Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՓԱԿԵՆՔ ԵԼՔԻ ԴՌՆԵՐԸ, ԲԱՑԵՆՔ ՄՈՒՏՔԻ ԴՌՆԵՐԸ

ՓԱԿԵՆՔ ԵԼՔԻ ԴՌՆԵՐԸ, ԲԱՑԵՆՔ ՄՈՒՏՔԻ ԴՌՆԵՐԸ
26.07.2011 | 00:00

Մենք` հայերս, այս էլ քանի դար, այդպես էլ չհասկացանք, որ հարևանի տունը, տվյալ դեպքում` օտար ազգի երկիրը, մեզ համար հայրենիք չի լինի։ Իմ արդեն իսկ հրապարակված հոդվածաշարում ես բավականին հանգամանալից վերլուծել եմ հայերիս` օտար երկրում, օտարի համար վատնած մեր կյանքն ու գործունեությունը և փորձել եմ այսօրվա հային զգաստության կոչ անել. օտարի երկիրը թեկուզ քո ծննդավայրն էլ լինի, երբեք հայրենիք չի դառնա, և չարժե այդ երկրում նյութական, հոգևոր և մշակութային ներդրում կատարել, քանի որ մի օր տանտերերը, պարզապես, ցանկացած պատրվակով, քեզ կարող են «դուրս հրավիրել», ինչպես արդեն մենք մի քանի անգամ արժանացել ենք այդ «պատվին»։ Մի խնդուկ պատմեմ։
Սովետի տարիներին մի հրեա արտասահման մեկնելու իրավունք է ստանում։ Մաքսատանը փորձում են բռնագրավել նրա ոսկե մեծ, շքեղ շրջանակը։ Մեկնողը հակաճառում է` ասելով. «Չե՞ք տեսնում` Լենինի դիմանկարն է, պրոպագանդայի նպատակով եմ տանում»։ Բաց են թողնում այդ մարդուն, իսկ ընդունող կապիտալիստական երկրում ուշադրություն են դարձնում հենց Լենինի դիմանկարին և արգելում են երկիր բերել։ Հնարամիտ մարդն ասում է. «Սա ոչ թե Լենինի դիմանկարն է, այլ ոսկե շրջանակ է»։
Ահա այսպես խելոք մարդիկ ոչ թե կառուցում և նվեր էին թողնում, այլ իրենց աշխատածի փոխարեն նյութական արժեքներ էին դուրս տանում տվյալ երկրից։
Քանի՞ հազարամյակ կարելի է ինքնամոռաց կառուցել և շենացնել օտարների երկիրը` սեփական երկիրն ու հայրենիքը թողած զավթիչների ոտքի կոխան և ավերակ, բարբարոսների պատճառած և պատվաստած հետամնացության ճահճում։ Քանի՞ դար կարելի է փախչել սեփական ինքնությունից, որ հետո օտարության մեջ համոզվես, որ դու, այնուամենայնիվ, քո տեսակով ոչ միայն նվաստ ու ցածր չես քեզ հյուրընկալող ազգից, այլև մի գլուխ բարձր ես։ Մինչդեռ քեզ «հյուրընկալողը», վստահաբար, քեզ մի ոտքի տեղ էլ չէր տա իր երկրում, եթե դու ձեռնունայն գնայիր։
Սովետական նշանավոր գրող-գիտնական Մարիետա Շահինյանը Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակի առթիվ «Պրավդա» թերթում մի ընդարձակ հոդված էր գրել, որի հիմնական գաղափարն ու առանցքը ամփոփված էին մեկ նախադասության մեջ. «Հայերը Ռուսաստանի կազմի մեջ մտան ոչ դատարկ ձեռքերով և 150 տարի ապրում են` կատարելով մշակութային, գիտական, ռազմական, կրթական, արդյունաբերական ահռելի ներդրում»։
Հիմա էլ շարունակում ենք...
Հաճախ մարդիկ արդարացնում են իրենց կամ հարազատ-բարեկամ-ընկերոջ` երկրից հեռանալը` ասելով, թե «էս իշխանությունները» հնարավորություն չեն տալիս սեփական գործ դնելու և զարգացնելու։
Այս խոսքերի մեջ, իհարկե, ճշմարտություն կա։ Հայաստանի կորած-մոլորած գյուղերից գնացած մարդիկ, որ ո՛չ լեզուն գիտեն, ո՛չ որևէ մասնագիտական կրթություն ունեն (բարձրակարգ մասնագետների մասին էլ խոսք չկա), մի կարճ ժամանակամիջոցում կայանում են այդ օտար երկրում, մինչդեռ մեր երկրում չորս կողմը փակ դռներ, փշալարեր և հարկային բեռ է։ Բայց և համամիտ չեմ, որ բողոքում են` ասելով` «էս իշխանություններից ենք փախչում»։
Ես հարցս ուղղում եմ բոլոր հայերին և մեզնից յուրաքանչյուրին, ով հեռացել է երկրից կամ ուղիներ է փնտրում հեռանալու. 200, 500, 1000 և ավելի տարիներ առա՞ջ էլ էս իշխանությունն էր, որից «զզված» հեռանում էինք հայրենիքից։ Իհարկե ոչ։ 7-9-րդ դարերում փախչում էինք, ըստ Հրանտ Բագրատյանի` «մեզ փրկելու եկած արաբների» դաժանություններից, 12-ից մինչև 20-րդ դարը թաթար-մոնղոլների, թուրք-սելջուկների, պարսիկների, բոլշևիկ-կոմունիստների բարբարոսություններից և դաժանություններից։
Ցավոք, հայ տղամարդու ինքնապաշտպանական բնազդն այնքան է թուլացել և նվազել, որ նա կարողանում է միայն ընտանիքն առնել ու հեռանալ երկրից։ Հեռանալով հայրենիքից` ընտանիք առ ընտանիք, գյուղ առ գյուղ մենք դատարկել ենք մեր երկիրը (հիմա էլ շարունակում ենք) և տեղ տվել մեզ ճնշող, սպանող, թալանող թշնամուն։ Մինչդեռ պետք է գյուղ-գյուղովի ակնհայտ կամ թաքուն նույն դաժանությամբ վնասեինք երկիր թափանցած թշնամուն և վտարեինք երկրից։ Իսկ մենք օտարության մեջ մեկ-երկու սերունդ հետո ձուլվել ենք` ի գին ֆիզիկական գոյության։ Դա աններելի է։
Այսօր, երբ խոսում են հայերի` աշխարհում եղած ընդհանուր թվի մասին, մի մտացածին թիվ են ասում` 10 միլիոն։ Նախ, ո՞վ է մարդահամար արել, որ հստակ վիճակագրություն է բերում։ Ոչ ոք։ Կամ, հաշվե՞լ ենք, արդյոք, այն հայերին, ովքեր ծնվել են խառն ամուսնությունից (սա ևս առանձին խոսակցության նյութ է)` օրինական կամ խոպանա-գործուղումային հանգամանքներում, որ նրանցից ծնված երեխաներն էլ, կրելով իրենց մեջ հայի ժառանգական գենը, հայ են, բայց օտարության մեջ նույնպես ամուսնանում են օտարի հետ կամ պարզապես հեռանում են ազգային արմատներից և կորցնում են ժառանգականության շղթան և հիշողությունը։ Ես, օրինակ, հայտարարում եմ, որ աշխարհում հայերն առնվազն հարյուր միլիոն են։ Ո՞վ կարող է հերքել կամ հաստատել։ Ոչ ոք։
Մենք նույնիսկ, կոպիտ ասած, մոտավոր «գույքագրում» էլ չենք արել և չգիտենք, թե որ երկրում ինչ նշանավոր հայ է ապրում (չհաշված մի քանի տասնյակ հայկական ինքնությամբ նշանավոր հայերին)։ Մինչդեռ ժամանակն է, որ տվյալների մի համահավաք ստեղծենք և իմանանք, թե այս կամ այն ասպարեզում որքան համաշխարհային մեծության գիտնական, բժիշկ, գործարար, քաղաքագետ, դիվանագետ, երաժիշտ, մարզիկ ունենք։ Մենք պիտի կարողանանք մեր սփռվածությունից շահեկան դուրս գալ. ամեն տեղ պիտի ունենանք մեր աչքը, ականջը, լեզուն և ձեռքը։ Այդ ժամանակ կարող ենք հումորով ասված «ծովից ծով հայությունը» ծառայեցնել ծովից ծով Հայաստանի վերականգնմանը։
Մենք պիտի մշակենք պետական և համահայկական մի հայեցակարգ. «Հայ լինելը նաև ձեռնտու և շահեկան պիտի լինի հային»։ Հային հոգևոր մերձեցման կարելի է նաև այդ ճանապարհով բերել։
Եթե այսօր հավաքագրենք աշխարհի տարբեր երկրներում ապրող մշակույթի, գիտության, սպորտի, ռազմական, դիվանագիտության, տնտեսագիտության, գործարարության, գրականության, կինոյի և երաժշտության ասպարեզներում մեծ հաջողությունների հասած հայերին, հավատացնում եմ ձեզ, տոկոսային հարաբերությամբ, որոշ դեպքերում նաև հավասար պայմաններում, ոչ մի ազգ հայերին հավասար չի լինի։ Հասարակ օրինակ բերեմ. քանի՞ ֆրանսիացի, գերմանացի, ռուս, վրացի, ամերիկացի, արաբ, պարսիկ շախմատիստ, երաժիշտ, ռեժիսոր, մարզիկ, բանաստեղծ, բժիշկ, քանդակագործ, նկարիչ է հանդես գալիս Հայաստանի դրոշի տակ և փառք ու պատիվ բերում մեր երկրին։ Ոչ մի։ Իսկ քանի՞ հայ է հարուստ, հզոր պետության և մեծաթիվ ազգի համար փառք և հարստություն, ռազմական և դիվանագիտական հաղթանակ բերել և շարունակում է բերե՞լ։ Շատ։ Հիշո՞ւմ եք, երկու անգամ անընդմեջ Հայաստանի շախմատի թիմը դարձավ օլիմպիական չեմպիոն` Հայաստանը հռչակելով շախմատային գերտերություն։ Չէ, դուք պատկերացնո՞ւմ եք. երեքմիլիոնանոց Հայաստանը երկու անգամ անընդմեջ հաղթեց յոթմիլիարդանոց աշխարհին. ոչ թե միայն Չինաստանին, Ռուսաստանին կամ ԱՄՆ-ին առանձին-առանձին, թեև դա էլ աննախադեպ հզոր ուժի վկայություն կլիներ, այլ այդ բոլորին` միասին վերցրած։
Մի առիթով Վիլյամ Սարոյանն ասել է, որ տաղանդավոր հայերը շատ են աշխարհում, իսկ այսօրվա Հայաստանը շատ փոքր է նրանց իր մեջ տեղավորելու համար։
Նախ, ինչո՞ւ փոքրացրինք մեր հզոր և մեծ հայրենիքը` Մեծ Հայքը` մոտ 500 հազար քմ տարածքով և հետո, համաշխարհային հայության այս «գրասենյակում»` Հայաստանի Հանրապետությունում, եթե հավաքվեն աշխարհում ապրող բոլոր նշանավոր, տաղանդավոր և հանճարեղ հայերը, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ «գերխիտ» նյութ կլինի, որը չի ենթարկվի ո՛չ քայքայման, ո՛չ մասնատման, ո՛չ խաթարման ու խեղաթյուրման։ Թող «այս աշխարհի հզորները» գան Հայաստան և տեսնեն, լսեն մեր երկրում և խնդրեն ու սովորեն մեզնից, այլ ոչ թե մեր պայծառ ուղեղներն ու հոգիները կալանավորեն իրենց «արևմտյան ժողովրդավարության» և «արևելյան իմաստության» զնդաններում։
Ժողովրդական մի ասացվածք կա` շատից` շատ, քչից` քիչ։ Այսինքն` շատի մեջ լավը շատ կլինի, քչի մեջ լավը քիչ կլինի։ Բնության և կենցաղային հարցերում ասացվածքն անվրեպ է գործում. մի հեկտարի՞ց շատ բերք կստանանք, թե՞ 100 քմ-ից։ Հարյուր կիլոգրամ մրգի՞ց կարելի է շատ լավորակ պտուղ ընտրել, թե՞ մեկ կգ-ից և այլն։
Մինչդեռ այս պարզ և հանճարեղ օրենքը մեր` հայերիս պարագայում չի գործում։
Հազարամյակներով մենք երբեք ոչ միայն հարյուր, այլ նաև մի քանի տասնյակ միլիոն չենք եղել, բայց երբեք ոչ մի դարաշրջանում ո՛չ տաղանդավոր զորավարի, ո՛չ փիլիսոփայի, ո՛չ հանճարեղ բանաստեղծի և գիտնականի, ո՛չ քաջ զինվորի և ընդհանրապես մտածող ու արարող մարդու պակաս չենք ունեցել։ Մինչդեռ եղել են ազգեր` կենսունակ, նախահարձակ և բարբարոս, բազմացել են աներևակայելի արագությամբ և քանակով, սակայն մարդկության քաղաքակրթության սեղանին դարերով ոչինչ չեն դրել։ Ճիշտ է, թեև հաճախ պարզ քանակն է որոշել ճակատամարտի ելքը ռազմի դաշտում, երբ զորահրամանատարը զինվորներին թնդանոթի միս է դարձրել։ Այն վճռորոշ է եղել նաև դիվանագիտական և քաղաքական խարդավանքներով լի սեղանների շուրջը` ձայների պարզ առավելությամբ։
Բայց և այնպես, միշտ չէ, որ քանակը որակի է վերածվել։ Գոնե մեր` հայերիս հարցում քանակից որակի անցման օրենքը կարծես թե չի գործում։ Փաստե՞ր, որքան ուզեք. մեր պատմության դարերից մինչև մեր օրերը։
Առանց չափազանցության` հայ զինվորը մարտի է ելել թշնամու տասը զինվորի դեմ և հաղթել է նախ և առաջ ոգով, որովհետև զենքն ընդամենը գործիք է։ Որպես փաստ ասածիս, բացենք մեր արքաների և զորավարների` Արտաշեսի, Տիգրան Մեծի, Տրդատի, Վարդան, Վասակ, Վահան Մամիկոնյանների և մեզ ավելի մոտ ժամանակներում` Անդրանիկի, Նժդեհի, ֆիդայիների հուշերն ու նրանց մասին պատմությունները և կհամոզվենք։ Վերջին` արցախյան ազատամարտում մենք և՛ թվով, և՛ ռազմական ուժով մի քանի անգամ քիչ էինք թուրքերից, որոնց չորս կողմից նաև օգնում էին։
Ո՞վ հաղթեց։ Մենք։
Դարձյալ ուզում եմ հիշեցնել մի պարզ ճշմարտություն. երբ հայն իր երկրում իր համար է կռվում, իր համար է աշխատում, ստեղծում ու արարում, նա անպարտ է և հզոր։
Ժամանակն է ազգահավաք անելու։ Հողն առանց ազգի ո՛չ երկիր է, ո՛չ հայրենիք. այն պարզապես աշխարհագրական տեղանք է։ Բայց մենք հո գիտենք, թե ինչ են հայի համար հողն ու ջուրը։
Դե, հայե՛ր, փակենք ելքի դռները, բացենք մուտքի դռները։ Տունդարձի ճանապարհն ամենակարճն է և չի հոգնեցնում։ Ամեն ազգ իր երկիրն ինքն է շենացնում։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 1714

Մեկնաբանություններ