատ ավելի խոսուն է, քան դրա շուրջ յուրաքանչյուր դատողություն,- ասում է նա:- Ես հնարավորինս հետևել եմ դպրոցականների շրջանում մտքի վարժանքի մրցության ընթացքին և կարող եմ նշել, որ երևույթը որևէ քաղաքական կամ ազգային միտումների, հետին մտադրությունների վրա հիմնված չէ: Իհարկե, չեմ բացառում, որ Թուրքիան այս հանգամանքն օգտագործի` իրողությունն աշխարհին ներկայացնելու այնպես, իբր դա լավագույն վկայությունն է այն բանի, որ իր երկրում ազգային խտրականություն գոյություն չունի: Սակայն ինչպիսին էլ լինի նրանց մեկնաբանությունը, թուրքերն իրենց հոգու խորքում պիտի խոստովանեն, որ հայերի գերազանցությունը ո՛չ պատահականություն էր, ո՛չ էլ արհեստածին: Այսպես եղել է, և տա՛ Աստված, որ միշտ լինի այսպես»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1191

Մեկնաբանություններ